Խ. դ. բնակչության և կազմակերպությունների օգտին կատարում են տարբեր բնույթի դրամական գործառնություններ՝ իրացնում են 3%-անոց փոխառության պարտատոմսերը, դրամա–իրային վիճակախաղի տոմսերը, վճարում շահումները, մարում պետ. փոխառությունները, վարում արհմիութենական կոմիտեների ու հասարակական սկզբնական կազմակերպությունների ընթացիկ հաշիվները, բնակչությունից գանձում կոմունալ ծառայությունների ու բնակարանային վարձը, վճարում կենսաթոշակները, տալիս ու վճարում ակրեդիտիվ են: 1977-ին ՍՍՀՄ–ում գործում էր 80,4 հզ. Խ. դ., որոնք դասակարգվում են կենտրոնական, I, II կարգի Խ. դ–ի և գործակալությունների: Խ. դ–ի համակարգը ղեկավարում է ՍՍՀՄ պետաշխխնայդրամարկղների վարչությունը:
ՀՍՍՀ–ում առաջին խնայդրամարկղը կազմակերպվել է 1923-ին՝ Երևանում: 1977-ին գործում էր 670 Խ. դ. (1940-ին՝ 264), ավանդների թիվը 1037 հզ. (80 հզ.) էր, ընդհանուր գումարը՝ 1538,2 մլն ռ. (3,1 մլն ռ.), միջին չափը՝ 1483 ռ. (39 ռ.): Ռ. Ստեփանյան
ԽՆԴԻՐՆԵՐ, նախադասության բայական անդամի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողությանը առնչվող, նրա կատարմանը մասնակցող առարկաներ: Ըստ իրենց արտահայտած իմաստի Խ. ժամանակակից հայերենում խմբավորվում են հետեւյալ տեսակների մեջ՝ ուղիղ, հանգման, մատուցման, անջատման, վերաբերության, բաղկացության, ներգործող, միջոցի, սահմանափակման և բացառման: Խ. դրվում են կամ բայի սեռի պահանջով (ուղիղ և ներգործող Խ.), կամ բայիմաստի պահանջով (հանգման, մատուցման, անջատման, վերաբերության, բաղկացության, միջոցի, սահմանափակման և բացառման Խ.): Ուղիղ խնդիրը դրվում է ներգործական սեռի բայերի պահանջով, իսկ ներգործող խնդիրը՝ կրավորականների, սակայն հիշյալ բայերը ըստ բայիմաստի կարող են ստանալ նաև այլ Խ. (լուրը հաղորդել ընկերոջը, մատիտը սրել դանակով): Բայիմաստով պայմանավորված Խ. կարող են ստանալ նախ անվանական ստորոգյալները: Խ–ի կապը բայի հետ քերականորեն իրացվում է գոյականների կամ իբրև այդպիսին վերցված այլ խոսքի մասերի թեք հոլովների և կապական արտահայտությունների միջոցով: Ն. Պառնասյան
ԽՆԴՐԱՌՈՒԹՅՈՒՆ, բառերի ստորադասական կապակցության եղանակ, որն իրացվում է լրացումների հոլովական և կապային ձևավորմամբ՝ պայմանավորված գերադաս անդամի քերականական իմաստով: Ժամանակակից հայերենում Խ. հատուկ է բայերին, մասամբ նաև՝ ածականներին ու գոյականներին: Խ. կարող է լինել ուժեղ (երբ գերադաս բառը պահանջում է որոշակի հոլովով կամ կապով ձևավորված խնդիր), թույլ (երբ լրացումների հոլովական ձևավորումը ավելի շատ կախված է նրանց գործառությունից, շարահյուսական դերից ու պաշտոնից, և լրացյալը կարող է զուգակցվել տարբեր հոլովներով ու կապերով լրացումների հետ), միակի (այն ուժեղ Խ., որի դեպքում լրացյալը պահանջում է մեկ լրացում), բազմակի (երբ գերադաս բառը պահանջում է մեկից ավելի՝ տարբեր հոլովներով ու կապերով ձևավորված լրացումներ): Ն. Պառնասյան
