Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/13

Այս էջը սրբագրված է

զագետ, ՀՍՍՀ ԴԱ արտասահմանյան անդամ (1967): Ավարտել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանը, ապա՝ Փարիզի նավագնացության բարձրագույն և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի դպրոցները, ստացել կոմանդորի կոչում: 1911-ին հրավիրվել է Ստամբուլ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի վարչությունում աշխատելու, 1914-ին անցել է Բուլղարիա՝ Վառնայի ծովափի պաշտպանության ղեկավարի պաշտոնով: 1919-ին մասնակցել է Փարիզի հաշտության կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին: 1920-ին հրատարակել է 25 քարտեզից կազմված «Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլաս»-ը: Ազգերի լիգայում վարել է աշխարհագրագետ–քարտեզագետի պաշտոն: 1920–32-ին կազմել և հրատարակել է Թուրքիայի տնտ. աշխարհագրության, Ալժիրի պատմական աշխարհագրության, Պաղեստինի տնտ. աշխարհագրության և այլ ատլասներ: 1930–55-ը եղել է Մուրատ–Ռափայելյան վարժարանի աշխարհիկ տնօրենը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է ֆրանս. Դիմադրության շարժմանը: Պատերազմից հետո ծավալել է հայրենասիրական գործունեություն, կազմել մի շարք ատլասներ, այդ թվում՝ Սովետական Հայաստանի 40-ամյակին նվիրված «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ը (1960): Խ. ֆրանսահայ մշակութային միության պատվավոր նախագահն է, ֆրանս–սովետական բարեկամության ջատագով: Ա. Բաղդասարյան


ԽԱՆԻ ԳՅՈՒՂ, Ղանի գյուղ, գյուղ նախկին Կարսի մարզում, Կարս քաղաքից 8 կմ հարավ: XIX դ. վերջին ուներ 342 (43 տուն) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում գործում էր եկեղեցի (Ս. Հակոբ, 1847-ին կառուցված) և վարժարան (10 աշակերտով): Խ. գ–ի շրջակայքում կային ավերակ բերդի մնացորդներ: Խ. գ–ում էր գտնվում Հարանց վարք անունով մի ձեռագիր՝ քրիստոնեական եկեղեցու նշանավոր հայրերի վարքի մասին: Բնակիչները տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ:


ԽԱՆԻԳԱԼԲԱՏ, Միտաննիի աքքադերեն անվանումը:


ԽԱՆԼԱՐ (մինչև 1938-ը՝ Ելենենդորֆ), քաղաք, Ադրբեջանական ՍՍՀ Խանլարի շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Գյանջաչայ գետի ափին, Կիրովաբադից 10 կմ հվ.: 12,7 հզ. բն. (1970): Կան մեխանիկական և գինու գործարաններ, երկու սովետական տնտեսություն: Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ: Ունի մանկավարժական ուսումնարան: Հրատարակվում են ադրբ. և հայերեն թերթեր:

Նկարներում` Ս.Մ. Խանոյան, Ա.Ղ.Խանջյան


ԽԱՆԾԱՌ, Խանծար, Խանձարուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սվազի (Սեբաստիայի) վիլայեթի համանուն գավառում, Սեբաստիա քաղաքից 13 կմ հյուսիս–արևելք, լեռան ստորոտին, Սեբաստիա–Էրզրում խճուղու վրա: Խ. հիշատակվում է XVI դարից: 1914-ին ուներ 120 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում գործում էին եկեղեցի (Ս. Աստվածածին) և Աթանագինեյան վարժարանը (60 աշակերտով): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:


ԽԱՆԿԱ, լիճ ՌՍՖՍՀ Պրիմորիեի երկրամասում և Չինաստանում: Տարածությունը 4000–4400 կմ2 է (կախված մակարդակի բարձրությունից), խորությունը՝ մինչև 10 մ: Ափերը ճահճապատ են, ջուրը՝ քաղցրահամ, պղտոր: Սառցակալում է նոյեմբերին, սառցազերծվում՝ ապրիլին: Ընդունում է Լեֆու, Մո և այլ գետեր: Խ–ից արտահոսում է Սունգաչան գետը (Ուսսուրիի վտակը): Հարուստ է ձկներով (սազան, կալուգա) և շրային կրիաներով: Նավարկելի է:


ԽԱՆՈՅԱՆ Նինա Մինասի [17(29).9.1879, Թիֆլիս –14.5.1975, Թբիլիսի], հեղափոխական գործիչ: Կոմկուսի անդամ 1905-ից: Սովորել է Թիֆլիսի կանանց գիմնազիայում: 1898–1920-ին ուսուցչություն է արել Թիֆլիսի և գավառի ծխական դպրոցներում: Անձնապես ծանոթ և իր գործունեությամբ կապված է եղել պրոֆեսիոնալ հեղափոխականներ Ս. Շահումյանի, Մ. Ցխակայայի, Բ. Կնունյանցի և Կամոյի հետ: Կատարել է կուսակցական դժվարին հանձնարարություններ (զինամթերքի հայթայթում, բոլշևիկյան մամուլի հրատարակում ու տարածում են): Վրաստանում սովետական կարգերի հաստատումից հետո աշխատել է հանրապետության լուսժողկոմատում, 1922–32-ին՝ ՎԿ(բ)Կ Կենտկոմում: Եղել է Վրաստանի պետ. հրատարակչության կոլեգիայի անդամ: Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:


ԽԱՆՈՅԱՆ Սարգիս (Սերգո) Մելիքսեթի [13(25).3.1877, Թիֆլիս –1937], հեղափոխական, կուսակցական, պետական գործիչ, լրագրող: ՍՄԿԿ անդամ 1902-ից: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1912–14-ին՝ Պետերբուրգի մանկավարժական ակադեմիայում: 1890-ական թթ. մասնակցել է հայ հասարակական–քաղաքական կյանքին, «Հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիայի» հիմնադրմանը, նրա տպագիր օրգանների հրատարակմանն ու տարածմանը: 1902-ին Թիֆլիսում Խ. կապվել է Ս. Շահումյանի, Բ. Կնունյանցի, Ա. Զուրաբյանի հետ, գործուն մասնակցություն ունեցել լենինյան իսկրայական հայ անդրանիկ կազմակերպության՝ «Հայ սոցիալ–դեմոկրատների միության» ստեղծմանը և «Պրոլետարիատ» թերթի հրատարակմանը: 1903-ին մասնակցել է ՌՍԴԲԿ Կովկասյան կազմակերպությունների I համագումարին, ապա մտել Կովկասյան միութենական կոմիտեի կազմի մեջ:

1905–07-ին աշխատակցել է Բաքվում, Թիֆլիսում և Երևանում լույս տեսնող «Բանվորի ձայնը», «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր», «Ֆակտի» (ռուս.) և «Կոչ–Դևեթ» (հայերեն և ադրբ.) թերթերին: 1907 – 1911-ին ուսուցչություն է արել Նուխիում (այժմ՝ Շաքի, Ադրբ. ՍՍՀ–ում), Ղզլարում: 1915–17-ին Ա. Մռավյանի հետ խմբագրել է «Պայքար», «Բանվորի կռիվը» թերթերը: Հետագայում եղել է «Ալիք», «Պահակ», «Նոր ուղի», «Կարմիր աստղ», «Մարտակոչ» թերթերի խմբագիր: 1919-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի հանձնարարությամբ փոխադրվել է Հայաստան, մասնակցել (1919-ի սեպտեմբեր) Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը, ընտրվել ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) անդամ: Դաշնակցական կառավարությունը Խ–ին արտաքսել է Հայաստանից: 1920-ի հոկտեմբերին խ. մեկնել է Սովետական Ադրբեջան, նշանակվել «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագիր: 1921-ին վերադարձել է Հայաստան և նշանակվել ՀՍՍՀ ֆինժողկոմ, 1925-ին՝ Անդրկենտգործկոմի նախագահ, 1930–33-ին՝ արդարադատության ժողկոմ, ապա՝ հանրապետության դատախազ, ՀՕԿ–ի նախագահ:


ԽԱՆՉԱԼԻ, լիճ Ախալքալաքի սարավանդի հարավային մասում, Վրացական ՍՍՀ–ում: Երկարությունը մինչև 7,5 կմ Է, լայնությունը՝ մոտ 3 կմ, բարձրությունը՝ 1931 մ: Սնվում է ձնհալքի ջրերով: Լճի շրջապատը ճահճոտ Է, ջուրը պղտոր Է՝ թույլ կանաչավուն երանգով, խմելու համար ոչ պիտանի:


ԽԱՆՋՅԱՆ Աղասի Ղևոնդի (30.1.1901, Վան –9.7.1936, Թբիլիսի), սովետական կուսակցական և պետական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1917-ից: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Ավարտել է Երևանի թեմական դպրոցը և Էջմիածնի ճեմարանը: Հեղափոխական գործունեությամբ զբաղվել է 1917-ից: 1917-ի ապրիլին Ղ. Ղուկասյանի հետ կազմակերպել է Երևանի երիտասարդ մարքսիստ–ինտերնացիոնալիստների միությունը: 1919-ի ապրիլին Ղ. Ղուկասյանի և Ա. Բուդաղյանի հետ հիմնադրել է Հայաստանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպությունը, իսկ նույն թվականի մայիսին նրանց ջանքերով լույս է տեսել «Սպարտակ» ընդհատակյա թերթը: 1919-ի օգոստոսին ձերբակալվել է: Հեռակա կարգով ընտրվել է (1919-ի սեպտեմբեր) Կոմունիստական երիտասարդական կազմակերպության Անդրկովկասյան բյուրոյի անդամ: 1920-ի հունվարին մասնակցել է Երևանում գումարված կուսակցական ընդհատակյա կոնֆերանսին: ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի որոշմամբ հաստատվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ (1920-ի հուլիս): 1920-ի օգոստոսին դաշնակցական կառավարությունը Խ–ին ձերբակալել է և դատապարտել 10 տարվա բանտաքսորի: Հայաստանում սովետական կար