Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/41

Այս էջը սրբագրված է

Խարբերդը և Մեզիրեն դարձան Արևմտյան Հայաստանի զարգացած արդ. քաղաքները: Խարբերդում Բարիկյան եղբայրների գյուղատնտ. գործիքների, Խ. Քյուրքճյանի մետաքսի, Մեզիրեում Ֆաբրիկատորյան եղբայրների մետաքսի, Մալաթիայում և Արաբկիրում գործվածքեղենի գործարանների ու ֆաբրիկաների արտադրանքը ճանաչում էր գտել Թուրքիայի շատ վայրերում, նույնիսկ առաքվում էր արտասահման: Հռչակված էին Արաբկիրում գործվող «մանիսա» կտորը և Խարբերդի «ասորաց չիթը»: Ֆաբրիկատորյան եղբայրների գործարանի մետաքսը 1884-ին Լիոնի (Ֆրանսիա) ցուցահանդեսում արժանացավ առաջնության վկայագրի և մրցանակի: 1880–90-ական թթ. Մեզիրեի շուկայում գործարքներ էին կատարում Լոնդոնի, Մանչեստրի, նույնիսկ Նյու Յորքի վաճառականները: Տնտեսության մեջ կատարվող արմատական փոփոխություններն իրենց ազդեցությունը թողեցին գյուղի վրա: 1880-ական թթ. գնալով աճում էր Խ. վ–ից, ինչպես և ամբողջ Արևմտյան Հայաստանից արտագաղթը դեպի Կովկաս, շուտով նաև՝ Եվրոպա և Ամերիկա: Արտագաղթը մեծ չափեր ընդունեց մասնավորապես XIX դ. վերջերին, երբ Թուրքիայի կառավարող շրջանները ձեռնամուխ եղան իրագործելու հայերին իսպառ բնաջնջելու հրեշավոր քաղաքականությունը: Միայն 1913-ին Խարբերդից ԱՄՆ գաղթեցին 1400 հայեր:

1913–14-ին վիլայեթն ուներ 3 միսիոներական կոլեջ, 1 աստվածաբանական և 5 բարձրագույն ճեմարան, հարյուրավոր վարժարաններ, նախակրթարաններ, մանկապարտեզներ: Բոլոր դպրոցները միասին ունեին 35 հզ. սովորող, ընդ որում հայկ. դպրոցները՝ 28 հզ.: Դպրոցների մի մասը երկսեռ էր, կային նաև աղջիկների առանձին վարժարաններ: Համազգային հռչակ ուներ Եփրատ կոլեջը: Նշանավոր էին Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը (հիմնվել է 1887-ին), Աղջկանց կոլեջը (1880), Հռիփսիմեանց աղջկանց վարժարանը (1862), Սմբատյան ընկերությունը (1865) և Սմբատյան վարժարանը (1875), Խարբերդ–Մեզիրեի շրջանի ֆրանս, (1895) և գերմ. (1897) կոլեջները, Մեզիրեի Ազգային կեդրոնական վարժարանը (1892) և Հայկական ճեմարանը (հիմն. 1911):

1915-ին, եղեռնի օրերին, Խ. վ. զրկվեց բնիկ հայ բնակչությունից, թուրք, հրոսակները հողին հավասարեցրին նրա գյուղերն ու քաղաքները: 1914-ին բռնկած պատերազմի առաջին ամիսներին 18–45 տարեկան հայ տղամարդիկ զորակոչվեցին բանակ, հավաքվեց բնակչության մոտ եղած զենքը՝ բացառելով կազմակերպված զինված դիմադրության որևէ լուրջ փորձ: 1915-ի ապրիլի վերջերին թուրք, իշխանությունները ձերբակալեցին վիլայեթի հայ ականավոր գործիչներին և նետեցին Խարբերդի ու Մեզիրեի բանտերը: Ամենուր տարածվեցին բռնությունները, կողոպուտն ու թալանը: Հունիսին թուրք զորքերը Ծոփք գյուղի շրջակայքում ոչնչացրին վիլայեթի հայ մտավորականների մի մեծ խմբի, որի մեջ էին գրողներ Թլկատինցին և Երուխանը, կոլեջի պրոֆեսորներ՝ թուրքագետ ու պատմաբան Ն. Թենեքեճյանը, մաթեմատիկոս Խ. Նահիկյանը, փիլիսովա Հ. Պուճիգանյանը՝ «Խարբերդի Սոկրատը» (ինչպես նրան անվանում էին ուսանողները): Պուճիգանյանին սպանելուց հետո թուրք սպան հրամայեց ջարդել նրա գանգը, հայտարարելով, որ «նրա ռումբը գանգի մեջ է»: Հուլիսին սկսվեց Խարբերդի, Մեզիրեի, Արաբկիրի, Չմշկածագի, Ակնի, վիլայեթի այլ բնակավայրերի հայ բնակչությունից կազմված կարավանների բռնագաղթը: Կարավանների մի մասը ոչնչացվեց ճանապարհին, մյուսներից միայն հատուկենտ մարդիկ փրկվեցին: Հազարավոր հայեր նահատակվեցին Եփրատ գետի ափին Իզօղլի և Ծովք լճի մոտ՝ Շապկահան ու Քեչին խան գյուղի տարածքում: Մեգիրեից դուրս եկած կարավանի բոլոր հայերին թուրք զինվորները սրի քաշեցին հենց քաղաքի մատույցներում: 5 հզ. հայերից բաղկացած մի կարավանից, որ դուրս էր եկել Խարբերդից և իբր պետք է գնար Հալեպ, տեղ հասավ ընդամենը 213 հոգի: Խ. վ–ից հազարավոր հայեր ոչնչացան Դեյր Էզ–Զորում (տես Դեյր էզ–Զորի կոտորած 1915-1916): Գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց Մալաթիայի (23000), Արաբկիրի (19000), Չարսանճագի (18500), Աղինի (10.200), Չմշկածագի (9000) բնակչությունը: Եղեռնի նախօրեին Խ. վ–ի հայ բնակչությունը 204 հզ. էր, որից շուրջ 180 հզ. թուրք կառավարության վանդալիզմի զոհ դարձավ: Ոչ լրիվ տվյալներով թուրքերը վիլայեթում թալանել ու կողոպտել են հայկ. 68 եկեղեցի, 83 դպրոց, 12 վանք: Հայերի թողած նյութական արժեքները գնահատվում են միլիարդներով:

Եղեռնից փրկված խարբերդցիները սփռվեցին աշխարհով մեկ, նրանց մի մասը հետագայում հաստատվեց Սովետական Հայաստանում, մյուսները՝ Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրներում: Խարբերդցիները առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել են կամավորական շարժմանը, Արաբայի ճակատամարտին, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–45)՝ ֆաշիզմի դեմ պայքարին:

Խ. վ. հայ մշակույթին և հասարակական քաղաքական կյանքին տվել է մի ամբողջ շարք ականավոր գործիչներ, այդ թվում՝ Բենիամին Նուրիկյան, Ռուբեն Զարդարյան, Վահան Թոթովենց, Թլկատինցի (Հովհաննես Հարությունյան), Ռուբեն Որբերյան, Երուխան (Երվանդ Սրմաքեշխանլյան), Նշան Թուրունճյան (Նշան Թուր), Արշակ Մահտեսյան, Սարգիս Թերզյան, Վահե Հայկ:

Խարբերդի գավառի հայաբնակ գյուղերը. Ախոռ, Ալ Մեզիրե, Աղձնիք, Արփավուա, Աստղիկ, Բազմաշեն, Բարջանճ, Գեղվանք, Գոմք, Եղեգի, Եբղմնեկ, Իչմե, Խարբերդ, Խոխ, Խուլագյուղ, Խույլու, Ծովք, Կարմրի, Հապուսի, Հարսեկ, Հին Ագարակ, Հյուսեյնիկ, Հնձվոր, Հոգի, Մեզիրե, Մանազուր, Օղլի, Մուսե, Մորենիկ, Շամուշի, Շենթիլ, Շեյխ Հաճի, Չոր Գեղ, Սուրսուրի, Վարդաթիլ, Վերին Մեզիրե, Քեսիրիկ, Քեորբե:

Գրկ. Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806: Նույնի, Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ., 1822: Ալիշան Ղ., Տեղագիր Հայոց Մեծաց, Վնտ., 1855: Վահե Հայկ, Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը, Նյու Յորք, 1959: Հովհաննիսյան Մ., Հայաստանի բերդերը, Վնտ., 1970: Геноцид армян и Османской империи, Cб. документов и материалов, под ред. М. Г. Нерсисяна, E., 1966. Ա. Սիմոնյան


ԽԱՐԲԻՆ, քաղաք Չինաստանի հյուսիս–արևելքում, Սունգարի գետի ափին: Հեյլունցզյան նահանգի վարչական կենտրոնն է: Մոտ 2 մլն բն. (1974): Երկաթուղային, գետային և օդային հաղորդակցության խոշոր հանգույց է: Զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրաէներգետիկական, էլեկտրատեխնիկական, նավթի և քիմ. արդյունաբերության սարքավորումների արտադրությունը, նավաշինությունը, սարքա–հաստոցաշինությունը, ինչպես նաև քիմ., տեքստիլ, փայտամշակման, սննդի և կաշվի արդյունաբերությունը: Ունի 15 բուհ: Խ. հիմնադրվել է 1898-ին, Ռուսաստանի կողմից Արևելա–Չինական երկաթուղու կառուցման ժամանակ:


ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ (քրեական իրավունքում), հափշտակության ձև, երբ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով ձեռք է բերվում սոցիալիստական, անձնական գույք կամ գույքի նկատմամբ իրավունք: Սովետական օրենսդրությամբ Խ–յան համար նախատեսվում է ազատազրկում մինչև 3 տարի, ծանրացնող հանգամանքների դեպքում (գույքի խոշոր չափերի հափշտակություն, սոցիալիստական գույքի հափշտակություն, ռեցիդիվիստի կատարած Խ.)՝ 5–15՝ գույքի բռնագրավումով, իսկ առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար՝ նաև մահապատիժ:


ԽԱՐԵՍԻԿ, Հարսիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանճագի գավառում: 1915-ին ուներ 52 տուն (416 շունչ) հայ և 25 տուն (125 շունչ) քուրդ բնակիչ: Կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Խ–ի հայ բնակիչները տեղահանվել և մեծ մասամբ զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:


ԽԱՐԶԻԹ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառի Գյոզալդերեի գավառակում: 1909-ին ուներ 168 (25 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:


ԽԱՐԹՈՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում, համանուն դաշտում: 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Խ–ի հայերը բռնությամբ տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ:


ԽԱՐԻՍԻԽ նավերի, տես Նավախարիսխ:


ԽԱՐԻՍԻԽ ճարտարապետության մեջ, սյան, մույթի և այլ ուղղաձիգ կրող կառուցվածքային տարրերի պատվանդանի (հիմք–հենարանի) պայմանական անվանումը: Դասական օրդերնե–