բանջարային բույսերի ցեղ։ Հայտնի է 3 տեսակ՝ պերուական Լ. (L. peruvianum), մազմզոտ Լ. (L. hirsutun), որոնց պտուղներն ուտելի չեն և սովորական կամ իսկական Լ. (L. esculentum): Բոլոր կուլտուրական սորտերը (մոտ 2000) պատկանում են վերջին տեսակին։ Մշակության մեջ միամյա է։ Արմատը առանցքային է։ Ցողունի բարձրությունը՝ 0,2-3,0 մ։ Տերևները՝ կենտ փետրաձև, ծաղկաբույլը՝ ողկույզ, մեկական կամ բազմաթիվ, դեղնագույն, մանր ծաղիկներով։ Պտուղները տափակ են, կլորավուն, երկարացված-ձվաձև, գույնը՝ կարմիր, վարդագույն, դեղին։ Սերմերը մանր են, տափակ, ձվաձև, ծլունակությունը պահպանվում է 5-7 տարի։ Ըստ թփի կառուցվածքի և կենսաբանական որոշ առանձնահատկությունների Լ. ունի՝ ա. անսահմանափակ աճ ունեցող (ինդետերմինանտ) սորտեր, որոնց գլխավոր ցողունի և ճյուղավորությունների աճը շարունակվում է ամբողջ վեգետացիայի ընթացքում։ Վեգետատիվ աճը գերակշռում է գեներատիվ զարգացմանը։ Բերքի ստացման ժամկետը ձգձգվում է։ բ. Սահմանափակ աճ ունեցող (դետերմինանտ) սորտեր, որոնց գլխավոր ցողունի աճն ընդհատվում է ողկույզով, որոշակի քանակի սիմպոդիալ ճյուղերի ձևավորումից հետո։ Պտղաողկույզները հիմնադրվում և զարգանում են արագ, 1-2 տերևից հետո, որի շնորհիվ պտուղները հասունանում են վաղ և միաժամանակ։ Ըստ հասունացման ժամկետի Լ. լինում է՝ վաղահաս, միջահաս, ուշահաս։ Լ-ի պտուղներն ունեն բարձր համային որակ, պարունակում են (%-ներով) չոր նյութեր՝ 5-12, շաքարներ՝ 2,1-7,0, թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու)՝ 0,2-1,1, վիտամիններ (C, B1, B2, B3, PP1, K ևն)՝ 22-25 մգ %, հանքային նյութեր։ Օգտագործում են թարմ, աղը դրած, պատրաստում են սալաթներ, խավարտ, մարինադ, հյութ, մածուկ ևն։ Պահածոների արդյունաբերության մեջ վերամշակվող ամբողջ բանջարեղենի 70-80%-ը Լ. է։ Լ-ի հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Հայաստանում Լ-ի ներմուծման մասին ստույգ տվյալներ չկան։ Երևանի նահանգի գյուղատնտեսական վիճակագրական տեղեկագրի մեջ (1870) մշակվող բանջարանոցային կուլտուրաների թվում հիշատակվում է նաև Լ., իսկ Ղևոնդ Ալիշանի «Հայ բուսակ» գրքում (1895) նշվում է, որ Լ-ի համեղ, կարմիր պտուղների հյութը, որը հայտնի է «tomate» «Pome damour»՝ սիրո խնձոր անունով, օգտագործվում է որպես համեմունք։ Ներկայումս (1976) Լ. ՀՍՍՀ-ում առաջատար բանջարային կուլտուրա է, Արարատյան դաշտում զբաղեցնում է 5500 հա տարածություն։ Լ. ջերմասեր, լուսասեր կուլտուրա է։ Մշակվում է հիմնականում սածիլման միջոցով, հվ. գոտում սերմերը ցանում են նաև բաց գրունտում։ Բերքը վաղ ստանալու նպատակով սածիլներն աճեցվում են տորֆահումուսային թաղարներում։ ՀՍՍՀ-ում ստեղծվել է Լ-ի պտուղների բարձր համային հատկություններ ունեցող սորտ՝ Անահիտ-20, որը օգտագործվել է որպես ելանյութ մի շարք դետերմինանտ և կանգուն (շտամբովի) սորտեր ստանալու համար։ Դր անցից են. միջաուշահաս հայկական շտամբովի 152 (փոխարինել է Անահիտ սորտին), միջահաս՝ Երևանի-14, Մասիսի-202, Ուրարտու-417, միջավաղահաս՝ Էջմիածնի-260, վաղահաս՝ Հոբելյանական-261, Արաքս-322:
ԼՈԽ ԼՈՄՈՆԴ (Loch Lomond), լիճ Մեծ Բրիտանիայի հյուսիսում։ Տարածությունը 71 կմ2 է, խորությունը՝ մինչև 190 մ։ Գտնվում է Գրամպյան լեռներում, հնագույն սառցադաշտի գործունեությամբ խորացված տեկտոնական իջվածքում։ Ամենամեծ լիճն է Շոտլանդիայում։
ԼՈԽՄԱՆ Լողման (Lokman, Lukman), արաբական առասպելական իմաստուն, որի անունը ավանդաբար փոխանցվել է արաբական առածների ու առակների միջոցով։ Լ. անունով հայտնի է 2-3 անձնավորություն։ Ամենից վաղ հայտնի Լ., ըստ ավանդության, ապրել է նախաիսլամական շրջանում։ Մյուսը, որը կրել է «իմաստուն» (հեքիմ) մականունը, հիշատակվում է Ղորանի 31-րդ սուրահի խորագրում, ըստ աղբյուրների, եղել է նուբիական բռնապետ և ապրել Աստվածաշնչի Դավթի ժամանակներում։ Այս Լ-ին վերագրում են իմաստուն շատ ասույթներ, ոտանավորներ, առածներ, որոնք ավելի հին են, քան նրա մասին եղած բազմաթիվ զրույցներն ու առակները, որոնք տարածված են Արևելքում և ընդհանրություններ ունեն Եզոպոսի, Սինտիպի, Խիկարի առակների ու զրույցների հետ։ Արաբ գրողները Լ-ի առակների մասին ոչ մի տեղ չեն հիշատակում, թեև դրանք գոյություն են ունեցել XIII դարից։ Լ. հայ բանահյուսության մեջ հանդես է եկել որպես իմաստուն բժիշկ, որը, բնության գաղտնիքները յուրացնելով, կենդանացնում է մեռած մարդկանց, երիտասարդացնում ծերերին, հասկանում կենդանիների ու թռչունների լեզուն։ Լ. ընկալվում է նաև բժիշկ իմաստով։ Գրկ. Էմինյան ազգագրական ժողովածու, Հայ ժողովրդական հեքիաթներ, հ. 3, Ե., 1959: U. Նազինյան
ԼՈԿ Locke Ջոն 29.8.163228.10.1704 անգլիացի մատերիալիստ փիլիսոփա, դասական էմպիրիզմի ներկայացուցիչ։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում։ Որպես խոշոր բուրժուազիայի և բուրժուականացող հողատիրական արիստոկրատիայի կոմպրոմիսի գաղափարախոս, հանդես է եկել նրանց սոցիալական, քաղ. ըմբռնումների, ծրագրերի տեսական հիմնավորմամբ՝ պառլամենտական միապետության վերականգնման օգտին։ «Պետության կառավարման մասին երկու տրակտատներ»-ում Լ. շարադրել է պետության ծագման պայմանագրային տեսության տարբերակը և բուրժ. սահմանադրական միապետության իդեալը։ Ըստ Լ-ի, «մարդիկ ի ծնե ազատ են, հավասար և անկախ»: Քաղաքացիական իշխանությունը հաստատվում է հասարակական դաշինքով։ «Պետության մեջ միավորվող և կառավարությանն իրենց ենթարկող մարդկանց գլխավոր ու հիմնական նպատակն է սեփականության պահպանումը», ինչպես նաև անձի դաստիարակության ու զարգացման պայմանների ապահովումը։ Պետությունը պայմանադիր կողմերից մեկն է, ուստի, եթե նա չի իրականացնում իր պարտականությունները, ազատ քաղաքացիներն իրավունք ունեն տապալելու այն։ Լ-ի գլխավոր ծառայությունը իմացաբանության՝ որպես փիլ. համակարգի ինքնուրույն մասի, համակարգված շարադրանքն է («Քննախոսություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ» աշխատությունում): Իմացաբանության խնդիրն է «հետազոտել մարդկային գիտելիքի ծագումը, հավաստիությունը և ծավալը (սահմանները)»: Լ. քննադատում է բնածին գաղափարների տեսությունը և գտնում, որ գիտելիքների միակ աղբյուրը փորձն է, այսինքն, առաջի հերթին, զգայարաններով ընկալված դիտարկումները, որոնց միջոցով ստացվում են պարզագույն գաղափարներ առարկաների զգայական հատկությունների մասին։ Միաժամանակ ընդունում է նաև մեկ ուրիշ աղբյուր, որից փորձը պարզագույն գաղափարներ է քաղում մտքի համար, դա հոգու վիճակների և գործունեության «ներքին ընկալումն» է՝ ռեֆլեքսիան։ Լ. մշակել է առաջնային և երկրորդային հատկությունների տեսությունը։ Տարածականության, շարժման, ձևի զանազան պարզագույն գաղափարներն առաջնային են՝ արտապատկերում են առարկաների իրական հատկությունները, մինչդեռ լույսի, գույնի, համի, հոտի ևն գաղափարները սուբյեկտիվ են, նախատիպը չունեն իրերի մեջ, ածանցյալ, երկրորդային են. Փորձնական իմացության այս ըմբռնումը մեխանիստական մատերիալիզմի արտահայտությունն է և նպաստել է մատերիալիստական սենսուալիզմի զարգացմանը (Դ. Դիդրո), սակայն այն պարունակում է նաև ֆենոմենալիստական մեկնաբանության հնարավորություն (Զ. Բերկլի, Դ. Հյում): Քանի որ փորձն է գիտելիքների միակ աղբյուրը, ապա բոլոր հնարավոր պարզագույն գաղափարների ամբողջությամբ գծվում են մարդկային մտածողության սահմանները։ Մտքի գործունեությունը հանգում է պարզագույն գաղափարներով գործառելուն։ Լ-ի իմացաբանության առանձնահատկությունը փորձնական գիտելիքների առաջացման հոգեբանական մեխանիզմների նկարագրությունն է։ Այս դեպքում, սակայն, իբրև ճանաչողության սուբյեկտ, ներկայանում է առանձին անհատը։ Ուստի վերջինիցս օտարված՝ համընդհանրական գիտելիքի առկայությունը բացատրելու համար Լ., Թ. Հոբսի նման, վկայակոչում է լեզվի հաղորդակցական ֆունկցիան։ Լ. նպաստել է զուգորդական հոգեբանության զարգացմանը։ Նա է մուծել «ասոցիացիա»՝ զուգորդում տերմինը։ Լ. ուսում֊