Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/113

Այս էջը սրբագրված է

մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

Գրկ. Ղևոնդ Ալիշան, «Այրարատ», Վնտ., 1890: Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացույց»-ի, Ե., 1963:

Մ. Դարբինյան

ԾԱՂԿՈՑ ԵՐԳԵՐ, տես՝ Հարսանեկան երգեր:

ԾԱՂԿՈՑԱՁՈՐ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի միջնադարյան անվանումը:

ԾԱՂԿՈՒՄ բույսերի, բույսի կյանքի (օնտոգենեզ) փուլերից մեկը. մեծ մասի համար բնորոշվում է ծաղիկների բացվելով: Երբեմն Ծ. կատարվում է փակ ծաղիկների դեպքում (որոշ ինքնափոշոտվող կուլտուրաներ): Այդպիսի ծաղիկները կոչվում են կլեյստոգամներ: Սովորական ծաղիկները, որոնք բացվում են Ծ–ման ժամանակ, կոչվում են խազմոգամներ: Որոշ կուլտուրական բույսեր կարող են ունենալ ինչպես խազմոգամ, այնպես էլ կլեյստոգամ ծաղիկներ: Կան բույսեր (հացազգիները), որոնց Ծ–ման փուլը դժվար է նշել, որովհետև այն համընկնում է հասկակալման փուլի հետ: Ծ–ման ժամանակ բույսերը փոշոտվում են: Փոշոտված ծաղիկներն արագ թառամում են: Միամյա բույսերը ծաղկում են առաջին տարում, երկամյաները՝ երկրորդ: Բազմամյա խոտաբույսերը և ծառերը տարիներ շարունակ ծաղկում են ամեն տարի (պոլիկարպ), ըստ որում որոշ բույսեր ծաղկում են աոաջին, մյուսները՝ երկրորդ, երրորդ և այլ, կեչին՝ 20–30-րդ տարում: Առանձին բույսեր (ագավա) ծաղկում են միայն մեկ անգամ, որից հետո մահանում են (մոնոկարպ): Արևադարձային մի քանի բույսեր (կակաո, կոկոսյան արմավենի) առաջին Ծ–ից հետո ամբողջ կյանքի ընթացքում անընդհատ ծաղկում են:

Սովետական գիտնական Մ. Չայլախյանը պարզել է, որ Ծ–ման փուլում մեծ դեր են կատարում բույսի հորմոնները (հատկապես գիբերելինների և անթեզինների հարաբերակցությունը): Կարելի է կարգավորել Ծ–ման պրոցեսը՝ հորմոնային պատրաստուկներով ազդելով բույսի վրա: Ծ–ման պրոցեսից է կախված փոշոտումը և բեղմնավորումը, հետևաբար նաև բերքատվությունը: 
Գրկ.Чайлахян M.X.,Факторы reнеративного paзвития pacтений, M., 1964; Նույնի, Xимическая perуляция pocтa и цветения pacтений, «Becтник AH CCCP», 1969, № 10.

ԾԱՂԿՈՒՆՅԱՑ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Հայկական ՍՍՀ–ում: Սկսվում է Փամբակի լեռնաշղթայից, տարածվում դեպի հվ–արլ.: Երկարությունը մոտ 42 կմ է, լայնությունը՝ մինչև 25 կմ: Ջրբաժան է Հրազդան, Մարմարիկ և Քասաղ գետերի միջև: Բարձր գագաթներն են Ծաղկունյացը (2851 մ) և Թեղենիսը (2820 մ): Հորստաձև անտիկլինալային բարձրացում է՝ եզերված տեկտոնական խգումնային խախտումներով: Կազմված է թթու և հիմքային ինտրուզիաներով ներդրված մինչքեմբր–ստորին պալեոզոյան ապարներից՝ գնեյսներից, թերթաքարերից, մարմարներից: Դրանց վրա տեղադրված են վերին կավճի, պալեոգենի գոյացումներն ու միո–պլիոցենի լավաները: Կան մարմարի հանքավայրեր: Հայտնի են Հանքավանի հանքային ջրերը: Ծ. լ–ին բնորոշ են էրոզիոն, մասնատված լանջերը, թեք սարավանդները և կուեստակերպ ռելիեֆը: Հս–արլ. լանջերը մեղմաթեք են, խոնավ, հվ–արմ–ը՝ զառիթափ, չոր: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600–800 մմ: Տիրապետում են լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները: Արլ. լանջերը (մինչև 2300 մ) ծածկված են կաղնու, թխկենու, արոսենու անտառներով: Ծ. լ–ի հվ–արլ. լանջին է Ծաղկաձորը: խ. Նազարյան

ԾԱՂԿՈՒՆՔ, գյուղ Հայկական ՍՍՀ էջմիածնի շրջանում, Քասաղի ձախ ափին, էջմիածին–Հոկտեմբերյան խճուղու մոտ, շրջկենտրոնից 2 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարեղենի մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մսուր–մանկաաարտեզ:

ԾԱՂԿՈՒՆՔ, գյուղ Հայկական ՍՍՀ Սևանի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, կինո, բուժկայան: Հիմնադրել են Խոյից, Վանից, և Մակուից եկածները, 1828-ին:

«ԾԱՂԿՈՒՆՔ», երկօրյա թերթ: ՀԿԿ Ապարանի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների շրջանային սովետի օրգան: Լույս է տեսնում 1965-ից, Ապարանում: Աջակցում է շրջանի կուսակցական և սովետական մարմիններին՝ կենսագործելու ՍՄԿԿ, ՀԿԿ և շրջանային կազմակերպությունների որոշումները: Ընդհանրացնում է արտադրական ձեռնարկությունների նվաճումներն ու առաջավորների փորձը, ներկայացնում շրջանի մշակութային և մարզական առօրյան, արծարծում մանկավարժության և երիտասարդ սերնդի կոմունիստական դաստիարակության հարցեր: ՏԱՍՍ–ի և Արմենպրեսի նյութերով ծանոթացնում է միջազգային և հանրապետական իրադարձություններին: «Ծ.»-ին նախորդել են «Անասնապահ կոլխոզնիկ» (1933–54), «Անասնապահ կոլտնտեսական» (1954–62) և «Արագած» (1962–65, միջշրջանային) թերթերը:

Վ. Ամիրբեկյան

ԾԱՂՐԱԾՈՒ, 1. հայ միջնադարյան թատրոնի կատակերգակ դերասան (տես Լարախաղաց), որոշ դեպքերում միայնակ կատակաբան՝ մարդկային վարքագծի հասարակականորեն ընդունելի ձևերը ծաղրող, օրենքից ու պատժից ազատ մարդ, որը խնջույքներում, շուկայում, թատրոնում և հասարակական այլ հավաքատեղիներում պատմություններով ու ձեռնածություններով զվարճացրել է մարդկանց: Ծ. համարվել է նաև խաղակատակ և խեղկատակ: 2. Կրկեսի արտիստ, կատակերգական-բուֆոնադային տեսարաններ ցուցադրող, որի ելույթները հաճախ ուղեկցում են ներկայացման ողջ ծրագիրը: Ծ–ները լինում են տարբեր ժանրերի: Սովետական ժամանակաշրջանի կրկեսի ականավոր Ծ–ներից են Կարանդաշը (Մ. Ռումյանցև), Օ.Պոպովը, Յու. Նիկուլինը, Լ. Ենգիբարյանը:

Հ. Հովհաննիսյան.

ԾԱՂՐԱՆԿԱՐ, հասարակական–քաղաքական, սոցիալական, կենցաղային թեմայով երգիծական կամ հումորիստական պատկեր, գեղարվեստական տիպականացման եղանակ: Մարդկանց կամ երևույթները ծաղրելու, դիմակազերծելու, քննադատելու նպատակով ծաղրանկարիչը դիմում է գրոտեսկի, շարժի: Ծ–ները լայն առումով այն պատկերներն են, ուր գիտակցաբար ստեղծվում է կոմիկական էֆեկտ, զուգակցվում են իրականն ու երևակայականը, չափազանցվում կամ սրվում են մարդու մարմնի, դեմքի, հագուստի, վարքագծի տիպական գծերը, օգտագործվում անսպասելի զուգորդումներ ու նմանեցումներ: Ծ. մեծ ընդգրկում ունի և կարող է համեմատվել թատերական բուֆոնադի, գրական բուռլեսկի ու էպիգրամի հետ: Նեղ առումով Ծ. կերպարվեստի առանձնահատուկ ժանր է (հիմնականում օգտագործում է գրաֆիկայի, մասամբ՝ գեղանկարչության և քանդակագործության միջոցները), երգիծանքի պատկերման հիմնական եղանակ և ունի սոցիալ–քննադատական հստակ գաղափարների նպատակաուղղվածություն: Կարևոր դեր է խաղում նաև հարակից խոսքը: Ծ. հայտնի է հնագույն, միջնադարի և Վերածննդի արվեստներից: Սովորաբար Ծ. վերելք է ապրում հասարակական մեծ ընդհարումների և ժող. մասսաների ակտիվության շրջանում, երբ դեմոկրատական ուժերը այն ծառայեցնում են որպես պայքարի միջոց (Ռեֆորմացիայի, XVIII դ. վերջի Ֆրանսիական բուրժուական հեղափոխության, 1812-ի Հայրենական պատերազմի, եվրոպական երկրներում 1830-ի և 1848–49-ի հեղափոխությունների, 1871-ի Փարիզյան կոմունայի, 1905–07-ի ռուս. հեղափոխության ժամանակների Ծ–ները): Ծ–ի զարգացմանը նպաստել են Ու. Հոգարթը,