Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/40

Այս էջը սրբագրված է

նածոներից կան քրոմի (Գուլեմանի), պղնձի (Էրգանիի), բազմամետաղների, մարմարի հանքավայրեր: Կլիման ցամաքային է՝ ջերմաստիճանի օրական և սեզոնային խիստ տատանումներով: Հունվարի միջին ջերմաստիճանը 0°0ից –5°C է, հուլիսինը՝ 24–26°C (առավելագույնը՝ 40°C), տարեկան տեղումները՝ 400–600 մմ: Տարածված են շագանակագույն տափաստանային և լեռնամարգագետնային հողերը՝ իրենց բնորոշ բուսածածկույթով: Ոռոգվող հողերում մշակում են բրինձ, բամբակ, խաղող և պտուղներ:

ԽԱՐԲԵՐԴԻ ՎԻԼԱՅԵԹ, Մամուրեթ–ուլ–Ազիզ (հայկական աղբյուրներում նաև Խարբերդի նահանգ, կուսակալություն), վարչա–տերիտորիալ միավոր օսմանյան Թուրքիայում, Արևմտյան Հայաստանի հայաբնակ վեց վիլայեթներից մեկը: Կազմվել է 1878-ին: Վարչական կենտրոնը Մեզիրե քաղաքն էր, տնտ., մշակութային կարևոր հանգույցը՝ Խարբերդը: Մինչև 1830-ական թթ. Խ. վ–ի տարածքը մտնում էր Սըվազի (Սեբաստիայի) վիլայեթի, այնուհետև Դիարբեքիրի վիլայեթի կազմի մեջ: Խ. վ. հիմնականում ընդգրկում էր պատմական Հայաստանի Ծոփաց աշխարհը՝ Ծոփքը, հետագայում՝ Չորրորդ Հայքը: Վիլայեթն ուներ 3 գավառ՝ Խարբերդի, Դերսիմի և Մալաթիայի, որոնք իրենց հերթին բաժանված էին գավառակների կամ վիճակների (կազաների)՝ Արաբկիրի, Ակնա, Կապան Մատենի, Չմշկածագի, Մազկերտի (Մեծկերտի), Օվաճըգի, Պահի (Փախի), Կըզըլ Քիլիսեի, Չարսանճագի, Չնգուշի, Բալուի: Հայերի հոծ բնակության արեալները աղճատելու նպատակով Աբդուլ Համիդի վարչական նոր բաժանմամբ Թուրքիայում 1880-ին ստեղծվեց Դերսիմի վիլայեթը, իսկ Չնգուշի ու Բալուի գավառակները մտցվեցին Դիարբեքիրի վիլայեթի մեջ: Վիլայեթը կաոավարում էր նահանգապետ–վալին, որին նշանակում էր կառավարությունը: Նրան կից կար ընտրովի խորհրդակցական մարմին՝ «վիլայեթի վարչություն», որի կազմում լինում էին նաև հայ հասարակայնության ներկայացուցիչներ: Սակայն դա չէր կարող խանգարել այն կամայականություններին ու բռնություններին, որ գործադրում էին իշխանությունները քրիստոնյա ժողովուրդների, մասնավորապես հայերի նկատմամբ:

Խ. վ. գտնվում էր Հայկական լեռնաշխարհի արմ. մասում, հս–ից սահմանակից էր Էրզրումի, արլ–ից՝ Դիարբեքիրի, հվ–ից՝ Հալեպի, արմ–ից՝ Սըվազի (Սեբաստիայի) վիլայեթներին: XX դ. սկզբին տարածությունը 32.900 կմ2 էր: Վիլայեթի կենտրոնական մասում, Ներքին Տավրոսի և Հայկական Տավրոսի միջև ընկած էր Խարբերդի դաշտը, որն արլ. կողմից ընդունում էր Արածանի (Արևելյան Եփրատ), իսկ հս–արմ–ից՝ Արևմտյան Եփրատ գետերը: Բերրի հողը, մեղմ կլիման, ջրային առատ պաշարները բարենպաստ պայմաններ էին երկրագործության, անասնապահության, պտղաբուծության և գյուղատնտ. արտադրության այլ ճյուղերի համար: Աճում էին ցորեն, գարի, կորեկ, ոսպ, բամբակ, սիսեռ, բակլա, սոխ, սխտոր, գետնախնձոր, ծիրան, թութ, խաղող, խնձոր, տանձ: Հայտնի էին Խարբերդի դաշտի գինին ու մեղրը: Հանքային հարստություններից էին պղինձը (Պախըր Մատենում), ոսկին ու կերակրի աղը (Դերսիմում), կային հանքային ջրերի աղբյուրներ: Վիլայեթի տարածքով էր անցնում Մալաթիա–Դիարբեքիր (Ամիդ) խճուղին: Դեռևս հնուց որպես ջրային ճանապարհ օգտագործվել են Արածանին ու Եփրատը: Խ. վ. Արևմտյան Հայաստանի խիտ բնակեցված վայրերից էր՝ ուներ ավելի քան 300 գյուղ (100–500-ական տնով): Հատկապես հոծ էր Խարբերդի դաշտը, որը հողի բերրիության համար հայտնի էր նաև Ոսկեղեն դաշտ անունով: Խ. վ–ում որոշ գյուղեր ընկած էին միմյանցից 2–3 կմ հեռավորության վրա:

XX դ. սկզբին վիլայեթում հայերը կազմում էին բնակչության 50%-ը, քրդերը՝ 27%-ը, թուրքերը՝ 22% -ը, ասորիները` 1 %: Հայերը և թուրքերը հիմնականում բնակվում էին դաշտավայրային, քրդերը՝ լեռնային գյուղերում, ասորիները՝ Խարբերդում և Եփրատին մերձ մի քանի գյուղերում: Դաշտավայրերում և նախալեռնային մասերում բնակվող գյուղացիության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր, լեռնային մասերում՝ անասնապահությունը և որսորդությունը, 1870-ական թթ. նաև բամբակագործությունը և շերամապահությունը, որոնք հումք էին մատակարարում Խարբերդ–Մեզիրեի շրջանում գործող տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններին: Զարգացման բարձր մակարդակի էր հասել հատկապես շերամապահությունը: Հայ շերամապահները 1904-ին շահեցին բոլոր առաջին մրցանակները այն մրցույթում, որը կազմակերպվել էր վիլայեթում շերամապահության հետագա զարգացումը խթանելու նպատակով: 1888–1910-ին հարյուրավոր խարբերդցիներ ավարտել են Բրուսայի շերամապահության բարձրագույն դասընթացները և աշխատանքի անցել երկրի տարբեր վայրերում: Նրանք մեծ ներդրում են կատարել թթենու մշակությունը արմատավորելու, գիտական շերամապահությունը կազմակերպելու ուղղությամբ: Վիլայեթը հայտնի էր իր արհեստներով. զարգացած էին մետաքսագործությունը, կաշեգործությունը, գորգագործությունը, ոսկերչությունը ևն: Խարբերդցի վարպետների ձեռքի արտադրանքը բարձր էր գնահատվում Մերձավոր Արևելքի շուկաներում:

Տնտեսության ասպարեզում մեծ տեղաշարժեր կատարվեցին 1870–80-ական թթ.: Խարբերդում և Մեզիրեում ստեղծվեցին ժամանակակից արդ. ձեռնարկություններ, որոնք սարքավորված էին Եվրոպայից և Ամերիկայից ներմուծված մեքենաներով: