ապրանքային արտադրության ծավալը կազմել է 8228 հզ. ռ., 1976-ին՝ 37108 հզ. ռ.: Արտադրանքն իրացվում է ՀՍՍՀ–ում, հում ապխտած երշիկը առաքվում է նաև Մոսկվա, Թբիլիսի և այլ քաղաքներ: 1971-ին արժանացել է ՍՍՀՄ ԺՏՆՑ–ի բրոնզե մեդալի (երշիկեղենի նոր «Խճողակած ռուլետ» տեսակի համար), իսկ 1976-ին՝ ՀՍՍՀ ԺՏՆՑ–ի I աստիճանի դիպլոմի: 1975-ին (Բուդապեշտում) և 1976-ին (Պրագայում) «Հողը՝ կերակրողը» ցուցահանդեսում ստացել է պատվոգիր և դիպլոմ: 1974-ին կոմբինատին տրվել է հեղինակային արտոնագիր՝ երշիկեղենի գունավորման նոր (առանց նիտրիտի կիրառման) մեթոդի համար:
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑ Ս. Դ. Մերկուրովի անվան, հիմնադրվել է 1921-ին, որպես ստուդիա: 1936-ին դարձել է քառամյա նկարչական դպրոց, 1947-ին կոչվել է քանդակագործ Ս. Դ. Մերկուրովի անունով: Առաջին ուսուցիչները եղել են Գ. Բրուտյանը, Ա. Ալթունյանը, Հ. Ավետիսյանը և ուրիշներ: Դպրոցն ունի (1977) գեղանկարչական, ձևավորման և դեկորատիվ կիրառական արվեստի բաժիններ: Սաների աշխատանքները ցուցադրվել են հանրապետական, միութենական և միշազգային ցուցահանդեսներում: Շրջանավարտներից են՝ Խ. Եսայանը, Մ. և Ե. Ասլամագյանները, Կ. Տիրատուրյանը, Հ. Մինասյանը, Ա. Հունանյանը և ուրիշներ:
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ–ում, ստեղծվել է 1930-ի սեպտ. 9-ին, Լենինականի գավառի վերացումից հետո: 1935-ին վերանվանվել է Դուզքենդի շրջան: 1937-ի դեկտ. 31-ից բաժանվել է Դուզքենդի և Աղինի շրջանների: Ներկայում նախկին Լ. շ–ի տարածքում գտնվում են Ախուրյանի (1945-ի դեկտ. 7-ից) և Անիի (1961-ի հոկտ. 12-ից) շրջանները:
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ, կազմակերպվել է 1937-ին: 1956-ից ենթարկվում է ՀՍՍՀ գյուղատնտ. մինիստրության երկրագործության ԳՀԻ–ին: Զբաղվում է դաշտային կուլտուրաների սելեկցիայի, սերմնաբուծության, մշակման տեխնոլոգիայի, կենսաբանական ու տնտ. արժեքավոր հատկություններով օժտված նոր սորտերի ստեղծման ու արտադրության մեջ արմատավորելու հարցերով: Ստացվել ու շրջանացվել են ցորենի 3, գարու 1, հատիկա–ընդեղենի 3 (լոբի, սիսեռ, ոսպ), կտավատի 2 սորտ: Կայանն ունի 550 հա հողատարածություն, որից ջրովի վարելահող՝ 370 հա (1975):
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ «ՍՏՐՈՄՄԱՇԻՆԱ» ԳՈՐԾԱՐԱՆ, ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն, հիմնադրվել է 1959-ին, թողարկում է քարեզրահատող և քարֆրեզող հաստոցներ: Գործարանն ունի 9 հիմնական և 3 օժանդակ արտադրամաս: Ձեռնարկությունը թողարկում է (1977) մոտ 8 մլն ռ. արտադրանք, որն առաքվում է երկրի մոտ 40 քաղաք:
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՏԵՔՍՏԻԼ ԿՈՄԲԻՆԱՏ, տես՝ Լենինականի բամբակեղենի արտադրական միավորում Մայիսյան ապստամբության անվան:
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ, առաջին մանկական թատրոնը ՀՍՍՀ–ում: Հիմնադրվել է 1935-ի մարտին՝ ռեժիսոր Հ. Դյոգալյանի շանքերով: Այդ տարիներին Լ. տ. թ–ի շուրջն են համախմբվել Լենինականի դրամատիկ թատրոնի դերասաններ, հետագայում ՀՍՍՀ ժողովրդական արտիստներ Ա. Փաշայանր, Ռ. Օդաբաշյանը, Լ. Բադալյանը, Ա. Հարությունյանը և ուրիշներ: Լ. տ. թ. իր գործունեությունն սկսել է «Կապիկն ու հայելին», «Հեղափոխական Տանյան» (ռեժիսոր՝ Հ. Դյոզալյան) պիեսներով: Լ. տ. թ–ի հետ համագործակցել են անվանի ռեժիսորներ Վ. Աճեմյանը և Ա. Արմենյանը, որոնք գրել և բեմականացրել են մանկական պիեսներ: Մեծ հաջողությամբ են բեմադրվել «Չախ–չախ թագավորը» (1936, Վ. Աճեմյան), «Քաջ Նազարը» (1937, Ա. Արմենյան) ներկայացումները: Անցած ավելի քան քառասուն տարիներին թատրոնի խաղացանկում տեղ են գտել Դ. Դեմիրճյանի «Նազելին» (գրվել է հատկապես Լ. տ. թ–ի համար), «Գառնուկ ախպեր», «Կարմիր գլխարկ», «Մարտիկի երազը», «Ոսկե ձկնիկը», «Շունն ու կատուն», «Անմահական խնձոր» և այլ ներկայացումներ, որոնց մասնակցել են տիկնիկավարներ Դ. Պայազատը, Կ. Դարայանը, Ն. Ալիխանյանը, Լ. Մեսրոպյանը և ուրիշներ: Թատրոնի նկարիչներն են եղել Վ. Շերիշևը, Կ. Մինասյանը, Զ. Սիմոնյանը, կոմպոզիտորները՝ Դ. Միրզոյանը, Ա. Շիշյանը և ուրիշներ: Բեմադրությունների տիկնիկները պատրաստել է Ա. Ղազարյանը: Մեծ ավանդ ունի ՀՍՍՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Ս. Ալիխանյանը, որի շանքերով ետպատերազմյան դժվար պայմաններում վերսկսվեց թատրոնի գործունեությունը: Հ. Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ բեմադրված «Տերն ու ծառան» ներկայացումը արժանացել է մրցանակի: Ներկայումս Լ. տ. թ–ի ռեժիսորներն են Ա. Ղուկասյանը և Ա. Տեր–Դրիգորյանը: 1973-ից Լ. տ. թ. «ՅՈւՆԵՍԿՕ»-ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈւՆԻՄԱ) անդամ է:
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, առաջին տպարանը հիմնել է Դ. Մանոյանը, 1876-ին: 1900-ական թթ. տպարանն անցել է նրա որդուն՝ Հովհաննեսին և գոյատևել մինչև 1918-ը: Գործել են նաև Ա. Մալխասյանի «Այգ», Կ. Ափինյանի «Շիրակ», Հ. Ղասաբյանի և այլ տպարաններ: 1903-ին լույս է տեսել 20, 1906-ին՝ 21, 1907-ին՝ 19, 1912-ին՝ 23 անուն գիրք: Տպագրվել են գեղարվեստական, հրապարակախոսական, բանասիրական, բառարանագրական, պատմագիտական, բժշկ., մանկավարժական և այլ բնույթի գրքեր՝ աշխարհաբար, գրաբար և ռուս.: Առանձնապես շատ են հրատարակվել աշուղական գրքեր: 1882-ին Գ. Սանոյանի տպարանում լույս է տեսել աշուղ Ջիվանու առաջին երգարանը, 1887-ին՝ նրա «Աշըղ Ղարիբի հեքիաթը», 1888-ին՝ «Քյարամի և Ասլիի հեքիաթը», աշուղ Շերամի «Սեր և կռիվ» (1907), «Անշուր պարտեզ» (1913), «Անզուսպ արշավ» (1915) ևն: 1880-ական թթ. հրատարակվել են Ա. Խնկոյանի