Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/344

Այս էջը սրբագրված չէ

սկզբին Կ. ուներ իգական պրոգիմնազիա` 90 աշակերտով, քաղաքային երկդասյան արական դպրոց` 325 աշակերտով, իգական չորեքդասյան դպրոց` 223 աշակերտով, տարրական արհեստագիտական դպրոց` 32 աշակերտով, քաղաքային տարրական դպրոց (արական)` 280 աշակերտով, ծխական երկսեռ դպրոց` 41 աշակերտով, թեմական ծխական (արական և իգական) երկու դպրոց` 51 աշակերտով, հայ կաթոլիկների ծխական երկսեռ դպրոց` 154 աշակերտով, մասնավոր երկսեռ դպրոց, պանսիոն: 1917-ին հրատարակվել է «Բանվոր» շաբաթաթերթը, 1920-ին` «Աշխատավորի ձայն» և «Դիրքերում» օրաթերթերը:
1917-ի մարտին Կ–ում հեղափոխականորեն տրամադրված զինվորներն ապստամբեցին և ստեղծեցին զինվորների դեպուտատների սովետ: 1918-ի ապրիլի 25-ին Կ. գրավեցին թուրքերը` բնակչությանը ենթարկելով բռնության և կոտորածների: 1919-ի ապրիլից թուրք, զորքը էվակուացվեց, և Կ. մտավ Հայաստանի Հանրապետության կազմի մեջ: 1920-ի մայիսի 10-ին Կ–ում ապստամբություն բռնկեց դաշնակցական տիրապետության դեմ: Ապստամբությունը գլխավորում էր Ռազմահեղափոխական կոմիտեն` Ղ. Ղուկասյանի գլխավորությամբ: Սակայն ապստամբությունը պարտվեց: 1920-ի հոկտ. 30-ին թուրքերը նորից գրավեցին Կ., հայ ու ռուս բնակիչներն ստիպված հեռացան քաղաքից: 1921-ի Կարսի պայմանագրով Կ. անցավ Թուրքիային:
Կ. քարե պարիսպներով ամրացված բնակավայր էր, ուներ պալատով միջնաբերդ, արվարձաններ: Երկարատև պաշտպանության համար հարմարեցված միջնաբերդը (տարածքը` 1,7 հա) գրավում էր Կարս գետով շրջանցվող, արմ–ից դեպի արլ. ձգվող բարձունքը և պարիսպներով բաժանվում դարավանդներով տեղադրված երեք մասի: Դղյակաձև, ներքին բակով բազմահարկ պալատը (պայթեցվել է 1829-ին) գտնվում էր միջնաբերդի բարձրադիր` հս–արմ. անկյունում: Խիտ հատակագծված բնակավայրը (տարածքը` 32 հա) շրջափակված էր հս. և արմ. մեկտակ, հվ. և արլ.` կրկնակի, հաճախակի տեղադրված աշտարակավոր պարիսպներով (քանդել են XIX դ. վերջին): Պաշտպանական հանգուցային հատվածներում հրակնատավոր հզոր աշտարակներ էին: Ջրով լեցուն խանդակներն ու արհեստական լճերը մեծացնում էին հվ. պարսպի անմատչելիությունը: Բնակավայրն ունեցել է քաոսային հատակագիծ: Ծուռ, նեղ փողոցները միմյանց էին կապում քաղաքի ու միջնաբերդի դարպասները, բնակավայրը բաժանում տարբեր չափերի, անկանոն շրջագծով, խիտ կառուցապատված թաղամասերի: Հրապարակները փոքր էին, պատահական ձևի: Տները հիմնականում երկհարկ, սակավ` եռահարկ էին, ունեին խանութներ, արհեստանոցներ: Առանձնանում էին իջևանատները, բաղնիքները, եկեղեցիները: Հայկական արվարձանը (XIX դ. վերջին` ավելի քան 70 հա) Կարսի հովտում կազմավորվել է XI դ.: Արմ. և հվ. արվարձանների` գետի երկայնքով ըստ ռելիեֆի ընթացող փողոցները տանում էին դեպի Կ–ի դարպասները: Կառուցապատման խտությունը համեմատաբար ազատ էր: 1570-ական թթ. հետո վերսկսվել է հայկ. եկեղեցիների (Ս. Մարիամ, XVI դ., Ս. Աստվածածին, 1670 ևն), մատուռների, իջևանատների, արհեստագործական և առևտրական ձեռնարկությունների, բնակելի և հասարակական շենքերի շինարարությունը: XIX դ. վերջին միջնաբերդը անկում է ապրել: Աճել է հվ. արվարձանը, կառուցվել են արդ. ձեռնարկություններ, հարմարավետ բնակարաններ, պետ. ու հասարակական հիմնարկներ: Կ–ում ամեն տարի կազմակերպվում էին տոնավաճառներ: Կ–ում է ծնվել Եղիշե Չարենցը:
Պատկերազարդումը տես 209-րդ էջից առաջ` ներդիրում:
Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Կրպե, Կարս քաղաք, Մ., 1893: Կյուրեղյան Լ., Ղարս և Արդահան, Վնտ., 1949: էվլիյա Չելեբի, Ե., 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 4, թուրքական աղբյուրներ, 3): Առաքելյան Բ.Ն., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ., հ. 1-2, Ե.,1958-63: Epмолов C., Город Kapc, Очерк культурного развития.. Kapc, 1902; Линч Х. Ф. Б., Аpмения, т. 1, Тифлис, 1910, c. 501-20; Тер-Аветисян C. B., O раскопках в Kapce и новооткрытой армянской надписи IX вeка, «Известия Кавказского историко-археологического института», 1925, т. 3; Халпахчян O.X., Особенности планировки Kapca, в cб. Проблемы истории архитектуры, M., 1974.
Բ. Աոաքեւյան, Վ. Վարդանյան,
Հ. Խալփախչյան

ԿԱՐՍԻ ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՑԻ, հայկական ճարտարապետական միջնադարյան հուշարձան Կարս քաղաքում: Կառուցվել է Աբաս Բագրատունու թագավորության օրոք (928-953): Մաստարայի եկեղեցու տիպի կենտրոնագմբեթ կառույց է` չորս աբսիդով, արլ–ից երկու ավանդատներով: Գմբեթարդն ունի գուրտեր, գմբեթային փոխանցումը տրոմպային է: Թմբուկն արտաքուստ տասներկու նիստանի է` զարդարված զույգ որմնասյուներին հիմնվող քանդակազարդ կամարաշարով: Նիստերի հատման կողերին, կամարաշարի անկյուններից վեր, կան մարդու կերպարանքով բարձրաքանդակներ: Ճարտ. տարրերը նախշազարդված են: Մուտքերի պորտիկները հետագա հավելումներ են:
Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890, էջ 79-80: Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ. 2], Ե., 1948, էջ 133:
Հ. Խալփախչյան


«ԿԱՐՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ», «Գ ա գ ի կ թագավորի Ավետարան», XI դարի հայկական մագաղաթյա ձեռագիր` գրված և պատկերազարդված Կարսի Գագիկ Աբասյան թագավորի համար: Այժմ պահպանվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում (ձեռ. N 2556): «Կ. Ա.» (481 թերթ) տեղ–տեղ կտրտված է, հետագայում խնամքով նորոգված: Կաշեկազմ է, ոսկեզօծ շրջանակով, մեջտեղը` խաչ: Երկաթագիր է: Գլխատառերը զարդարված են տերևներով, ծաղիկներով, կենդանիների գլուխներով: Լուսանցքներում պատկերված են հարյուրավոր բազմատեսակ թռչուններ, նաև` կենդանիներ և անոթներ: Ունի խորաններ, անվանաթերթեր և գլխազարդեր, որոնցում գերակշռում են տերևածաղկային, թռչնային և երկրաչափական
Կարսի Առաքելոց եկեղեցին (X դ.)
Կարսի Առաքելոց եկեղեցու հատակագիծը
Կարսի Առաքելոց եկեղեցու (X դ.) թմբուկը