Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/56

Այս էջը սրբագրված է

Նկարում` Խծկոնք. ընդհանուր տնսքը մինչև XX դ. կեսը

Նկարում` Խծկոնքի Ս. Սարգիս եկեղեցու (1027) հատակագիծը

Նկարում` Խծկոնքի Ս. Սարգիս եկեղեցին (1027)

խաչքար–կոթող: Վերջին երեք եկեղեցիները ճշգրիտ թվագրում չունեն, համարվում են X–XI դդ. կառույցներ: Խ–ի անսամբլը, լինելով հայկական շինարվեստի բարձրագույն կոթողներից, ճարտարապետության և բնաշխարհի ներդաշնակման կատարյալ օրինակներից է: Խ. 1878-ին վերանորոգվել է հայազն զորապետ Հ. Լազարյանի աջակցությամբ, Հարություն վարդապետ Մանուկյանի ձեռքով: Վանքը եղել է նշանավոր ուխտատեղի, ունեցել օժանդակ և բնակելի շինություններ, պարտեզներ, ծառաստաններ և բարեխնամ վիճակում գոյատևել մինչև XX դ. սկզբները: Հռչակված է եղել նաև իր տաք և սառը հանքային բուժիչ ջրերի աղբյուրներով: Այժմ ամայի է: Պատկերազարդումը տես 33-րդ էջից առաջ՝ ներդիրում: Գրկ. Ալի շան Ղ. Շիրակ, Վնտ., 1881:

ԽՃԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, մոզաիկա (ֆրանս. mosaique, իտալ. mosaico, < լատ. opusmusivum – նվիրված մուսաներին), մոնումենտալ–դեկորատիվ արվեստի հիմնական տեսակներից, համասեռ կամ տարբեր նյութերի մասնիկներից (քար, գունախիճ, խեցեսալիկ ևն) ստեղծված պատկեր կամ զարդ: Խ–յան հատուկ տեսակ է ընդելուզումը (ինկրուստացիան): Խճանկար կազմող մասնիկները՝ «խճերը», ունեն պարզ երկրաչափական կամ բարդ ձև և ամրացվում են կրի, ցեմենտի, խեժի կամ մեղրամոմի շերտի մեջ: Խճանկարը հավաքվում է երկու եղանակով՝ «ուղղակի», երբ պատկերազարդվող մակերեսին փակցվող մասնիկները ներսեղմվում են ամրացնող զանգվածում, և՝ «հակադարձ», երբ մասնիկները երեսի կողմից դեպի ցած սոսնձվում են ստվարաթղթի կամ գործվածքի վրա արված գծագրին, ապա հավաքված «խճերը» ետևի կողմից ծեփվում են ամրացնող բաղադրությամբ, ժամանակավոր հիմքը հեռացվում է, ստացված մեծաղյուսը փակցվում է պատին կամ առաստաղին: Խ–յան պահպանված հնագույն նմուշներ են բազմագույն կավե անոթների օղակազարդերը (Միջագետք, մ. թ. ա. III հազարամյակ): Անտիկ Խ. կառույցների հատակը գարդարող ոչ բարդ զարդերից և անպաճույճ պատկերներից վերաճել է քարի կտորներից կազմված, ուղղակի ագուցված և ապա հղկված բազմագույն կամ սև–սպիտակ նրբին հորինվածքների: Բյուգանդական արվեստում գունախճերից և քարից (հաճախ կիսաթանկարժեք) հավաքված խճանկարը չէր հղկվում, որով գույնն ստանում էր հատուկ հնչեղություն: Գույներով ու ոսկով առկայծող բյուգանդական խճանկարը (Կ. Պոլսի և Ս. Սոֆիայի տաճարում), հարստացնելով ինտերիերը, օրգանապես միաձուլվում էր պատի զանգվածին: Բյուգանդական Խ–յան ավանդները յուրովի արտացոլվել են Իտալիայում, Հին Ռուսիայում (XI –XII դդ., Կիևի Սոֆիայի և Միխայլովյան ոսկեգմբեթ տաճարներում), Վրաստանում (XII դ., Դելաթի վանքում): Արևմտյան Եվրոպայի ռոմանական արվեստում գերիշխել է զարդերով Խ.: XVI դ. Իտալիայում առաջացել է գունավոր հղկված քարերից, այսպես կոչված, ֆլորենտական Խ.: XVII դ. տարածված գունախճերով Խ. նմանակել է գեղանկարչության եղանակները: Իսլամի երկրներում (նաև միջնադարյան Իսպանիայում և Պորտուգալիայում) XIII –XIV դդ. զարգացել է մայոլիկայի արաբանախշ Խ.: XVIII դ. Ռուսաստանում Մ. Վ. Լոմոնոսովը վերականգնել է գունախճերով Խ–յան տեխնիկան: Սովորաբար խոշոր կտորներից կազմված ժամանակակից Խ–յան մեջ գերիշխում են ցայտուն, լոկալ գունաբծերի համադրումով հորինվածքները (Ֆ. Լեժե, Ռ. Դուտտուզո, Դ. Սիկեյրոս և ուրիշներ): Սովետական Խ–յան վարպետներից են Ա. Ա. Դեյնեկան, Պ. Դ. Կորինը:

Հայկական Խ–յան առաջին և համեմատաբար ամբողջական նմուշը Գառնիի բաղնիքի հանդերձարանի հատակի՝ 15 երանգի քարերից կազմված խճանկարն է (III դ.), ուր պատկերված են ծով և առասպելական ծովային արարածներ (օվկիանոսի և ծովի մարմնավորումների կիսանդրիներ, ձկնորսների և նավազների հովանավոր Դլավկոսը, Պելեոսը և Թետիսը, դելֆին, իխթիոկենտավրոսներ, ձկներ, ձկնորս, ներեիդներ ևն): Այն իր ոճով հարում է ասորահելլենիստական ուշ շրջանի Խ–յանը: Քարի և գունախճերի խորանարդիկներ են գտնվել Էջմիածնի IV–V դդ.

Նկարում` «Ձկներ», Պոմպեյի «Ֆավնի տան» խճանկարներից (մ, թ. ա. II դ., Ազգային թանգարան, Նեապոլ)