Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/655

Այս էջը սրբագրված է

նասիրել է հասարակական պայմանների դերը գաղափարների զուգորդումների ձևավորման, մտածողության մեթոդների մշակման, կամային գործողությունների պայմանավորման գործում։ Լ-ի մանկավարժական ուսմունքի նպատակը առողջ, բանիմաց և գործարար ջենտլմենի՝ արիստոկրատ բուրժուայի դաստիարակությունն է։ Ըստ Լ-ի, մարդկանց մարմնական ու հոգևոր կատարելությունը և գիտելիքները հետևանք են գերազանցապես միջավայրի ազդեցության ու դաստիարակության. «Միայն պրակտիկան է հնարավոր կատարելության հասցնում հոգևոր, ինչպես և մարմնական ուժերը»: Բայց դաստիարակությունը՝ ընդունակությունների նպատակադիր զարգացումն ու կատարելագործումը, ինչպես և բարոյական կերպարի ձևավորումը հնարավոր են միայն վաղ հասակում։ Լ-ի հայացքներն ազդել են XVIII դ. մանկավարժության, այդ թվում և ժ. ժ. Ռուսոյի վրա։ XIX դ. հայ փիլ. միտքը հաճախ է վկայակոչել Լ-ին՝ որպես փորձառական փիլ-յան դասականի։

Երկ. Philosophical Works, v. 1-2, L., 1889; Педагогические произведения, М., 1939; Избранные философские произведения, т. 1-2, М., 1960.

Գրկ. Рассел Б., История Западной философии, гл. XII-XV, М., 1959; Нарский И. С., Философия Дж. Локка, М., 1960.Հ. Գևորգյան

ԼՈԿԱՅԱԹԱ (<սանսկրիտ լոկա-աշխարհ աշխարհիկ գործեր) տես Չարվակա։

ԼՈԿԱՌՆՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ 1925, Գերմանիայի արևմտյան սահմանների երաշխիքի և իրավարարության վերաբերյալ պայմանագրեր, նախաստորագրվել են Լոկառնոյի (Շվեյցարիա) կոնֆերանսում հոկտ. 16-ին և ստորագրվել՝ Լոնդոնում, դեկտ. 1-ին։ Գլխ. փաստաթուղթը Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի միջև կնքված Հռենոսյան երաշխիքային պակտն էր, որի նպատակն էր հակասովետական բլոկ ստեղծել Գերմանիայի մասնակցությամբ։ Նախատեսվում էր պահպանել տերիտորիալ ստատուս-քվոն (ներառյալ Հռենոսի ապառազմականացված գոտին) և ապահովել գերմանա-ֆրանսիական ու գերմանա-բելգիական սահմանների անձեռնմխելիությունը։ Իրավարարության (արբիտրաժի) վերաբերյալ պայմանագրերը, որ Գերմանիան կնքել էր Լեհաստանի և Չեխոսլովակիայի հետ, ինչպես նաև ֆրանս-լեհական ու ֆրանս-չեխոսլովակյան պայմանագրերը, թեպետ լրացնում էին այդ պակտը, սակայն արլ. սահմանների անխախտության ռեալ երաշխիքներ չէին ստեղծում։ Լ. պ. որոշակիորեն թուլացնում էին Ֆրանսիայի ռազմ. և քաղ. դիրքերը Եվրոպայում, քանի որ նրա հիմնական թշնամին՝ Գերմանիան, այլևս դիտվում էր «իրավահավասար կողմ» և մշտական տեղ էր ստանում Ազգերի լիգայի խորհրդում որպես մեծ տերություն։ Լ. պ. նպաստեցին գերմ. իմպերիալիզմի ուժեղացմանը։ 1936-ի մարտին ֆաշիստական Գերմանիան միակողմանիորեն լուծեց Լ. պ. և զորք մտցրեց Հռենոսի ապառազմականացված գոտին։

Գրկ. Локарнская конференция 1925 r. Документы, М., 1959.

ԼՈԿԱՈՒՏ (անգլ. Lock out դոտը փակել ինչ-որ մեկի առջև ներս չթողնել), բանվոր դասակարգի դեմ բուրժուազիայի դասակարգային պայքարի ձև։ Կապիտալիստներն աշխատավորության վրա տնտ. ճնշում գործադրելու նպատակով փակում են ձեռնարկությունները և բանվորներին զանգվածաբար ազատում աշխատանքից։ Լ-ի միջոցով ձեռնարկատերերը փորձում են կանխել կամ ճնշել արդեն սկսված գործադուլը։ Բուրժ. պետությունները հակադրվելով գործադուլներին, փաստորեն Լ. չեն արգելում, թեև օրենսդրական որոշ ակտեր բովանդակում են նաև Լ-ի սահմանափակում և նույնիսկ արգելում։

ԼՈԿՈՄՈԲԻԼ (ֆրանս. locomobil, < լատ. locus - տեղ և mobilis - շարժական) շոգեուժային տեղակայանք, որը կազմված է մի ագրեգատում միավորված շոգեկաթսայից, մխոցավոր շոգեմեքենայից և օժանդակ սարքերից։ Շարժական Լ. ունի շոգեքարշային կաթսայի տիպի կաթսա, շոգեմեքենայի հզորությունն է 8,5-55 կվտ (12-75 ձ. ու.): Այս տիպի Լ. աշխատում է 1 1,2 Մն մ2 ճնշում ունեցող հագեցած կամ գերտաքացած գոլորշով, արտանետվածքները դուրս են գալիս մթնոլորտ, օգտագործվում է հիմնականում գյուղատնտեսության մեջ։ Անշարժ Լ. նախատեսված է արդ. փոքր ձեռնարկությունների համար և սովորաբար օգտագործվում է որպես էլեկտրական գեներատորի հաղորդակ։ Գերտաքացած գոլորշու ճնշումը մոտ 1,5 Մն մ2 է, շոգեմեքենայի հզորությունը՝ 90-580 կվտ (125-800 ձ. ու.):

ԼՈԿՈՄՈՏԻՎ (ֆրանս. locomotive < լատ. loco moveo) տեղաշարժում եմ քարշի տրանսպորտային միջոց ռելսային ուղիով գնացքներ կամ առանձին վագոններ տեղափոխելու համար։ ժամանակակից Լ-ները բաժանվում են երկու խմբի՝ ջերմային և էլեկտրական։ Ջերմային են շոգեքարշերը, շոգետուրբաքարշերը, ջերմաքարշերը, մոտոքարշերը, գազատուրբաքարշերը։ Ջերմային Լ-ները ունեն էներգիա արտադրող սեփական ուժային սարքավորումներ։ Շոգեքարշի ուժային սարքավորումն է շոգեմեքենան, շոգետուրբաքարշինը՝ շոգետուրբինը, ջերմաքարշինը և մոտորաքարշինը՝ ներքին այրման շարժիչը, գազատուրբաքարշինը՝ գազատուրբինը։ էլեկտրական Լ-ներ են հպումային և կուտակիչային Էլեկարաքարշերը։ Հպումային էլեկտրաքարշերն էներգիա ստանում են էլեկտրահպումային ցանցից։ Կուտակիչային էլեկտրաքարշերն ունեն կուտակիչ մարտկոցներ, որոնք պարբերաբար լիցքավորվում են հոսանքի մշտական աղբյուրից։ Լ-ների այս հիմնական տեսակներից բացի գոյություն ունեն նաև զուգակցված Լ-ներ՝ դիզել-էլեկտրաքարշեր, ջերմա-շոգեքարշեր, հպումային-կուտակիչային էլեկտրաքարշեր ևն, որոնք մեծ կիրառություն չունեն։ Լ-ի դեր են կատարում նաև մոտորային վագոնները, ինչպես նաև ավտո- և մոտոդրեզինները, որոնք, ի տարբերություն Լ-ների, ունեն ուղևորների և ծանրոցների տեղեր։ Ըստ կատարած աշխատանքի բնույթի Լ-ները լինում են մագիստրալային և արդ.։ Մագիստրալային Լ-ներն օգտագործվում են ընդհանուր երկաթուղիներով գնացքներ տեղափոխելու համար, իսկ արդ. Լ-ները՝ գործարանների ներքին գծերում, հանքերում, հանքախորշերում և նման այլ տեղերում փոխադրումներ կատարելու համար։ Մագիստրալային Լ-ները լինում են մարդատար, բեռնատար և մանևրային՝ կայարանում աշխատելու համար։ Բոլոր Լ-ները բնութագրվում են իրենց անվանական հզորությամբ, քարշի ուժով, արագությամբ, օ. գ. գ.-ով, օգտագործվող էներգիայի տեսակով։ Առաջին Լ. շոգեքարշը կառուցվել է XIX դ. սկզբին (1803-1814), Մեծ Բրիտանիայում։ XX դ. սկզբին շոգեքարշերը աստիճանաբար սկսեցին իրենց տեղը զիջել ավելի հզոր, մեծ օ. գ. գ. ունեցող Լ-ներին՝ ջերմաքարշերին և էլեկտրաքարշերին։ ժամանակակից Լ-ները իրենց հզորությամբ հնարավորություն են տալիս տեղափոխելու 8-9 հզ. ա կշիռ ունեցող գնացքներ։ Ստեղծված են տուրբագնացքներ, որոնք ունեն ավիացիոն գազատուրբին և կարող են զարգացնել 200 կմ/ժ արագություն։ Փորձարկվում են ռեակտիվ և տուրբապտուտակավոր շարժիչով Լ-ներ։ 1960-ական թվականներից նախագծվում են փոփոխական հոսանքի էլեկտրաքարշեր՝ 8000 կվտ (10700 ձ. ու.) հզորությամբ և ջերմաքարշեր՝ յուրաքանչյուր սեկցիան 4500 կվտ (600 ձ. ու.) հզորությամբ։

ԼՈՁ (Lodz), քաղաք Լեհաստանում, Վիսլա և Օդրա գետերի ջրբաժանում։ Լոձի վոյեվոդության վարչական կենտրոնն է։ 774 հզ. բն. (1972): Երկրի երկրորդ քաղաքն է Վարշավայից հետո։ Լ. շրջապատող «տեքստիլ» քաղաքների (Պաբյանիցե, Զգեժ, Օզորկուվ ևն) հետ կազմում է Լոձի ագլոմերացիան։ Տրանսպորտային հանգույց է։ Զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական, քիմ., տեքստիլ, պոլիգրաֆ և սննդի արդյունաբերությունը։ Ունի համալսարան (1945-ից), պոլիտեխնիկական, բժշկական և այլ ինստ-ներ, ԼԺՀ Կենտրոնական կինոստուդիա, օպերային և այլ թատրոններ։

ԼՈՁԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1905, Լոձի աշխատավորների ապստամբությունը հունիսի 22-24-ին՝ 1905-1907-ի ռուսական հեղափոխության ընթացքում։ Հունիսի 20-ին գործադուլ բռնկվեց քաղաքի խոշոր արդ. ձեռնարկություններում, 20-ին և 21-ին տեղի ունեցան քաղ. ցույցեր։ Հունիսի 21-ին, ցուցարարների գնդակոծումից հետո, ս-դ. կոմիտեի կոչով գործադուլի դուրս եկան Լոձի գրեթե բոլոր ձեռնարկությունների աշխատավորները։ Տարերայնորեն սկսված զինված ընդհարումները ոստիկանության և զորքերի հետ՝ վերածվեցին զինված ապստամբության։ Հունիսի 24-ին ցարական զորքերը ճնշեցին Լ. ա.։ Սպանվեց և վիրավորվեց մոտ 1200 ապստամբ։ Չնայած Լ. ա-յան տարերային բնույթին, մեծ է նրա նշանակությունը լեհ պրոլետարիատի դասակարգային պայքարի պատմության մեջ։

ԼՈՂ մարզական միավորում է սպորտային տարբեր մրցատարածությունների, կիրառական, ստորջրյա (տես Ստորջրյա սպորտ) և սինխրոն (գեղարվեստական)