Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/171

Այս էջը հաստատված է

օրինակի ընդհանրացման և այլակերպման տարրերով: Բնանկարները, դիմանկարները, նատյուրմորտները, դեկորատիվ բնույթի կոմպոզիցիաները աչքի են ընկնում կառուցվածքային ամբողջականությամբ: Բնությունը, մարդիկ և ինքը՝ նկարիչը, միաձուլվում են մեկ ընդհանրության մեջ: Կ–ի մի շարք ստեղծագործություններ տարբեր ժանրերի օրգանական համադրումներ են («Նկարչի ընտանիքը և ծաղիկներ», 1956, «Երեք ֆիգուրով կոմպոզիցիա», 1967): Կ–ի հանրահայտ գործերից են գրող Վ. Չեթեջյանի, պարուհի Մ. Պլիսեցկայայի (1964), արտիստուհի վ. իյմարայի (1961), նկարչուհի Բ. Հովհաննիսյանի (1959) դիմանկարները, «Բամբակահավաքը Արտաշատում» (1950), «Սեանա կղզու Ս. Կարապետ եկեղեցին» (1956), «Աշունը բուսաբանական այգում» (1961), «Լենինի պողոտա, Երևան» (1966-1967), «Գարունը մեր բակում» (1967) բնանկարները, «Նատյուրմորտ, մրգեր» (1959), «Նատյուրմորտ» (1960) կտավները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1962, 1970) ևՄոսկվայում (1965, 1970): Կ–ի ստեղծագործությունների գերակշռող մասը գտնվում է Երևանի՝ իր անունը կրող տուն–թանգարանում, Հայաստանի պետական պատկերասրահում, ինչպես նաև Մոսկվայի, Լենինգրադի, Նյու Չորքի, Փարիզի, Բեյրութի մասնավոր հավաքածուներում: Պատկերազարդումը տես 113–րդ էջից առաջ՝ ներդիրում: Գրկ. Ստեփանյան Ն., Կալենց Հարություն, կատալոգ, Ե., 1970: Удивиельный Галенц. Статьи и воспоминания, Е., 1969.

ԿԱԼԵՍՆԻԿ Ստանիսլավ Վիկենտևիչ [ծն. 10(23).1.1901, Պետերբուրգ], սովետական ֆիզիկա–աշխարհագրագետ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1963), ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1929-ին ավարտել է Լենինգրադի համալսարանը: 1964-ից՝ ՍՍՀՄ աշխարհագրական ընկերության պրեզիդենտ: 1968-1972-ին՝ Միջազգային աշխարհագրական միության փոխպրեզիդենտ: Աշխատությունները վերաբերում են ընդհանուր երկրագիտությանը, լանդշաֆտագիտությանը, սառցագիտությանը և գեոմորֆոլոգիային: Կ–ի անունը կրող սառցադաշտեր կան Անդրիլիյան ու Զունգարական Ալաթաուում և Բևեռային Ուրալում: Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով: Երկ. Очерки гляциологии, М., 1963; Обшие географические законамерности Земли, М., 1970: Ընդհանուր երկրագիտության հիմունքներ, մաս 1—2, Ե., 1956–59:

«ԿԱԼեՎԱԼԱ» («Kalevala»), կարելա–ֆիննական ազգային էպոս: Գրի է առել և ի մի բերել ֆինն գիտնական է. կոնրոաը XIX դ. 1-ին կեսին: 1835-ին հրատարակվել է առաջին տարբերակը (32 ռուն), 1849-ին՝ երկրորդը (50 ռուն, 22.795 չափածո տող): Ռուներում պատկերված է ժողովրդի պայքարը ընդդեմ հյուսիսի խըստաշունչ բնության և, մասնավորապես, ընդդեմ բռնակալ Լոուխիի: Պայքարը գըլխավորում է էպոսի գլխավոր հերոս, երգասաց Վյայնյամեյնեն: էպոսում զգալի տեղ են գրավում կենցաղի, սիրո, աշխատանքի պատկերները: Թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով: 1949-ին ՄՄՀՄ–ում տոնվել է էպոսի լրիվ հրատարակության հարյուրամյակը: 1972-ին «Կ.» լույս է տեսել հայերեն՝ Հ. Սիրասի արձակ վերապատմումով:

Հ. Սիրաս

«ԿԱԼԵՎԻՊՈԵԳ», էստոնական ազգային էպոս: Հնագույն ժամանակներից էստոնացիների մեջ տարածված են եղել զրույցներ դյուցազն Կալևիպոեգի մասին: Զրույցները հավաքել է Ֆ. Ֆելմանը: Դրանց հիման վրա Ֆ. Կրեյցվալդը ստեղծել է էստոնական ժող. երգին բնորոշ բանաստեղծական չափով, ծավալուն սյուժեով, ամբողջական էպիկական մի ստեղծագործություն: Հրատարակվել է 1857–61-ին՝ գերմ. թարգմանության հետ: «Կ.»-ում պատկերված են հին էստերի տիրակալ Կալևիպոեգի գործերը, նրա պայքարը ժողովրդին թշնամի ուժերի դեմ: էպոսի վերջին դրվագները վերաբերում են խաչակիրների ներխուժմանը էստոնիա (XIII դ. սկիզբ): Կալևիպոեգի ճակատագիրը էստոն ժողովրդի պատմական ճակատագրի հեքիաթային բանաստեղծական արտացոլումն է: Մեծ է «Կ.»-ի դերը էստոնական ազգային գրականության կազմավորման գործում:

Է. Սաղոյան

ԿԱԼԵՐԳ, հայ ժողովրդական ավանդական աշխատանքային երգ (նաև երգատեսակ), որ հնչել է հացահատիկի հունձքը կամով կալսելիս, բանող անասուններին խրախուսելու և այդ միջոցով աշխատանքը թեթևացնելու նպատակով: Արտահայտել է նաև գյուղացու անձնական հույզերն ու ապրումները: Որպես կանոն, հանպատրաստից հորինվող խոսքերում կան «հո՝լ արա», «հո՝լ ել» և նման բացականչություններ՝ կապված անասունների շրջանաձև պտտման հետ, ու նրանց անունանուն գովաբանող արտահայտություններ: Մեղեդիներին բնորոշ է հանդարտ ընթացքով սահուն շարժում, իմպրովիզացիոն բնույթ, չպարփակվող կառուցվածք, հոգեպարար անմիջականություն: Երբեմն Կ–երը անվանել են նաև հորովեչներ: Կ–երի դասական նմուշներ են Կոմիտասի ձայնագրած «Ոտիդ արա» և «Հոլ արա, եզո» երգերը: Երաժշտական բովանդակությամբ ու կառուցվածքով Կ–երին մոտիկ են սայլերգերը: Ռ. Աթայան ԿԱԼԻ (Cali), քաղաք Կոլումբիայի արևմուտքում, Վալյե–դել–Կաուկա դեպարտամենտի վարչական կենտրոնը: Գտնվում է Արևմտյան Կորդիլիերաների ստորոտին (1000 մ բարձրության վրա), Կաուկա գետի հովտում: 898 հզ. բն. (1971):

ԿԱԼԻԲՐ (ֆրանս. calibre), տես Տրամաչափ։

ԿԱԼԻԳՈՒԼԱ Գայոս Հուլիոս Կեսար (Gaius Julius Caesar Caligula) (12–41), հռոմեական կայսր 37-ից: Գերմանիկոսի որդին, Տիքերիոսի հաջորդը: Ձգտել է անսահմանափակ իշխանության: Կատարած մեծ ծախսերի հետևանքով դատարկված պետ. գանձարանը լրացնելու համար ավելացրել է հարկերը, բռնագրավել սենատորների և հարուստ հռոմեացիների ունեցվածքը: Սպանել են դավադիրները: Կ. 37-ին վերականգնել է Փոքր Հայքի թագավորությունը և թագավոր հռչակել Պոնտոսի Պոլեմոն I թագավորի թոռ Կոտիսին, իսկ Մեծ Հայքում թագավորող վրաց Փարսման թագավորի եղբայր Միհրդատին կանչել է Հռոմ և աքսորել:

ԿԱԼԻԴԱՍԱ (ծն. և մահ. թթ. անհտ.), մոտ V դ. հնդիկ բանաստեղծ, դրամատուրգ: Հնդկական ավանդույթը նրան համարում է մ. թ. ա. I դ. գրող: Կ–ի մասին կենսագրական հավաստի տեղեկություններ չկան: Ըստ ժող. զրույցների՝ եղել է հովիվ և իր տաղանդի ուժով հասել պալատական բանաստեղծի աստիճանի: Կ–ի ոգեշնչման գլխավոր աղբյուրը բնությունն է, ժողովըրդի կյանքը: «Ռագհուի տոհմը» պոեմում Կ. պատկերում է Հնդկաստանի ժողովուրդների կյանքը, դատապարտում հպատակների շահերն արհամարհող տիրակալին: «Կումարայի ծնունդը» էպիկական և «Տարվա եղանակները» քնարական պոեմները երգում են մարդկային զգացմունքների բերկրանքը, սիրո ամենահաղթ ուժը: Կ–ի դրամատուրգիան Հին Հնդկաստանի թատերական արվեստի բարձր մակարդակի վկայությունն է. այն ջնջում է ամենակարող աստծո և իբր անգոր մարդու միջև ընկած սահմանագիծը: Վեդաների և «Մահաբհարաթա» սյուժեների հիման վրա ստեղծված Կ–ի դրամաներն արձագանքում են իր ժամանակի իրադարձություններին՝ «Մալավիկան և Ագնիմիտրան», «Շակունտւսլա» («Մատանիով ճանաչված Շակունտալան»), «Արիությամբ նվաճված Ուր վաշին»: Կ–ի դրամաները թարգմանվել են արլ. շատ և եվրոպական գրեթե բոլոր լեզուներով:

Երկ․ Избранное, М., 1974. Գրկ․ Эрман В. Г. Калидаса М., 1976.

Շ. Պարյան

ԿԱԼԻԿԱԼԱ, էրզրում քաղաքի արաբական անվանումը, տես էրզրում:

ԿԱԼԻԿՐԱՏԵՍ CALICRIGHT, մ. թ. ա. V դարի կեսի հին հունական ճարտարապետ: Ստեղծագործել է Աթենքում: Ակրոպոլիսում կառուցել է Նիկե Ապտերոս (անթև Նիկե) տաճարը (մ. թ. ա. 420–421), Իկւոինոսի հետ համատեղ՝ Պարթենոնը: Մասնակցել է Աթենքից Պիրեա ընկած, այսպես կոչված՝ «երկար որմեր»-ի շինարարությանը:

ԿԱԼԻՄԱՆՏԱՆ (Kalimantan), Բոռնեո (Borneo), Մալայան արշիպելագի ամենախոշոր կղզին: Տարած. 734 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 6,6 մլն (1969): Թույլ կտրտված մակերևույթով կղզի է՝ ժամանակակից հրաբխականության բացակայությամբ: Ափերը ցածրադիր են, ճահճակալած: Կենտրոնական մասը կազմված է բեկորային լեռնաշղթաներից (ւսմենաբարձըր կետը Կինաբալուն է, 4101 մ), ավագաքարային և տուֆային սարավանդներից, ծայրամասերում հերթագայում են լեռներն ու հարթավայրերը: Օգտակար հանածոներից կան նավթ, քարածուխ, երկաթ, մոլիբդեն, պղինձ, ոսկի: Կլիման հասարակածային է, տարեկան տեղումները՝ 2000–3500 մմ: Գետային ցանցը խիտ է, ջրառատ: Հողերը պոդզոլացված լատերիտներ են: Տերիտորիայի մոտ 3/4-ը անտառածածկ է: Հարուստ և բազմազան է կենդանական աշխարհը: Հիմնական կուլտուրաներն են բրինձը, կաուչուկատուները, արմավենիները: Գլխավոր քաղաքներն են Բանջարմասինը, Պոնտիանակը, Կուչինգը: