Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/606

Այս էջը սրբագրված է

606 ԿՈՍՄԻԿԱԿԱՆ

և ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարին։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը(1917)։ Ուկրաինայի կոմկուսի ՈւԿ(բ)Կ կազմակերպիչներից է։ 1918-ին ընտրվել է ՈւԿ(բ)Կ ընդհատակյա աջափնյա կոմիտեի քարտուղար։ 1919-ին ղեկավարել է ՈւԿ(բ)Կ ԿԿ Անդրճակատային բյուրոն, Դենիկինի զորքերի թիկունքում տարվող ընդհատակյա աշխատանքները։ 1920-ին եղել է ՈւԿ(բ)Կ ԿԿ, 1922-ից՝ ՌԿ(բ)Կ ԿԿ Սիբիրյան բյուրոյի, 1925–28-ին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի քարտուղար, 1928-ից՝ ՈւԿ(բ)Կ ԿԿ–ի գլխավոր քարտուղար, 1938-ի հունվարից՝ ՄՄՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ Կուսակցության XII – XVII համագումարների պատգամավոր, XII համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ–ի անդամության թեկնածու, XIII – XVII-ում՝ անդամ։ 1927-ից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1930-ից՝ անդամ։ Կոմինտերնի VI, VII կոնգրեսների պատգամավոր։ Ընտրվել է ՍՍՀՄ ԿԳԿ նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։


ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ, տես Տիեզերական ճառագայթում։


ԿՈՍՄՈԳՈՆԻԱ, տիեզերածնություն (< կոսմոս և հուն, γονή – ծագում), գիտություն երկնային մարմինների և նրանց համակարգերի ծագման ու զարգացման մասին։ Կ–ի եզրակացությունները հիմնվում են աստղագիտության այլ ճյուղերի և առաջին հերթին՝ աստղաֆիզիկայի, ինչպես նաև ֆիզիկայի, երկրաբանության, երկրաֆիզիկայի ու երկրաքիմիայի տվյալների վրա։ Կ–ի խնդիրներն են. 1. մոլորակների և մոլորակային համակարգերի, 2. աստղերի, միգամածությունների և աստղային համակարգերի ծագման ու զարգացման օրինաչափությունների բացահայտումը։ Սակայն այդ պրոբլեմներից յուրաքանչյուրի ուսումնասիրությունը չի կարող կատարվել մյուսից անկախ։ Քանի որ մոլորակային համակարգի կենտրոնական մարմինը աստղ– Արեգակն է, որի ձգողության ազդեցությամբ կատարվում է մոլորակների շարժումը, պարզ է, որ մոլորակների ծագման ու զարգացման օրինաչափությունները պետք է սերտ կապի մեջ գտնվեն աստղերի ծագման ու զարգացման օրինաչափությունների հետ։ Մոլորակային Կ. և աստղային Կ. անցյալում զարգացել են մեկը մյուսի հետ ոչ շատ կապակցված, որը պատճառ է կոսմոգոնիական նախկին բազմաթիվ տեսությունների անհաջողության։ Սովետական գիտության մեջ Կ–ի այդ երկու ճյուղերում վերջին տարիներս ավելի ու ավելի սերտ համագործակցություն է նկատվում։

Կ. գիտական մատերիալիստական աշխարհայացքի զարգացման համար ունի հսկայական նշանակություն։ Այն կստանա նաև մեծ գործնական նշանակություն, քանի որ զբաղվում է նաև Երկիր մոլորակի ծագման և զարգացման օրինաչափությունների ուսումնասիրմամբ, որոնց պատմական ընթացքի պարզաբանումը կհեշտացնի երկրի ներքին կառուցվածքին վերաբերող շատ հարցերի լուծումը։ Արեգակի ֆիզիկայի գործնական շատ հարցեր նույնպես սերտորեն կապված են այդ լուսատուի զարգացման պատմության հետ։

Մարդու աշխարհայացքի համար իր մեծ նշանակությունն ունենալու պատճառով, Կ. միշտ եղել և մնում է գաղափարական սուր պայքարի թատերաբեմ գիտության ու կրոնական պատկերացումների, մատերիալիզմի ու իդեալիզմի, գիտական նոր գաղափարների և իրենց դարն ապրած հին տեսակետների միջև։ Կապիտալիստական երկրների գիտնականները կոսմոգոնիական հարցեր դիտարկելիս հաճախ սահմանափակվում են մտացածին իդեալիստական սխեմաներով, որոնք մեծ մասամբ կտրված են իրականությունից և հակասում են դիտումների տվյալներին։ Բոլորովին հակադիր ուղղությամբ է ընթանում Կ–ի զարգացումը ՍՍՀՄ–ում և սոցիալիստական այլ երկրներում։ Ղեկավարվելով դիալեկտիկական մատերիալիզմի մեթոդով, բազմակողմանիորեն օգտագործելով դիտումների ընդարձակ նյութը՝ գիտության այդ ճյուղում սովետական գիտնականները հասել են զգալի հաջողությունների։ Երկնային մարմինների զարգացման գաղափարն ընկած է ՍՍՀՄ–ում տարվող աստղագիտական աշխատանքների հիմքում։ Կոսմոգոնիական պրոբլեմների լուծման համար աստղագիտական տվյալների հետ միաժամանակ ավելի ու ավելի լայնորեն են օգտագործվում Երկրի մասին եղած այլ գիտությունների տվյալները։

