Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/714

Այս էջը սրբագրված է

հայտարարեց ԱՄՆ–ին ու Մեծ Բրիտանիային: Մի քանի հաջող օպերացիաներից հետո ճապոնական զինված ուժերը գրավեցին Սինգապուրը, Մանիլան, Դանգունը, Ճավա, Բոռնեո, Ցելեբես, Բալի, Սումատրա, Նոր Գվինեա (արմ. և կենտրոնական մասերը), Ջիլբերտի կղզիները, Սողոմոնյան կղզիների մեծ մասը ևն: Բայց պարտվեցին Միդուեյ ատոլի մոտ և անցան պաշտպանության: 1942–43-ի կամպանիայի ընթացքում տեղի ունեցան մի քանի մասնակի օպերացիաներ (Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիներ): 1943-ի ամոանը ԱՄՆ ու դաշնակիցներն անցան հարձակման և համառ մարտերից հետո գրավեցին Ջիլբերտի և Սողոմոնյան կղզիները, Նոր Բրիտանիա կղզու արմ. մասը, Նոր Գվինեայի հվ–արմ. մասը: Հյուսիսում ամերիկյան զորքերը վերադարձրին Ալեության կղզիները: 1943-ին խաղաղ օվկիանոսում բեկում մտավ պատերազմի մեջ: ԱՄՆ և Մեծ Բրիտանիան հօգուտ իրենց փոխեցին ուժերի հարաբերակցությունն ու իրենց ձեռքը վերցրին ստրատեգիական նախաձեռնությունը: 1944–45-ի կամպանիայի ընթացքում ամերիկյան զորքերը գրավեցին Մարշալյան և Մարիանյան կղզիները, Հյուսիսային Բիրմայի մեծ մասը: Ճապոնական զորքերը որոշ հաջողության հասան Չինաստանում, բայց ստրատեգիական իրադրությունը 1944-ի վերջում փոխվեց հօգուտ դաշնակիցների: Ֆիլիպինյան ափհանման օպերացիան ավարտվեց հաջողությամբ, և 1945-ի մարտին ամերիկյան զորքերը գրավեցին Մանիլան: Մեծ գերակշռություն ունենալով (հատկապես նավերի և ավիացիայի)՝ ամերիկյան զինված ուժերը 1945-ի ծանր մարտերից հետո կոտրեցին ճապոնական զորքերի դիմադրությունը և գրավեցին Իվոձիմա և Օկինավա կղզիները: Դաշնակից զորքերը պատրաստվում էին ներխուժելու բուն ճապոնական կղզիները: Բայց ՍՍՀՄ–ի՝ պատերազմի մեջ մտնելը (1945-ի օգոստ. 9) անիմաստ դարձրեց պատերազմի շարունակումը ճապոնացիների համար: 1945-ի օգոստ. 6-ին և 9-ին, առանց ռազմ. անհրաժեշտության, ԱՄՆ ատոմային ռումբեր նետեց Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Մանջուրական օպերացիայի ընթացքում սովետական զորքերը ջախջախեցին ճապոնական Կվանտունյան բանակը, ճապոնիան հարկադրված գենքը վայր դրեց (1945-ի սեպտ. 2):

Խ. կ–ի ընթացքում ճապոնական զինված ուժերը կորցրին 893 հզ. սպանված, 11 գծանավ, 21 ավիակիր, 39 հածանավ, 130 ականակիր և 130 սուզանավ, ԱՄՆ համապատասխանաբար՝ 160 հզ. զինվոր, այդ թվում՝ 29 հզ. սպանված, 2 գծանավ, 11 ավիակիր, 10 հածանավ, 70 ականակիր, 56 սուզանավ:

ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄ, բարձրագույն օպերատիվ միավորում, ՍՍՀՄ ռազմածովային նավատորմի բաղկացուցիչ մասը: Ապահովում է ծովային սահմանների պահպանությունը Հեռավոր Արևելքում և ՍՍՀՄ պետ. շահերի պաշտպանությունը խաղաղ օվկիանոսում: Սովետական իշխանության Հեռավոր Արևելքի ծովային ուժերը կազմավորվել են 1922-ին, իսկ 1935-ից կոչվել են խ.ն.: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նավատորմը գտնվում էր մշտական ռազմ. պատրաստության վիճակում: 1945-ին խ. ն. մասնակցել է Հյուսիսային Կորեայի ազատագրմանը, Հարավային Սախալինի և Կուրիլյան կղզիների դեսանտային օպերացիաներին: Այն օվկիանոսային նավատորմ է, որի կազմում կան ժամանակակից ռազմանավեր՝ հրթիռակիրներ և ատոմային սուզանավեր, հրթիռակիր և հակասուզանավային ավիացիա, հրթիռա–հրետանային առափնյա զորքեր, ռազմածովային հետևակ: 1965-ին խ. ն. պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: Հրամանատարն է ծովակալ Վ. Պ. Մասլովը (1974-ից): խ. ն–ում են ծառայել նավատորմի գերծովակալ Վ. Սուրաբեկովը (Սախալինյան ռազմ, նավատորմիկի շտաբի պետ), նավատորմի ռազմաօդային ուժերի ինժեներա–ավիացիոն ծառայության հրամանատարի օգնական (1936–1946), գեն–մայոր Հ. Յարամիշնը, I կարգի կապիտան Խ. Մամյանը և բազմաթիվ հայ ծովայիններ:

ԽԱՂԱՋՈՒՐ, գագաթ (3420 մ) Հայկական լեռնաշխարհի Բյուրակն բարձրավանդակում: Նրա լանջերից բխում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ, որոնց՝ դեռատի հայուհիների ծիծաղ հիշեցնող քչքչոցը լսվում է բավական հեռվից: Ըստ հնամյա ավանդության, բռնավորներից խուսափելով՝ խ–ի ծերպերում թաքնվել և մինչև հիմա էլ ապրում են 10 հազար գեղանի հայուհիներ: Շատ հրոսակներ են եկել, տակնուվրա արել խ–ի լանջերը՝ հուսալով, որ կգտնեն ու կգերեն նրանց: Սակայն հենց որ թշնամին երևում էր, նրանք իրենց նետում են աղբյուրների մեջ և դառնում անտեսանելի: 3 հազար տարուց ավելի է, ինչ շարունակվում է այդ զարմանալի խաղը, մերթ աղջիկներն են ջուր դառնում, մերթ ջուրն՝ աղջիկներ: Այդ պատճառով էլ լեռն ստացել է Խ. անունը:

ԽԱՂԱՑԱՆԿ, ռեպերտուար (ֆրանս. repertoire, ուշ լատ. repertorium – ցանկ, ցուցակ), 1. դրամատիկական, երաժշտական և այլ երկերի ամբողջությունը, որ խաղացվում կամ կատարվում է թատրոնում, ինչպես և դերասանի խաղացած կամ խաղացվելիք դերերի շրջանակը: Խ. տարբերակում են ըստ թատրոնների (օրինակ՝ օպերային, էստրադային), ոճերի, ժանրերի (ռոմանտիկական, ողբերգական), կան նաև «դասական խ.», «ժամանակակից խ.» հասկացությունները: Խ. արտահայտում է թատրոնի գաղափարական և գեղարվեստական դիրքորոշումը: 2. Մարզական խաղերի ցանկը որոշ ժամանակահատվածի համար:

ԽԱՂԲԱԿՅԱՆՆԵՐ, Հադբակյաններ, Պռոշյաններ, իշխանական տոհմ միջնադարյան Հայաստանում: Սերվել է Արցախի Առանշահիկ նախարարական տնից: Տոհմի անմիջական նախնի խաղբակ Ա Ներքին Խաչենի տեր Վախթանգյաններից էր, հիշված X դ. վավերագրերում: Խաղբակ Ա–ի, նրա որդի Դլենի, թոռ Խաղբակ Բ–ի և հաջորդների հայրենի տիրույթները (Դեռաքար գյուղը և շրջակաները) Ներքին Խաչենի Մեծառանք գավառում էին գտնվում, սակայն նրանք կալվածքներ ունեին նաև խաչենագետի աջ ափին, Կարկառի միջին ավազանում (մինչև Հարավ գյուղը, այժմ՝ Ստեփանակերտի շրջանում) և նույնիսկ Սյունիքում: XII դ. վերջին տոհմի ներկայացուցիչները մասնակցել են սելջուկ–թուրքերի դեմ մղված ազատագրական մարտերին: Մխիթար Այրիվանեցին վկայում է, որ Հայաստանի կենտրոնական մասի քաղաքների ու բերդերի համար մղված ճակատամարտերում աչքի է ընկել խաղբակ Բ–ի որդի Վասակն իր որդիներ Պապաքի, Մկդեմի ու Պռոշի հետ, որի համար Հայաստանի իշխանապետներ Զաքարյաններից 1201 – 1203-ին ժառանգական տիրակալության իրավունքով նոր տիրույթներ է ստացել Գառնիի կողմերում ու Վայոց ձորում և նշանակվել կուսակալ՝ «ի Գառնոյ մինչև ի Բարգուշատ»: Խ. հիշյալ տարածքում բարեշինել և ամրացրել են Սրկղունք (հետագայի Բաշքենդ, այժմ՝ Վերնաշեն) ավանը Բոլորաբերդով և այն դարձրել իշխանանիստ: Իրենց հոգևոր կենտրոններ են ճանաչել Գեղարդավանքը (Այրիվանք), Կեչառիսը, Գլաձորը, Թանատի (Թանահատ) վանքը, Ոծոպն ու Կուքին, նորոգել հին եկեղեցիները, կառուցել նորերը և զարկ տվել հոգևոր–մշակութային կյանքի զարգացմանը: Մինչմոնղ. և մոնղ. տիրապետության հաստատման շուրջ կեսդարյա ժամանակաշրջանի Հայաստանի քաղ. ու մշակութային պատմության ուշագրավ երևույթներից է Վասակի կրտսեր որդու՝ Պռոշ–Հասանի գործունեությունը (1223–84): 1228-ին նա ջարդել է Ջալալ–Էդ–Դինի խորեզմյան հրոսակներին և ազատագրել Դվինը, իսկ մոնղոլների օրոք բազմաթիվ արիություններ է գործել, որի համար գովերգվել է XIII դ. բանաստեղծ Խաչատուր Կեչառեցու տաղերում: Հատկապես նշանակալից է Պռոշի շինարարական գործունեությունը: Նա հովանավորել է հայ ճարտ–յան անզուգական կոթողներ Գեղարդավանքի վիմափոր տաճարների ու Վայոց ձորի Թանատի վանքի կառուցումը: Պռոշի դերն ու ծառայություններն այնքան մեծ էին ժամանակի հայ իրականության մեջ, առանձնապես խ–ի իշխանության քաղ. ու մշակութային կյանքում, որ նրա անունը կպավ հին տոհմանվանը (խաղբակյան–Պռոշյան)՝ հաճախ նույնիսկ միայնակ փոխարինելով նրան (Պռոշյան):

Հետագա դարերի պատմությունը ևս հիշում է խաղբակյան–Պռոշյան տոհմի շառավիղների ակնառու ծառայությունները երկրի վարչա–քաղաքական ու մշակութային կյանքում: Գլաձորի համալսարանի տնօրինությունը, Կեչառույքի ու Գեղարդի վանքերի անխաթար կյանքը տոհմի մշակութային գործունեության լուսավոր էջերից են: Տոհմի ներկայացուցիչներ Խաչատուր Կեչառեցին, Զաքարիա Գնունյանց եպիսկոպոսը (XVI դ.), XV–XVII դդ. Գեղարդավանքի վանահայրերը և ուրիշներ պայծառ հետք են թողել ուշ–միջնադարյան հայ մշակութային կյանքում: Տոհմի վերջին շառավիղներից է Իսրայել Օրին (1659-1711):

Գրկ, Մխիթար Այրիվանեցի, Պաւոմութիւն Հայոց, Մ., 1860: Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց