Մահից առաջ Պետրոս Գետադարձը Սեբաստիայի Ս. Նշան վանքում Խ. Բ Ա–ուն օծել է կաթողիկոս: Բայց շուտով, կայսր Կոստանդին Դուկասի հրամանով, Խ. Բ Ա. կալանվել է և մի քանի եպիսկոպոսների հետ 1059-ի սկզբին տարվել Կ. Պոլիս: Այնտեղ Խ. Բ Ա–ուն ենթարկել են բռնությունների. փորձել են դավանափոխ անել, Հայոց կաթողիկոսությունը հունաց պատրիարքին ենթարկել, անգամ հարկատու դարձնել Հայոց եկեղեցին: Խ. Բ Ա. միացել է անդրդվելի և մատնվել աքսորի: 1062-ին ազատվել է և հաստատվել Երկրորդ Հայքի Տարնտա գավառի Թավբլուրի վանքում: Խ. Բ Ա–ու աթոռակալման վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը ենթարկվել է սելջուկյան նոր ասպատակությունների, որոնց ժամանակ էլ ավերվել է (1065-ի օգոստոս) Անիի կաթողիկոսարանը: Դրանից քիչ հետո վախճանվել է Խ. Բ Ա. և թաղվել Թավբլուբում: Թեպետ կաթողիկոս դառնալուց հետո Խ. Բ Ա. երբեք Անիում չի եղել, բայց համարվում է Անիի վերջին Հայոց կաթողիկոսը, որովհետև պաշտոնական կաթողիկոսարանը մինչև ավերվելը Անիում էր գտնվում: Խ. Բ Ա–ու մահից հետո, մինչև 1441-ը, Հայոց կաթողիկոսության աթոռանիստը մնաց Մեծ Հայքի սահմաններից դուրս:
Գրկ. Արիսաակես Լաստիվերցի, Պատմություն, Ե., 1971: Մատթեոս Ոռռհայեցի, ժամանակագրություն, Ե., 1973: Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 1, ԿՊ, 1912:
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ, Խաչիկ վարդապետ Դադյան [Դադյան–Տեր–Գրիգորյան Վահան (1863, Վարանդայի գավառի գ. Զարդարաշեն կամ Վերին Թառավարդ – մահ. թ. անհտ.)], հայ բանահավաք–բանասեր, հնագետ: Շուշվա թեմական դպրոցն ավարտելուց (1881) հետո ուսուցչավարել է Շուշիում ու Խանքենդում: 1888-ին կուսակրոն ձեռնադրվելով՝ հոգևոր ծառայություն է կատարել Ամարասի Ս. Դրիգորիս և Մեծառանք գավառի եպիսկոպոսանիստ Մ. Հակոբի վանքերում: Այդ ընթացքում պեղել է Առաջաձոր ու Քոլատակ գյուղերի մոտակայքում եղած դամբարանաբլուրները և հետազոտել Կաչաղակաբերդը: Միաժամանակ հավաքել է Լեռնային Ղարաբաղի ու հարևան մյուս հայկ. շրջանների հոգևոր կենտրոններում ու մասնավոր անձանց մոտ գտնվող հնություններ, ձեռագրեր ու պատառիկներ, ընդօրինակել վիմական արձանագրություններ: 1894-ին դառնալով Էջմիածնի վանքի վարդապետ՝ դրանք հանձնել է նրա մատենադարանին: 1898-ին նշանակվելով պարսկահայության հոգևոր առաջնորդի փոխանորդը Մալմաստում՝ շրջագայել է Պարսկաստանի հայաբնակ վայրերը, հավաքել և Էջմիածնի տնօրինությանը հանձնել հայերեն և այլալեզու բազմաթիվ ձեռագրեր, վավերագրեր, հնագիտական նյութեր ու այլազան արժեքներ (պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում, Հայաստանի պատմության թանգարանում, ՀՄՍՀ պետական արխիվում ևն): Ռուս, կայսերական հնագիտական հանձնաժողովի թույլտվությամբ և Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հովանավորությամբ 1900–04-ին պեղել է Զվարթնոցը (այս գործում Խ. Վ–ին մեծապես օգնել է պեղումների վերակացու Ե. Ղ. Հարությունյանը): Հողի երես հանելով հայ ճարտարապետության այդ անկրկնելի կոթողի բեկորները՝ փաստորեն դրել է հուշարձանի ուսումնասիրման հիմքը: Պեղումներ է կատարել նաև Դվինում և Արմավիրում (վերջինում հայտնաբերել է 28-տողանի ուրարտ. արձանագրություն): Զբաղվել է նաև հայ բանահյուսության նմուշների հավաքմամբ ու հետազոտմամբ, պատմական հուշարձանների նկարագրությամբ, մատենագրական երկերի, պատմական փաստերի ու երևույթների աղբյուրագիտական քննությամբ: Հետազոտությունների արդյունքների մի մասը հրապարակել է ժամանակի պարբերականներում (մնացածներն անտիպ վիճակում պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում և այլուր):
Բ. Ուլուբաբյան
ԽԱՉԻԿ ՕՂԼՈՒ ԳՈՄ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Դերջան գավառում: 1909-ին ուներ 18 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին՝ Կամախի կիրճում, փրկվածները տարագրվել են օտար երկրներ:
Նկարում` Լ. Ս. Խաչիկյան
ԽԱՉԻԿՅԱՆ Եվգենյա Սերգեյի [ծն. 3(16).2.1915, Թիֆլիս], հայ սովետական օպերային երգչուհի (քնարա–դրամատիկական սոպրանո): ՀՍՄՀ ժող. արտիստուհի (1961): 1936-ին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (դասատու՝ Լ. Ա. Միխայլովսկայա): 1938–68-ին՝ Երևանի Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: Դերերգերից են՝ Նատաշա (Դարգոմիժսկու «Ջրահարսը»), Արևիկ (Հ. Ատեփանյանի «Լուսաբացին»), Աիդա (Վերդիի «Աիդա»), Չիո–Չիո–սան (Պուչչինիի «Չիո–Չիո–սան»), Շուշան (Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ»):
ԽԱՉԻԿՅԱՆ Էդուարդ Երեմի (ծն. 16.12. 1928, Երևան), հայ սովետական աստղագետ: Ֆիզմաթ գիտ. դ–ր (1975), Միջազգային աստղագիտական միության անդամ (1967-ից): ՍՄԿԿ անդամ 1950-ից: Ավարտել է Երևանի համալսարանը (1951): 1960–69-ին եղել է Բյուրականի աստղադիտարանի գիտնական քարտուղարը, 1970-ից սպեկտրոսկոպիայի լաբորատորիայի վարիչն է: Աշխատանքները վերաբերում են գազային միգամածությունների և գալակտիկաների ուսումնասիրությանը: Առաջինն է կատարել Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցների հայտնաբերած ավելցուկային ուլտրամանուշակագույն ճառագայթում ունեցող օբյեկտների մանրակրկիտ սպեկտրային ուսումնասիրությունը և հայտնաբերել Սեյֆերտի տիպի նոր գալակտիկաներ:
ԽԱՉԻԿՅԱՆ Լևոն Ստեփանի (ծն. 1.5. 1918, Երևան), հայ սովետական պատմաբան, բանասեր–աղբյուրագետ: Պատմ. գիտ. դ–ր (1962), պրոֆ. (1966), գիտության վաստ. գործիչ (1968), ՀՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1971): ՍՄԿԿ անդամ 1950-ից: Ավարտել է Երևանի պետ. համալսարանի պատմության ֆակուլտետը (1940): 1949–1954-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում, որի տնօրենն է 1954-ից: Զբաղվում է միջնադարյան Հայաստանի պատմությամբ և աղբյուրագիտությամբ՝ կարևոր տեղ հատկացնելով հայ ժողովրդի տնտ. կյանքի և հասարակական շարժումների հարցերին («Փոքր Հայքի սոցիալական շարժումների պատմությունից», 1951, «14–15-րդ դարերի հայկական գյուղական համայնքի մասին», 1958, «Երզնկա քաղաքի «Եղբարց միութեան» կանոնադրությունը», 1962): Խ–ի երկարամյա ուսումնասիրության արդյունք է XIV և XV դդ. հայերեն ձեռագրերի հիշատակարանների հրատարակությունը, որի հիման վրա լուսաբանել է տվյալ ժամանակաշրջանի հայ ժողովրդի քաղ. և տնտեսական կյանքի, ինչպես և Սյունիքի, Արտազի, Համշենի ավատական տների պատմությունը՝ շաղկապված մշակութային կյանքի հետ: Մի շարք աշխատություններ նվիրված են հայ հնագույն դպրության հարցերին («Նախամեսրոպյան գրի հարցը և հմայագրերը», 1963, «Գրիգոր Պարթևին վերագրված «Հարցումը», 1964), ինչպես նաև միջնադարյան հայ գաղթավայրերի և վաճառականության պատմության անհայտ էջերին («Հայկական գաղթավայրերը Ուկրաինայում XVI–XVII դարերում», 1954, «Նոր նյութեր Կիևի հին հայկական գաղութի մասին», 1961, «Սարգիս աբեղայի Ուղեգրությունը», 1970): Միջնադարի հայ կրթական կենտրոնների և գիտական մտքի պատմության հարցերին են նվիրված «Դլաձորյան համալսարանը և նրա սաների ավարտական ատենախոսությունները» (1946), «Դիահերձումները հին Հայաստանում» (1947), «Մատթեոս Զուղացեցու կյանքը և մատենագրությունը» (1956) գործերը: Աղբյուրագիտական արժեքավոր ներդրում են Խ–ի կազմած «ԺԴ» դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (1950) և «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (հ. 1–3, 1955–67) գործերը: Մասնակցել է նաև կոլեկտիվ աշխատությունների ստեղծման, խմբագրել «ԲՄ»-ի III – XII հատորները, ինչպես նաև հայ միջնադարյան գիտության ու մշակույթի պատմությանը նվիրված մի շարք հետազոտություններ, քննական բնագրեր ու թարգմանություններ: Խ. «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի խմբագրական կոլեգիայի և ՀՍՀ խմբագրական կոլեգիայի անդամ է, Մաշտոցյան մրցանակի առաջին դափնեկիրը (1969): Պարգևատրվել է ժո–