Կոսմոգոնիական պրոբլեմների յուրահատկությունը, որի հետևանքով էլ նրանք չափազանց դժվար են, այն է, որ երկնային մարմինների զարգացման ընթացքը (բացառությամբ պայթյունային բնույթի տիեզերական երեույթների, օրինակ, նոր և գերնոր աստղերի բռնկումը) սովորաբար տևում է միլիոնավոր և միլիարդավոր տարիներ, այսինքն՝ այնպիսի ժամանակամիջոցներ, որոնց հետ համեմատած մարդկային հասարակության մեջ աստղագիտական դիտումների ու աստղագիտության զարգացման ամբողջ ժամանակաշրջանը չափազանց կարճ է։ Երկնային մարմիններում (աստղերում, աստղային համակարգերում, մոլորակներում) տեղի ունեցող փոփոխությունների ճնշող մեծամասնությունն այնքան դանդաղ է ընթանում, որ մեր դիտումները (որոնց տևողությունը չափվում է տարիներով և միայն լավագույն դեպքում՝ հարյուրավոր տարիներով) կարողանում են արձանագրել երկնային մարմինների միայն որոշակի, ըստ էության ակնթարթային դրությունը, և որոշ դեպքերում էլ դիտման պահին այդ դրության փոփոխության ուղղությունը։

Գիտական Կ. ծագել է XVII և XVIII դդ. աստղագիտության մեջ արեգակնային համակարգի մարմինների շարժման բացատրության բնագավառում ձեռք բերած մեծ նվաճումների հիման վրա։ Տիեզերական ձգողության ուժի շնորհիվ հնարավոր եղավ մոլորակների և արբանյակների շարժման կանխատեսումը ինչպես նախօրոք՝ երկար ժամանակ առաջ, այնպես էլ նրանց՝ անցյալում ունեցած դասավորության հաշվումը։ Այս հանգամանքը XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին աստղագետներին բերեց այն եզրակացության, որ ելնելով ելակետային վիճակի մասին ունեցած որոշակի ենթադրություններից, մեխանիկայի օրենքների հիման վրա կարելի է բացատրել արեգակնային համակարգի ժամանակակից կառուցվածքը։ Գերմանացի փիլիսոփա Ի. Կանտը և ֆրանսիացի աստղագետ և մաթեմատիկոս Պ. Լապլասը առաջադրեցին հիպոթեզներ, որոնցով նրանք ցանկանում էին տալ մոլորակային համակարգի ծագման նկարագիրը։ Արդեն Կանտի և Լապլասի հիպոթեզների հանդես գալու փաստը այն ժամանակ մի հուժկու հարված էր ինչպես կրոնական պատկերացումներին, ըստ որոնց Երկիրը և մյուս աշխարհները ստեղծել է արարիչը, այնպես էլ Տիեզերքի ստատիկական և անփոփոխ կառուցվածքի մետաֆիզիկական պատկերացմանը։ Բնութագրելով բնության անփոփոխության պատկերացման փոխարինումը աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի փոփոխման պատկերացմամբ, Ֆ. Էնգելսը գրում էր. «Բնության նկատմամբ այս քարացած հայացքի մեջ առաջին ճեղքը բացեց ոչ թե բնախույզը, այլ փիլիսոփան։ 1755-ին հրատարակվեց Կանտի «Երկնքի համընդհանուր բնապատմությունն ու տեսությունը»։ Առաջին հարվածի հարցը վերացվեց. Երկիրը և ամբողջ արեգակնային համակարգը, պատկերացան որպես ժամանակի մեջ գոյացած մի ինչ–որ բան» (Ֆ. Էնգելս, Բնության դիալեկտիկա, 1950, էջ 13)։

Կանտի և Լապլասի հիպոթեզները գիտական Կ–ի կառուցման առաջին հսկա քայլերն էին, որոնք մինչև այժմ էլ տիեզերագիտության համար իրենց արժեքը չեն կորցրել։

Ինչպես Կանտը, այնպես էլ Լապլասը ուշադրություն դարձրին մոլորակային համակարգերի շարժումների հետևյալ երեք հիմնական հատկություններին. 1. մոլորակների ուղեծրերի հարթությունները խավարածրի հարթության հետ կազմում են փոքր անկյուններ, 2. մոլորակների ուղեծրերը էլիպսներ են, որոնց էքսցենտրիսիտետները համեմատաբար փոքր են, այսինքն՝ այդ ուղեծրերը շրջանագծերից քիչ են տարբերվում, 3. մոլորակների շարժումն Արեգակի շուրջը և Արեգակի պտույտն իր առանցքի շուրջը տեղի են ունենում միևնույն ընդհանուր ուղղությամբ։ Բացի դրանից հայտնի էր, որ մոլորակների արբանյակները (այն ժամանակ հայտնի) օժտված էին մոլորակային համակարգի նշված երեք հատկությունների նման հատկություններով։ Կանտի և Լապլասի հիպոթեզները առաջին հերթին պետք է բացատրեին արեգակնային համակարգի կառուցվածքի այդ առանձնա հատկությունները։

Ըստ Կանտի, Արեգակը մի ժամանակ շրջապատված է եղել միգամածությունով, որը կազմված է եղել Արեգակի շուրջը տարբեր ուղղություններով քաոսաբար շարժվող մասնիկներից։ Մասնիկների փոխադարձ բախման պատճառով ժամանակի ընթացքում այդ շարժումը կանոնավորվել է, և միգամածությունն սկսել է պտտվել Արեգակի շուրջը։ Այդ պտտվող միգամածությունից հետագայում առաջացել են