Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/44

Այս էջը սրբագրված է

սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ, որոնց մեծ մասը բռնությամբ մահմեդականացվեց, իսկ մի մասը հեռացավ հայրենի գյուղից և ցրվեց Սամսունի գավառում: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բ. Թոռլարյան


ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ, քրեական դատավարության իրավունքում միջոցառում, որով ժամանակավորապես սահմանափակվում են մեղադրյալի անձնական ազատությունները: ՍՍՀՄ–ում Խ. մ. սահմանվում է, որպեսզի կանխվեն հետաքննությունից, նախաքննությունից կամ դատից խուսափելու, գործի քննությունը խոչընդոտելու կամ նոր հանցանք կատարելու մեղադրյալի հնարավոր գործողությունները: Խ. մ–ներ են ստորագրությունը բնակավայրը չթողնելու մասին, անձնական, հասարակական կազմակերպությունների երաշխավորությունները, կալանքը են: Խ. մ. բացառիկ դեպքերում կարող է կիրառվել կասկածյալի նկատմամբ:


ԽԱՔԱՆԻ Շիրվանի Աֆզալադդին Իբրահիմ Ալի օղլի (1120, Շամախի–1199, Թավրիզ), ադրբեջանցի բանաստեղծ: Վաղ երիտասարդության տարիներին գրական ճանաչում ստանալով՝ Խ. հրավիրվել է շիրվանշահերի պալատ: Գրել է ներբողքասիդներ՝ Խաքանի (թագավորին պատկանող) կեղծանունով: 1156-ին ճանապարհորդել է Մերձավոր Արևելքում, որի տպավորությունների արդյունք են Տիզբոնի ավերակների վերաբերյալ «Մաղաինի ավերակները» (հայերեն հրտ. «Մեդաին») փիլ. քասիդը և «Երկու Իրաքների նվերը» պոեմը (ավարտել է 1157-ին): Շիրվանից գաղտնի հեռանալու փորձի համար շահ Ահսաթանի հրամանով Խ. բանտարկվել է (1159): Այդ ժամանակ էլ գրել է «Բանտայիններ» քասիդաշարը, որը բանաստեղծի խռովարար ոգու արտահայտությունն է:

Խ. ստեղծագործել է պարսկ. և արաբ.: Զարգացրել ու կատարելագործել է գազելի ու քասիդի ժանրերը: Նրա պոեզիայում հիմնականը սիրո, մարդկային անհատի երջանկության, ազատության թեմաներն են: Խ–ի պոեզիան իր ազդեցությունն է թողել ադրբեջանական, Մերձավոր և Միջին Արևելքի գրականության զարգացման վրա:

Երկ. Քառյակներ: Բանաստեղծություններ: Ե., 1965: Գրկ. История персидской и таджикской литературы, M., 1970, c. 200–207. Լ. Շեխոյան


ԽԴԻՎ (պարսկ.՝ տեր, պարոն), Եգիպտոսի թուրքական կառավարիչների տիտղոս 1867–1914-ին: Առաջին անգամ տրվել է Իսմայիլ–փաշային, որով նա ավելի բարձր է դասվել Օսմանյան կայսրության մյուս փոխարքաներից: 1914-ից Եգիպտոսի կառավարիչները կրել են սուլթանի տիտղոս:


ԽԴՐԱՆՑ (ն. Միրքաթաս), գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արևելք: Միավորված է Ագարակի կոլտնտեսության հետ: Ունի ակումբ, գրադարան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (1892), Չորեքդռնի վանքը, խաչարձաններ:


ԽԴՐԲԵԿ, Իտտեյր, հայաբնակ գյուղ Մուսա լեռան հյուսիս–արևելքում: Գյուղը տարածված է բերրի և ջրառատ վայրում: 1913-ին ուներ 195 տուն (1150 շունչ) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մետաքսագործությամբ: Մշակում էին նարինջ, ձիթապտուղ: Արտահանում էին մետաքսաթել, փայտե շերեփ–գդալներ, աղամաններ ևն: Գյուղում կար երկու եկեղեցի՝ կից վարժարաններով: Խ. 1915-ին Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերին մասնակցած յոթ գյուղերից մեկն էր: 1924-ին, երբ կազմակերպվեց Մուսա լեռան գյուղախումբը, Խ. դարձավ նրա վարչական կենտրոնը, որտեղ նստում էր գավառապետը (ազգությամբ՝ հայ): 1939-ին, երբ Ալեքսանդրետի սանջակը հանձնվեց Թուրքիային, Խ–ի հայ բնակիչները գաղթեցին Սիրիա, ապա՝ Լիբանան, որտեղից նրանց զգալի մասը 1946–47-ին ներգաղթեց Սովետական Հայաստան: Պ. Ֆիլյան


ԽԵԴԵՆԵԿՅԱՆՆԵՐ, Խեդենիկյաններ, հայ իշխանական տոհմ Հայաստանի Վասպուրական նահանգում, XI–XII դդ.: Փաստորեն Արծրունյաց հայտնի նախարարական տան մի տարաճյուղն են և Խ. են անվանվել միայն պատմագիտության մեջ: 1021-ի արտագաղթից հետո Վասպուրականի «մեծ իշխան և վերակացու» է հիշվում Խեդենեկ Ա (Խեդենիկ), որին հաջորդում է որդին՝ Թոռնիկը: Թոռնիկ Ա–ի իշխանությունը ժառանգում է որդին՝ Թադևոսը (մոտ 1050–60-ական թթ.), իսկ Թադևոսին՝ նրա որդի Թոռնիկ Բ, որի որդու՝ Աբդլմսեհի օրոք (XI դ. վերջ և XII-ի սկիզբ) Վասպուրականը հարկատու էր սելջուկներին: Աբդլմսեհն ստացել էր պրոտոկուրոպաղատի (առաջին կուրոպաղատ) բյուզանդական աստիճան և «թագավոր» տիտղոս: Նա իր իշխանությունը մյուս գավառների վրա տարածելու նպատակով ամուսնացավ Կոգովիտ և Ծաղկոտն գավառների իշխան Ալուզի թոռ Մարիամի հետ: 1113-ին Աբդլմսեհն իր որդուն՝ Դավիթ եպիսկոպոսին Աղթամարում օծել տվեց կաթողիկոս, որով հիմք դրվեց Աղթամարի կաթողիկոսությանը: Աբդլմսեհին հաջորդեց մյուս որդին՝ Ալուզ–Ստեփանոսը (1121–մոտ 1125), որը վերաշինել տվեց թշնամիների ավերած բնակավայրերն ու բերդերը: Ալուզ–Ստեփանոսի որդին՝ Խեդենեկ Բ, չնայած հարևան ամիրայությունների հաճախակի հարձակումներին, կարողացավ առժամանակ խաղաղ հարաբերություններ հաստատել նրանց հետ: Խեդենեկ Բ–ից հետո Խ–ի իշխանությունը թուլացավ, կորցրեց իր տարածքի մեծ մասը: Խ–ի վերջին շառավիղն էր (Արքայուն վերադիրով) Խեդենեկ Գ (XII դ. երկրորդ կես), որի իշխանությունը ամփոփված էր Աղթամարում: Խեդենեկ Գ արու զավակ չունենալով, Աղթամար կղզին կտակեց իր դուստր Մարիամի ամուսին Սեֆեդին Արքայունին, որից սերեց Սեֆեդինյանների գերդաստանը:

Գրկ. Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1978:


ԽԵԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, արևելագիտության բնագավառ, որն ուսումնասիրում է մ. թ. ա. II հազարամյակում Փոքր Ասիայում ապրած խեթերի, լուվիացիների, պալայացիների լեզուն, մշակույթն ու պատմությունը: Խ–յան ձևավորմանը, իբրև գիտության, նախորդել են XIX դ. մի շարք գիտնականների աշխատությունները (Ա. Սեյս, Ա. Կնուդսոն և ուրիշներ), որտեղ կռահվել է խեթերի նշանակությունը Փոքր Ասիայի հնագույն պատմության մեջ: Խ–յան առաջացման գործում էական դեր կատարեցին 1906-ին գերմ. գիտնական Հ. Վինկլերի՝ Բողազքյոյում խեթական պետության մայրաքաղաք Խատտուսայի ավերակներից սեպագիր դիվանի հայտնաբերումը և 1915–17-ին չեխ գիտնական Բ. Հրովսիի կողմից խեթերեն տեքստերի վերծանումը: Գերմանիայում սկիզբ դրվեցին խեթերեն սեպագիր տեքստերի ինքնագրերի երկու պարբերական հրատարակությունների՝ «Սեպագիր փաստաթղթեր Բողազքյոյից» և «Սեպագիր տեքստեր Բողազքյոյից», որոնց հատորների թիվն այժմ անցել է 60-ից: Խեթերեն տեքստերի բանասիրական մանրազնին վերլուծության սկզբունքները, որ տվել է գերմ. գիտնական Ֆ. Զոմմերը 1920–1924-ին, զարգացրել են 20–60-ական թթ. Ա. Գյոտցեն, 6ո. Ֆրիդրիխը և ուրիշներ: Առանձնապես կարևոր են է. Ֆոռերի 20–30-ական թթ. աշխատությունները: Յո. Ֆրիդրիխը հրատարակել է «Խեթական թագավորության պետական դաշնագրերը» (հ. 1–2, 1926–30) մենագրությունը, մշակել խեթերենի դասագիրքն ու բառարանը: Սկզբնավորվել են Խ–յան մի շարք բնագավառներ՝ լեզվագիտություն, աշխարհագրություն, պատմություն, կրոն ևն: 1957-ին Ա. Գյոտցեն լույս ընծայեց «Փոքրասիացիներ» աշխատությունը, որտեղ ամփոփված են Խ–յան բոլոր բնագավառները:

Խ–յան մեջ արժեքավոր ներդրում ունեն սովետական խեթագետները: 1952-ին Մոսկվայում թարգմանվել և հրատարակվել են Յո. Ֆրիդրիխի «Խեթերենի համառոտ քերականությունը», 1961-ին՝ «Մոռացված գրերի և լեզուների վերծանումը» աշխատությունները: Սովետական խեթագետների ուսումնասիրություններում կարևոր տեղ է հատկացվում պետության հասարակական–տնտեսական կառուցվածքին, խեթա–լուվիական լեզուների համեմատական ուսումնասիրությանը և այլ հարցերի (Ի. Մ. Գյակոնով, է. Ա. Մենաբդե, Վ. Վ. Իվանով, Վ. Վ. Շևորոշկին և ուրիշներ): Սովետական Հայաստանում Խ–յան հետ կապված բազմաթիվ հարցերին, մասնավորապես խեթական պետության և Հայկական լեռնաշխարհի ու նրա հնագույն բնակիչների փոխհարաբերություններին են նվիրված Ա. Խաչատրյանի, Գ. Ղափանցյանի, Վ. Խաչատրյանի մի շարք ուսումնասիրություններ և հոդվածներ:

Գրկ. Խաչատրյան Ա., Հայաստանի սեպագրական շրջանի քննական պատմություն, Ե., 1933: Капанцян Г. А.., Историко-лнигвистическое работы, E., 1956; Менабде Э. А., Хеттское общество, Тб., 1965; Xачатрян В. Н.,Восточные провинции Хеттской империи, E., 1971; Friedrich J., Staatsvertrage des Hatti-Reiches in hethischer speiche, Bd, 1–2, Lpz., 1926–1930; Goetze A., Kleinasien, Miinchen, 1957, Վ. Խաչատրյան


ԽԵԹԱԳՈՒՐՈՎ Կոստա (Կոնստանտին) Լևանովիչ (1859–1906), օս բանաստեղծ, հասարակական գործիչ, հեղափո–