Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/588

Այս էջը սրբագրված է

սամանափակ խնդրի «կարգավորման» հարցը: Մաթեմատիկորեն հիմնավորել է ադիաբատիկ ինվարիանտների տեսությունը: Աշխատանքներ ունի նաև երկնային մեխանիկայի, հիդրոդինամիկայի, դիֆերենցիալ հավասարումների տեսության վերաբերյալ:

ԼԵՎԻ–ՊՐՈՎԱՆՍԱԼ (Léví-Provençal) Էվարիստ (1894–1956 թթ.), ֆրանսիացի արևելագետ–արաբագետ: Մաղրիբի և մահմեդական Իսպանիայի պատմության մասնագետ: Ավարտել է Ալժիրի համալսարանը: 1920 թ.-ից՝ Ռաբաթի Բարձրագույն գիտելիքների ինստիտուտի, 1935–1940 թթ.-ին՝ Ալժիրի համալսարանի, 1944 թ.-ից՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր: «Իսլամի հանրագիտարանի» 2-րդ հրատարակության նախաձեռնողներից և խմբագիրներից էր և «Արաբիկա» հանդեսի հիմնադիրը (1954 թ.): Հիմնական աշխատությունն է «Մահմեդական Իսպանիայի պատմությունը»:

Երկեր՝ Histoire de l′Espagne musulmane, 2 éd., t. 1–3, P., 1950–1955; Арабская культура в Испании, М., 1967.

ԼԵՎԻՏԱՆ Իսահակ Իլյիչ [.8.1860 թ. օգոստոի 18(30), Կիբարտայ (Լիտվայի ՍՍՀ–ում) – 1900 թ. ապրիլի 22 կամ օգոստոսի 7, Մոսկվա], ռուս նկարիչ: 1873–1885 թթ.-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (դասատուներ՝ Ա. Կ. Սավրասով և Վ. Դ. Պոլենով):

1891 թ.-ից Պերեդվիժնիկների ընկերության, 1897 թ.-ից՝ «Մյունխենյան Սեցեսսիոն»-ի անդամ, 1898 թ.-ից՝ «Միր իսկուստվա» ամսագրի ցուցահանդեսների մասնակից: Մավրասովից փոխառնելով բնության մանրակրկիտ ուսումնասիրման և առօրեականի բանաստեղծացման մեթոդը, Պոլենովի և Բարբիզոնի դպրոցի վարպետների փորձի հիման վրա մոտենալով պլենէրային գեղանկարչությանը՝ 1880-ական թթ. ստեղծագործություններում մոտիվի պատմողական, մանրամասն կերպավորումից անցել է բնության առավել նուրբ վիճակների բացահայտմանը, հուզական կերպարի ամբողջացմանը («Աշնանային օր: Սոկոլնիկի», 1879 թ.): Ուղևորությունները Վոլգայով (1887–1890 թթ.) Լևիտանի առջև բացել են ռուսական բնության վեհությունը («Անձրևից հետո: Ջրադաշտ»): 1890-ական թթ. ստեղծագործությունները աչքի են ընկնում թախծոտ խոհականությամբ, սոցիալական խոր բովանդակությամբ («Վլադիմիրկա», 1892 թ., «Հավերժական անդորր», 1894 թ.): 1895–1897 թ.-ին ստեղծել է բնության կենսահաստատ պատկերներ («Մարտ», «Ոսկե աշուն», 1895 թ.): Լևիտանի արվեստը ռուսական բնանկարչության մի ամբողջ ժամանակաշրջան է, որը մեծապես ազդել է նկարիչների հետագա սերունդների վրա: Լևիտանի մեկ տասնյակ բնանկարներ գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում:

ԼԵՎԻՐԱՏ (լատ. Lewǐr – տագր), տագրամուսնություն, ամուսնական սովորույթ, որի համաձայն այրին պարտավոր է կամ իրավունք ունի ամուսնանալու մահացած ամուսնու եղբոր հետ: Որպես խմբամուսնության վերապրուկ՝ լայնորեն տարածված էր տոհմատիրական շրջանի շատ ցեղերի մեջ: Տոհմատիրական կարգերի քայքայման և դասակարգային հասարակության շրջանում երկար ժամանակ պահպանվել է մի շարք ժողովուրդների մեջ, որին նպաստել է կնոջ դիմաց դրամ կամ գույք տալու սովորույթը:

ԼԵՎԻՑԿԻ Դմիտրի Գրիգորևիչ (1735–1822 թթ.), ռուս նկարիչ, 18-րդ դ. ռուսական ռեալիստական դիմանկարչության գագաթներից: Ստեղծած դիմանկարներում գուներանգի հնչեղությունն ու տպավորիչ կոմպոզիցիան համադրված են կենդանի անմիջականությանը (Ա. Ֆ. Կոկորինովի դիմանկարը, 1769 թ., Ռուսական թանգարան, Լենինգրադ): Հոգեբանական բնութագրմամբ աչքի են ընկնում ինտիմ բնույթի դիմանկարները («Դ. Դիդրո», 1773 թ., Հանրային գրադարան, Ժնև): Հաղթահարելով պալատական արվեստի պայմանականությունը՝ Լևիցկին հասել է խորը հումանիզմի, մարդու և առարկայական աշխարհի լիարյուն, կենդանի պատկերման: Լևիցկու Բ. Վ. Ումսկոյի (1770 թ.), Պավել 1-ինի, Անհայտ կնոջ դիմանկարները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում:

