մակերևույթը ալիքավոր է, բլրային: Լայնորեն տարածված են քարակուտակումները: Հվ. մասում է գտնվում Իգդասորի կիրճը (խորությունը՝ 500–700 մ): Այստեղ են Արևմտյան Եփրատի, Ճորոխի և նրա վտակ Թորթումի ակունքները: Ծածկված է լեռնամարգագետնային և ալպյան բուսականությամբ:
ԾԱՂԿԱՎԻԺՈՒՄ, բույսերի կոկոնների և ծաղիկների թափվելու երևույթը: Տեղի է ունենում բույսերի ծաղկման և պտղաբերման շրջանում լուսավորվածության, խոնավության և սննդանյութերի անբավարարությունից: Կարող է առաջանալ նաև օդի ջերմաստիճանի տևական նվազումից կամ բարձրացումից, ցածր հարաբերական խոնավությունից, երաշտից, երկարատև անձրևներից (անբարենպաստ պայմանների պատճառով ծաղիկների մի մասը չի փոշոտվում, և Ծ. ավելանում է): Այն դաշտերում, որտեղ բույսերն ունենում են միակողմանի փարթամ աճ, իսկ զարգացումը ետ է մնում (բույսերի հոռացում), Ծ. ավելանում է: Ծ. ուժեղ է արտահայտվում բամբակենու (60–70% ), պտղատու, բոստանային և բանջարանոցային որոշ կուլտուրաների մոտ: Պայքարի միջոցներն են. ագրոտեխնիկական միջոցառումների կիրառում՝ բույսերի լավագույն խտություն, պարարտացում և սնուցում, միջշարային տարածությունների մշակում, ոռոգում, ծերատում:
ԾԱՂԿԱՎՈՐ ԲՈԻՅՍԵՐ, ծածկասերմեր (Magnoliophyta կամ Angiospermae), բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում: Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների: Հայտնի է Ծ. բ–ի մոտ 250 հզ. տեսակ: Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում մթնոլորտի գազային ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի ռելիեֆի ձևավորման, քարածխի առաջացման պրոցեսներում: Ծ. բ–ի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտ. կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, երկրի ժող. տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են: Ծաղիկը առաջինն է ի հայտ գալիս այս տիպի բույսերում և ապահովում խաչաձև փոշոտումը: Ծ. բ–ին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը, տրիպլոիդ էնդոսպերմը: Ծ. բ–ի առանձնահատկություններից է վարսանդի առկայությունը, որն առաջացել է ծայրերով միաձուլված մեկ կամ մի քանի պտղատերևներից, որոնց ներսում զարգանում են սերմնասկզբնակները: Բեղմնավորումից հետո սերմնարանը վեր է ածվում պտղի, իսկ սերմնասկզբնակը՝ սերմի: Այսպիսով, սաղմը և սերմը զարգանում են սերմնարանի և պտղի պաշտպանության ներքո: Այստեղից՝ «ծածկասերմեր» անվանումը: Վարսանդի առաջացման հետ սերմնասկզբնակի կառուցվածքն ավելի է պարզացել, փոքրացել են չափերը, նվազել է ինտեգումենտների թիվը, իսկ սերմնասկզբնակների թիվն աճելով՝ երբեմն կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի: Ծ. բ–ի առաջացման ճշգրիտ ժամանակը պարզված չէ, սակայն դրանց հետքերն ու մնացորդները փոշեհատիկի, բնափայտի, տերևների ձևով հայտնաբերվել են դեռևս յուրայի շրջանի նստվածքներում: Ծ. բ. լայնորեն տարածվել են կավճի շրջանում, ըստ որում, կարճ ժամանակում իշխել են Երկրի բուսական ծածկույթում: Մ. Գոլենկինը այդ բույսերի հանկարծակի առաջացումը բացատրում է կոսմոգեն պատճառներով: Կավճի միջին շրջանում Երկիրը ծածկող խիտ ամպերը ցրվել են, և արևի ճառագայթները հասել են մեր մոլորակի մակերևույթին, որի հետ կապված փոփոխվել են լույսի ռեժիմը, օդի խոնավությունն ու չորությունը: Ծ. բ. էվոլյուցիոն առումով լինելով ավելի պլաստիկ և ձեռք բերելով հարմարվողական նոր հատկանիշներ՝ սկսել են արագ տարածվել ամբողջ երկրագնդում: Ծ. բ–ի առաջացման վայրի մասին եղել են տարբեր տեսություններ, հիպոթեզներ (Չ. Դարվին, Ա. Գրեյ, Գ. Հալիր): Ակադեմիկոս Ա. Թախտաջյանը գտնում է, որ Ծ. բ–ի հաղթանակի հիմնական գաղտնիքը նրանց կենսաբանական առանձնահատկությունների ու էվոլյուցիոն պլաստիկության և, ամենակարևորը, ծածկասերմ լինելու մեջ է: Նա գտնում է, որ Ծ. բ. զարգացել են արևադարձային գոտու լեռներում (1000–1500 մ), որտեղից և սկսել են տարածվել դեպի բարեխառն երկրներն ու հս.: Ծ. բ–ի նախնիները դեռևս հայտնաբերված չեն, սակայն ստրոբիլային տեսության հեղինակների մեծ մասն այն կարծիքին է, որ դրանք եղել են բենետիտների տիպի մերկասերմ բույսեր: Սակայն Ծ. բ. չէին կարող անմիջապես առաջանալ բենետիտներից, քանի որ դրանց պտղաթերթիկներն ավելի պարզ կառուցվածք ունեն: Հավանաբար նախնիները եղել են բենետիտների մեռած, միջանկյալ ձևերը կամ մերկասերմերը:
ԾԱՂԿԱՐԻ, Ծաղկար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջան գավառում: XX դ. սկզբներին ուներ մոտ 60 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ վարժարան և Ս. Աստվածածին անունով մատուռ: Ծ–ի մոտ էր Ս. Դավիթ վանքը, որի շրջապատում կային խոշոր խաչարձաններ: Բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ԾԱՂԿԱՓՈՇԻ, տես Փոշեհատիկ:
ԾԱՂԿԵ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառում: 1909-ին ուներ 227 (25 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
ԾԱՂԿՈՂ, նկարող, հին ձեռագրեր պատկերազարդող վարպետ: Հայ միջնադարյան ձեռագրերի հիշատակարաններում, ի տարբերություն գրչի, ծրողի, գծողի, մանրանկարիչներն իրենց անվանել են ծաղկող կամ նկարող: Ծաղկել բառը միջնադարում նշանակել է նաև զարդարել: Ծ. հոմանիշ է մանրանկարիչ բառին, որը նշանակում է ձեռագիր գրքեր, ավելի նեղ իմաստով՝ կրոնական ձեռագրեր (հիմնականում՝ ավետարաններ, աստվածաշնչեր) պատկերազարդող, նկարում էր ոչ միայն սյուժետային պատկերներ, այլև զարդագրեր, խորաններ, անվանաթերթեր, լուսանցազարդեր ու լուսանցանկարներ:
ԾԱՂԿՈՏՆ, Ծաղկեոտն, Ծաղկոոտն, Ծաղկուտն, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում: «Աշխարհացոյց»-ում (VII դ.) հիշատակված է որպես Այրարատ նահանգի յոթերորդ գավառ: Ծ. հս–արլ–ից սահմանակից էր Կոգովիտ, արմ–ից՝ Բագրևանդ գավառներին, հվ–ից՝ Վասպուրական, հվ–արմ–ից՝ Տուրուբերան նահանգներին: Տարածվում էր Արածանի գետի վերին ավազանում, Ծաղկանց (Ալա դաղ) լեռների լանջերին, որտեղից սկիզբ է առնում Եփրատի ամենամեծ վտակը՝ Արածանին: Ծ–ի հվ. մասում ձգվում են Ծաղկանց, իսկ հս–ում՝ Դիադինի լեռները: Եղել է հայ թագավորների և իշխանների ամառանոց, որտեղ մեծ շուքով նշվել են Նավասարդի տոները: Ծ–ում հայկ. ցեղերը բնակվել են վաղ ժամանակներից: Ենթադրվում է, որ ուրարտական շրջանում (մ.թ.ա. IX–VI դդ.) Ծ. կոչվել է Luša, որից մնացել է գավառի ուշ շրջանի իշխանական տոհմի ներկայացուցիչների «Ալուզ» անունը: Արտաշեսյանների և Արշակունիների տիրապետության ժամանակ (մ.թ.ա. 189–մ. թ. 428) Ծ. հաճախ ենթարկվել է պարսիկների և հռոմեացիների հարձակումներին: 368–369-ին պարսից Շապուհ II ավերել է Զարեհավան քաղաքը և գերեվարել 13 հզ. ընտանիք, որից 5 հզ. հայ: Ծ. սկզբում պատկանել է Գնունիների նախարարական տանը, հետո անցել է Արշակունիների արքունիքին:
Հայաստանի առաջին բաժանումով (387) Ծ. անցել է Պարսկաստանին, 591-ին՝ Բյուզանդիային, իսկ VII դ. 2-րդ կեսից՝ արաբներին: X դ. 2-րդ կեսին Հայաստանի մեծ մասը, այդ թվում Ծ., անցավ Բագրատունիներին: XI դ. կեսին Ծ. գրավել են սելջուկ–թուրքերը: XII դ. սկզբին հայ–վրացական միացյալ զորքերը Զաքարե Զաքարյանի հրամանատարությամբ ազատագրել են Ծ.: 1236–37-ին Ծ. գրավել են մոնղոլները, 1387-ին՝ Լենկթեմուրի զորքերը, XV դ.՝ ակ–կոյունլու և կարա–կոյունլու թուրքմեն ցեղերը, իսկ XV դ. սկզբին՝ օսմանյան թուրքերը: XIX դ. –XX դ. սկզբին ռուս. զորքերը երեք անգամ՝ 1828, 1877, 1916-ին գրավել են Ծ.:
Ծ. Հայաստանի մշակութային կենտրոններից էր: Գավառի նշանավոր բնակավայրերից էր Զարեհավան քաղաքը, որտեղ, բացի հայերից, բնակվել են նաև հրեաներ (նրանց մ.թ.ա. I դ. գաղթեցրել էր Տիգրան Բ Մեծը): 450-ին Ծ–ում ապստամբները կոտորել են պարսից մոգերին: Ծ–ում էին գտնվում Շահապիվան ավանը և վանքը, որի տեղադրությունը վերջնականապես չի ճշտված: 443-ին (կամ 444-ին) Շահապիվանում գումարվել է ժողով, որը հաստատել է մի շարք կրոնական–եկեղեցական օրենքներ և կանոններ՝ հիմնականում ուղղված մծղնեական աղանդավորական շարժման դեմ: Ծ–ում հիշատակվում են նաև Անգղ բերդը և գյուղաքաղաքը:
Ծ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց