Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/452

Այս էջը սրբագրված է

Бертельс Е. Э., Теория музыки в современной Персии, c6.։ Музыкальная этнография, Л., 1926; Библиография Ирана, М., 1967.

ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, գտնվում է Արևմտյան Ասիայում։ Հս–ում սահմանակից է Թուրանի և Հարավ–Կասպիական դաշտավայրերին, արլ–ում՝ Ինդոս գետի ավազանի հարթավայրին, հվ–ում՝ Հերմսիր անապատին, հվ–արմ–ում՝ Միջագետքի դաշտավայրին։ Արմ–ում հարում է հայկական բարձրավանդակին, արլ–ում՝ Պամիրին։ Տարածությունը մոտ 2,7 մլն կմ2 է, ձգվածությունը՝ մոտ 2500 կմ։ Տերիտորիայի մոտ 2/3-ը պատկանում է Իրանին, մնացածը՝ Աֆդանստանին և Պակիստանին։ Հս. ծայրամասը գտնվում է ՍՍՀՄ–ի, իսկ արմ. շրջանները՝ Իրաքի սահմաններում։ Ռելիեֆը բարդ է. հերթագայվում են ծալքավոր, ծալքաբեկորային լեոներն ու բարձրավանդակները և միջլեռնային իջվածքների կուտակումնային հարթավայրերը։ Ի. բ–ի ծայրամասերը գտնվում են ալպյան լեռնակազմության համակարգում, ենթարկվում են նորագույն բարձրացումների և բնութագրվում բարձր սեյսմիկությամբ։ Հս. աղեղում են գտնվում էլբուրսի (Դեմավենդ հրաբխով, 5604 մ), Թուրքմենա–Խորասանական լեռները, Պարոպամիզը և Հինդուկուշը (Տիրիչմիր լեռ, 7690 մ)։ Հվ. և հվ–արմ. աղեղները կազմված են Զագրոսի (մինչև 4548 մ, Զերդկուխ) և Մեկրայի լեռնաշղթաներից։ Ի. բ–ի արլ–ում են գտնվում Կիրտհար և Սուլեյմանի լեռները, Սպինհար և Հինդուրաջ լեռնաշղթաները, ներքին շրջաններում՝ սարահարթերով և միջլեռնային անհոսք իջվածքներով հերթագայվող Կուհրուդ, Կուհբենան, Միջինաֆղանական և այլ լեռնային համակարգերը։ Կլիման չոր ցամաքային է. հս–ում՝ մերձարևադարձային, հվ–ում՝ արևադարձային։ Գերակշռում են սակավաջուր լեռնային գետերը։ Խոշոր գետերից են Կարունը, Հիլմենդը, Հերիռուդը։ Կան աղի լճեր։ Տիրապետում է անապատային և չոր տափաստանային բուսականությունը։ Տարածված են մոխրահողերն ու շագանակագույն հողերը։ Կենդանական աշխարհին բնորոշ են կրծողները, սողունները, վնասակար, թունավոր միջատները, սարդակերպերը։ Լճերում ձմեռում են չվող թռչունները։

ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդ–իրանական ճյուղին պատկանող ցեղակից լեզուների խումբ։ Խոսվում են Իրանում, Աֆղանստանում, մասամբ՝ Պակիստանում, Իրաքում, Հնդկաստանում, Չինաստանում, ՍՍՀՄ–ում (Տաջիկստան, Օսեթիա, Անդրկովկասի և Թուրքմենիայի որոշ շրջաններ)։ Տարբերում են հին (մ. թ. ա. երկրորդ հազարամյակից մինչև IV–III դդ., եդերեն, ավեստայի լեզու, հին պարսկերեն, սկյութերեն), միջին [մ. թ. ա. IV–III դդ. մինչև մ. թ. VIII–IX դդ., միջին պարսկերեն (պահլավերեն), պարթևերեն, բակտրերեն, սոգդերեն, խորեզմերեն, սակերեն, միջին օսերեն (ալաներեն)], նոր [սկսած VIII–IX դդ., նոր պարսկերեն, տաջիկերեն, թաթերեն, աֆղաներեն (փուշտու), բելուջերեն, քրդերեն, օսերեն, պամիրյան բարբառներ, յաղնոբերեն, թալիշերեն ևն)] ի. լ.։ Ըստ հնչյունական որոշ հատկանիշների (հին իրանական b, g, d պայթականների շփականացում, բառասկզբի հ–ի անկում կամ դրանց պահպանում) Ի. լ. բաժանվում են երկու խմբի՝ արևելյան և արևմտյան, որոնք ունեն իրենց ստորակարգումները։

Ի. լ. հնդեվրոպական լեզվաընտանիքում աչքի են ընկնում ձևաբանական համակարգի հնատիպ գծերով։ Երկար ժամանակ համեմատական լեզվաբանության մեջ ճշգրիտ թվագրությամբ հնագույն տեքստերը համարվել են հին պարսկերենով վիմագիր արձանագրությունները (մ. թ. ա. VI–IV դդ.), որոնք նաև Ի. լ–ով ամենահին գրավոր աղբյուրներն են։ Հին և միջին Ի. լ–ի տվյալները արժեքավոր են նաև հայոց լեզվի պատմության որոշ հարցեր լուսաբանելու համար։ Ըստ Հ. Աճառյանի, հայերենի մոտ 1400 արմատ ունի իրանական ծագում։ Հնդկական լեզուների հետ Ի. լ–ի ընդհանրությունների հիմք են տվել այդ լեզվախմբերը ներկայացնելու մեկ լեզվաճյուղի մեջ՝ իբրև հնդ–իրանական ճյուղ։ Հին Ի. լ–ին բնորոշ է եղել ձայնավորների քանակային (տևողության՝ երկար, կարճ) տարբերությունը, որը հետագայում, հատկապես նոր իրանականում, թուլացել կամ վերածվել է հակադրության այլ տիպի։ Որոշ Ի. լ–ում (աֆղաներեն, բելուջերեն ևն) ներդարձիկ, իսկ օսերենում՝ կոկորդային պայթական բաղաձայնների առկայությունը մեկնաբանվում է տեղական ենթաշերտով։ Շեշտը հին Ի. լ–ում նախավերջին, նոր Ի. լ–ում վերջին վանկի վրա է։ Հին Ի. լ–ի թեքական կառուցատիպը հիմնականում փոխարինված է վերլուծականով։ Վերացել է երկակիի ենթակարգը, սեռի կարգը դրսևորվում է քիչ լեզուներում։ Երբեմնի ութ հոլովի փոխարեն կա 2–3 հոլով կամ բոլորովին չկա։ Օսերենում առկա 9 հոլովները նորակազմության արդյունք են։ Հարուստ է բայանան խոնարհումը։ Պարսկերենին, տաջիկերենին, քրդերենին հատուկ է իզաֆետային կառուցվածք։ Օգտագործել են սեպագիր, տառահնչյունային (պարսկա-արամեական, պահլավական), ապա՝ արաբագիր այբուբեն։

ՍՍՀՄ–ում գործածվում է ռուսագիր այբուբեն։

Գրկ. Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, մաս 1, Ե., 1940; Опыт историко-типологического исследования иранских языков, т. 1–2, M., 1975.

Հ. Պետրոսյան

ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԻԿԿ), ստեղծվել է 1920-ի հունիսին «Ադալետ» ս–դ. կուսակցության համագումարում։ Կուսակցության ծրագիրը խնդիր էր դրել ազատագրել Իրանը իմպերիալիստական գերիշխանությունից, վերացնել միապետական վարչակարգը, չեղյալ հայտարարել 1919-ի անգլո–իրանական ստրկական պայմանագիրը, վերացնել խոշոր ֆեոդալական հողատիրությունը։ Համագումարից հետո ԻԿԿ մտավ Կոմինտերն։ 1920-ին ձախ տարրերի ազդեցությամբ ԻԿԿ ղեկավարությունը թույլ տվեց մի շարք սխալներ։ Նույն թվականին ավանտյուրիստական տարրերը վտարվեցին ԻԿԿ ԿԿ–ից և ընտրվեց ԿԿ–ի նոր կազմ։ Իրանի կոմունիստները մասնակցել են Իրանի 1920–22-ի ազգային–ազատագրական շարժմանը։ Ռեզա–շահ Փահլավիի իշխանության գլուխ անցնելուց (1925) հետո ԻԿԿ ենթարկվեց հալածանքների։ ԻԿԿ երկրորդ համագումարը (կայացել է անլեգալ, 1927-ին) ընդունեց նոր ծրագիր ու կանոնադրություն։ 1929–31-ին ԻԿԿ ղեկավարել է երկրում ծավալված գործադուլային շարժումները։ 1931-ին կառավարությունը հատուկ օրենքով արգելեց կոմունիստների գործունեությունը։ Կուսակցության շատ ակտիվիստներ և ԿԿ–ի անդամների մեծ մասը ձերբակալվեցին։ 1934-ից Թաղի էրանիի ղեկավարությամբ ԻԿԿ նորից ակտիվացրեց իր գործունեությունը։ 1937-ին կուսակցությունը ենթարկվեց նոր հալածանքների, կուսակցական և արհմիութենական կազմակերպությունները ջախջախվեցին, ակտիվ գործիչները բանտարկվեցին, 1940-ին բանտում սպանվեց Էրանին։ ԻԿԿ–յան ժառանգորդը և գործի շարունակողը դարձավ 1941-ին ստեղծված Իրանի ժողովրդական կուսակցությունը։

ԻՐԱՆԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1905–1911, հակաֆեոդալական, հակաիմպերիալիստական, բուրժուական հեղափոխություն։ Պատճառը հակասությունների սրումն էր մի կողմից՝ իմպերիալիստների աջակցությունը վայելող կառավարող ֆեոդալական խմբավորման, Ղաջարական դինաստիայի, մյուս կողմից՝ սաղմնավորվող ազգային բուրժուազիայի, գյուղացիության, արհեստավորների և բանվորների միջև։ Ի. հ–յան վրա մեծ ազդեցություն է գործել 1905-ին սկսված ռուս. հեղափոխությունը։ Ի. հ–յան ընթացքում ստեղծվեցին ժողովրդա-դեմոկրատական կազմակերպություններ, ընտրովի մարմիններ՝ էնջումեններ (միություններ), ֆիդայիների զորախմբեր ու մոջահեդների (հեղափոխականների) ընկերություններ։ Աչքի ընկնող գործիչներից էին Սաթթար խանը, Եփրեմ խանը (Դավթյան), Քեռին (Արշակ Գաֆավյան), Բաղիր խանը, Ալի Մուսյոն, Մոհամմեդ Խիաբանին և ուրիշներ։ Ունեցել է զարգացման երեք հիմնական շրջան։ 1905-ի դեկտեմբերին կայացած ժող. ցույցերի ճնշման տակ, 1906-ի օգոստ. 5-ին, շահը հրատարակեց սահմանադրություն մտցնելու հրովարտակ։ Հոկտ. 7-ին բացվեց Իրանի առաջին մեջլիսը, որը մշակեց Իրանի առաջին սահմանադրությունը։ 1908-ի հունիսի 23-ին Մոհամմեդ–Ալի շահը հակահեղափոխական հեղաշրջում կատարեց, ցրեց մեջլիսը։ Ի. հ–յան բարձրակետը Թավրիզի ապստամբությունն էր (երկրորդ շրջան, 1908-ի

Ֆիդայիների մի խումբ (1907)