ԽՆԿԵՂԵԳ, ակիր (Acorus), նվիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս: Տերեւները երկար են (մինչև 1 մ) նշտարաձև կամ թրաձև, կոճղարմատը հաստ է, սողացող: Ծաղկաբույլը՝ դեղնականաչավուն կամ դեղին: Պտուղը բազմասերմ հատապտուղ է: Հայտնի է երկու տեսակ, ՍՍՀՄ–ում և Հայաստանում՝ 1 տեսակ՝ սովորական Խ. (A. calamus), որն աճում է ճահիճների ու գետերի ափին, երբեմն առաջացնում է խիտ բուսուտներ: Խ–ի բուժիչ հատկությունները հայտնի են եղել միջնադարի հայ բժիշկներ Մխիթար Հերացուն և Ամիրդովլաթ Ամասիացուն: Խ. պարունակում է եթերային յուղեր, գլյուկոզիդ, դաբաղանյութեր, օսլա, խեժ ևն: Անցյալում հայ եկեղեցականները Խ–ից խունկ են պատրաստել: Խ–ից ստացված պատրաստուկները կիրառվում են որպես ախորժաբեր և մարսողությունը բարելավող, ինչպես նաև օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց: Խ. լայնորեն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ, պարֆյումերիայում: Մեր հանրապետությունում Խ. համարյա անհետացել է և աճում է միայն Էջմիածնի շրջանի Փարաքար և Արևշատ գյուղերում: Ա. Բարսեղյան
Նկարում` Խնկո Ապեր
ԽՆԿՈ ԱՊԵՐ [Խնկոյան Աթաբեկ Հովհաննեսի, 19.10.1870, գ. Ղարաբոյա (այժմ՝ գ. Խնկոյան, Սպիտակի շրջանում)–8.10.1935, Երևան], հայ սովետական մանկագիր, ՀՍՍՀ վաստ. մանկական գրող (1932), ՀՍՍՀ վաստ. ուսուցիչ (1932): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) քաղաքային դպրոցում: 1890–1910-ին եղել է ուսուցիչ: 1911-ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս. Լիսիցյանի պանսիոնում: Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին: Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր», լույս է տեսել 1890-ին: Սովետական կարգեր հաստատվելուց հետո Խ. եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն: Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր («Մեր դպրոցը», «Կարմիր արև»): Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ: Խ. շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքի հեղինակ է: Առավել հայտնի են նրա «Աղվեսն ու արջը» (1910), «Գող մաքին» (1911), «Առակներ» (1917), «Բանաստեղծություններ» (1937), «Մրգաստան» (1939), «Գայլն ու գառը» (1941), «Ծաղիկներ» (1943), «Մկների ժողովը» (1964), «Հեքիաթներ ու պատմվածքներ» (1967) ժողովածուները: Խ–ի փոխադրություններից ու թարգմանություններից են «Պապն ու շաղգամը» 1911), «Քնած արքայադուստրը» (1912), առաջին դասը» (1927), «Ռոբինգոն Կրուզոն» (1932): Լայն ճանաչում են գտել «Ծաղկանց ծովը», «Մեղուն», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը», «Ճանճը» բանաստեղծությունները: Խ. Ա.-ի երկերն աչքի են ընկնում ժող. լեզվամտածողությամբ: Գրկ. Գյուլնազարյան Խ., Աթաբեկ Խնկոյան, Ե., 1968: Խ.. Գյուլնազարյան
ԽՆԿՈՅԱՆ Աթաբեկ, տես Խնկո Ապեր:
ԽՆԿՈՅԱՆ (մինչև 1946-ը՝ Ղարաբոյա), գյուղ Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հարավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, ճակնդեղի մշակությամբ և պտղաբուծությամբ: Կան շինանյութերի հանքավայրեր: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մսուր–մանկապարտեզ: Խ–ում է ծնվել Խնկո Ապերը, այստեղ է նրա տուն–թանգարանը: Հիմնադրել են Բասենից և Մուշից եկածները, 1827-28-ին:
ԽՆՁԱՎԵՐԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդ գավառում: 1909-ին ուներ 25 ընտանիք, որից 10-ը՝ հայ, մնացածը՝ թուրք: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
Նկարում` Խնկոյան
ԽՆՁՈՐԱԹԹՈՒ (օքսիսաթաթթու), HOOCCH2CH(OH)COOH, երկհիմն օքսիթթու: Առաջին անգամ անջատել է Կ. Շենլեն (1785) խակ խնձորից, որում