Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/59

Այս էջը սրբագրված է

վրա 75,5 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 34%: Խոշոր քաղաքներըն են՝ Խմելնիցկին, Կամենեց–Պոդոլսկը, Շեպետովկան:

Խ. մ–ում զարգացած են սննդի արդյունաբերությունը, մեքենաշինությունը, թեթև, սննդի և շինանյութերի արդյունաբերությունը, մեքենայացված գյուղատնտեսությունը: Շաքարի արդյունաբերությունն ունի համամիութենական նշանակություն: Մեքենաշինությունը և մետաղամշակումը հիմնված են բերովի հումքի վրա: Խ. մ–ում էներգետիկ տնտեսությունը զարգանում է ներմուծվող ածխի, նավթամթերքների, բնական գազի, ինչպես նաև տեղական տորֆի և հիդրոէներգետիկ պաշարների հիմքի վրա: Խ. մ–ի գյուղատնտեսության ճյուղերն են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությունը և կաթնամսատու անասնապահությունը: Զարգացած է այգեգործությունը:

Երկաթուղիների երկարությունը 732 կմ է, ավտոճանապարհներինը՝ 8,4 հզ. կմ (1975): Զարգացած է օդային տրանսպորտը:

1976-ին Խ. մ–ում գործում էին 1420 գրադարան, 3 թանգարան, 2 թատրոն: Լույս են տեսնում «Ռադյանսկե Պոդիլյա» (Սովետական Պոդոլյա), «Կորչագինեց» մարզային լրագրերը: Մ. Շտեպա

ԽՄՈՐՈՒՄ, օրգանական նյութերի, հատկապես ածխաջրերի, անաերոբ ճեղքումը միկրոօրգանիզմների կամ դրանց արտադրած ֆերմենտների ազդեցությամբ: Խ–ման պրոցեսում օքսիդա–վերականգնման ռեակցիաների շնորհիվ անջատվում են մեծ քանակությամբ էներգիա, որն անհրաժեշտ է միկրոօրգանիզմների կենսագործունեության համար, և քիմ. միացություններ, որոնք միկրոօրգանիզմներն օգտագործում են ամինաթթուների, օրգ. թթուների, սպիտակուցների ու ճարպերի կենսասինթեզի համար: Խ–ման բնույթը, ինտենսիվությունը, վերջնական նյութերի քանակական հարաբերությունը պայմանավորված են հարուցիչի և Խ–ման պայմանների (pH, աերացիա, ջերմաստիճան ևն) առանձնահատկություններով: Տարբերում են սպիրտային, կաթնաթթվային, կարագաթթվային, քացախաթթվային և այլ Խ–ներ:

Սպիրտային Խ., 1836-ին ֆրանսիացի գիտնական Կանյար դը լա Տուրը հաստատեց, որ սպիրտային Խ. կապված է շաքարասնկերի աճի ու բազմացման հետ: Ա. Լավուազիեն (1789) և Ժ. Գեյ Լյուսակը տվեցին սպիրտային Խ.-ման քիմ. հավասարումը.

C6H12O6–>2C2H5OH + 2CO2:

Մեկ մոլեկուլ գլյուկոզի Խ–ից առաջանում են 2 մոլեկուլ էթիլսպիրտ, 2 մոլեկուլ ածխաթթու գազ, ԱԿՖ, ԱԵՖ (տես Ադենոզինֆոսֆորաթթուներ) և 686 000 կալ էներգիա, որն օգտագործվում է միկրոօրգանիզմների կողմից: Թթվածնի առկայության դեպքում սպիրտային Խ. կանգ է առնում կամ ճնշվում է, շաքարասնկերն իրենց անհրաժեշտ էներգիան ստանում են շնչառության պրոցեսում: Խիստ կապ կա Խ–ման և միկրոօրգանիզմների, բույսերի ու կենդանիների շնչառության միջև: Սպիրտային Խ–մանը մասնակցող ֆերմենտներն առկա են նաև բույսերի ու կենդանիների հյուսվածքներում: Շաքարների ճեղքման առաջին փուլերը մեծ մասամբ ընդհանուր են Խ–ման և շնչառության համար: Սպիրտային Խ. լայն կիրառություն ունի գինեգործության, գարեջրի արտադրության, օղեթորման, հաց–թխման պրոցեսներում:

Կաթնաթթվային Խ., տարածված է բնության մեջ: Հին ժամանակներից մարդիկ կաթնաթթվային Խ–ման հետևանքով ստացվող նյութերը (մածուն, կեֆիր, ացիդոֆիլին ևն) օգտագործել են կենցաղում: Տարբերում են հոմոֆերմենտային և հետերոֆերմենտային կաթնաթթվային բակտերիաներ: Առաջինները (օրինակ՝ Lactobacillus delbriickii) միաշաքարները ճեղքում են և առաջացնում 2 մոլեկուլ կաթնաթթու՝ C6H12O6 = 2CH3CHOH .COOH: Հետերոֆերմենտային բակտերիաները (օրինակ՝ Bacterium lactis aerogenes) շաքարները խմորելիս առաջացնում են ոչ միայն կաթնաթթու, այլև քացախաթթու, էթիլսպիրտ, ածխաթթու գազ, եթերներ ևն: Հոմոֆերմենտային կաթնաթթվային Խ. կիրառվում է կաթնաթթու, կաթնաթթվային տարբեր մթերքներ, հաց, գյուղատնտ. կենդանիների կեր պատրաստելու համար:

Կարագաթթվային Խ., Clostridium ցեղի շատ անաերոբ բակտերիաներ ածխաջրերը խմորելով՝ առաջացնում են կարագաթթու: Ածխաջրերի ճեղքման առաջին փուլերը, ընդհուպ պիրոխաղողաթթվի առաջացումը, նման են սպիրտային Խ.-ման համապատասխան փուլերին, այնուհետև կարագաթթվային Խ–ման դեպքում առաջանում է ացետիլ կոֆերմենտ A: Կարագաթթվային Խ. կարող է տեղի ունենալ սիլոսում, կաթնամթերքներում, որը ցանկալի չէ, քանի որ կարագաթթվի կուտակման հետևանքով այդ մթերքները տհաճ համ ու հոտ են ստանում:

Թաղանթանյութի Խ–ման բնույթը, հարուցիչների որոշ տեսակներ առաջինը հայտնագործել է Վ. Օմելյանսկին: Թաղանթանյութի Խ. տեղի է ունենում աերոբ ու անաերոբ պայմաններում: Անաերոբները ջրածնային Խ–ման հարուցիչներն են, որոնք բացի ջրածնից առաջացնում են յուղաթթու, քացախաթթու, ածխաթթու գազ և միջանկյալ այլ նյութեր: Թաղանթանյութի մեթանային Խ–ման հարուցիչները բացի մեթանից առաջացնում են և վերը նշված նյութերը: Թաղանթանյութը կարող են քայքայել նաև որոշ բորբոսասնկեր ու ճառագայթասնկեր: Թաղանթանյութը Խ–ման ենթարկող մանրէներն արդյունաբերության մեջ օգտագործվում են սպիրտներ, թթուներ կամ այլ նյութեր ստանալու համար: Թաղանթանյութը խմորող բակտերիաները կարևոր են խոտակեր կենդանիների մարսողության պրոցեսում, քանի որ քայքայում են թաղանթանյութի մոտ 75%-ը, բարձրացնում կոշտ կերերի մարսելիությունը:

Սպիտակուցների Խ., Clostridium ցեղի նեխման որոշ բակտերիաներ ընդունակ են խմորել ոչ միայն ածխաջրերը, այլև ամինաթթուները: Նշված բակտերիաները պրոտեոլիտիկ ֆերմենտների օգնությամբ ճեղքում են սպիտակուցները մինչև ամինաթթուների, որոնք և Խ–ման են ենթարկվում: Սպիտակուցների Խ. մեծ նշանակություն ունի բնության մեջ նյութերի շրջապտույտում:

Պրոպիոնաթթվային Խ–ման հարուցիչներն են Propionibacterium ցեղի բակտերիաները, որոնք տարածված են ամենուրեք, հատկապես կաթնամթերքների, պանրի մեջ: Պրոպիոնաթթվային Խ–ման հետևանքով առաջանում են պրոպիոնաթթու, քացախաթթու, ածխաթթու գազ և ջուր: Պրոպիոնաթթվային Խ–ման քիմիզմը խիստ փոփոխվում է միջավայրի պայմաններից: Թթվածնի առկայությամբ պրոպիոնաթթվային բակտերիաները կատարում են օքսիդացման պրոցեսներ, իսկ բացակայությամբ (Խ–ման միջոցով) ճեղքում են հեքսոզները:

Կիտրոնաթթվային Խ., շատ բորբոսասնկեր, շաքարը Խ–ման ենթարկելով՝ առաջացնում են կիտրոնաթթու: Առավել ակտիվ են Aspergillus niger շտամները, որոնք իրենց օգտագործած