ԼԵՎԿԻՊՈՍ (Λεύχιππος) (մ.թ.ա. մոտ 500–440 թթ.), հին հույն փիլիսոփա, ատոմիստական ուսմունքի հիմնադիրներից: Եղել է Դեմոկրիտեսի ուսուցիչը: Կենսագրական տվյալները սուղ են, իսկ աշխատությունները չեն պահպանվել: Ունկնդրել է Զենոն Էլեացուն, սակայն չի դարձել նրա հետևորդը, այլ շարունակել է անտիկ փիլիսոփայության մատերիալիստական ավանդույթները: Լևկիպոսը իրերի բազմազանությունը բացատրում է դատարկության առկայությամբ, որը և պայմանավորում է բազմաքանակ տարրերի (ատոմների) գոյությունը: Ըստ Լևկիպոսի, տիեզերքը կառուցված է այդ տարրերից, որոնք շարժուն են, համասեռ, անընդհատ ու այդ պատճառով անբաժանելի և տաբերվում են մեծությամբ, ձևով: Առաջադրել է նաև պատճառականության օրենքը՝

գտնելով, որ գոյություն ունեցող ամեն բան ծագում է որևէ հիմքի վրա և անհրաժեշտաբար:

ԼԵՎՈ, Լը Վո (Leveau, Le Vau), Լուի (1612–1670 թթ.), ֆրանսիացի ճարտարապետ: Կլասիցիզմի ներկայացուցիչ: 1654 թ.-ից՝ «պալատական առաջին ճարտարապետ»: Լևոյի կառույցներին (Փարիզում՝ Լամբեր հյուրանոցը, 1640 թ.-ից, Լուվրի քառակուսի բակի շրջակառուցումը, 1654–1663 թթ., Չորս ազգությունների կոլեջը, 1661 թ.-ից, Վերսալում՝ պալատ, 1661–1668 թթ., Իլ–դը–ֆրանսում՝ Վո–լը–Վիկոնտ դղյակ–պալատը, 1656–1661 թթ.) բնորոշ են հատակագծման բազմազանությունը, արտաքին հանդիսավորությունը, ներքին հարդարանքի ճոխությունը:

ԼԵՎՈՄԻՑԵՏԻՆ, քլորամֆենիկոլ, քլորոմիցետին պարակսին, ֆարմիցետին, անտիբիոտիկ, որն օժտված է հակամանրէային ազդեցության լայն ոլորտով: Անջատել են 1947 թ.-ին Streptomyces venezuelae ճառագայթասնկերի կուլտուրայից: Սինթեզվել է նաև քիմիական ճանապարհով: Լևոմիցիտինն օժտված է բարձր ակտիվությաբ, քիչ թունավոր է: Բժշկական պրակտիկայում օգտագործում են ներքին ընդունման համար, աչքի հիվանդությունների դեպքում՝ կաթիլների ձևով, մանկաբուժության մեջ կիրառվում է լևոմիցիտին–ստերատը, որը դառնահամ չէ:

ԼԵՎՈՆ (Λέων), կայսրեր Բյուզանդիայում.

Լևոն 1-ին (ծննդյան թ. անհայտ–474 թ.), կայսր 457 թ.-ից: Նրա օրոք մեծ ծավալ ստացան ժողովրդական հուզումները: Պայքարել է գոթերի դեմ:

Լևոն 2-րդ (ծնննդյան թ. անհայտ–474 թ.), կայսր 474 թ.-ին: Թեև զինական օգնություն խոստացավ Վահան Մամիկոնյանին՝ պարսիկների դեմ ապստամբության նախապատրաստման շրջանում, սակայն դրժեց խոստումը:

Լևոն 3-րդ Իսավրացի (ծննդյան թ. անհայտ–741 թ.), կայսր 717 թ.-ից: Իսավրյան դինաստիայի (717–802 թթ.) հիմնադիրը: Գահ է բարձրացել հայազգի զորավար Արտավագդի օգնությամբ: 726 թ.-ին սկզբնավորել է պատկերամարտությունը, որի միջոցով ձգտել է ամրապնդել կայսերական իշխանությունը և իրեն ենթարկել եկեղեցին: 740 թ.-ին կարևոր հաղթանակ է տարել արաբների նկատմամբ: Պաշտպանել է բանակաթեմային զարգացող ազնվականության շահերը:

Լևոն 4-րդ (ծննդյան թ. անհայտ–780 թ.), կայսր 775 թ.-ից: Նրա օրոք աչքի ընկան հայազգի զորավարներ Տաճատ Անձևացին և Արտավազդ Մամիկոնյանը, որոնք Կիլիկիայում փայլուն հաղթանակներ տարան արաբների նկատմամբ:

Լևոն 5 -րդ Հայկազն (ծննդյան թ. անհայտ–820 թ. դեկտեմբերի 26), հայազգի կայսր 813 թ.-ից: Արմենիակների բանակաթեմի զորավար Վարդի որդին էր: Նիկեփորոս 1-ինի ժամանակ աչքի է ընկել իբրև հմուտ զինվորական: Ստացել է պատրիկի պատվաստիճան և նշանակվել Անատոլիկոն բանակաթեմի զորավար: Նրա օրոք նոր ուժով բռնկվեց պատկերամարտությունը: Դավադրաբար սպանվել է Միքայել Թլվատից (Միքայել 2-րդ), որը գրավել է Լևոն 5-րդի գահը:

Լ. 6-րդ Իմաստուն (ծննդյան թ. անհայտ – 912 թ.), հայազգի կայսր 886 թ.-ից: Վասիլ 1-ինի որդին: Կառավարման սկզբնական շրջանում պետության փաստական ղեկավարն աներն էր՝ հայազգի Սաիլիանոս