Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/707

Այս էջը սրբագրված է

դային հանքանյութերի քիմիական տարրեր՝ պղինձ, արծաթ, ոսկի, ցինկ, սնդիկ, անագ, կապար, ծարիր, ծծումբ, սելեն, տելուր ևն: Դասակարգել է նորվեգացի երկրաքիմիկոս Դոլդշմիդտը: Նրա կարծիքով այդ տարրերը, Երկիրը հրահեղուկ վիճակում գտնվելու ժամանակ, առաջնային նյութի բաշխման ընթացքում կուտակվել են խորքում՝ առաջացնելով Երկրի միջուկը պատող սուլֆիդա–օքսիդային կամ հանքային թաղանթը: Այժմ այդ ենթադրությունը ժխտվում է, թեև խ. տ. անվանումը կիրառվում է նույն տարրերի համար, նկատի է առնվում նրանց կայուն սուլֆիդներ առաջացնելու հատկությունը՝ անկախ Երկրի կառուցվածքի մասին հիպոթեզից: Բոլոր խ. տ. կազմում են երկրակեղևի զանգվածի լոկ 0,046% -ը:

ԽԱԼՅՈՒԲՆԵՐ, տես Խալդայներ:

ԽԱԼՏՈՒՐԻՆ Ստեպան Նիկոլաևիչ (1856–1882), ռուս բանվոր հեղափոխական: 1875-ին դարձել է Պետերբուրգի «Ընկերների միության» անդամ: Վ. Օբնորսկու հետ ստեղծել և ղեկավարել է «Ռուս բանվորների հյուսիսային միությունը» (1878–1880): 1879-ին հարել է «Նարոդնայա վոլյա» կազմակերպությանը: 1880-ի փետրվարին Ձմեռային պալատում անհաջող մահափորձ է կատարել Ալեքսանդր II-ի դեմ: 1882-ին Օդեսայում աշխատել է «Օդեսայի բանվորական խմբի» կազմակերպման համար: Ն. Ժելվակովի հետ նախապատրաստել է զինվորական դատախազ Ստրելնիկովի սպանությունը: Մահապատժի է ենթարկվել:

ԽԱԼՑԵԴՈՆ (հնագույն Խալկեդոն քաղաքի անունից), միներալ, քվարցի մանր–բյուրեղային տարատեսակը: Գույնը՝ սպիտակ, գորշ, դեղին, կանաչ, փայլը՝ մոմի: Կարծրությունը 6–7 է, խտությունը՝ 2600 կգ/մ3: Առաջանում է հրաբխային ապարների դատարկություններում հանքային տաք ջրերի կամ հիդրոթերմալ լուծույթների նստեցումից: Նուրբ գծաշերտերով և նախշերով տարբերակը հայտնի է ագատ անունով: ՍՍՀՄ–ում կա Ուրալում և ՀՍՍՀ–ում (Իջևանի շրջան): Օգտագործվում է ոսկերչական գործում և որպես տեխ. քար:

Նկարում` Հ. Խ. Խալփախչյան Նկարում` Գ. Դ. Խախանյան

ԽԱԼՓԱԽՉՅԱՆ Հովհաննես Խաչատուրի [ծն. 1(14).8.1907, Դոնի Ռոստով], հայ սովետական ճարտարապետ: Ճարտարապետության դոկտոր (1966): Ավարտել է Երևանի համալսարանի տեխ. ֆակուլտետի ճարտ. բաժինը (1930): 1927–38-ին աշխատել է Երևանի նախագծային կազմակերպություններում: Նրա նախագծերով Հայաստանում կառուցվել են բնակելի և հասարակական շենքեր (Երևանում բժշկական ինստ–ի մասնաշենքերից մեկը, Կիրովականում երաժշտական տասնամյա դպրոցի շենքը ևն): Խ. գլխավորում է ճարտ. տեսության և պատմության կենտրոնական գիտահետազոտական ինստ–ի (Մոսկվա) ճարտ. պատմության սեկտորը: Հիմնական գիտական աշխատությունները նվիրված են հայ ճարտ. պատմությանը: Չափագրել է շուրջ 120 հուշարձան, հրապարակել է 140 գիտական հետազոտություն: «Ճարտարապետության համընդհանուր պատմություն» բազմահատորյակում (1971) գրել է «Հայաստանի ճարտարապետություն» բաժինը:

Երկ. Հայաստանի արտադրական կառուցվածքները, Ե., 1961: Apмяно-pyccкие культурные отношения и их отражение в архитектуре, E., 1957; Гражданское зодчество Apмении M., 1971; Caнаин, M., 1973; Sanahin. Milano, 1970, № 3 (Documenti di architettura Armenia). Լ. Բաբայան

ԽԱԼՖԱԼՈՒ, գյուղ նախկին Երևանի նահանգի Սուրմալու գավառում, Իգդիրից մոտ 15 կմ հեռավորության վրա: XX դ. սկզբին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և այգեգործությամբ: Գյուղում կային ավերակ շենքերի մնացորդներ և հայատառ հին տապանաքարեր: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ: 1921-ի Կարսի պայմանագրով Խ. անցել է Թուրքիային:

ԽԱԽԱՆԱՇՎԻԼԻ (Խախանով) Ալեքսանդր Սոլոմոնի (3.1.1866, ք. Գորի –25.5.1912, Սամարա, թաղվել է Թբիլիսիում), վրացի բանասեր, պատմաբան, հնագետ: 1888-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: 1888-ից վրաց լեզվի և գրականության մասին դասախոսություններ է կարդացել Լազարյան ճեմարանում և Մոսկվայի համալսարանում: Խ. մշակել է վրաց. գրականության պատմության լրիվ դասընթացը հին ժամանակներից մինչև XIX դ., գրել «Ակնարկներ վրացական գրականության պատմությունից» (պրակ 1–4, 1895–1906), «Վրացական գրականության պատմություն» (հ. 1–2, 1904–17) աշխատությունները: Հրատարակել է նաև «Ճորտատիրական իրավունքը Վրաստանում մինչև Ռուսաստանին միանալը» (1890), «Փոքր Ասիայում վրացիների բնակության հնագույն սահմանները» (1890), «Հնագիտական գիտարշավներ Կովկասում 1892, 1893 և 1895 թթ.» (1897), «Վրաստանի պատմություն» (Փարիզ, 1910) գործերը:

Երկ. Положение армян в грузинском царстве, в км.: Братская помощь пострадавшим в Турции армянам, M., 1898.

Գրկ. Джавахов А. Н., A, C. Xaxанов и его деятельность в области кавказоведения, «Этнографическое обозрение» 1912, № 3-4. Ս. Խուցիշվիլի

ԽԱԽԱՆՅԱՆ Գրիգոր Դավթի [28.12.1895, գ. Ռուիսի (այժմ ՎՍՍՀ Քարելիի շրջանում) –22.2.1939], սովետական ռազմական գործիչ, կոմկոր (1935): ՍՄԿԿ անդամ 1917-ից: 1915-ին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, ընդունվել Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1916-ին զորակոչվել է բանակ, ավարտել Մոսկվայի ենթասպաների դպրոցը (1917): Պետրոգրադում մասնակցել է Հոկտեմբերյան զինված ապստամբությանը, ընտրվել Սովետների համառուսաստանյան II համագումարի պատգամավոր: Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Պսկովի հրաձգային դիվիզիայի կոմիսար, Սվիյաժսկ քաղաքի պաշտպանության պետ, 5-րդ բանակի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, ապա բաժնի պետ: 1919-ի մարտին, նշանակվելով 27-րդ դիվիզիայի 3-րդ բրիգադի հրամանատար, Խ. ազատագրել է Մեզելինսկը, Բիրսկը, Զլատոուստը, Չելյաբինսկը: Օմսկի գրավման ժամանակ (1919), Վարշավայի ճակատամարտում (1920), Կրոնշտադտի խռովության ջախջախման գործում (1921) անձնական քաջություն և զորավարական արվեստ ցուցաբերելու համար Խ. պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով և հեղափոխության պատվոզենքով: Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո եղել է դիվիզիայի, ապա կորպուսի հրամանատար, «Վիսէորել» բարձրագույն ակադեմիական դասընթացների պետ, 1929–33-ին՝ Ուկրաինական զինվորական օկրուգի քաղվարչության պետ և ռազմ. խորհրդի անդամ: 1934–36-ին աշխատել է Սովետական վերահսկողության հանձնաժողովում: 1936-ի դեկտեմբերին նշանակվել է Հեռավորարևելյան կարմրադրոշ հատուկ բանակի քաղվարչության պետ և ռազմ, խորհրդի անդամ: Խ. ընտրվել է ՍՄԿԿ Մոսկվայի քաղաքային կոմիտեի, Հեռավորարևելյան երկրամասային կոմիտեի, Ուկրաինայի կոմկուսի Կենտկոմի, ՌՍՖՍՀ և ՍՍՀՄ Կենտգործկոմների անդամ: Գրել է «Ռազմական հոգեբանության հիմունքները» (1929, ռուս.) գիրքը:

Գրկ, Մալխասյան Ա. Ե. Սովետական բանակի հայ գործիչները, 2 լրց. հրտ., Ե., 1965: Մնացականյան Ա. Ն., Հոկտեմբերի բարիկադների վրա, Ե., 1967; Айрапетян Г. А., Комкор Хаханян (Документальная повесть), E., 1970. Մ. Հովհաննիսյան.

ԽԱՎՐԻԵՎ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Դատվանի գավառակում: 1909-ին ուներ 207 (31 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Խ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Մ. Դարբինյան

ԽԱԾԱՏՈՒՄ, 1. տեխնիկայում, պինդ նյութերի քիմիական մշակում, սովորաբար թթվային լուծույթներով՝ դրանց մակերևույթի տեսքը փոխելու կամ խառնուկները հեռացնելու, ինչպես նաև մետաղական նախապատրաստուկներին անհրաժեշտ ձև ու չափ տալու համար: 2. Պոլիգրաֆիայում, կլիշեների բացատների մշակումը թթվով: Խ–ման ժամանակ թթուն լուծում է մետաղը, և կլիշեի թթվահեստ շերտով չպահպանված մասերը խորանում են:

ԽԱԾԿՏԻԿ, կարմրակուրծիկ (Pyrrhula pyrrhula), ճնճղուկազգիների