Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/450

Այս էջը սրբագրված է

7 հիմնական և բազմաթիվ լրացուցիչ դաստգյահ–հնչյունաշարերի յուրատեսակ լադային համակարգ՝ բաղկացած 24 աստիճանից (կիրառվում են քառորդ և երեք–քառորդ տոնի ինտերվալներ)։ Երաժշտության գլխավոր ձեերն են՝ թեսնիֆ (յուրատեսակ բալլադ), քասիդ (ձոն), ղազել (քնարական երգ), շատ տարածված է մակամը։ Նվագարաններից են՝ սազ, թառ, քամանչա (լարային), զուռնա (փողային), զարբ (հարվածային)։ Ի–ի հնագույն երաժշտության վերաբերյալ տվյալներ համարյա չեն պահպանվել։ VII դ. սկզբին Խոսրով II Ափարվեզ կամ Ապրուեզ երաժշտասեր արքայի հովանավորությամբ Տիզբոնում նախաձեռնել են երգ–երաժշտության կանոնավորմանը, հրավիրվել են երաժիշտներ (այդ թվում նաև Հայաստանից)։ Արաբ. նվաճումներից հետո նկատելի են փոխազդեցությունները (տես Արաբական մշակույթ)։ IX դ. ծաղկել է պալատական արվեստը։ XIII դ. գործել է տեսաբան, կոմպոզիտոր և կատարող Ուրմավին։ XV դ. պահպանվել են տեղեկություններ նոտագրության մասին։ XIX դ. 2-րդ կեսից Ի–ի երաժշտ. ազդվել է եվրոպականից. Թեհրանում, կայսերական կոլեջին կից բացվել է երաժշտ. դպրոց։ XX դ. 20-ական թթ. կոմպոզիտոր, վիրտուոզ թառահար, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Ալի Նաղի Վազիրին սկզբնավորել է ազգային երաժշտ. ուսուցումը, հրատարակել երաժշտ. տեսության դասագիրք, բացել երաժշտ. դպրոց, որտեղ սովորել են Ի–ի առաջին պրոֆեսիոնալ երաժիշտները։ 1930-ական թթ. սկզբին Թեհրանում բացվել են բարձրագույն երաժշտ. դպրոց (1940-ական թթ. վերջերից՝ կոնսերվատորիա), մասնավոր երաժշտ. դպրոցներ։ Ճանաչված կոմպոզիտորներից և երաժշտագետներից են՝ Աբդուլհասան Սեբան, Ռ. Ֆարղանեն, Հ. Սանջարին, կատարողներից ու օպերայի և բալետի արտիստներից՝ Ֆ. Սեբան, Տ. Աշոտ–Հարությունյանցը, Ս. Թաջբախշը, Ա. Մելքոնյանը, Փարսին։ Ի–ում գործում են օպերայի և բալետի թատրոն (1967, Թեհրան), հեռուստատեսության բալետի խումբը, ֆիլհարմոնիա (1953), 2 սիմֆոնիկ նվագախումբ, կոնսերվատորիաներ, բալետի և երաժշտ. դպրոցներ։

Դարեր շարունակ Ի–ում հռչակ են վայելել հայազգի ժող. երգիչները, աշուղները։ Նորագույն շրջանի իրանահայ երաժշտ. մշակույթի նշանավոր ներկայացու ցիչներից են Ն. Դալանդերյանը, Լ. Գրիգորյանը, Հ. Գրիգորյանը, Ռ. Գրիգորյանը, Լ. Բազիլը, Ա. Ջամբազյանը, Մ. Մելիք-Ասլանյանը, Լ. Ճգնավորյանը, Հ. Վարդանյանը և ուրիշներ։ Հայ երաժիշտ արվեստագետների ջանքերով Ի–ի տարբեր քաղաքներում ստեղծվել են երգչախմբեր։ 1928-ին Թեհրանում հիմնվել է«Կոմիտաս» երկսեռ երգչախումբը (հիմնադիր՝ Հ. Գրիգորյան), 1945-ին՝ «Գուսան» երգչախումբը (հիմնադիր՝ Ն. Դալանդերյան), 1946-ին՝ «Գուսան» երգչախումբը և նվագախումբը (հիմնադիր՝ Լ. Գրիգորյան), 1960-ին՝«Հայ երգ» (հիմնադիրներ՝ Լ. Բազիլ և Ա. Հովհաննիսյան), 1963-ին՝ «Անուշ» (հիմնադիր՝ Հ. Դասպարյան), 1951-ին Աբադանում՝ «Գուսան» (հիմնադիր՝ ժ. Մինասյան) երգչախմբերը։ Շատ հայ ջութակահարներ, դաշնակահարներ, երգիչներ, դիրիժորներ դասավանդում են Թեհրանի կոնսերվատորիայում, հանդես գալիս տարբեր նվագախմբերում և օպերային թատրոնում։ Հայտնի են դաշնակահարուհի Տ. Աշոտ–Հարությունյանցը, երգչուհիներ Թ. Փիլոսյանը, Ա. Թերզյանը, երգիչ Ա. Աղաբեկյանը, ջութակահարներ Վ. Խոջայանը, Հ. Մանուկյանը և ուրիշներ։ Գործում են «Արարատ» և «Հայ երգ» երաժշտ. ընկերությունները։

XV. Թատրոնը
Թատերարվեստի տարրեր են պարունակել Ի–ի հին ծիսակատարությունները։ Հիշատակություններ կան բազիգերների հին թատրոնի մասին, որ մոտ է եղել գուսանների արվեստին։ Կենցաղավարել են մնջախաղը, ստվերների և տիկնիկային թատրոնները։ X դ. զարգացել են միստերիաները, որոնց գրառումներից XVII–XVIII դդ. սկզբնավորվել է պարսկ. ողբերգության թազիյե տեսակը։ Մինչև XX դ. 30-ական թթ. ներկայացումներ են տվել թափառաշրջիկ դերասանները՝ մասխարաբազները։ 1890-ին, Թեհրանում, պոլիտեխնիկական դպրոցին կից ստեղծվել է պալատական թատրոն, 1911–12-ին կազմակերպվել են Ազգային, 1917-ին՝ Իրանական կոմեդիայի թատրոնները, 1932-ին՝ թատրոն–ստուդիա (ղեկ. բեմա նկարիչ Ս. Քերմանշահի). 1945–49-ին, Թեհրանում գործել է «Ֆիրդուսի» թատրոնը, 1963-ին ստեղծվել դրամատիկական ստուդիա։ Մշտական թատերախմբերից են՝ «Թատրոնն այսօր» (ղեկ. Մ. Ջաֆֆարի), «Ազգային» (ղեկ. Մ. Զավանմարդ) և Արվեստի ու մշակույթի մինիստրության խումբը։ Ի–ի ճանաչված դերասաններից են՝ Մոստաֆա և Մախին Օսկույիները, Մոհամադ Ալի Քեշավարզը, Ռոհմեդին Խոսրովին։ 1968–69-ին «Թալար մուզե» թատրոնում բեմադրվել են Ա. Օստրովսկու, Մ. Գորկու, Ա. Արբուզովի, Բ. Բրեխտի և արևմտաեվրոպական այլ դրամատուրգների պիեսները։ Թեհրանում գործում են նաև «Շահրիվարի 25-ի», «Քասրա», «Նասր», «Ջամեյե Բարբոդ», Մաշհադում՝ Ազգային թատրոն, Սպահանում՝ «Սեպահան», Համադանում՝ «Բուալի» և այլ թատրոններ։

Հայ թատերական կյանքն Ի–ում սկզբնավորվել է 1879-ին՝ Թեհրանում (Մ. Փափազյանի նախաձեռնությամբ)։ 1880-ից ներկայացումներ են տրվել Թավրիզում, 1888-ից՝ Նոր Ջուղայում։ 1888-ին և 1890-ին Թավրիզում և Թեհրանում պիեսներ են բեմադրել Ս. և Ա. Սաֆրազյանները (այդ թվում «Պեպո»-ն՝ Աստ. Փանվելյանի ադրբ. թարգմանությամբ)։ XX դ. սկզբին Ի–ի հայաշատ քաղաքներում ներկայացումներ են տվել Թիֆլիսից, Բաքվից ժամանած հայկ. թատերախմբերը (այդ թվում Աբելյան–Արմենյան թատերախումբը)։ 1919–21-ին Ի–ում են աշխատել Սիրանույշը, Արմենյան ամուսինները, Ա. Հովհաննիսյանը։ Ի–ի և իրանահայ թատրոնին մեծ ծառայություններ է մատուցել Վ. Փափազյանը (1934)։ Ի–ում հայկ. թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են Մ. Թաշճյանը, Մ. Մարությանը, Ս. Արզումանյանը, Ռ. և Լ. Աթայանները, Մ. Մանուկյանը, Եֆբարը և ուրիշներ։ 1940–50-ական թթ. Թավրիզում գործել են «Շիրվանզադե», «Հ. Աբելյան», «Մասունցի Դավիթ», ինչպես և Դրամատիկական, Դրամա–օպերետային թատերախմբեր։ Թատերական կապերն ամրապնդելու գործում նշանակալից դեր են կատարել երգիչ, բանաստեղծ և դերասան Ա. Հովհաննիսյանը, Մ. և Ն. Սարվարյանները, է. Բալասանյանը։

XVI. Կինոն
1930-ին նկարահանվել է առաջին «Աբի Ռաբի» (ռեժ. էխանիյան) խաղարկային ֆիլմ–ֆարսը։ 1946-ին Թեհրանում կազմակերպվել է «Միթրաֆիլմ» առաջին կինոստուդիան։ 1950-ական թթ. ամենահաջողված՝ «Նավահանգստի գողը» (1954, ռեժ. Ա. Շիրազի) ֆիլմը ստեղծվել է իտալ. նեոռեալիզմի ազդեցությամբ։ 1960–1970-ական թթ. թողարկվում են դիցաբանական և պատմական թեմաներով ֆիլմեր, կոմեդիաներ, մելոդրամներ՝ «Մազանդարանի վագրը» (ռեժ. Ս. Խաչիկյան), «Սպասումի ափը» (ռեժ. Ս. Ցասեմի) են։ 1955-ից Թեհրանում անց են կացվում միջազգային, 1964-ից՝ ազգային կինոփառատոներ։ 1964-ին հիմնադրվել է Կինեմատոգրաֆիայի բարձրագույն խորհուրդը։ Ի–ի կինեմատոգրաֆիայի զարգացմանը նպաստել են ռեժիսորներ Մ. Մոհսենին, Մ. Յասեմին, Շ. Ռաֆիան, Մ. Խաչիկյանը և ուրիշներ։ Կինոդերասաններից են՝ Վոսուղին, Ֆարդին, Արմանը, Ժալեն, Շիվան, Շոխլան, Դիլքեշը, Սադրը և ուրիշներ։ Կինոստուդիաներից են (1971)՝ «Պարս–ֆիլմ»-ը, «Ասիա–ֆիլմ»-ը, «Ասրե–Թալայի»-ն, «Միսագիե»-ն, «Քարավան»-ը։ Թողարկվում է 100-ից ավելի կինոնկար։

XVII. Հայերն Իրանում
Ի–ում հայ բնակչություն եղել է դեռևս մ. թ. ա. VI դ.։ Դրանք հիմնականում հայկ. զորամասեր էին, որոնք վասալական պարտավորություն էին կատարում՝ ծառայելով Աքեմենյան պետությանը։ Զգալի թիվ էին կազմում նաև հայ առևտրականներն ու արհեստավորները։ Իսկ որպես բնիկներ՝ հայերը դեռևս հնագույն ժամանակ ներից ապրել են Ատրպատականում կամ պատմական Պարսկահայքում [Թավրիզ, Մարանդ, Ուրմիա (Կապուտան), Խոյ (Հեր), Մարաղա, Սալմաստ (Զարևանդ), Մակու (Արտազ), Ղարադաղ (Փայտակարան) ևն], որը հայկ. պետականության անկումից հետո մտավ Ի–ի կազմի մեջ։ Ըստ պատմիչների տեղեկությունների, հա–

Վ. Սարոյան. «Իմ սիրտը լեոներում է», բեմադրության՝ Արամայիս Աղամալյանի (Թեհրանի հայկ. թատրոն)