Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/16

Այս էջը սրբագրված է

Խ. քնաբերը (P. somniferum), որն ունի 8 ենթատեսակ։ Միամյա, 80–150 սմ բարձրության բույս է, արմատն առանցքային է, ցողունը՝ կանգուն, տերևները նստադիր են, մազմզոտ, խոշոր, պտուղը տուփիկ է։ Սերմերը մանր են, տարբեր գույնի։ Ձիթատու խ–ի սերմերը պարունակում են 46–56% ձեթ և մինչև 20% սպիտակուցներ։ Ձեթն օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արտադրությունում, օծանելիքի արդյունաբերության մեջ։ Քուսպն արժեքավոր կեր է, 1 կգ համարժեք է 1,1 կերային միավորի։ Ափիոն–հումքը հավաքում են տեխ. հասունության փուլում (ծաղկումից 20 օր անց), կանաչ տուփիկների վրա հատուկ գործիքով խազեր են առաջացնում, կաթնանման ափիոնը դուրս է հոսում, մածուցիկանում, և այդ վիճակում հավաքում են։ ՍՍՀՄ–ում ձիթատու Խ–ի եվրասիական ենթատեսակը մշակվում է Ուկրաինայում, Կենտրոնական սևահողային գոտում, Թաթարական և Բաշկիրական ԻՍՍՀ–ներում, Պովոլժիեում, Սիբիրում, իսկ մինչև 1974-ը ափիոնատու Խ–ի տյանշանական ենթատեսակը մշակվել է Կիրգիզական ՍՍՀ–ում։

նկարում` Քնաբեր խաշխաշ, ձախից՝ բույսի վերին մասը, աշից՝ տարբեր ձևի տուփիկները

ԽԱՇՆԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ, տես Անասնապահություն։


ԽԱՇՈՒՐԻ, քաղաք (1921-ից), Վրացական ՍՍՀ Խաշուրիի շրջանի կենտրոնը։ Երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների հանգույց է։ 25,8 հզ. բն. (1975)։ Կան երկաթուղային տրանսպորտի ձեռնարկություններ, տեքստիլ–գալանտերեայի ֆաբրիկա, ապակե տարայի, մեխանիկական, պահածոների գործարաններ, մսի–կաթի կոմբինատ, հայրենագիտական թանգարան։


ԽԱՇՈՒՓՍԱ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, Խաշուփսա գետի ափին, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ։ Ունի հայկական ութամյա դպրոց, ակումբ–կինո, բուժկայան։ Գյուղի հս. մասում պահպանվել են ամրոցի ավերակներ (VIII– X դդ.)։ Խ. հիմնադրել են Սամսունից եկած հայերը, 1899-ին։


ԽԱՉ [հայերեն խոչ կամ խէչ (փայտյա ցից) բառից], քրիստոնեական խորհրդանշան և պաշտամունքի առարկա։ Խ–ին գերբնական իմաստ է վերագրվել նախնադարյան ժամանակներից։ Տարածված է եղել Չինաստանի, Հնդկաստանի, Միջագետքի, Պաղեստինի, Եգիպտոսի, Հայկական լեռնաշխարհի, Փոքր Ասիայի հին ցեղերի ու ժողովուրդների կրոնական հավատալիքներում։ Խ–ի հնագույն տեսակ է սվաստիկան (կեոխաչ)։ Հռոմեական կայսրությունում խաչաձև փայտյա ցիցը իշխանությունն օգտագործել է որպես ստորին խավերի մահապարտներին խաչելու դաժան ու անարգ պատժամիջոց։ Այդ պատճառով Հռոմեական կայսրությունում ծանր վիշտը, անգթությունը փոխաբերական առումով անվանել են «խաչ»։ Կայսրության ստորին խավերը, հատկապես քրիստոնյաները, հակադրվելով իշխողներին, խ. հռչակեցին տառապանքի միջոցով մարդկության մեղքերի քավության, փրկության և հավիտենական կյանքի նշանակ։ Քրիստոնեական եկեղեցին խ–ի երկրպագությունը բխեցնում է Հիսուս Քրիստոսի խաչման մասին ավետարանական զրույցից։ Ըստ եկեղեցականների, Խ–ի պաշտամունքը քրիստոնեության մեջ հաստատվել է այն բանից հետո, երբ Կոստանդին կայսեր մայրը՝ Հեղինեն, 326-ին Երուսաղեմում իբր գտել է Քրիստոսի խաչափայտը։ V դարից Խ. զարդարել է եկեղեցիների խորշերը, դրվել քրիստոնեական տաճարների տանիքներին, գմբեթներին (Հայաստանում՝ նաև խաչքարերին), XI դարից՝ եկեղեցաբեմի սեղանին։ խ. պատկերվել է նաև դրամների, զինանշանների, զգեստների վրա։

Գրկ. Нейхардт А. А.., Происхождение креста, M., 1975.


ԽԱՉ (լատ. Crux), Հարավային խաչ, համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում։ Գտնվում է ճանճ և Կենտավրոս համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղերը չորսն են և դասավորված են խաչաձև։ Հս. միջին լայնություններից չի երևում։


ԽԱՉ, գյուղ Թուրքիայում, Իզմիրի վիլայեթում։ 1915-ին ուներ 264 (40 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ զգալի մասը զոհվել է, ողջ մնացածները ներգաղթել են Արևելյան Հայաստան։


ԽԱՉ, Խազգյուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Դերջան գավառում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կային եկեղեցի (Ս. Պողոս–Պետրոս) և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։


ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Cruciferae կամ Brassicaceae), ծածկասերմ բույսերի ընտանիք։ Խոտաբույսեր են, երբեմն կիսաթփեր՝ պարզ, բազմաձև տերևներով։ Ծաղիկները մանր են, երկսեռ՝ հավաքված ողկույզ ծաղկաբույլերում։ Ծաղկապատը քառանդամ է, պսակը կազմված է խաչաձև դասավորված չորս թերթիկներից (այստեղից՝ խ. անվանումը)։ Առէջքները մեծ մասամբ 6-ն են, 2 շրջանով դասավորված, վարսանդը վերնադիր է։ Պտուղը պատիճ է կամ պատիճակ։ Խ–ի մեծ մասն ունի գործնական նշանակություն, օգտագործվում է որպես բանջարեղեն (օրինակ. կաղամբը, բողկը ևն)։ Որոշ Խ. (օրինակ. մանանեխը, գոնգեղը, սորուկը) պարունակում են տեխ. և սննդային նշանակություն ունեցող յուղեր, լրջաբույսը (Isatis) բարձրարժեք հումքային բույս է, որի տերևներից ստացվում է ինդիգո կապույտ ներկը։ Շահպրակը (Matthiola annua), գիշերային մանուշակը (Hesperis) կիրառվում են դեկորատիվ ծաղկաբուծության մեջ։ Խ–ից շատերը պարունակում են խիստ հոտավետ եթերայուղեր։ Ավլախոտը (Sisymbrium), հովվամաղախը (Capsella bursa-pastoris), շնկոտեմը (Thlaspi) ևն տարածված մոլախոտեր են և մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Խ–ի մեծ մասը մեղրատու բույսեր են, որոշ մասը՝ դեղաբույսեր։ Հայտնի են Խ–ի ավելի քան 350 ցեղ, 3000 տեսակ։ Տարածված են հիմնականում Հս. կիսագնդում։ ՍՍՀՄ–ում կան 130 ցեղ, 800 տեսակ։ ՀՍՍՀ տարածքում Խ. ներկայացված են մոտավորապես 71 ցեղով և մի քանի հարյուր տեսակներով։ Թ. Ծաաուրյան


ԽԱՉԱԿԻՐՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, խաչակրաց արշավանքների ժամանակ եվրոպացիների հիմնած պետություններն Արևելքում։ 1098-ին հիմնվել են Եդեսիայի կոմսությունը և Անտիոքի դքսությունը, 1099-ին՝ Երուսաղեմի թագավորությունը, 1109-ին՝ Տրիպոլիի կոմսությունը, 1192-ին՝ Կիպրոսի Լուսինյան թագավորությունը։ Եդեսիայի կոմսությունը, Անտիոքի դքսությունը և Տրիպոլիի կոմսությունը անվանական կախման մեջ էին Երուսաղեմի թագավորությունից։ Խ. պ–ում ընդօրինակվել է Արևմտյան Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում տիրող ֆեոդալական համակարգը։ Մահմեդական երկրների ճնշման և ներքին հակասությունների հետեվանքով Խ. պ. կործանվել են։ 1144-ին Մոսուլի ամիրան գրավել է Եդեսիան, 1187-ին Եգիպտոսի սուլթան Աալահեդդինը՝ Երուսաղեմը։ Մամլուքները 1268-ին կործանել են Անտիոքի դքսությունը, 1289-ին՝ Տրիպոլիի կոմսությունը։ 1489-ին Կիպրոսի թագավորությունը միացվել է Վենետիկի հանրապետությանը։ Խ. պ–ի հասարակական և տնտ. կյանքի ուսումնասիրության կարևոր աղբյուրներ են «Անտիոոքի ասիզները» և «Երուսաղեմի ազիզնհրը»։ Ս. Բոռնազյան


ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐ, արևմտա–եվրոպական ֆեոդալների զավթողական արշավանքներն Արևելքում 1096–1270-ին։ Նշանաբանն Էր՝ «քրիստոնեական սրբավայրերի ազատագրումը մահմեդականներից»։ Խ. ա–ի մասնակիցներն իրենց թիկնոցներին կրում էին խաչի նշանը (այստեղից Էլ՝ նրանց «խաչակիր» անվանումը)։ 1070–80-ական թթ. սելջուկները Փոքր Ասիայում նվաճեցին բյուգանդական տիրույթները, ինչպես նաև Երուսաղեմը։ Բյուզանդիան «տիրոջ գերեզմանը» (գտնվում էր Երուսաղեմում) սելջուկներից ազատագրելու պատրվակով ռազմ. օգնություն խնդրեց արմ–ից։ Կաթոլիկ եկեղեցին՝ պապի գլխավորությամբ, արլ–ի