Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/49

Այս էջը սրբագրված է

ԽԵՑԱՔԱՐ, կրաքար՝ կազմված ամբողջական կամ ջարդված խեցիներից: Առաջանում է լիթորալ կամ մերձլիթորալ զոնաներում:


ԽԵՑԳԵՏԻՆ (լատ. Cancer), Կենդանաշրջանի համաստեղություններից: Գտնվում է երկնքի հյուսիսային կիսագնդում՝ Երկվորյակներ, Լուսան, Առյուծ, Հիդրա, Փոքր շուն համաստեղությունների միջև: Ամենապայծառ աստղը չորրորդ աստղային մեծության է: Խ–ի անվամբ է կոչվում Հյուսիսային արևադարձի կեաը, ուր Արեգակը լինում է ամառային արևադարձի օրը: Հս. միջին լայնություններից երևում է աշնանը, ձմռանը և գարնանը:

Նկարում` Խեցգետնանմաններ. 1. վահանակիր, 2. գետի խեցգետին, 3. խռիկաոտ, 4. ջրալու, 5. Կամչատկայի խաչափառ


ԽԵՑԳԵՏՆԱՆՄԱՆՆԵՐ (Crustaceae), հոդվածոտանիների տիպի ջրային կենդանիների դաս: Մի քանի մմ–ից մինչև 80 սմ մեծություն ունեցող կենդանիներ են: Մարմինը կազմված է գլխից, կրծքից, փորիկից և ծածկված է խիտինային կուտիկուլայով, որը հաճախ կիր է պարունակում և զրահ առաջացնում: Գլուխը 5 հատվածից է, ունի 2 զույգ բեղիկներ (անտենաներ և անտենուլներ), վերին ծնոտներ և 2 զույգ ստորին ծնոտ: Բեղիկները ծառայում են հոտառության և շոշափելիքի, երբեմն շարժման համար: Տեսողության օրգանները ֆասետային բարդ աչքերն են, որոնք ճյուղաբեղիկների մոտ ձուլվում են և մեկ աչք կազմում: Խորջրյա տեսակները զուրկ են աչքերից: Խ–ի արյունատար համակարգը բաց է, մկանոտ սիրտը գտնվում է մարմնի մեջքի կողմում: Շնչառության օրգանները խռիկներն են, որոշ տեսակներ շնչում են մաշկով: Արտաթորության օրգանները ցելոմոդուկտներն են: Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային և ենթակլանային հանգույցներից ու փորի նյարդային շղթայից, թիաոտների մոտ այն նյարդային սանդուղքի տիպի է: Մարսողության համակարգը 3 բաժնից է՝ առջևի, միջին և ետին աղի: Մակաբույծ որոշ տեսակների աղիները ետ են զարգացած: Բաժանասեռ են՝ առանձին նստակյաց ձևեր հերմաֆրոդիտ են: Բեղմնավորությունն արտաքին է: Որոշ Խ. (օրինակ՝ վահանակիրները, ճյուղաբեղերը, որոշ խեցիավորներ, խռիկավորներ) բազմանում են կուսածնությամբ: Հայտնի է մոտ 20 000 տեսակ: Ապրում են ծովերում, կազմում պլանկտոնի հիմնական և բենթոսի զգալի մասը, որոշ Խ. մակաբույծ են: Սնվում են բակտերիաներով, միաբջիջ օրգանիզմներով, հատակային ձևերը՝ օրգ. նյութերի մնացորդներով: Ունեն տնտ. նշանակություն, պլանկտոնային ձևերը ջրային կենդանիների հիմնական սնունդն են, որոշ տեսակներ օգտագործվում են որպես սննդամթերք: Խ–ի առանձին տեսակներ բազմացնում են ձկնաբուծարաններում՝ մատղաշ ձկներին կերակրելու համար: Մակաբույծ Խ. մեծ վնաս են հասցնում ձկներին, վարակիչ հիվանդությունների տարածման միջնորդ տերեր են:


ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, բրուտագործություն, կավագործություն, կավի ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների, ինչպես նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների եռակալումից և թրծումից ստացվող իրերի և նյութերի պատրաստման պրոցես: Խ–յան նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում: Ակզբնական շրջանում առավելապես արտադրվել է ամանեղեն: Այնուհետև Խ. ծառայել է նաև որպես նշանների, զարդանախշերի, դաջվածքների, հիերոգլիֆների, գեղագրերի և սեպագրերի սևեռման միջոց: Խեցին իբրև հնագույն շինանյութ նպաստել է նաև ճարտ. զարգացմանը, որի օգտագործման առաջին օրինակը վերագրվում է Տրիպոլիի մշակույթին (մ. թ. ա. I հազարամյակ): Մերձավոր Արևելքի երկրներում օգտագործվել է հում, ապա թրծված աղյուսը, Բաբելոնում, Եգիպտոսում և Իրանում՝ ջնարակված և հախճապատ սալիկներ: Հին Չինաստանում բարձրորակ սպիտակ կավից (կաոչին) սպասք էր պատրաստվում, որի շնորհիվ մ. թ. ա. I հազարամյակում սկզբնավորվեց ճենապակետիպ իրերի, հետագայում նաև մաքուր ճենապակու արտադրությունը: Խ–յան պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե (терракота) արձանիկները: Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին Խ–ական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին: Մ. թ, ա. IV հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր արդեն թրծումը և ամանների կոպիտ զարդանախշումը: Մ. թ. ա. III հազարամյակում Հայաստանում (Մեծամոր), մետաղամշակման զարգացմանը զուգընթաց, տեխնիկապես անհրաժեշտություն դարձավ խեցե օջախների, հալոցների ձուլածո կաղապարների պատրաստումը: Վաղ բրոնզի դարին անցումը Խ–յան մեջ բնորոշվում է տարբեր ձևերի պատրաստման հնարների բազմազանությամբ, գունավոր կավի օգտագործմամբ, զարդանախշի բարդացմամբ, որոնց վկայությունն են պեղումներից հայտնաբերված նրբապատ բեկորները: Մ. թ. ա. III հազարամյակում խեցեսափորների համար սահմանվում է ընդգծված եռամաս ձև՝ աննշան գոգավոր վզիկ, ուռուցիկ իրան, գոգավոր հատակ: Խեցեղեն նյութը բաժանվում է երեք խմբի. 1. Շրեշ բլուրի. գունավոր անգորներ և սևափայլ խեցի՝ իրանի կենտրոնում ակոսավոր նախշերով (հավանաբար բուսաէլատկերներ կամ խորհրդանշական–կոսմոգենիկ նշաններ): 2. Կառնուտ–Կիրովականի, սևափայլ խեցի՝ դեղնավուն անգոբներ և նրբագիծ նախշերով իրեր: 3. Կարազ–Արծնի, սևափայլ, չոր կավի վրա քերծված գծանկարով և ճշգրիտ զոլավոր նախշերով իրեր, որոնք համատեղվում են կենդանակերպ ամանեղենի հետ: Երևան է գալիս արդեն գունազարդ խեցեղենը, որի դերը այնքան մեծ է եղել միջին բրոնզի դարում (մ. թ. ա. III հազարամյակի I կես), որ այդ ժամանակահատվածը անվանել է «գունազարդ խեցու» դարաշրջան: Այստեղ գերիշխում է միագույն և երկգույն՝ սև–սպիտակ, սև–կարմիր, սև–դարչնագույն զարդերով խեցեղենը: Միջին բրոնզի դարի կեսին գունազարդ խեցռն զուգահեռաբար տեղ է գտնում սևատայլ անոթների կողքին, որոնք դաջված են կետանախշերով և ընդելուզված սպիտակ ու կարմիր մածուկով: Միջին բրոնզի դարի շրջանում ծեփումը համադրվում է քանոնի և կարկինի միջոցով փորագրման տեխնիկային: Ուշ բրոնզի դարաշրջանը (մ. թ. ա. XI–X դդ.) հատկանշվում է «բրուտագործական օղակի» օգտագործմամբ: Խեցեգործական իրերն ընկալվում են իբրև քանդակ, որոնք կոշկաձև անոթներ էին՝ զարդարված կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակ ուղղահայաց ակոսներով: Երկաթի յուրացման ժամանակաշրջանի (մ. թ. ա. X-VI դդ.) Խ–յանը բնորոշ է գնդաձև կամ էլիպսաձև՝ սևափայլ, սպիտակադաջ զարդանախշով, երբեմն թեմատիկ (որսի, պաշտամունքի) պատկերներով անոթների արտադրությունը: Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում անգորների օգտագործմամբ, զարդանախշի տեսակների (փոսիկավոր, փայլեցրած, ծեփածո, նկարազարդ) բազմազանությամբ, ստատիկ հանդիսավոր հորինվածքներով: Հելլենիզմի դարաշրջանի (մ. թ. ա. Ill–I դդ.) Հին Հայաստանի Խ. վկայում է «գունազարդ խեցու» վերածաղկումը: Այս շրջանում տարածում ես գտնում թրծված կավե փոքրածավալ արձանիկները, իսկ խեցե ամանները առանձնանում են ձևերի բազմազանությամբ: Հատկապես մեծ նշանակություն է ստանում շինարարական խեցին, որի բեկորներից հայտնաբերվել է Արտաշատի և Գառնիի պեղումների ժամանակ: I–III դդ. Հայաստանի նյութական մշակույթդ մասին եղած տեղեկությունները սակավ են: Մինչդեռ վաղ միջնադարի (IV–IX դդ.) Խ. ներկայանում է հազվագյուտ բարձրարվեստ նմուշներով՝ հայտնաբերված Դվինի և Զվարթնոցի պեղումներից: Բացի բարձրաքանդակ զարդանախշից, առկա է նաև հում անգոբի վրա երկրաչափական, երբեմն բուսական և կենդանակերպ ջնարակված նախշազարդը: IX–XIII դդ. Հայաստանի քաղաքները (Դվին, Անի) դառնում են Խ–ական խոշոր կենտրոններ, այդ են վկայում Դվինում բացված երեք արհեստանոցները, ինչպես նաև Հայաստանի զանազան վայրերում հայտնաբերված միջնադարյան խեցեղենը: Դվինը, ի տարբերություն Անիի «կոպիտ» խեցեղենի, աչքի էր ընկնում իր փոքրահատիկ