Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/553

Այս էջը սրբագրված է

Տ. Զլատոգորովայի «Լենին» (1940) ներկայացումները ժամանակակից ռուս, հեղափոխական թատրոնի, մասնավորապես Ե. Վախթանգովի և Վ. Մեյերխոլդի ոճով էին բեմադրված, իսկ դասական դրամատուրգիան (Մ. Գորկու «Կատակում», 1932, Շիլլերի «Սեր և խարդավանք», Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1934, Կ. Գոլդոնիի «հյուրանոցի տիրուհին», 1936) գտավ արդիական սուր մեկնաբանություն: Ժամանակակից կյանքը պատկերող ներկայացումների կողքին երևան եկան պատմա–հայրենասիրական և պատմա–հեղափոխական ինքնուրույն պիեսների բեմադրություններ (Լ. Միքայելյանի «Գոշ», 1936, Ա. Արաքսմանյանի «էմանուել», 1938, Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի», 1943, 1956, Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», 1942): Վ. Աճեմյանի նոր բեմադրությունները ևս (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», 1944, Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ», 1946) հաստատուն տեղ գրավեցին հայ սովետական թատրոնի պատմության մեջ: Այդ բեմադրություններում լիովին բացահայտվեցին Բ. Գաբրիելյանի, Ց. Ամերիկյանի, Լ. Զոհրաբյանի, Ս. Սուրենյանի, Ա. Ասրյանի, Գ. Հարությունյանի, Ա. Փաշայանի, նկարիչներ Վ. Շերիշևի, Մ. Սվախչյանի գեղարվեստական մեծ կարողությունները: Լ. դ. թ–ում Ա. Բուրշալյանը բեմադրել է Գոգոլի «Ռևիզոր» (1931), Մոլիերի «Երևակայական հիվանդը» (1942), Կ. Սիմոնովի «Սպասիր ինձ» (1943), Արաքսմանյանի «Հրաբխի վրա» (1942), Ա. Աբարյանը՝ Սունդուկյանի «Քանդած օշախ» (1947), Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (1948), Գորկու «Թշնամիներ» (1950) ևն, Ա. Հովսեփյանը՝ Ն. Զարյանի «Փորձադաշտ» (1953), Գ. Տեր–Գրիգորյանի «Վերշին մեխակներ» (1957), Լոպե դե Վեգայի «Սևիլիայի աստղը» (1956): Վերջին շրջանի ուշագրավ բեմադրություններից են՝ է. Ֆաբրիի «Քեռի Ռուժեի ժառանգությունը» (ըստ Բալզակի, 1955), Ա. Օստրովսկու «Անօժիտ»-ը (1956), Վ. Հյուզոյի «Մարի Թյուդոր»-ը (1962, բոլորի ռեժ. Գ. Մկրտչյան), Սարտրի «Անթաղ մեռելներ»-ը (1971), Ֆ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ը (1973), Ժ. Հարությունյանի «Հարսանիք – 1973»-ը (1973), Ա. Գելմանի «Կուսկոմիտեի նիստը» (1975, բոլորի ռեժ. Ե. Ղազանչյան), Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա գավակները» (1973, ռեժ. Ե. Ղազանչյան, Վ. Քոչարյան): Ւոքբի կազմի մեջ են (1977)՝ ՀՍՍՀ ժող. արտիստներ Ա. Արզումանյանը, ժ. Թովմասյանը, Ա. Ազնաուրյանը, Ն. Բոխյանը, վաստ. արտիստներ՝ Հ. Ղազազյանը, Ռ. Օդաբաշյանը, Ա. Քոչարյանը, Լ. Աբրահամյանը, Ս. Չոլախյանը, Կ. Սարգսյանը, Վ. Թամրազյանը, Լ. Ալիխանյանը, Վ. Հակոբյանը: Գլխավոր ռեժիսոր՝ Գ. Մկրտչյան, նկարիչ՝ է. Եդիգարյան: Լ. դ. թ–ում են աճել ՀՍՍՀ ժող. արտիստներ Վ. Վարդերեսյանը, Մ. Մկրտչյանը:

Լ. դ. թ. հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Թբիլիսիում, Տարտուում, իսկ 1956-ին «Օղակում», «Փորձադաշտ» ներկայացումներով՝ մասնակցել Մոսկվայում հայկ. արվեստի ու գրականության տասնօրյակին: 1965-ին թատրոնը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Գրկ. Մադոյան Ռ. Մ., Թատրոնի ուղին, Ե., 1967: Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967: Հարությունյան Ս., Սովետահայ թատրոն (1917–1932), Ե., 1968: Խալաթյան Լ., Սեր և խանդավառություն, «ՍԱ», 1965: Նույնի, Թատրոն–համալսարան, «Գարուն», 1971, № 1: Олидор O. B., Бopьбa зa сценический реализм, M., 1957; Ризаев C., Maдоян Р., Ленинаканский драматический театр им. A. Mpaяяна, E., 1956. Լ, Խալաթյան

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ Կարա Մուրզայի անվան, հիմնադրվել է 1934-ին, մինչ այդ (1924) ստեղծված երաժշտական ստուդիայի հիման վրա: Ուսումնարանի հիմնադիրներն են եղել կոմպոզիտորներ Դ. Ղազարյանը և Մ. Աղայանը: Ուսումնարանը 1977–78 ուս. տարում ուներ դաշնամուրային, լարային, տեսական, փողային, ժողգործիքների, խմբավարական, վոկալ բաժիններ (400 ուսանող), սիմֆոնիկ նվագախումբ:

Ուսումնարանում դասավանդել են կոմպոզիտորներ Դ. Ղազարյանը, Մ. Աղայանը, Ա. Այվազյանը, Գ. Եղիազարյանը, Ա. Դոլուխանյանը: Ուսումնարանի անվանի շրշանավարտներից են կոմպոզիտոր Գ. Չթչյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոսներ Ե. Աբաշյանը, Ա. Բարսամյանը, Մ. Բրուտյանը, Կիևի կոնսերվատորիայի դասախոս, համամիութենական մրցանակաբաշխության դափնեկիր, ֆագոտիստ Ա. Աբաշյանը և ուրիշներ:

Նկարում` Գնացքները Լենինական կայարանում

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ, Հայկական ՍՍՀ երկաթուղային տրանսպորտի հնագույն և ամենախոշոր կենտրոնը: Հիմնադրվել է 1897-ին: Առաջին գնացքը Թիֆլիսից Ալեքսանդրապոլ (Լենինական) է ժամանել 1899-ի փետր. 7-ին: Հետագայում (մինչև 1902) երկաթուղին հասել է Ղարս, Երևան, իսկ մի փոքր ավելի ուշ՝ Ջուլֆա, ապա՝ Թավրիզ: Լ. ե.հ. ունի լոկոմոտիվային (տես Լենինականի լոկոմոտիվային դեպո) և վագոնային դեպոներ, կայարան, գծի ուղեմաս, մատակարարման և կապի տեղամասեր, կապիտալ շինարարության ու նորոգման ծառայություններ, ուր կատարվում է շոգեքարշերի ու էլեկտրաքարշերի միջին, ընթացիկ նորոգում, ապրանքատար վագոնների հիմնական և ընթացիկ նորոգում և տեխ. հատուկ սպասարկում:

Լ. ե. հ. ունի հեղափոխական հերոսական ավանդույթներ: Այստեղ են ստեղծվել Հայաստանում սոցիալ–դեմոկրատական առաջին խմբակները. 1905–07-ի ռուս, առաջին հեղափոխության տարիներին տեղի են ունեցել բանվորական գործադուլներ: Այստեղ է 1920-ի մայիսի 10-ին սկսվել Մայիսյան ապստամբությունը Հայաստանում: Լ. ե. հ–ի կոլեկտիվները գործուն մասնակցություն են ցուցաբերել 1920–30–40-ական թթ. երկրի քայքայված տնտեսության վերականգնման, հարևան շրջաններում կոոպերատիվ շարժման, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ավերված երկաթգծերի վերականգնման աշխատանքներին: Ետպատերազմյան տարիներին Լենինականի երկաթուղայինները շուրջ հարյուր անգամ հաղթող են ճանաչվել համամիութենական, հանրապետական և անդրկովկասյան երկաթուղայինների սոցիալիստական մրցություններում: Լ. ե. հ–ի ավելի քան չորս հազար բանվոր ծառայողներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով, իսկ Ա. Խաչատրյանը, Ս. Միքայելյանը և Ս. Գևորգյանը արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Տասնյակ երկաթուղայիններ ընտրվել են ՍՍՀՄ և ՀՍՍՀ Գերագույն սովետների դեպուտատներ, ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների պատգամավորներ:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ: Ստեղծվել է ՀՍՍՀ ժողկոմսովետի 1930-ի հուլիսի 5-ի որոշմամբ: Ունի հնագիտության–ազգագրության, քաղաքի և Շիրակի պատմության, մշակույթի, սոցիալիստական շինարարության, Հայրենական մեծ պատերազմի պատմության բաժիններ: Հնագիտության և ազգագրության բաժինների ցուցանմուշները հիմնականում ձեռք են բերվել Կումայրի հնագույն բնակավայրի պեղումներից: Հնագիտության բաժինն ունի քարի, բրոնզի, երկաթի դարերի աշխատանքային գործիքների ցուցանմուշներ, բազմատեսակ հնագույն զենքեր ևն: Ազգագրության բաժինը նվիրված է Գյումրի–Ալեքսանդրապոլ–Լենինականի և Շիրակի հարթավայրի բնակիչների կենցաղին և արհեստներին: Շիրակի հարթավայրի Քեթի, Ոսկեհասկ, Մարմաշեն, Տիրաշեն, Վահրամաբերդ գյուղերի մոտակայքում կատարված պեղումները (1970-ից) զգալիորեն հարստացրին Լ. ե. թ–ի նյութերը: 1977-ի վերջին թանգարանում կար 2000-ից ավելի հնագիտական ցուցանմուշ: Թանգարանի գեղանկարչական բաժնում պահպանվում և ցուցադրվում են շուրջ 150 կտավ, որոնց շարքում ներկայացված են Հ. Այվազովսկու, Գ. Բաշինշաղյանի, Վ. Մուրենյանցի, Մ. Սարյանի, Ս. Աղաշանյանի, Գ. Գյուրշյանի, Դ. Նալբանդյանի, Հ. Ռուխկյանի, Հ. Անանիկյանի և այլ նկարիչների գործեր: Թանգարանն ունի նաև հնագույն դրամների հարուստ հավաքածու (5000-ից ավելի)՝ հայկական, իրանական, ռուսական, թուրքական, հունական դրամների հազվագյուտ նմուշներով:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ, թռչնաբուծական մթերք արտադրող արդյունաբերական ձեռնարկություն, Լենինականից 3 կմ հարավ–արևմուտք: Կառուցվել է 1955-ին Լենինականի ինկուբատորա–թռչնաբուծական կայանի բազայի վրա: Լենինական քաղաքի բնակչությանը ապահովում է դիետիկ ձվով և թարմ մսով: Պահվածքը վանդակային է, աշխատատար պրոցեսները՝ հիմնականում մեքենայաց–