Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/10

Այս էջը սրբագրված է

պարսից շահի միջոցով կամ ռուս, արքունիքի օգնությամբ սանձահարելու Շոշի բռնատիրոջը, ապարդյուն անցան: Իբրահիմ խանն անհնազանդ մելիք Եգանի տոհմի կեսին բռնությամբ մահմեդականացրեց:

Այնուամենայնիվ, Խ. մ–ի տերերի ջանքերը զուր չանցան, մանավանդ XVIII դ. վերջին քառորդում, երբ նրանց ազատասիրական ոգորումները գլխավորում էր Հովհաննես Հասան–Ջաչաւյան կաթողիկոսը: Նրա գործունեությունը, միավորված Խ. մ–ի ու հարևան մյուս մելիքների, ինչպես նաև էմին Հովսեփի, Հովսեփ Արղությանի ու Լազարյանների եռանդուն ջանքերի հետ, լայն հունի մեջ դրեց ռուս–հայկական հարաբերությունները՝ հաստատուն հիմք ստեղծելով Արևելյան Հայաստանը պարսկ. լծից ազատագրելու և Ռուսաստանին միացնելու համար: Խ. մ–ի իշխանությունը վերացավ XIX դ. սկզբին, հատկապես Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց (1828) հետո: Նախկին մելիքների ժառանգները մտան ռուսաց ծառայության մեջ՝ ճանաչվելով իբրև տոհմիկ ազնվականներ:

Գրկ. Րաֆֆի, խամսայի մելիքությունները, Երկ. ժող., հ. 10, Ե., 1964: Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973: Առաքել Վարդապետ, Դիզակի մելիքությունը, Վաղ–պատ, 1913 (Նյութեր հայ մելիքության մասին, պրակ 1):Կարապետ Եպիսկոպոս [Տեր–Մկրտչյան Կ.], Դոփյանք և Մելիք Շահնազարյանք, էջմիածին, 1914 (Նյութեր հայ մելիքության մասին, պրակ 2): Պողոսյան Ֆ., խամսայի մելիքների իրավունքների ու պարտականությունների մասին, «ԲՀԱ», 1966, No 1: Армянско-русские отношения в первой трети XVIII века, ч. 2, Е.,1967 (Apмяно-русские отношения, т. 2). Բ. Ուչոуբաբյան


ԽԱՄՍԵ (հնգամատյան), Արևելքի ժողովուրդների դասական գրականության մեջ որևէ հեղինակի հինգ պոեմների համակազմույթը: Առաջին Խ. կազմվել է Նիզամի Դյանջևիի 5 պոեմներից: Խ. ստեղծելու ավանդույթը Մերձավոր Արևելքի գրականություններում շարունակվել է մինչև XIX դ.: Հայտնի են Ամիր Խոսրով Դեհլևիի, Խաջու Քերմանիի, Ալիշեր Նավոիի, Աբդուռահման Ջամիի, Համդի Չելեբիի խ–ները:


ԽԱՄՈՒՐԻ ԼԵՌՆԵՐ, հրաբխային խոշոր լեռնազանգված Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում, Բյուրակն լեռնազանգվածից հարավ–արևելք: Բարձրությունը 2924 մ է, ջրբաժան է Արածանու և նրա վտակ Խնուսի միջև: Լանջերը զառիթափ են, մակերևույթը՝ բլրա–ալիքավոր, կան քարակարկառներ: Կազմված է վերին պլիոցենի և անթրոպոգենի անդեզիտաբազալտային լավաներից:


ԽԱՅԱԹ (իսկական անունը՝ Զահրիյան Մուքիաս Կարապետի, 1854, Ալեքսանդրապոլ – մոտ 1930, Երևան), հայ գուսան: Աշուղական արվեստը սովորել է հորից՝ աշուղ Զահրիից (Կարապետ Հովհաննիսյան): Խ–ի ոտանավորներն ամփոփվել են «Անձայն կիթառ» (1889) ժողովածուում: «Ուսում», «Անկիրթ մարդը», «Գարուն», «Բարիկենդան» և այլ երգերում աղքատի դատն է պաշտպանել: Ջիվանու և Ջամալու հետ տաճկերենից փոխադրել ու տպագրել է «Քյոռօղլի» ժող. ասքի ճյուղերից մեկը:


ԽԱՅԲԵՐԻ ԼԵՌՆԱՆՑՔ, լեռնային կարևոր անցում Աֆղանստանի և Պակիստանի միջև: Հատում է Ապինգար լեռնաշղթան Քաբուլ գետի կիրճից հվ.: Երկարությունը 53 կմ է, լայնությունը՝ 15–130 մ: Գլխավոր լեռնանցքը գտնվում է 1030 մ բարձրության վրա: Խ. լ–ով է անցնում Փեշավար–Քաբուլ խճուղին և Պակիստանից Աֆղանստանի սահմանը տանող երկաթուղին:


ԽԱՅԵՔ, Հայեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդ գավառում, նույնանուն քաղաքից 8 կմ հյուսիս–արևմուտք, ճորոխի ափին: 1914-ին ուներ 52 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (1848-ին կառուցած) և վարժարան: Խ–ում կար ուխտավայր (Խաչի լույս): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:


