Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/73

Այս էջը սրբագրված է

խորանի ներքևի մարմարի վրայի Աստվածամայրը): է. Մ. տ–ի համար պարբերաբար նկարներ են ստեղծել Հակոբ և Հարություն Հովնաթանյանները (XVIII դ. 1-ին կես) և Հովնաթան Հովնաթանյանը (XVIII դ. 2-րդ կես): Վերջինս իր աշակերտների հետ նկարազարդել է տաճարի ներսը, ստեղծել Հին կտակարանի և ավետարանական թեմաներով նկարներ, ինչպես նաև հայ պատմական գործիչների դիմանկարներ: է. Մ. տ–ի համար նկարներ են կատարել նաև Սկրտում և Հակոբ Հովնաթանյանները (XIX դ.): 1891-ին Խրիմյան կաթողիկոսի կարգադրությամբ տաճարից այդ նկարները հանվել են (պահպանվում են Հայաստանի պետական պատկերասրահում, էջմիածնի վանքի վեհարանում, ինչպես նաև է. Մ. տ–ում): 1956-ին է. Մ. տ–ի որմնանկարները վերանորոգվել են (Լ. Ս. Դուռնովոյի ղեկավարությամբ): Ավագ սեղանն ունեցել է Մադրասում պատրաստված խաչակալ, որն այժմ փոխարինվել է Գ. Շլդյանի (Իտալիա) Աստվածամոր պատկերով: Տաճարի գեղարվեստական ձևավորման մեջ զգալի տեղ են գրավում կիրառական արվեստի զանազան իրեր, այդ թվում՝ ավագ խորանի ասեղնագործ վարագույրը, Մադրասի հայերի (1721) և Հռոմի պապի (1697) նվիրաբերած պատրիարքարանները: Դռների փայտի փորագրությունները կատարված են 1888-ին, Թիֆլիսում: Պատկերազարդումը տես 88–89-րդ էջերի միջև՝ ներդիրում:

Գրկ. Հովսեփյան Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պրակ 5., Անթիլիաս, 1951: Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը XVII– XVIII դարերում, գեղանկարչություն, Ե., 1974: Topaманях T., Օ древнеиших формах Эчмиадзинского храма. « Записки Bocточного отделения имп. архелогического oбщества», 1909, т. 19; Mapp H. Я., По поведу pa6oты apxитектора T. Topaманяна: «О древнейших формах Эчмиадзинского храма», նույն տեղում: Саинян А.А.,Новие данные об архитектурном облике Эчмиадзинского собара , М., 1960; Арутюнян В. М., Эчмиадзин, Е., 1969: I. Strzygowski, Das Etschmiadzin Evangeliar, Wien, 1891. Ա. Սահինյան, Ա. Զարյան, Մ. Ղազարյան ԷՋՄԻԱԾՆԻ ՇՐՋԱՆ (մինչև 1945-ը՝ Վաղարշապատի շրջան), վարչական շրջան Հայկական ԱՍՀ–ում: Կազմվել է 1930-ի սեպտեմբերի 9-ին (1920–30-ին մտել է էջմիածնի գավառի, 1952–63-ին՝ Երեվանի օկրուգի մեջ): Տարածությունը 377 կմ2 է: Հվ–արմ–ից սահմանակից է Թուրքիային: Վարչական կենտրոնը՝ էջմիածին: Քարտեզը տես ՀԱՀ III հատորի 681-րդ էջից առաջ՝ ներդիրում: Բնական պայմանները: է. շ. գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում, ընդգրկում է Քասաղ, Հրազդան (աջափնյա) գետերի ստորին հոսանքների և Մեծամոր (Սև ջուր) գետի ավազանները: Մակերևույթը հարթ է, թույլ մասնատված: Կազմված է Քասաղի, Հրազդանի և Արաքսի գետաբերուկներից, հս. մասը՝ հրաբխային ապարներից: Ընդհանուր թեքությունը հս–ից հվ. է: Միջին բարձրությունը 870 մ է: Արմ. մասում կան մինչև 28 մ հարաբերական բարձրության հրաբխային կոներ: Գտնվում է 7–9 բալանոց սեյսմիկ շրջանում: Կլիման չոր ցամաքային է՝ ոչ տևական ցուրտ ձմեռներով ու շոգ ամառներով: Տարեկան միջին ջերմաստիճանը 12°C է, հունվարինը՝ –5°C, հուլիսինը՝ 26°C, նվազագույնը^ –30°C, առավելագույնը՝ 40°C, անսառնամանիք օրերի թիվը՝ 220–240, տարեկան տեղումները՝ 200–300 մմ: է. շ–ի տարածքով են հոսում Քասաղը, Մեծամորը և Թուրքիայի հետ պետական սահման հանդիսացող Արաքս գետը: Արմ. մասում գտնվում է Այղր լիճը: Լճից մղվող ջրի մի մասը մաքրվելուց հետո տրվում է Հոկտեմբերյան քաղաքին որպես խմելու ջուր: Ստեղծվել են արհեստական լճակներ: Ջրային ռեսուրսների ընդհանուր հաշվեկշռում կարևոր բաժին ունեն ստորերկրյա ջրերը, որոնց մի մասը դուրս է բերվում երկրի մակերես, օգտագործվում ոռոգման և կենցաղային նպատակներով: Տարածված են մարգագետնային գորշ, ալկալի, աղակալած գորշ կիսաանապատային հողեր, Արաքսի մերձափնյա մասերում՝ նաև ճահճահողեր: Անտառազուրկ է: Բնորոշ են չորասեր և աղասեր բույսերը (հազարատերևուկ, հոտավետ օշինդր), շրջանի հվ. մասում՝ նաև ջրաճահճային բուսականությունը: Կենդանիներից հանդիպում են գայլ, աղվես, ճահճակուղբ (բուծման նպատակով բերվել է ԱՄՆ–ից), եղեգնակատու: է. շ–ում, ինչպես նաև Արարատյան դաշտի որոշ մասերում, տարածված է որդան կարմիր միջատը: Բնական լանդշաֆտը կիսաանապատային է: Օգտակար հանածոներից են տուֆը, բազալտը, անդեզիտը, խարամը, քվարցային ավազը: Բնակչությանը: է. շ–ում (առանց էջմիածին քաղաքի) բնակվում է 60617 մարդ (1977): ՀԱՄՀ–ի ամենախիտ բնակեցված շրջաններից է, միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 152 մարդ: Ունի 43 բնակավայր, 13 գյուղական ու ավանային սովետ: Բնակչությունը վերջին 50 տարում զգալի չափով ավելացել է նաև մեխանիկական աճի հաշվին: Շրջանի նոր յուրացվող հողերի բազայի վրա ստեղծվող և գոյություն ունեցող բնակավայրերում բնակություն են հաստատել հանրապետության լեռնային ու նախալեռնային շրջաններից, այլ հանրապետություններից եկած և հայրենադարձ բազմաթիվ ընտանիքներ: Ստեղծվել են Մերձավան, Կարմիր դրոշ, Ոսկեհատ, Նորակերտ, Բաղրամյան, Այղր լիճ և այլ բնակավայրեր: Պատմական ակնարկ: է. շ–ի տարածքում մարդիկ բնակվել են հնագույն ժամանակներից: Այդ են վկայում նյութական մշակույթի հուշարձանները: Բարենպաստ բնական պայմանները դեպի Արարատյան դաշտ են ձգել բնակչության հոծ զանգվածներ: Հին և միջին դարերում է. շ–ի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ: Հայ Արշակունիների օրոք (I–V դդ.) եղել է արքունի սեփականություն, ապա անցել Ամատունի նախարարներին, իսկ IX– XI դդ.՝ մտել հայ Բագրատունիների թագավորության կազմի մեջ: Այնուհետև է. շ–ի տարածքին հաջորդաբար տիրել են սելջուկ–թուրքերը, մոնղոլ–թաթարները, Թամուրյանները, Կարա–Կոյունլուները և Ակ–Կոյունլուները: Պարսկ. տիրապետության շրջանում (1502–1827) է. շ–ի տարածքը մտնում էր Երևանի խանության մեջ: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց (1828) հետո կազմել է Երևանի գավառի, ապա՝ Երևանի նահանգի մասը: 1867-ից մտել է էջմիածնի (Վաղարշապատի) գավառի մեջ: Վերջինս, որոշ փոփոխություններով, պահպանվեց մինչև 1930-ի Հայկական ՍՍՀ վարչատերիտորիալ բաժանումը: է. շ–ի բնակչությունը հատկապես տուժել է 1604-ին Իրանի շահ Աբբաս I-ի կազմակերպած մասսայական բռնագաղթի ժամանակ: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո Վանից, Սալմաստից, Խոյից, Սասունից և այլ վայրերից գաղթած հայերի զգալի մասը հաստատվեց այժմյան է. շ–ի տարածքում: է. շ. հարուստ է նյութական մշակույթի բազմաթիվ հուշարձաններով, որոնցից առանձնահատուկ արժեք են ներկայացնում նեոլիթյան և էնեոլիթյան (խաթունարխ, Թեղուտ), վաղ բրոնզեդարյան (Մոխրաբլուր), բրոնզեդարյան (Մեծամոր), հելլենիստական ժամանակաշրջանի (Փարաքար), ուրարտ. (Արագած) կառույցները, ամրոցներն ու բնակավայրե–