Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/43

Այս էջը սրբագրված է

լույս է աեսել 12 համար, որտեղ տեղավորված է ավելի քան 60 հայագիտական նյութ: Խ–ի արևելագետների ասոցիացիան և նրա տպագիր օրգանը սկզբնավորեցին հայուկրաինական դարավոր բարեկամության պատմության ուսումնասիրությունը, որը նոր թափով շարունակվում է մեր օրերում: Ա. Սիմոնյան


ԽԱՐԿՈՎ (ն. Ենիքյոյ), գյուղ Հայկական ՍՍՀ Անիի շրջանում, Ախուրյան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 40 կմ հարավ–արևմուտք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ: Ունի տարրական դպրոց, գրադարան, բուժկայան: Խ. հիմնել են նույն շրջանի Շիրակավան գյուղից եկած բնակիչները, 1894-ին:


ԽԱՐԿՈՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ա. Մ. Գորկու անվան, ՍՍՀՄ հնագույն համալսարաններից: Հիմնադրվել է 1805-ին: Սովետական իշխանության տարիներին Խ. հ. դարձել է խոշորագույն գիտա–ուսումնական հաստատություն: 1936-ին կոչվել է Մ. Գորկու անվամբ: Ունի (1976) մեխանիկա–մաթեմատիկական, ֆիզիկայի, ֆիզիկա–տեխնիկական, ռադիոֆիզիկայի, քիմիական, կենսաբանական, երկրաբանա–աշխարհագրական, տնտեսագիտական, պատմության, բանասիրական, օտար լեզուների, արտասահմանյան ուսանողների նախապատրաստման, բուհերում դասավանդողների որակավորման բարձրացման ֆակուլտետներ, նախապատրաստական, երեկոյան և հեռակա բաժիններ, ասպիրանտուրա, 85 ամբիոն, քիմիայի և կենսաբանության ԳՀԻ–ներ, աստղադիտարան (հիմնվել է 1808-ին), հաշվողական կենտրոն, գիտահետազոտական բաժանմունք, 4 պրոբլեմային լաբորատորիա, կենսաբանական կայան, բուսաբանական այգի (հիմնվել է 1804-ին), հնագիտության, երկրաբանա–հանքաբանական, բնագիտության թանգարաններ: 1975/76 ուս. տարում ունեցել է 12 հզ. ուսանող և ասպիրանտ, 900 դասախոս: 1874-ից հրատարակում է գիտական տեղեկագիր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1955):


ԽԱՐԿՈՎԻ ՄԱՐԶ., Ուկրաինական ՍՍՀ–ում, հանրապետության հյուսիս–արևելքում: Կազմվել է 1932-ի փետր. 27-ին: Տարածությունը 31,4 հզ. կմ2 է, բն. 3056 հզ. (1979): Բաժանվում է 25 շրջանի, ունի 15 քաղաք, 62 քտա: Կենտրոնը՝ Խարկով: 1958-ին և 1968-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Խ. մ–ի մակերևույթը ալիքավոր հարթություն է, հս–ից հվ. թույլ թեքությամբ, մասնատված է գետային հովիտներով և հեղեղատներով: Հս–արլ–ում տարածվում են Միջին Ռուսական բարձրության լեռնաճյուղերը (բարձրությունը՝ մինչև 236 մ): Մարզի մեծ մասը գտնվում է Մերձդնեպրյան դաշտավայրում: Օգտակար հանածոներից կան բնական գազ (Շեբելինկա, Եֆրեմովկա), գորշ ածուխ, քարաղ, ցեմենտի հումք, շինարարական և ապակու ավազ, հանքային ջրեր: Կլիման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը – 8,4°C-ից –7,2°C է, հուլիսինը՝ 20°C-ից 21°C, տարեկան տեղումները՝ 460–540 մմ: Գլխավոր գետը Մևերսկի Դոնեցն է (Ուդա, Մժա,Վոլչյա, Օսկոլ և այլ վտակներով), որի ավազանում կառուցված են Պեչենեգիի (սնում է Խարկովը) և Կրասնոօսկոլսկի (սնում է Սևերսկի Դոնեց–Դոնբաս ջրանցքը) ջրամբարները: Մարզի տերիտորիայով է անցնում Սևերսկի Դոնեց–Դոնբաս ջրանցքը: Հողերը բերրի սևահողեր են, գետահովիտներում՝ մարգագետնային: Կենդանական աշխարհին բնորոշ են այծյամը, գորշուկը, գայլը, կզաքիսը, աղվեսը, նապաստակը, ջրասամույրը, վայրի բադը, կտցարը, կաքավը, լորը, կրծողներ ևն: Բնակչության 67%-ը ուկրաինացիներ են, 29,4%-ը՝ ռուսներ, բնակվում են նաև հրեաներ, բելոռուսներ, հայեր և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 97 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 75%: Խոշոր քաղաքներն են Խարկովը, Իզյումը, Լոզովայան, Լյուբոտինը, Բալակլեան, Կուպյանսկը, Մերեֆան: Ունի զարգացած վերամշակող արդյունաբերություն (4/5-ը կենտրոնացված է Խարկովում), ինտենսիվ գյուղատնտեսություն, շինարարություն և տրանսպորտ: Զարգացած է նաև վառելանյութի (բնական գազի), ապակու, ճենապակու և հախճապակու, բժշկական սարքերի, պոլիգրաֆիական արտադրությունը:

Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությունը, անասնապահությունը և այգեգործությունը: Զարգացած է պտղաբուծությունը, կաթնամսատու անասնապահությունը, խոզաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը: Երկաթուղիների երկարությունը 1520 կմ (1976) է: Հիմնական ուղիներն են՝ Մոսկվա–Խարկով–Դոնեցկ, Կիև–Պոլտավա–Խարկով–Կուպյանսկ: Երկաթուղիների մեծ մասը էլեկտրիֆիկացված է: Ավտոճանապարհների երկարությունը 9,2 հզ. կմ է (կոշտ ծածկով՝ 5 հզ. կմ): Խ. մ–ով են անցնում Մոսկվա–Խարկով–Սիմֆերոպոլ, Կիև–Խարկով–Դոնի Ռոստով ավտոճանապարհները: Ունի 21 բուհ (այդ թվում՝ Խարկովի համալսարանը), գործում են ծանր էլեկտրամեքենաշինության ԳՀԻ, քիմ. և ցածր վոլտային ապարատաշինական նախագծային ինստ–ները: 1976-ին Խ. մ–ում կար 1367 գրադարան, 6 թանգարան, 6 թատրոն, 1174 ակումբ, 1181 կինոսարք: Լույս են տեսնում «Սոցիալիստիչնա Խարկիվշչինա» («Սոցիալիստական Խարկովշչինա»), «Կրասնոյե զնամյա» («Կարմիր դրոշ»), «Լենինսկա զմինա» («Լենինյան հերթափոխ») մարզային լրագրերը: Լ. Կորեցկի Քարտեզը տես 4-րդ հատորում, 625-րդ էջից առաջ՝ ներդիրում:


ԽԱՐՇԱՏ, Խորշատ (հնում՝ Ծանախ), գետ Հայկական լեռնաշխարհում: Երկարությունը մոտ 137 կմ է, պատկանում է Սև ծովի ավազանին: Սկիզբ է առնում Արևելապոնտական լեռների Խաղտյաց լեռնաշղթայի հվ. լանջերից, մոտ 2340 մ բարձրությունից: Հոսում է դեպի հս–արմ.՝ Զիգանայի, Տրապիզոնի և Գյումուշխանեի լեռնաշղթաների միջև ընկած գոգհովաով: Սնումը՝ մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից, հորդացումը՝ աշնանը: Գ. Աբրահամյան


ԽԱՐՍ, Խարծ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում: 1909-ին ուներ 80 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Խ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:


ԽԱՐՏՈՑ, մշակվող նյութի փոքր շերտեր հեռացնող բազմասայր կտրող գործիք: Սրոցի ձև ունեցող աշխատանքային մասի վրա քերթեր են անում, որոնք էլ առաջացնում են կտրող եզրեր: Քերթերի ձևն ու խտությունը ընտրում են ըստ մշակվող նյութի կարծրության և մակերևույթի անհրաժեշտ մաքրության: Ըստ 1 սմ երկարության վրա ստացված քերթերի քանակի Խ–ները լինում են՝ քերթող (4,5–12), երեսահան (13–26), թավշանման (42–80): Խոշոր քերթեր ունեցող Խ–ներն անվանում են ռաշպիլ: Խ–ները պատրաստում են բարձրածխածնային գործիքային պողպատից և ենթարկում մակերևութային մխման: Օգտագործվում են փականագործական աշխատանքներում, սղոցների սրման ժամանակ, ինչպես նաև ոչ մետաղական նյութեր մշակելու համար:


ԽԱՐՏՈՒՄ, 1956 թվականից՝ Սուդանի Անկախ Հանրապետության, 1969 թվականից՝ Սուդանի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը, Խարտում պրովինցիայի վարչական կենտրոնը: Օմդուրմանի, Հյուսիսային Խարտումի և արվարձանների հետ կազմում է միասնական՝ «եռյակ քաղաք», մոտ 1 մլն բն. (1976): Գետային նավահանգիստ է Սպիտակ և Կապույտ Նեղոսների միախառնման վայրում, երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց: Երկրի քաղաքական, մշակութային և առևտրական կենտրոնն է: Կա տեքստիլ, սննդի, տրիկոտաժի արդյունաբերություն: Ունի օդանավակայան, համալսարան: Խարտումում է Սուդանի թանգարանը: Խարտումը հիմնադրել է Եգիպտոսի թուրք կառավարիչ Մուհամեդ Ալիի որդի Իսմայիլը, 1820-ական թվականներին: 1830 թվականից՝ Սուդանի մայրաքաղաքը: XIX դարի կեսից դարձել է Սուդանի և Հյուսիս–Արևելյան Աֆրիկայի առևտրական կարևոր կենտրոն: 1881-1898 թվականների մահդիստների ապստամբության ժամանակ ավերվել է, և մայրաքաղաքը տեղափոխվել է Օմդուրման: Անգլիացիները ապստամբությունը ճնշելուց հետո (1898) Խարթումը դարձրին Անգլո–Եգիպտական Սուդանի մայրաքաղաքը: Առաջին (1914–1918) և հատկապես երկրորդ (1939–1945) համաշխարհային պատերազմներից հետո Խարտումը Սուդանի ազգային–ազատագրական շարժման կարևոր կենտրոններից էր:


ԽԱՐՈՒԽ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Բուրսայի վիլայեթի Կեմլեյիկ գավառակում: XX դ. սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում կային եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:


ԽԱՐՈՒՔՍԱ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթի Մյուրմենե գավառակում, Սև գետի ձախ ափին: XX դ.