ԽԱՅԹԱՃԱՆՃԵՐ, իսկական ճանճերի (Muscidae) ընտանիքի երկթևանի, արյունածուծ ճանճեր: Հայտնի է մի քանի տեսակ, որից ՀՍՍՀ–ում տարածված են աշնանային (Stomoxys calcitrans) և կովի փոքր Խ. (Ryperosia irritans): Աշնանային Խ–ի մարմնի երկարությունը 5–7 մմ է: Բազմանում են գոմաղբի (հատկապես ձիու) և փթող բուսական մնացորդների մեջ: Ամռան ընթացքում տալիս են մի քանի սերունդ: Վարակիչ հիվանդությունների (սիբիրախտ, մաշկային լեյշմանիոզ են) տարածողներ են: Կովի փոքր Խ–ի մարմնի երկարությունը 2,7–4,5 մմ է: Բազմանում են միայն տավարի գոմաղբում: Հարձակվում են խոշոր եղջերավոր անասունների, երբեմն՝ ձիերի վրա:


ԽԱՅԹՈՂ ԲՋԻՋՆԵՐ, նեմատոցիտներ, աղեխորշավորների մեծ մասի ծածկող էպիթելում, ինչպես նաև էնտոդերմում գտնվող հատուկ բջիջներ, որոնք հարձակման և պաշտպանության միջոց են: Ունեն բարակ, խիտինային կազմությամբ ձվաձև կամ երկարավուն պատիճ, որի խոռոչը լցված է թունավոր հեղուկով: Այստեղ է գտնվում նաև պարուրաձև ոլորված թելիկը: Կորիզը տեղադրված է բջջի հիմքում, իսկ արտաքին մակերևույթում կա զգայուն ելուստ՝ կնիդոցիլ, որին հպվելիս խ. բ. անմիջապես գրգռվում են, թելիկը խոռոչից դուրս է թռչում և խայթում: Աղեխորշավորների Խ. բ. տեղադրված են մարմնի ամբողջ մակերևույթում, ավելի շատ խտացած են շոշափուկների և բերանի շուրջը: Խայթոցից հետո բջիջները մահանում են, իսկ դրանց տեղում կամ կողքին նորերն են զարգանում: Խ. բ–ի ազդեցությունից այրվածքներ են առաջանում, մանր (երբեմն նաև խոշոր) կենդանիները մահանում են:


ԽԱՅԾ, 1. կարթի ծայրին ամրացված որևէ կեր՝ ձկներին հրապուրելու և որսալու համար: 2. Թակարդի մեջ դրված կեր՝ կենդանիներին թակարդը գցելու համար: 3. Փխբ.՝ դավ, նենգություն:


Նկարում` Փուփուլավոր խայտահավ


ԽԱՅՏԱՀԱՎ սովորական (Numida meleagris), հավազգիների կարգի խայտահավերի ընտանիքի թռչուն: Ծագել է Արմ. Աֆրիկայում ապրող վայրի Խ–ից: Միջին մեծության թռչուններ են, մարմնի երկարությունը 30–35 սմ է, քաշը՝ 1,6–2 կգ:

Գլուխը և պարանոցի վերին մասը մերկ են: Թևերը կարճ են, կլորավուն, փետուրները խիտ են, սպիտակ, մոխրագույն, երկնագույն, կանոնավոր դասավորված սպիտակ պտերով: Լավ զարգացած են ոտքերի և կրծքի մկանները: Շատ շարժունակ է, արագ վազում է, կարող է նաև թռչել: Բնադրում է գետնին, թփերի տակ, բարձր խոտերում: Դնում է 7–10 ձու: Թխսում է 25–28 օր: Սնվում է հատիկներով, հատապտուղներով, տերևներով ու բողբոջներով: Ունի համեղ միս: Հայաստանում Խ–եր պահում են սիրողները՝ միայն տնային պայմաններում:


ԽԱՆ (թուրք, խաքանից՝ միապետ, իշխող), թուրքական և մոնղոլական տիտղոս: Սկզբնապես Խ. անվանել են ցեղերի առաջնորդներին, ավելի ուշ նշանակել է գերագույն կառավարիչ, թագավոր: Սելջուկների մոտ և Խորեզմում եղել է իշխանական, մոնղ. պետությունում՝ ուլուսների կառավարիչների տիտղոս: Խ. տիտղոսը տարածված էր Օսմանյան կայսրությունում, Իրանում, Աֆղանստանում, Հնդկաստանի մահմեդական պետություններում:


ԽԱՆԱԲԱԴ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, շերամապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, փոստի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար: Խ–ում կա Ա. Աստվածածին եկեղեցի (XVIII դ.), շրջակայքում պահպանվել են պաշտպանական ամրությունների մնացորդներ, կիսավեր եկեղեցիներ, հին բնակավայրերի և գերեզմանատների ավերակներ (IX–XIII դդ.):


ԽԱՆԱԶԱՏ (Խ ա ն–Ա զ ա տ) Ռուբեն, Նշան Կարապետյան (1862–1929), հնչակյան կուսակցության հիմնադիրներից: Բարձրագույն կրթությունն ստացել է ժնևում, որտեղ Ա. Նազարբեկի և Մ. Նազարբեկի հետ: 1887-ին հիմնել է «Հնչակ» թերթը, որի անունով էլ կոչվել է հնչակյան կուսակցությունը (տես Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցություն): Արևմտյան Հայաստանի ազատա–