Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/204

Այս էջը սրբագրված է

բնակչությունը 20% է: Առավել մեծ քաղաքներն են Դուալան, Ցաունդեն, Բաֆուսամը,Ֆումբանը:

V. Պատմական ակնարկ

Կ-ի տարածքում մարդու բնակության հետքերը վերաբերում են միշին և վերին հին քարի դարին: Կ–ի տարածքի հս–ում մ. թ. VIII–XIV.դդ. բնակվել է սաո ժողովուրդը: 1472-ին Վուրիի գետաբերան իջած պորտուգ. նավաստիները գետում մանր ծովախեցգետինների առատության պատճառով այն կոչեցին «Ռիո դոս կամարոես» (ծովախեցգետինների գետ): Այդ անունը Կամերուն ձևով հետագայում տարածվեց ամբողջ երկրի վրա: XVI դ. վերջից Կ. թափանցեցին եվրոպացիները: XVIII ղ. Կ. մուտք գործեց մահմեդականությունը: XIX դ. Կ–ի առափնյա մասերում հիմնվեցին գերմ. և ֆրանս. առաջին առևտրակայանները: 1884-ին դուալա ցեղի հետ պայմանագիր կնքվեց Կ–ի ծովափը Գերմանիայի պաշտպանության տակ առնելու մասին, թեև որոշ ցեղեր դիմադրեցին գաղութարարներին: XIX դ. 2-րդ կեսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան մի շարք պայմանագրերով որոշեցին իրենց իրավունքները Կ–ում: Երկրի գաղութային շահագործումը առաջ բերեց ապստամբություններ, որոնք դաժանորեն ճնշվեցին: 1916-ին անգլոֆրանսիական զորքերը Կ–ից դուրս մղեցին գերմանացիներին: Արևելյան Կ–ի մանդատը հանձնվեց Ֆրանսիային, Արևմտյան Կ–ինը՝ Անգլիային: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մանդատային վարչակարգը փոխարինվեց ՄԱԿ–ի խնամակալության տակ գտնվող տերիտորիայի ստատուտով (1946), կառավարումը իրականացնելու էին Անգլիան (Արմ. Կ.) և Ֆրանսիան (Արլ. Կ.): Արևմտյան Կ. վարչականորեն միացվեց անգլ. Նիգերիա գաղութին և բաժանվեց երկու մասի՝ Հյուսիսային Կ. և Հարավային Կ.: Կ–ի ժողովուրդները ազատագրական պայքար էին մղում օտարերկրյա տիրապետության դեմ: Այդ պայքարը գլխավորեց 1948-ին ստեղծված Կամերունի ժողովուրդների միությունը (ԿԺՄ): 1955-ին սկսվեց պարտիզանական պայքար: 1960-ի հունվ. 1-ին Արևելյան Կ. հռչակվեց անկախ, մարտին՝ Կամերունի Հանրապետություն: 1960-ի սեպտեմբերին Կ. դարձավ ՄԱԿ–ի անդամ: Երբ 1960-ի հոկտեմբերին հռչակվեց Նիգերիայի անկախությունը, ՄԱԿ–ի որոշմամբ Արևմտյան Կ–ի հս. և հվ. մասերում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքների համաձայն Հյուսիսային Կ. միացվեց Նիգերիայի Ֆեդերացիային, իսկ Հարավային Կ.՝ Կամերունի Հանրապետությանը: 1961-ի հոկտ. 1-ին կազմվեց Կ–ի Ֆեդերատիվ Հանրապետությունը (ԿՖՀ), որի կազմի մեջ մտնող մասերը կոչվեցին Արևմտյան Կ. (նախկին Հվ. Կ.) և Արևելյան Կ. (նախկին Կ–ի հանրապետությունը): Պրեզիդենտ և ֆեդերալ կառավարության ղեկավար դարձավ Կ–ի Հանրապետության պրեզիդենտ, Կամերունի միության (ԿՄ, հիմնվել է 1958-ին) ղեկավար Ահմադու Ահիջոն: 1972-ի մայիսին ԿՖՀ վերանվանվեց Կամերունի Միացյալ Հանրապետություն: 1972-ի հունիսին ուժի մեջ մտավ նոր սահմանադրությունը: 1963-ից Կ. Աֆրիկյան միասնության կազմակերպության, 1966-ից՝ Կենտրոնական Աֆրիկայի պետությունների Մաքսային և տնտ. միության անդամ է: Կ–ի կառավարությունը հանդես է գալիս միջաֆրիկյան համերաշխության և միասնության ամրապնդման, Աֆրիկայում գաղութատիրության վերացման օգտին, ռասիզմի դեմ: 1962–63-ին Կ–ի և ԱՍՀՄ–ի միջև ստորագրվել են համաձայնագրեր առևտրական, մշակութային, տնտ. և տեխ. համագործակցության մասին: 1964-ի փետր. 20-ին Կ–ի և ԱՍՀՄ–ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:

VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները

Կամերունյան ազգային միություն (ԿԱՄ), կառավարող կուսակցությունը ստեղծվել է 1966-ին: Կամերունի աշխատավորների ազգային միություն (ԿԱԱՄ), ստեղծվել է 1972-ին՝ երեք արհմիությունների միավորումով, երկրի միասնական արհմիութենական կենտրոնն է:

VII. Տնտեսությունը

Թույլ զարգացած ագրարային երկիր է: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Արդյունաբերության մեջ գերակշռում է գյուղատնտ. հումքի վերամշակումը: Տնտեսության մեջ մեծանում է պետության դերը: Միաժամանակ ընդլայնվում են օտարերկրյա կապիտալի դիրքերը, զարգանում է մասնավոր կապիտալը: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող հողատարածությունները կազմում են տերիտորիայի 4,7%–ը, որի մոտ 30%–ը զբաղեցնում են արտահանության համար մշակվող կուլտուրաները: Մշակում են կակաո, սուրճ, բանան, բամբակենի, կաուչուկատուներ ևն: Հս. և արմ. շրջաններում զբաղվում են նաև անասնապահությամբ: Զարգացած է անտառային , տնտեսությունը: Համաշխարհային շուկայում արևադարձային ազոբե թանկարժեք բնափայտի արտահանման մենաշնորհը պատկանում է Կ–ին: Տարեկան մթերվում է մոտ 400 հզ. ահ. փայտանյութ: Զբաղվում են նաև ձկնորսյււթյլամբ: Ունի թույլ զարգացած լեռնահանքային արդյունաբերություն: Արդյունահանում են կապար (Մայո Դառլե), ոսկի (Նդոկայո և Բատուրի), կիանիտ (էդեայի մոտ), շինանյութեր: Առավել նշանակություն ունի փայտամշակման և գյուղատնտեսական հումքի նախնական մշակման արդյունաբերությունը: Կան փայտամշակման, կահույքի, լուցկու ֆաբրիկաներ, բամբակազտիչ, ձեթօճառի ձեռնարկություններ, կակաոյի և սուրճի վերամշակման ֆաբրիկաներ, կաուչուկի նախնական մշակման, ծխախոտի, գարեջրի, մանածագործական, ներկարարական, հեծանիվների ու ռադիոընդունիչների հավաքման գործարաններ ևն: Արդ. գլխավոր կենտրոններն են Դուալան և Ցաունդեն: Ներմուծվող կավահողի բազայի վրա էդեայում կառուցվեյ է ալյումինի գործարան (կավահողը ներմուծվում է Գվինեական Հանրապետությունից): 1974/75-ին արտադրվել է 1,3 մլրդ կվտ.ժ էլեկտրաէներգիա: Զարգացած է տնայնագործական արտադրությունը: Ավտոճանապարհների երկարությունը 30 հզ. կմ է, երկաթուղիներինը՝ 1173 կմ (1976): Գլխավոր նավահանգիստներն են Դուալան, Վիկտորիան, Տիկոն: Նավարկելի է Բենուե գետը, օդանավակայաններ կան Դուալա և Ցաունդե քաղաքներում: Արտահանում է կակաո, սուրճ, ալյումին, բամբակի թել, բանան, կաուչուկ, փայտանյութ, ծխախոտ ևն: Ներմուծում է սարքավորում, պատրաստի արտադրանք,

Անկախության հրապարակը Ցաունդեում