Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/108

Այս էջը սրբագրված է

տվել օղակաձևին: Ծ–ները լինում են կանոնավոր (ակտինոմորֆ), երբ բոլոր ուղղություններով կարելի է դրանք բաժանել սիմետրիկ մասերի: Ակտինոմորֆ Ծ–ներից առաջացել են անկանոն (զիգոմորֆ) Ծ–ները, որոնք 2 մասի կարելի է բաժանել միայն մեկ ուղղությամբ (օրինակ, ոլոռի, շանբերանի Ծ–ները): Հանդիպում են նաև ասիմետրիկ Ծ–ներ, որոնք հնարավոր չէ սիմետրիայի առանցքով բաժանել 2 մասի (օրինակ, կաննայի Ծ.): Ծ. կարող է լինել երկսեռ, երբ առկա են առէջքներն ու վարսանդը, և միասեռ, երբ առկա են միայն առէջքները (արական Ծ.) կամ վարսանդը (իգական Ծ.): Միատուն բույսերում միասեռ 2 Ծ–ներն էլ տեղավորված են նույն բույսի վրա (կաղնի), երկտուն բույսերի (օրինակ, կանեփի) արական և իգական Ծ–ները տարբեր անհատների վրա են: Պաակերազարդումը տես 136-րդ էջից հետո՝ ներդիրում: ԾԱՂԻԿ, մարդկանց, կաթնասուն կենդանիների և թռչունների սուր վարակիչ վիրուսային հիվանդություն: Ծ. մ ա ր դ ու, բնական Ծ. (Variola Vera), բնորոշվում է բարձր վարակելիությամբ, յուրահատուկ հանգուցա–բշտիկային ցանով (որը լավանալուց հետո թողնում է սպի) և կլինիկական ծանր ընթացքով: Ծ. մարդկությանը հայտնի է շատ վաղուց: XV– XVIII դդ. Ծ–ի համաճարակը Եվրոպայում խլեց հարյուր հազարավոր մարդկանց կյանք և այլանդակեց փրկվածների դեմքերը: Ծ–ի դեմ մղվող պայքարում շրջադարձային եղավ անգլիացի բժիշկ է. Ջենների հայտնաբերած (1796) ծաղկապատվաստման մեթոդը: ՍՍՀՄ–ում 1919-ից ծաղկապատվաստման վերաբերյալ օրենքի պարտադիր կիրառումից հետո հիվանդության դեպքերն սկսեցին նվազել, և 1937-ից Ծ. իսպառ վերացավ: Ներկայումս այն արձանագրվում է Ասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի մի շարք երկրներում (1950–72-ին՝ 50-90 հզ. դեպք), և տարածման վտանգը պահպանվում է: Սովետական կառավարությունը 1958-ին առաջարկեց Ծ–ի վերացման համաշխարհային ծրագիր և այդ նպատակին տրամադրեց մեծ քանակությամբ վակցինա: Ծ–ի հարուցիչները քամվող վիրուսներն են, որոնք կայուն են չորացման և ցածր ջերմաստիճանի նկատմամբ: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը փոխանցվում է օդա–կաթիլային ճանապարհով, հազվադեպ՝ առարկաների (սպիտակեղեն, հագուստ, խաղալիք) միջոցով:Գաղտնի շրջանը 5–17, միջինը՝ 14 օր է: Հիվանդությունն սկսվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ՝ մինչև 40°C, տանջող գլխացավերով, սրտխառնոցով, գոտկատեղի ցավերով: 3-րդ օրվա վերջին դեմքի, վերջույթների, ափերի և ներբանների վրա ի հայտ են գալիս կարմիր բծեր: Հետագա օրերին ցանի տարրերն անցնում են զարգացման մի քանի փուլ՝. հանգույց, բշտիկ, թարախաբշտիկ և այնուհետև կեղևակալում են ու չորանում՝ թողնելով բնորոշ սպի: Կլինիկական ձևերը, ծանր ընթացող՝ միախառնվող Ծ., որի դեպքում ցանի տարրերը միաձուլվում են, արյունազեղային Ծ. («սև ծաղիկ»), որը բնորոշվում է տարբեր օրգաններում և հյուսվածքներում արյունազեղումների առաջացմամբ, ծայրաստիճան ծանր ընթացքով և բարձր մահաբերությամբ, վարիոլոիդ կամ պատվաստվածների Ծ., ընթանում է ոչ բարձր ջերմությամբ, ցանի տարրերն առանձնացված են, չեն անցնում զարգացման բոլոր փուլերը: Գոյություն ունի նաև առանց ցանի Ծ., առանց տենդի Ծ.: Հիվանդությունը թողնում է կայուն իմունիտետ: Բուժումը կատարվում է հակածաղկային գամմա–գլոբուլինով: Կանխարգելումը. հիմնականում՝ ծաղկապատվաստում, միջազգային սանիտարական կանոնների և երկրների սահմանների սանիտարական պաշտպանության միջոցառումների կիրառում: Հիվանդների և նրանց հետ շփված անձանց մեկուսացում, բնակարանի, իրերի վարակազերծում:

Հայաստանում բնական Ծ–ի վերաբերյալ տեղեկություններ են տվել Անանիա Շիրակացին (VII դ.), XII դ. Մխիթար Հերացին (<<Ջերմանց մխիթարություն>> աշխատության մեջ այս հիվանդությունը դասել է «բորբոսային ջերմերի» շարքը),XIX դ. բժիշկ Տիգրան Փեշտմանջյանը:

                        Կ. Դեղձունյան

Ծ. կենդանիների, ընթանում է մաշկի և լորձաթաղանթի վրա բնորոշ բշտերի առաջացմամբ: Պատճառում է տնտ. մեծ վնաս (մթերատվության նվազում, անկումներ ևն): Հարուցիչը վիրուս է, ընդ որում, ոչխարների, այծերի, մարդկանց և հավերի Ծ–ի հարուցիչները տարբեր են, իսկ ձիերը, խոզերը և այլ կենդանիներ վարակվում են դրանցից որևէ մեկով: Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիներն են և դրանցից ստացված հումույթները: Վարակվում են աերոգեն և ալիմենտար ճանապարհով: Վարակը տարածվում է հիվանդ ու վիրուսակիր, ոչ զգայունակ կենդանիների, խայթող միջատների, վարակված առարկաների, գոմաղբի միջոցով: Գաղտնի շրջանը 3–14 օր է: Ընթացքը՝ սուր, երբեմն՝ ենթասուր և քրոնիկ (լինում է նաև աբորտիվ՝ թեթև ընթացքով Ծ.): Ոչխարների Ծ. (բնորոշ ձևի դեպքում) սկսվում է բարձր ջերմությամբ, նկատվում է ախորժակի անկում, քթի և աչքի լորձաթաղանթի բորբոքում: 3–4 օր հետո մաշկի անմազ կամ սակավամազ հատվածներում առաջանում է կարմրություն և ցան, որն աստիճանաբար վերածվում է հանգույցների, ապա՝ սիսեռի մեծության բշտերի (ծաղկաբուշտ), որոնք լցված են թափանցիկ ու երկնագույն հեղուկով: Հետագայում բշտերը պատռվում են և չորանալով մաշկի վրա առաջացնում կեղ: Հիվանդության վերջին շրջանում կեղերի տակ աճում է նոր հյուսվածք, կեղերը պոկվում են (թեփի ձևով)՝ մաշկի վրա թողնելով կարմիր բծեր կամ սպիներ և ապա՝ պեպեններ: Մյուս կաթնասունների Ծ–ի կլինիկական նշանները հիմնականում նույնն են, ինչ՝ ոչխարներինը: Թռչունների Ծ. ընթանում է մաշկային, դիֆթերիտային և մաշկադիֆթերիտային (խառը) ձևերով: Ծ. ախտորոշում են կլինիկա–էպիզոոտոլոգիական տվյալների և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա: Բուժման համար արդյունավետ միջոց չի մշակված: Օգտագործում են անտիբիոտիկներ, օծանելիք ևն: Կանխարգելման համար սահմանվում է կարանտին, հիվանդներին բուժում են, իսկ պայմանական առողջներին՝ իմունացնում: Կարանտինային սահմանափակումները հանվում են հիվանդության վերջին դեպքից 20 օր հետո: Տես նաև Վարակիչ հիվանդություններ:

Գրկ. Ալեքսանյան Ա. Բ., Ինֆեկցիոն և վիրուսային հիվանդությունների էպիդեմիոլոգիան ու պրոֆիլակտիկան, Ե., 1975: Бароян Օ. В., Очерки по мировому распространению важнейших заразных болезней человека,2 изд.,М., 1967. Հ.Բոյախչյան <<ԾԱՂԻԿ>>, գրական–բանասիրական, մանկավարժական, տնտեսական, գիտական և քաղաքական պարբերական: Հրատարակվել է 1886–1908-ին, Կ. Պոլսում, փոփոխական պարբերականությամբ (եռօրյա, շաբաթաթերթ, կիսամսյա, օրաթերթ): Հիմնադիր–տնօրեն՝ Ա. Սագայան, խմբագիրներ՝ Հ. Հաճյան, Ա. Սագայան, Գ. Փալագաշյան, Մ. Մուլթանյան, Մ. Տյոքմեճյան, Ղ. Բոյատ և ուրիշներ: «Ծ.»-ին զուգահեռ կամ դադարների շրջանում նոր անվանումով լույս են տեսել մանուկների, կանանց, պատանիների համար պարբերականներ՝ նոր խմբագրական կազմով: Տպագրել է գեղարվեստական գործեր, ժողովրդական ու աշուղական երգեր, տնտեսագիտական–երկրագործական, բժշկագիտական հոդվածներ, գրախոսականներ, ուղեգրություններ ու հուշեր, գիտական զրույցներ ևն: Արտացոլել է արևմտահայ գրականության զարգացման ընթացքը XIX դ. վերջին և XX դ. սկզբին, համախմբել պոլսահայ մտավորականության կարող ուժերը (Ա. Չոպանյան, Տ. Չրաքյան, Ռ. Ջարդարյան, Լ. Բաշալյան, Ջ. Եսայան, Հ. Ասատուր, Ռ. Որբերյան, Սիպիլ, Ա. Հարությունյան, Թլկատինցի, Ռ. Պերպերյան, Թեոդիկ, Հ. Մառք


«Ծաղիկ» կիսամսյայի գլխագիրը


և ուրիշներ): Քննարկել է ուսումնա–կրթական, լեզվա–ոճկան, նախադպրոցական դաստիարակության, հայ մամուլի և հրապարակագրության հարցեր: Լույս է ընծայել պատմա–մշակութային, հին ձեռագրերի ու գաղթավայրերի, ժողովրդական կենցաղի ու սովորույթների, կանանց կրթության վերաբերյալ հոդվածներ: Անդրադարձել է նաև արևելահայ հասարակական–քաղաքական և գրական–մշակութային հարցերին: Տպագրել է Հ. Պարոնյանի և Ե. Տեմիրճիպաշյանի գործերը, Ա. Ծատուրյանի, Ա. Իսահակյանի բանաստեղծությունները, Հ. Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» վեպը, Թ. Թերզյանի, Հ. Ոսկանի, Վ, Տեր–Մինասյանի և ուրիշների