առակների, Հովհ. Կոստանյանի բանաստեղծությունների ժողովածուները, 1898-ին՝ Ավ. Իսահակյանի «Երգեր ու վերքեր» անդրանիկ ժողովածուն: Ուշագրավ են Հ. Համբարձումյանի, Ա. Արամյանի, Մ. Տարախչյանի անտիկ, եվրոպական և ռուս գրականությունից կատարած թարգմանությունները: 1917-ին լույս է տեսել թարգմանական–բանաստեղծական երեք ժողովածու՝ առաջին գիրքը վերնագրված է «Հեղափոխական երգեր» (կազմողներ և բանաստեղծությունների մի մասի թարգմանիչներ՝ Գ. Հանեսօղլյան և Կ. ՏերՄարգսյան), երկրորդում ամփոփված են Վ. Տերյանի, երրորդում՝ Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի և Գ. Աֆրիկյանի բանաստեղծությունները՝ Ս. Փիրվերդյանի ռուս. թարգմանությամբ: Արձակի և թատերագրության բնագավառներից հիշարժան են Ս. Տեր–Մելիքսեդեկյանի «Տիրացու Մարկոս, վեպ Շիրակա կյանքից» (1892), Հ. Պարոնյանի «Երգիծական հատվածներ» (1904) գրքերը, Լ. Մանվելյանի, Ատրպետի մի շարք երկերը: Ուշագրավ են Կ. Ավփնյանի կազմած պատի և սեղանի օրացույցները (1899–1921), հայ կանանց հեղինակած և հրատարակած «Ոստիկ» (1904) հատորը և «Ախուրյան» (հրտ. 1902) օրացույցը, Ա. Մխիթարյանի «Փշրանք Շիրակի ամբարներից» (1901) բանահյուսական ժողովածուն, «Ասպարեզ» (1912), «Երիտասարդ», «Նոր ուղի» գրական ժողովածուները, Գրիգոր Մագիստրոսի «Թղթերը» (1910, առաջին անգամ), Գ. Լևոնյանի «Հայ աշուղներ» (1892) և «Հայոց պարբերական մամուլը» (1895) գրքերը, Ա. Տերտերյանի «Միքայել Նալբանդյան, ազգության հրապարակախոսը» (1910), Ն. Մանվելյանի «Ռուսահայ գրականության պատմություն»-ը (4 պրակ, 1909–10) ևն: Գիտության տարբեր բնագավառներին են վերաբերում Մ. Գևորգյանի «Համառոտ տեսություն հնությանց Մեծին Շիրակա մայրաքաղաքին Անվո» (1903), Թ. Թորամանյանի «Ո՞րն է իսկական Հոռոմոսի վանքը» (1911), Ա. Ղլտճյանի մի քանի գրքերը: Պատերազմի և հեղափոխության խնդիրներին են նվիրված Բ. Ղարիբջանյանի «Քաղաքական այբբենարան» (1918), «Անկախ սոցիալդեմոկրատների ծրագրի քննադատությունը» (1919) գրքերը: Լենինականի առաջին պարբերականը՝ «Ալեքսանդրոպոլսկիյե օբյավլենիյա» («Александропольское объявления») շաբաթաթերթը, լույս է տեսել 1902–07-ին, խմբագիր–հրատարակիչ՝ Կ. Ափինյան: 1907–14-ին նրա ջանքերով հրատարակվել է «Ախուրյան» երկօրյա թերթը: Մինչև Հայաստանում սովետական կարգերի հաստատումը լույս է տեսել ավելի քան երեսուն անուն պարբերական: 1923-ից հրատարակվում է «Բանվոր» օրաթերթը: 1921-ին պետականացվել են բոլոր տպարանները: Նույն թվականից գործում է Լենինականի Գ. Հանեսօղլյանի անվ. տպարանը, որտեղ տպագրվում են գեղարվեստական գրականություն, «Բանվոր» օրաթերթը ևն: Իրենց տպարաններն ունեն Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ–ի Լենինականի մասնաճյուղը, երկրաբանության ու ինժեներային սեյսմոլոգիայի ինստ–ը և մի քանի արտադրական ձեռնարկություններ: