երբեմն հասնում էին մինչև Թավրիզ, որպեսզի մասնակցեն պարսկերենով կատարվող ժող. երգի մրցույթներին: 1913-ին Խ–ում կար զանազան տիպի 27 խանութ, մեծ մասը՝ մանրավաճառ:
Հին Խ. ուներ 4 եկեղեցի. Ս. Հռիփսիմե, Ս. Թաղևոս, Անապատի և Հին: 1913-ին Խ–ում զործում էր 7 դպրոց՝ երկուսը ծխական, մյուսները՝ մասնավոր–տնային:
XIX դ. վերջին–XX դ. սկզբին կապիտալիստական ապրանքային հարաբերությունների ծավալումը իր ազդեցությունը թողեց նաև Խ–ի վրա. դասակարգային հակասությունների սրման հետ մեկտեղ առաջացավ գերբնակչություն, որը սկսեց աշխատանք որոնել Անդրկովկասի տարբեր վայրերում, հատկապես Բաքվում, ապա, ինչպես խնձորեսկցիներն էին ասում՝ «ծովի էն կողմը»՝ Միջին Ասիայում: Բնակչության արտահոսքը շարունակվեց նաև հետագայում, և Անդրկովկասի ու Միջին Ասիայի մի շարք կենտրոններում բնակություն հաստատեցին հազարավոր խնձորեսկցիներ: Բանվորական կենտրոնների հետ անմիջական կապը խթանել է Խ–ում հեղափոխական տրամադրությունների տարածումը, ապա և՝ շարժման վերելքը: 1919-ի ապրիլին ստեղծվել է Խ–ի կոմունիստական կուսակցական կազմակերպությունը՝ առաջինը շրջանում: 1928–29-ին կազմակերպվել է Խ–ի կոլեկտիվ տնտեսությունը (1976-ից՝ սովետական տնտեսություն): Այդ ժամանակ էլ Խ. էլեկտրիֆիկացվել է:
1941–45-ի Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 1300 խնձորեսկցի, որոնցից 480-ը ընկել է մարտի դաշտում: Նրանք ծառայել են զորքի բոլոր տեսակներում՝ 1100-ը որպես շարքային, մնացածը՝ սպա: Դիվիզիայի հրամանատարներ գեներալ–մայոր Սերգեյ Կարապետյանի, գնդապետ Ներսես Բալոյանի, Սովետական Միության հերոս Գուրզեն Արզումանյանի և բազմաթիվ ուրիշների անունները առհավետ մտել են Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մեջ:
Նոր Խնձորեսկը կառուցվել է 1950-ական թթ. սկսած, երբ 9 կմ հեռավորությունից անցկացվեց ջրատար դեպի Խ–ի սարահարթը: Նոր գյուղը կառուցապատվել է ըստ գլխավոր հատակագծի: Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ: Գործում է Գ. Սևունցի անվ. գյուղատնտեսական մեքենայացման թեքումով միջնակարգ դպրոցը, ակումբ, գրադարան, կինո, բուժարան: Խ–ում են ծնվել լենինյան մրցանակի դափնեկիր Հ. Սարկիսովը (Սարգսյան) և սոցիալիստական աշխատանքի հերոսներ Մ. Թյունյանն ու Մ. Մյուլխասյանը:
Խ. պատմական հուշարձան է, որը պահպանվում է սովետական պետության կողմից: «Հին Խնձորեսկը պետք է պահել և պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան,– ասել է Մարտիրոս Սարյանը ՀՍՍՀ Գերագույն սովետի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանում,– այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա»: Խ–ի պատմությունը և բնությունը արտացոլվել են մի շարք հայ գրողների ու նկարիչների (Րաֆֆի, Ս. Խաևզադյան, Ս. Այվազյան, Մ. Մարյան, Է. Իսաբեկյան, Խ. Եսայան, Հ. Ռուխկյան, Դ. Խանջյան) գործերում, իսկ ժողովրդական մեղեդիների և աշուղական երգերի մոտիվները՝ Ա. Սաթյանի ստեղծագործություններում:
Տես նաև Գորիսի շրջան: Ա. Սիմոնյան
Նկարում` Խնձորուտ
ԽՆՁՈՐԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Կըզըլքիլիսե գավառում: 1915-ին ուներ 120 տուն հայ, 140 տուն քուրդ բնակիչ: Զբաղվում էին խաշնարածությամբ, երկրագործությամբ և արհեստներով: Կար կիսավեր եկեղեցի (Ս. Սարգիս): Գյուղի արևելակողմում, երկու բլուրների միջև, բարձր ժայռի վրա փորագրված էին խաչքարեր:
ԽՆՁՈՐՈՒՏ, գետ Հայկական ՍՍՀ հյուսիս–արևելքում, Նոյեմբերյանի շրջանում: Ախինջա գետի ձախ վտակն է (Կուրի ավազան): Երկարությունը 25 կմ է, ավազանը՝ 118 կմ2: Սկիզբ է առնում Միափորի լեռնաշղթայի հս–արլ. լանջից, 2300 մ բարձրությունից: Տիպիկ լեռնային գետ է: Սնվում է հիմնականում մթնոլորտային տեղումներով: Հոր՛դանում է մայիս–հունիսին: Տարեկան միջիյւ ծախսը մոտ 1,0 մ3/վրկ է, հոսքը՝ 3,0 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակներով:
ԽՆՁՈՐՈՒՏ (մինչև 1946-ը՝ Ալմալու), գյուղ Հայկական ՍՍՀ Ազիզբեկովի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևմուտք: Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան:
ԽՆՁՈՐՈՒՏԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Հայկական ՍՍՀ հյուսիս–արևելքում: Ձգվում է Միափորի լեռնաշղթայից մինչև Ախինջա և Խնձորուտ գետերի միախառնման վայրը (2400–900 մ բարձրությամբ): Երկարությունը մոտ 40 կմ է: Յուրայի հրաբխածին ապարներից կազմված ծալքաբեկորային լեռնաշղթա է: Լանջերը մասնատված են՝ ծածկված անտառներով:
ԽՆՁՐԻՍՏԱՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս–արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահական մթերքների արտադրությամբ, թթենու, հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ: Խ–ում գործում է Ստեփանակերտի 26 կոմիսարների անվան մետաքսի կոմբինատի մասնաճյուղը: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, փոստի բաժանմունք, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ: Խ–ում պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին (ուշ միջնադար), որի գավթում թաղված են Խնձրիստանի մելիքները, «Հանգած եղցի» եկեղեցին, բազմաթիվ խաչքարեր (XIII –XVII դդ.), գյուղատեղի (XIII դ.), Մեծ քերծ կաթսայաձև հուշարձանը:
ԽՆՈՑԻ, ծփոց, ձձում, մածուն կամ թթվասեր հարելու, տնայնագործական եղանակով կարագը թանից զատելու անոթ: Լինում է կավից կամ փայտից, տակառաձև կամ երկարավուն, միջնամասում՝ ուռուցիկ, կենտրոնում՝ անցքով (լցնելու և դատարկելու համար): Հայաստանում գործածվում է Խ–ու երկու տեսակ, առաջինը կավե կարասաձև անոթ է (հարում են գետնին նստած), երկրորդը՝ կավե կամ փայտե, երկարավուն, եզրերին ելուստներ՝ առաստաղի գերաններից կախելու համար (հարում են ձեռքերով կամ ոտքերով՝ ետ ու առաջ հրելով):
Խ. դեռևս գործածվում է գյուղերում:
Նկարում` Խնոցի
ԽՆՈՒՇԻՆԱԿ, Խունիշինակ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, անասնապահությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո: Գյուզում կա Ս. Աստվածածին եկեղեցի (XIX դ.), շրջակայքում՝ հին բնակավայրեր: Խ–ում են ծնվել սովետական բանակի կապի զորքերի գեներալ–լեյտենանտ Ռ. Ն. Գաբրիելյանը, մանրէաբան, պրոֆեսոր Գ. Ա. Շաքարյանը:
ԽՆՈՒՍ, Խնունիս, Վարաժնունիք, Քիլիսա, գետ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի աջ վտակը: Երկարությունը մոտ 127 կմ է: Սկիզբ է առնում Բյուրակն լեռնազանգվածի լանջերից, մոտ 3000 մ բարձրությունից, հոսում հվ., անցնում Խնուսի դաշտով, ապա թեքվում դեպի արլ., խառնվում Արածանուն: Սնումը՝ մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից: Հորդանում է հունիսին: