Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/33

Այս էջը սրբագրված է

որ դրանք ձևակերպվել են կենդանիների բարձրագույն նյարդային գործունեության ուսումնասիրության հիման վրա և մարդու նկատմամբ անմիջականորեն կիրառելի չեն: Մարդու նյարդային համակարգը բարդ է, և նրա հատկություններն ու կոմբինացիաները բազմաթիվ են, քան կարծում էին առաջ: Խ–ի պրոբլեմի լուծման գործում խոստումնալից են հետազոտությունները գենետիկ պսիխոֆիզիոլոգիայի (պսիխոգենետիկա կամ հոգեբանական գենետիկա) բնագավառում:

Գրկ. Ананьев Б. Г., Человек как предмет познания, Л., 1969; Кречмер Э., Строение тела и характер, пер. с нем., 2 изд., M.– Л., 1930; Левитов Х. Д., Вопросы психологии характера, 2 изд., М., 1956; Sheldon N.H., The varieties of temperament, N.Y.–L., 1942. Վ. Բաղդասարյան


ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ, լինում են միասեռ և տարասեռ: Առաջին խմբին են պատկանում գազային Խ. (օրինակ օդը), ինչպես նաև լուծույթները (հեղուկ կամ պինդ): Տարասեռ Խ են սուսպենզիաները, էմուլսիաները, բազմաթիվ լեռնային ապարներ, մետաղների համաձուլվածքներ, բետոնը:


ԽԱՍ, Խասգյուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշ գավառում, Մուշ քաղաքից մոտ 16 կմ հվ–արմ. դաշտավայրում: 1909-ին ուներ 350 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և բրուտագործությամբ: Գյուղը բաժանված էր երեք թաղերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր եկեղեցին (Ս. Ստեփանոս, Ս. Թալիլա, Ս. Երրորդություն) և երկսեռ վարժարան: Խ–ում կար շուկա (մոտ 20 խանութներով): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:


ԽԱՍԱՆ, լիճ ՌՍՖՍՀ Պրիմորիեի երկրամասում, որի շրջանում 1938-ի հուլիս–օգոստոսին զինված ընդհարում տեղի ունեցավ սովետական և ճապոնական զորքերի միջև: Ճապոնական միլիտարիստները նպատակ ունեին զենքի ուժով զավթել Խ.-ի և սովետական պետ. սահմանի միջև ընկած տերիտորիան, փորձել կարմիր բանակի մարտունակությունը: Ռազմ. գործողությունների ընթացքում Առաջին առանձին կարմրադրոշ բանակը (հրամանատար՝ Սովետական Միության մարշալ Վ. Բլյուխեր) ջախջախեց ճապոնական 19-րդ դիվիզիան և վերականգնեց ՍՍՀՄ պետ. սահմանը:


ԽԱՍԱՎՅՈՒՐՏ, քաղաք Դաղստանի ԻՍՍՀ–ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը: Երկաթուղային կայարան է: 66 հզ. բն. (1977): Կան սննդի արդյունաբերության, սարքաշինական, նորոգման–մեխանիկական, երկաթբետոնի գործարաններ, կարի ֆաբրիկա:


ԽԱՍԿԱԼ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Նիկոմիդիայի գավառում, Արմաշի մոտ: XX դ. սկզբին ուներ 150 տուն: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում գործում էին եկեղեցի (Ս. Հակոբ) և երկսեռ վարժարան: Ենթադրվում է, որ Խ–ի հայերը գաղթել են 1610-ին, Ակն գավառի Խասկալ գյուղից: Բռնությամբ տեղահանվել և մեծ մասամբ բնաջնջվել են Մեծ եղեռնի ժամանակ (1915):


ԽԱՍ–ՉԻՖՏԼԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի համանուն գավառում: 1913-ի հունվ. 1-ի տվյալներով ուներ 336 (57 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ, հետագայում բնակություն հաստատել Սովետական Հայաստանում:


ԽԱՍՊԵԿ (Խաչատուր Երեց Կաֆացի, 1610–1686), միջնադարյան հայ տաղերգու, գրիչ: Եղել է դպիր, ապա՝ քահանա: Նրանից մեզ հասած 8 տաղից 4-ը նվիրված է Աստվածածնին: «Օրհնեալ փառաբանեալ անուն սոսկալի» սկսվածքով չափածո վկայաբանությունը տարբերվում է նախորդ դարերի համանման երկերից նրանով, որ այստեղ ընդգծվում է կյանքի վայելքներից հեռանալու պատճառած վիշտը: Առավել արժեքավոր են «Տաղ ի վերայ վարդին և անուշահոտ ծաղկանց» և «Տաղ սիրոյ և ուրախութեան» գործերը, որոնցում ցայտուն են դրսևորված Խ–ի աշխարհիկ տրամադրությունները:

Գրկ. Ակինյան Ն., Խաչատուր Խասպեկ Երեց Կաֆացի տաղասաց, «ՀԱ», 1946, № 5–6: Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, գիրք 2, Ե., 1946: Սահակյան Հ., Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը, Ե., 1975: Հ. Սահակյան


ԽԱՍՏԱՏՈՎ Ակիմ (Հովակիմ) Վասիլի (1756, Աստրախան –1809, Պետերբուրգ), ռուսական բանակի հայազգի ռազմական գործիչ, գեներալ–մայոր (1796): Նշանավոր արդյունաբերող–վաճառականներ Խաստատովների ընտանիքից: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1773-ից ծառայել է Վլադիմիրյան հեծյալ զորամասում: 1776-ին զորացրվել է և այնուհետև մասնակցել Կասպից ծովի ավազանում Խաստատովների ու Լազարյանների (ունեին խնամիական կապեր) համատեղ կազմակերպած արլ. առևտրական գործերին և Աստրախանի հայ գաղութի ներքին կյանքին: 1780-ի հունվարին «գաղտնի միսիայով» Աստրախան է ժամանել ռուս, ցամաքային զորքերի և Կասպից ծովի նավատորմի նոր հրամանատար Ա. Վ. Սուվորովը՝ ծրագրվող պարսկ. արշավանքը նախապատրաստելու համար: Ծրագրի հետ որոշակի հույսեր էին կապել հայ ազատագրական շարժման գործիչներ Լազարյանները, Հ. Արղությանը և ուրիշներ, որոնց խորհրդով Ա. Վ. Սուվորովը կապեր է հաստատել պահեստի կապիտան Խ–ի և եղբոր՝ Աստրախանի նավահանգստի մաքսատան կառավարիչ Բոգդան Խաստատովի հետ՝ առաջարկելով նրանց վերադառնալ զինվորական ծառայության: Ռուսաստանի զինվորական կոլեգիայի 1780-ի մայիսի 17-ի հրամանով Ա. Վ. Սուվորովի գլխավոր շտաբում Խ. նշանակվել է համհարզ և մինչև 1782-ը նրա հետ մասնակցել Կասպիականի արմ. ափերի ու հարևան երկրների տնտ., քաղ. վիճակի ու ռազմավարական նշանակություն ունեցող ուղիների վերաբերյալ տեղեկությունների հավաքմանը՝ այդ նպատակին ծառայեցնելով Կասպից ծովում Խաստատովների և Լազարյանների առևտրական նավերը: Այնուհետև, Ա. Վ. Սուվորովի զորքերի կազմում, փոխգնդապետի, ապա՝ գնդապետի աստիճանով, Խ. իր երկու գումարտակով մասնակցել է 1787–1791-ի ռուս–թուրքական պատերազմին՝ Կինբուռնի, Ֆոկշանի, Ռիմնիկի ճակատամարտերին, Իզմայիլի գրավմանը՝ արժանանալով շքանշանների ու մեդալների: Միաժամանակ աջակցել է թուրք. լծից ազատագրված վայրերի հայ բնակչության խնամքի և 4000 հայերի՝ ռուս, կայսրության սահմանները գաղթեցնելու գործին: 1793-ին դիվանագիտական աշխատանքի է ուղարկվել Կ. Պոլսի ռուս, դեսպանատուն: 1796-ին գեներալ–մայորի աստիճանով նշանակվել է հեծյալ գնդի հրամանատար: 1799-ի փետր. 9-ին թողել է զինվորական ծառայությունը: Թաղված է Պետերբուրգի (Լենինգրադ) հայկ. գերեզմանոցում:

Գրկ. Письма и бумаги А. В. Суворова, т. 1, П., А. В. Суворов (Cб. документов), т. 2, M., 1951; Хачарян А. Н., Армянское войско в XVIII веке, Е., 1968. Համ. Խաչատրյան


ԽԱՍՏՈՒՐ, Խոստուր, Հացտուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառում, Ալաշկերտից 12 կմ հարավ–արևմուտք: 1909-ին ուներ 55 տուն հայ բնակիչ: Գյուղում կային ընդարձակ մարգագետիններ, պարտեզներ և բանջարանոցներ, որոնք շրջապատված էին ուռենու, բարդու ծառերով: Գործում էր 10 ջրաղաց: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Ներսես Շինող կաթողիկոսը (641–661): Եկեղեցին (ուներ ընդարձակ սրահ և խորանի պատի վրա փորագրված խաչքանդակներ) երկու անգամ հրդեհել է Լենկթեմուրի զորքը: Խ–ի շրջակայքում կային նշանավոր ուխտատեղիներ: Գյուղի հս. կողմում էր գտնվում ընդարձակ գերեզմանատունը՝ 5000 քանդակազարդ տապանաքարերով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել և մեծ մասամբ բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:


ԽԱՎԱՏԱՆԵՔ, Խավարտանեք, միջնադարյան քաղաք Կապադովկիայի հարավ–արևմտյան մասում, ճանապարհների հանգույցում, այժմյան Դևելու շրջկենտրոնից 3 կմ հվ–արլ., նույնանուն հովտում:

1022-ին Խ. քաղաքը և շրջակայքը, Կեսարիայի և Ծամնդավի հետ, Բյուզանդիայի Վասիլ II կայսրը շնորհել է Վասպուրականի Սենեքերիմ թագավորի որդի Դավիթ Արծրունուն՝ ապստամբ Նիկեփոր Փոկաս Ծռվզին գլխատելու համար: 1065-ին Կարսի թագավոր Գագիկ Աբասյանը Վանանդի թագավորության տիրույթները փոխանակեց Խ–ի, Կեսարիայի և Ծամնդավի հետ: 1059-ին Սեբաստիա քաղաքը, ուր նստում էին Ատոմ և Ապուսահլ Արծրունի իշխանները (Սենեքերիմ Արծրունու որդիները), ենթարկվեց սելջուկների հարձակմանը: Ատոմը և Ապուսահլը փախչելով Սեբաստիայից՝ ապաստանեցին Խ–ի ամրոցում: Ռուբինյան Թորոս Բ իշխանի (1145 – 1169) օրոք Խ. գտնվում էր Կիլիկիայի հայկական պետության կազմում, սահմանագլխին: Սելջուկները Խ. գրավելուց հետո անվանեցին Դևելու: Այն դարձավ