Արտադրության համար մասնագետներ են պատրաստում Զագորսկի գեղարվեստաարտադրական ուսումնարանը (Մոսկվայի մարզ) և հատուկ ուս. այլ հաստատություններ: 1961-ին Մոսկվայում ստեղծվել է մասնագիտացված առևտրական կենտրոն՝ խաղալիքի տուն: Զագորսկում է գտնվում Խ–ի թանգարանը:
ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ, քաղաքացիական բնակչություն (միջազգային իրավունքում), ռազմական գործողություններին կամ դիմադրության շարժմանն անմիջական մասնակցություն չունեցող անձինք: Ծովային պատերազմի պայմաններում Խ. բ–յանն են հավասարեցվում ինչպես պատերազմող, այնպես էլ չեզոք պետությունների առևտրական և մարդատար նավերի անձնակազմերն ու ուղևորները: Հաագայի 4-րդ (1907) և Ժնևի (1949) կոնվենցիաները սահմանել են բ–յան ընդհանուր իրավական ռեժիմ: Այդ ռեժիմով պատերազմական գործողություններին չմասնակցելու քաղաքացիական բնակչության իրավունքն անձեռնմխելի է: Պատերազմող կողմերը պարտավոր են հարգել քաղաքացիական բնակչությանը, ոտնակոխ չանել նրանց պատիվը, ընտանեկան իրավունքները, կրոնական համոզմունքը ևն: Արգելվում է խ. բ–յան նկատմամբ դրսևորել խտրականություն, պատանդ վերցնել, ահաբեկել, կիրառել կոլեկտիվ պատիժներ ևն: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ խ. բ–յան պաշտպանության կանոնները իմպերիալիստական պետությունները, հատկապես ֆաշիստական Գերմանիան, բազմիցս խախտել են:
ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑՈՒԹՅՈՒՆ տարբեր հասարակարգ ունեցող պետությունների, միջպետական հարաբերությունների սկզբունք, որը ենթադրում է՝ հրաժարվել պատերազմից որպես պետությունների միջև վիճելի հարցերը լուծելու միջոց, այդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով. իրավահավասարություն, փոխըմբռնում և վստահություն պետությունների միջև, հաշվի առնել միմյանց շահերը, չմիջամտել ներքին գործերին, ընդունել, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ազատ կերպով ընտրելու իր սոցիալ–տնտ. և քաղ. կարգը, խստորեն հարգել բոլոր երկրների սուվերենությունն ու տերիտորիալ ամբողջականությունը, զարգացնել տնտ. և մշակութային համագործակցությունը լիակատար հավասարության և փոխադարձ շահավետության հիման վրա:
Տարբեր հասարակարգ ունեցող պետությունների գոյակցության անխուսափելիությունը բխում է կապիտալիզմի անհավասարաչափ տնտ. և քաղ. զարգացման Վ. Ի. Լենինի բացահայտած օրենքից, որից հետևում է, որ մի որոշ պատմ. ժամանակամիջոց սոցիալիստական պետությունների կողքին գոյություն կունենան նաև կապիտալիստական պետություններ: Երկու սիստեմների պետությունների գոյակցության ժամանակամիջոցը սկզբնավորվել է սոցիալիստական հեղափոխությամբ և սովետական պետության ստեղծմամբ Ռուսաստանում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտալիստական սիստեմից պոկվեցին մի շարք պետություններ և կանգնեցին սոցիալիզմի կառուցման ուղու վրա: Սոցիալիզմը դարձավ համաշխարհային սիստեմ: Խ. գ. դասակարգային պայքարի առանձնահատուկ ձև է միջազգային ասպարեզում: Այն չի վերացնում երկու հակադիր սիստեմների պայքարը, այլ հանդիսանում է համաշխարհային սոցիալական հակամարտության դրսևորման ձևերից մեկը: Խ. գ. չի բացառում, ընդհակառակը, ենթադրում է պայքարը իմպերիալիզմի ագրեսիվ պլանների և մեքենայությունների դեմ, դրանց մերկացումը, մասսաների մոբիլիզացիան հանուն խաղաղության պայքարի: Խ. գ–յան քաղաքականությունը շոշափում է միջպետական հարաբերությունները և չի վերաբերվում կապիտալի երկրների ներքին դասակարգային պայքարին, ինչպես նաև ազգային–ազատագրական շարժմանը: Խ. գ. բացառում է ամեն մի կոմպրոմիս կոմունիստական և բուրժ. գաղափարախոսությունների միջև: Ընդհակառակը, այն ենթադրում է պայքարի ուժեղացում բուրժ. գաղափարախոսության դեմ: Սոցիալիզմի և կապիտալիզմի միջև չի կարող լինել գաղափարախոսական խ. գ.: Բայց գաղափարական և քաղ. վեճերը չպետք է լուծվեն ռազմ. միջոցներով:
Սովետական պետությունը խ. գ–յան սկզբունքով է առաջնորդվել իր գոյության առաջին իսկ օրվանից, դա իր արտացոլումն է գտել 1917-ի հաշտության մասին դեկրետում (տես Դեկրետ հաշտության մասին), Աֆղանստանի, Իրանի, Չինաստանի, Թուրքիայի հետ՝ Սովետական Ռուսաստանի կնքած բարեկամության և համագործակցության առաջին պայմանագրերում, մինչպատերազմյան և ետպատերազմյան տարիների, արդի ժամանակաշրջանի արտաքին քաղաքականության ակտերում, ՍՍՀՄ նոր Սահմանադրության մեջ: Այդ սկզբունքը միջազգային լայն ճանաչում է գտել և դրվել է ՄԱԿ–ի կանոնադրության (1946) և Հելսինկիի համաեվրոպական խորհրդակցության եզրափակիչ ակտի (1975) հիմքում: Խ. գ–յան սկզբունքը այժմ դարձել է միջազգային զարգացման ռեալ ուժ: Միջուկային զենքի առկայության պայմաններում պատերազմը մեծ արհավիրքներ կբերեր բոլոր երկրներին ու ժողովուրդներին: Խ. գ. մարդկային հասարակության զարգացման օբյեկտիվ անհրաժեշտությունն է:
ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ, երկրագնդի ամենամեծ և ամենախոր օվկիանոսը: Գտնվում է Եվրասիայի, Ավստրալիայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների և Անտարկտիդայի միջև: Խ. օ–ի և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սահմանը ձգվում է Պեեկ հրվանդանից (Չուկոտյան թերակղզի) մինչև Ուելսյան արքայազնի հրվանդանը (Ալյասկա), Հնդկական օվկիանոսինը՝ Մալակկայի նեղուցի հվ–ից, Սումատրա կղզու արմ. ափից, Ճավա, Թիմոր և Նոր Գվինեա կղզիների հվ–ից, Տասմանիա կղզու արլ. ափերից մինչև Անտարկտիդա, Ատլանտյան օվկիանոսինը՝ Անտարկտիկական թերակղզուց, Հարավային Շետլանդական կղզիներից մինչև Հրո երկիր: Տարածվում է հս–հվ. մոտ 15,8 հզ. կմ, արմ–արլ.՝ 19,5 հզ. կմ: Մակերեսը ծովերի հետ 179679 հզ. կմ2 է, միջին խորությունը՝ 3984 մ, ջրի ծավալը՝ 723699 հզ. կմ3 (առանց ծովերի՝ համապատասխանաբար՝ 165246,2 հզ. կմ2, 4282 մ և 707555 հզ. կմ3): Գրավում է երկրագնդի մակերևույթի 1/3-ը, Համաշխարհային օվկիանոսի մակերեսի 50%-ը: Մակերեսի 52%-ը ընկած է արևադարձային զոնայում: Առավելագույն խորությունը (նաև Համաշխարհային օվկիանոսինը) 11022 մ է (Մարիանյան անդունդ): Խ. օ–ով է անցնում (180° միջօրեական) ժամանակի (թվականի) փոփոխման սահմանագիծը:
Ֆիզիկաաշխարհագրական ակնարկ: Խ. օ–ի ծովերն են՝ Բերինգի, Օխոտի, Ճապոնական, Արևելա–Չինական, Դեղին, Հարավ–Չինական, Սետո–Նայկայ, Սուլու, Սուլավեսի, Մոլուքյան, Սերամ, Բանդա, Ֆլորես, Ճավայի, Սավու, Կորալյան և Տասմանի: Արլ–ում Կալիֆոռնիական ծոցն է, Անտարկտիդայի ափերի մոտ՝ Ռոսսի, Ամունդսենի և Բելլինսգաուզենի ծովերը: Կղզիների ընդհանուր տարածությամբ (մոտ 3,6 մլն կմ2) և քանակով (մոտ 10 հզ.) օվկիանոսների մեջ գրավում է առաջին տեղը: Կղզիների մեծ մասը արմ. և արլ. եզրերին է և կենտրոնական մասում: Դրանք ունեն հրաբխային (Մարկիգյան, Ընկերության, Հավայան, Սամոա ևն), կորալային (Մարշալյան, Ջիլբերտի, Տոկելաու, Ֆենիկս ևն) և խութային (Մարկուս, Ուեյկ, Նաուրու, Օշեն, Տոնգարևա ևն) ծագում: Խ. օ–ի արմ. ու արլ. եզրերին են արշիպելագներն ու կղզիների շղթաները (Ալեության, Կուրիլյան, Սախալին, Ճապոնական, Ֆիլիպինյան, Մոլուքյան, Զոնդյան, Ֆիջի, Տոնգա, Նոր Զելանդիա ևն): Կենտրոնական և հվ–արմ. կղզիները միասին կազմում են Օվկիանիան: Խ. օ–ի ափերը թույլ են կտրտված, գերակշռում են ֆյորդային և աբրազիոն, արևադարձային լայնությունների արմ–ում՝ կորալային, Անտարկտիդայի մոտ՝ շելֆային–սառցադաշտային ափերը: Արմ. ծովերը հիմնականում բաժանված են կղզիներով: Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Ասիայի ու Ավստրալիայի ափերի երկարությամբ ձգված լեռները հաճախ վերջանում են զառիթափ փլվածքներով:
Հատակի ռելիեֆն ու երկրաբանական կառուցվածքը բարդ է: Օվկիանոսը շրջապատող մայր ցամաքների ստորջրյա մասերը տարբերվում են ռելիեֆի բնույթով ու երկրբ. կառուցվածքով: Շելֆերի լայնությունը մի քանի տասնյակ կմ–ից (Ամերիկայի ափերի մոտ) մինչև 700–800 կմ է (Բերինգի, Արևելա–Չինական և Հարավ–Չինական ծովերում), խորությունը՝ 150–500 մ: Մայրցամաքային լանջերը զառիթափ են, հաճախ՝ աստիճանաձև, մասնատված՝ կանիոններով: Հս. և արմ. ծայրամասերում, Ալյասկա թերակդզուց մինչև Նոր Զելանդիա, ձգվում են ծայրամասային ծովերի գոգավորությունների համակարգը, աղեղնաձև կղզիաշարեր ու օվկիանոսային խոր անդունդներ, որոնք Ավստրալա–Ասիական ծովային մարզի հետ առաջացնում են ժամանակակից գեոսինկլինալի գոտին: