Գրկ. Լևոնայան Գ., Հայոց պարբերական մամուլը (1794–1934), Ե.: Մ. Նարյան
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ, ՀՍՍՀ թեթե արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Կազմակերպվել է 1958-ին՝ առանձնացվելով գուլպա–տրիկոտաժի ֆաբրիկայից: Այդ շրջանում ունեցել է գործող և կարող տեղամասեր: 1965-ին և 1977-ին Լ. տ. ֆ. վերակառուցվել է: Շարք են մտել հենքագործվածքային, ներկման–վերամշակման, գործող և կարող նոր արտադրամասեր և լաբորատորիաներ, մեքենահաշվային կայան: Ֆաբրիկան թողարկում է (1977) 12 մլն հատ տրիկոտաժե սպիտակեղեն՝ 16 մլն ռուբլի արժողությամբ: Արտադրանքի 9 տեսակներ ունեն որակի պետ. նշան: Լ. տ. ֆ–ի արտադրանքի զգալի մասն իրացվում է ՍՍՀՄ տարբեր շրջաններում, առաքվում Մոնղոլիա: Ֆաբրիկայի մի քանի տասնյակ տրիկոտաժագործներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով:
Լ. տ. ֆ–ի օգնությամբ ստեղծվել և գործում են Սպիտակի (1965-ից) և Արթիկի (1970-ից) տրիկոտաժի ֆաբրիկաները:
ԼԵՆԻՆԱՎԱՆ, հայաբնակ գյուղ ՌԱՖՍՀ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում, Ռոստով քաղաքից 5 կմ հյուսիս, ձորակում: Գյուղը հիմնադրել են 1925-ին Չալթր գյուղից տեղափոխված 15 ընտանիք: Ունի 1087 (268 ընտանիք, 1978 թ.) բնակիչ, որոնցից 4 ընտանիք՝ ռուս: Զբաղվում են հողագործությամբ (ցորենի, բանջարեղենի մշակություն), անասնապահությամբ (կովաբուծություն): Լ–ում գործում են միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան (12803 գիրք), մանկապարտեզ (90 երեխա): Լ–ի հայերը գաղթել են 1778-ին Ղրիմից, իսկ նրանց նախնիները՝ Անիից, XI – XII դարերում: Գյուղի կուլտուրայի տան բակում կանգնեցված է հուշարձան՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:
ԼԵՆԻՆԱՎԱՆ (մինչև 1954-ը՝ Մարգուշեվան), քաղաքատիպ ավան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հյուսիս–արևելք: Խաղողագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ: Լ–ում գործում է խաղողի նախնական վերամշակման գործարան, կենցաղսպասարկման կոմբինատ, Ղարաբաղի (գյուղատնտեսական թեքումով) զոնալ փորձակայանի մասնաճյուղը: Ունի 2 միջնակարգ դպրոց, 3 գրադարան, կուլտուրայի պալատ, կապի բաժանմունք, հիվանդանոց, մսուր–մանկապարտեզ:
ԼԵՆԻՆԳՐԱԴ [մինչև 1914-ի օգոստոսի 18(31 )-ը՝ Սանկտ–Պետերբուրգ, մինչև 1924-ի հունվարի 26-ը՝ Պետրոգրադ], ՍՍՀՄ արդյունաբերական, մշակութային և գիտական կենտրոն է, տրանսպորտային խոշոր հանգույց, ծովային նավահանգիստ: 3963 հզ. բն. (1977), Մեծ Լ–ում (ներառյալ Լենսովետին ենթակա քաղաքային բնակավայրերի բնակչությունը)՝ 4425 հզ. (1977): Վարչականորեն բաժանվում է 17 շրջանի, բայց նրա կազմում են քաղաքի շրջագծից դուրս գտնվող 5 շրջան (Կոլպինոյի, Կրոնշտադի, Պետրոդվորեցի, Պուշկինի, Սեսարորեցկի): 1712–28-ը և 1732–1918-ը եղել է պետության մայրաքաղաք, 1708–1927-ը՝ նահանգային քաղաք, 1927-ի օգոստ. 1-ից՝ ՌՍՖԱՀ Լենինգրադի մարզի վարչական կենտրոնը: Լ. Մեծ հոկտեմբերի օրրանն է, հերոս քաղաք: Գտնվում է Մերձնևայի ցածրավայրի արմ. մասում, Նևայի՝ Ֆիննական ծոցը թափվելու տեղում, Նևայի դելտայում առաջացած 42 կղզիների (Վասիլևսկի, Պետրոգրադսկի, Կրեստովսկի, Ապտեկարսկի, Ելագինի, Գուտուևսկի ևն) վրա: Լ–ով հոսում են ավելի քան 40 գետ, գետաբազուկներ, վտակներ: Կլիման ծովային է՝ մեղմ ձմեռով, զով ամառով: Հունվարի միջին ջերմաստիճանը –7,9°C է, հուլիսինը՝ 17,7°C, միջին տարեկան տեղումները՝ 585 մմ: Ամռան առաջին կեսին դիտվող -«սպիտակ գիշերները» առավել լավ են արտահայտվում հունիսի 11-ից հուլիսի 2-ը: Բուն Լ–ի տարածքը 570 կմ2 է (որից 58 կմ2 ներքին ջրեր են), Լենսովետին ենթակա քաղաքների և ավանների հետ՝ մոտ 1350 կմ2: Մերձքաղաքային գոտու (մոտ 15 հզ. կմ2) զարգացումը ամբողջովին ենթակա է Լ–ին և նրա հետ միասին կազմում է պլանաչափ ձևավորվող մի միասնական համալիր: Լ–ի հետ կապված այդ տարածքի սահման–