Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/550

Այս էջը հաստատված է

Նկարում` Ա. Տիգրանյանի կիսանդրին Կրուպսկայայի անվան զբոսայգում Նկարում` Հաղթանակի պողոտան Լենինականում Նկարում` Սովետական Միության հերոս Արտյոմ Պետրոսյանի կիսանդրին իր անունը կրող դպրոցի մոտ Նկարում` Լենինական կայարանում

վում է քարե պատերի մեծ մակերեսների և ապակեպատ բացվածքների հակադրությամբ: Մ. Հսսրաթյան Ռ. Եղոյան

Կերպարվեստը: Հնուց նշանավոր էին քաղաքի արհեստավորների (մետաղագործներ, կտավագործներ, քարգործներ, ոսկերիչներ ևն) գործերը: Լ–ում կազմակերպվել են գեղարվեստական ցուցահանդեսներ: Գեղարվեստական կյանքի ակտիվ մասնակիցներ էին Ե. Նազարյանը, Գ. Բրուտյանը, Ս. Ալթունյանը և ուրիշներ: 1921-ին հիմնադրվել է նկարչական ստուդիա (այժմ՝ Ս. Մերկուրովի անվ. նկարչական դպրոցը), 1930-ին՝ երկրագիտական թանգարանը, որտեղ զգալի բաժին է հատկացված կերպարվեստին: 1945-ին կազմակերպվել է Հայաստանի սովետական նկարիչների միության Լ–ի բաժանմունքը: Քաղաքի գեղարվեստական կերպարում նշանակալից են Մայիսյան ապստամբության հերոսների (1931, քանդակագործ Ա. Սարգսյան), Վ. Ի. Լենինի (1954, բազալտ, քանդակագործ՝ Բ. Մերկուրով, հեղինակակից՝ Գ. Ահարոնյան, ճարտ. Մ. Գրիգորյան), Ա. Իսահակյանի (1976, քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտ. Ջ. Թորոսյան, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1977), Ա. Տիգրանյանի (1962, բրոնզ, բազալտ, քանդակագործ՝ Խ. Իսկանդարյան, ճարտ. Է. Տիգրանյան), Հայրենական մեծ պատերազմում զոհվածների («Մայր Հայաստան», 1975, քանդակագործ՝ Ա. Սարգսյան, Ե. Վարդանյան, ճարտ. Ռ. Եղոյան) հուշարձանները, ինչպես նաև մոնումենտալ գեղանկարչության ընտիր օրինակներ՝ Հղկող հաստոցների գործարանի բանվորական ճաշարանում (1963–64, նկարիչ՝ Հ. Մինասյան, Ա. Մելքոնյան, Ռ. Պետրոսյան), էլեկտրատեխնիկական գործարանում (1972, նկարիչ՝ Մ. Ավետիսյան), «Սասունցիների պարը» (խճանկար, 1973–75, նկարիչ՝ Ֆ. Մանուկյան), «Գյումրվա հարսանիք» (խճանկար, 4. Սմբատյան, Զ. Գրիգորյան, Ռ. Հովնաթանյան), «Կարմիր բանակի մուտքը Ալեքսանդրապոլ» (որմնանկար երկաթուղայինների մշակույթի պալատում, նկարիչ՝ Ս. Հովսեփյան), «Գյումրվա կանայք» (որմնանկար տեքստիլ կոմբինատի թանգարանում, 1973, նկարիչ՝ Ա. Մելքոնյան) և այլ գործեր: Մ. Ղազարյան

Երաժշտությունը: Քաղաքի երաժշտական կյանքը հնուց զարգացել է ժողովրդական և պրոֆեսիոնալ արվեստների հունով: Դեռևս XIX դ. վերջերից գործել են երգչախմբեր (դպրոցական, եկեղեցական, սիրողների, կազմակերպիչները՝ երգի ուսուցիչներ Ա. Բրուտյան, Պ. Բաբայան, կոմպոզիտորներ Ն. և Ա. Տիգրանյաններ): Որոշ խմբեր համերգներով հանդես են եկել Բաքվում, Թիֆլիսում, Երևանում: Հյուրախաղերով քաղաք են այցելել է. Պետրին, Ա. Սպենդիարյանը, Հ. և Ի. Դանզասները, Ա. Մելիք–Աղամալովը, Լ. Կարախանը և ուրիշներ: Կազմակերպվել են նաև ընտանեկան անսամբլներ: Պրոֆեսիոնալ երաժշտության բնագավառում նշանակալից երևույթ էր Արևելյան Հայաստանում առաջին օպերային ստեղծագործության՝ Ա. Տիգրանյանի «Անուշ»-ի բեմադրությունը 1912-ին, սիրողական օպերային թատրոնում:

Սովետական կարգերի հաստատումից հետո՝ 1921-ին Ն. Տիգրանյանի նախաձեռնությամբ բացվել է «Փոքրիկ ստուդիա», որը 1924-ին վերափոխվել է երաժշտական դպրոցի (ղեկավար՝ Դ. Ղազարյան): Նրա սիմֆոնիկ և փողային նվագախմբերը, երգչախումբը, անսամբլները (տրիո, կվարտետ ևն) հանդես են եկել հրապարակային համերգներով և ռադիոյով: 1922-ին ստեղծվել է սիմֆոնիկ–կամերային «Սալոնային նվագախումբը» (տարբեր տարիներ ղեկավարել են ջութակահար Կուգոտովսկին, դիրիժոր Ա. Մելիք–Փաշաևը, կոմպոզիտոր Ա. Այվազյանը): 1923–1926-ին գործել է Լ–ի օպերա–օպերետային թատրոնը, որի կազմում էին Շ. Տալյանը, Ա. Մելիք–Փաշաևը, Հ. Դանիելյանը, Լ. Իսեցկին և ուրիշներ: Բեմադրվել են Բիզեի «Կարմեն», Գունոյի «Ֆաուստ» օպերաները (թարգմանաբար, հայերեն), Ի. Կալմանի «Սիլվա» օպերետը, մանկական օպերաներ (Ս. Մուրադյանի «Շունն ու կատուն», Դ. Ղազարյանի «Հաղթված բազեն», Ա. Մանուկյանի «Չարի վերջը»): Այդ թատրոնը մեծ դեր է խաղացել հայ օպերային արվեստի զարգացման գործում: 1934-ին բացվել է երաժշտական ուսումնարանը: Քաղաքում գործում են Հայհամերգի (մինչև 1976-ը Հայֆիլհարմոնիայի) բաժանմունքը, 1958-ից՝ Հայաստանի Երգչախմբային ընկերության բաժանմունքը, 1972-ից՝ կամերային նվագախումբը, 6 երաժշտական դպրոց և մեկ ուսումնարան, բազմաթիվ ինքնագործ խմբեր, այդ թվում՝ 1949-ից՝ Սևյանի անվ. մշակույթի պալատի երգի և պարի անսամբլը (ղեկավար՝ Ա. Շաբոյան), որը դարձել է համամիութենական և միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր: 1957-ից ամեն տարի անց են կացվում սիմֆոնիկ երաժշտության տասնօրյակներ: Մ. Նալբանդյանի անվ. հայկ. մանկավարժական ինստ–ն ունի երաժշտության ամբիոն: Ջ. Ղուկասյան

Աշուղներ: Հին Գյումրին, համբավավոր արհեստավորներից բացի, հայտնի է եղել նշանավոր աշուղներով: XIX դ. 2-րդ կեսին–XX դ. սկզբին Ջիվանա գլխավորությամբ ձևավորվել է ազգային– աշուղական դպրոցը [Շիրին, Ջամալի, Պայծառ, Զահրի, Խայաթ, Մալուլ, Հավես, Հազիրի (Գյումրեցի), Շերամ, Իգիթ և ուրիշներ], որոնց բնորոշ էր հասարակական–սոցիալական թեմաների սրությունը, գրական ու երաժշտական լեզվի մաքրությունը, ավանդույթի ստեղծագործական յուրացումը, ուրույն մտածելակերպը: Սկսած 1870-ական թվականներից նրա հռչակավոր սրճարանները՝ ղայֆաները, դարձել են աշուղական երգ ու նվագի յուրատեսակ կենտրոններ: Գրեթե ամեն մի սրճարան ունեցել է իր աշուղը կամ աշուղական խումբը: Սիրո, հայրենի հողի, պանդխտության, ազատատենչության, ազգային վերածնության երգերից բացի, նկատելի տեղ են գրավել, ի բնե երգասեր գյումրեցիների մեջ լայն տարածում գտել քաղաքի կյանքի հետ կապված որոշակի երևույթներ արտացոլող երգերը, որոնք ստացել են հանրային հնչեղություն: Այդ առումով շատ բնորոշ է Ջիվանու «Խելքի աշեցեք» երգը (1883): Գյումրվա աշուղների երգերը տարածվել են շատ գյուղերում ու քաղաքներում: Մեծանուն աշուղներին հաճախ հրավիրել են Թիֆլիս, Բաքու, Աստրախան, Երևան, էջմիածին և այլուր: 1870-ական թվականների 2-րդ կեսից սկսած քաղաքում տպարաններ