Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/74

Այս էջը սրբագրված է

α'-ը այն անկյունն է, որով երևում է պատկերն աչքի բիբի կենտրոնից, α-ն՝ այն անկյունը, որով երևում է լավագույն տեսողության հեռավորության (D=0,25 մ) վրա գտնվող առարկան, իսկ F-ը կիզակետային հեռավորությունն է։ Պարզագույն Խ. փոքր խոշորացումով (~2-3) հավաքող ոսպնյակ է։ Միջին խոշորացում (4–10) ստանալու համար կիրառվում են 2 կամ 3 ոսպնյակներից կազմված համակարգեր։ Լինում է նաև չափիչ Խ.՝ օբյեկտի գծային չափերի որոշման համար։

ԽՈՇՔԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում։ 1909-ին ուներ 105 (15 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։

ԽՈՋԱ (Hoxha) էնվեր (ծն. 1908), Ալբանիայի պետական և քաղաքական գործիչ։ Ալբանիայի կոմունիստական կուսակցության (ԱԿԿ, 1948-ից՝ Ալբանիայի աշխատանքի կուսակցություն, ԱԱԿ) անդամ 1941-ից, ԱԿԿ ԿԿ առաջին քարտուղար 1943-ից։ 1942–45-ին եղել է Ալբանիայի Ազգային–ազատագրական ճակատի նախագահ, 1944–54-ին՝ Ազգային–ազատագրական բանակի առաջին հրամանատար, 1944–46-ին՝ ժամանակավոր դեմոկրատական կառավարության ղեկավար, 1944–53-ին՝ ազգային պաշտպանության մինիստր, 1946–54-ին՝ Մինիստրների խորհրդի նախագահ, 1948–54-ին՝ ԱԱԿ գլխավոր քարտուղար, 1954-ից՝ առաջին քարտուղար, զինված ուժերի գլխ. հրամանատար և պաշտպանության խորհըրդի նախագահ (1976-ից)։

ԽՈՋԱ ՆԱՀԱՊԵՏ ԳՈՒԼՆԱՋԱՐ (1629, Վ. Ագուլիս – 12.31.1694), հայ վաճառական, տպարանատետ, մեկենաս։ 1676-ի Կ. Պոլսում մեծ գումարով ընդօրինակել է տվել մի Հայսմավուրք։ 1680-ական թթ. նրա միջոցներով հրատարակվել է վենետիկյան տպարանատեր Միքելանջելո Բարբոնիի տպարանում լույս տեսած գրքերից մեկը։ Անտոն Բարթոլիի տպարանում (Վենետիկ) ջուղայեցի վաճառական Խարտաշենց Անտոնի ընկերակցությամբ տպագրել է տվել «Դաշանց թուղթ»-ի 2-րդ հրատարակությունը (լույս է տեսել 1695-ին)։ 1686–1687-ին Վենետիկում հիմնել է սեփական տպարան և լույս ընծայել նախ Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի»-ն (1686), ապա՝ «Պարզաբանութիւն հոգենուագ Սաղմոսացն» (1687), որի սկզբում Խ. Ն. Դ–ի դիմանկարն է՝ հայ վաճառականի տարազով։ Գրքի յուրաքանչյուր էջի ձախ կողմում տպված է գրաբար բնագիրը, աջում՝ Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցու աշխարհաբար մեկնությունը։ «Պարզաբանութիւն»-ը համարվում է աշխարհաբարով տպագրված երկրորդ գիրքը (1675-ին Մարսելում լույս տեսած «Արհեստ համարողութեան» գրքից հետո)։ Խ. Ն. Դ. թաղված է Ագուլիսի կաթոլիկական Ս. Հուլիանոս եկեղեցում։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893, էջ 334 – 36։ Լեո, Հայկական տպագրություն, հ. 1, [2 հրտ.], Թ., 1904, էջ 395-99։ Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958։ Դավթյան

ԽՈՋԱԲԵԿ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում։ Արմ–ից սահմանակից է Բոգդանովկա ավանին, որից բաժանվում է Ագրիչայ գետով (սկիզբ է առնում Խանչալի լճից)։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, վերջին տարիներին՝ նաև այգեգործությամբ։ Երեխաները հաճախում են շրջկենտրոնի հայկ. դպրոցը։ Գյուղի Ս. Սարգիս եկեղեցին կառուցվել է 1882-ին։ Խ–ի հայերը գաղթել են 1830-ին, էրզրումի գավառի Ձիթող և այլ գյուղերից։

ԽՈՋԱԲԵԿՅԱՆ Վանո Գևորգի (1875 Թիֆլիս –-16.11.1922, Երևան), հայ գծանկարիչ։ Եղել է մանրավաճառ եղբոր աշակերտը, երկաթուղային սևագործ բանվոր, Թիֆլիսի թեյարանների, ճաշարանների, «Ունիոն» սրճարանի, Ռուսթավեւու և Փոքր թատրոնների բարապան, պահակ, նույնիսկ՝ գերեզմանափոր։ Նկարել սկսել է մանկուց։ 1904-ին ընդունվել է Թիֆլիսի Գեղարվեստները խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոցը, բայց ընտանեկան ծանր պայմանների պատճառով չի ավարտել։ 1916-ին մասնակցել է Թիֆլիսի «Փառքի տաճարի» (այժմ՝ Վրաստանի արվեստի թանգարան) պատկերահանդեսին։ 1917-ին դարձել է Թիֆլիսի «Հայ արվեստագետների միության» անդամ, մասնակցել նրա ցուցահանդեսներին։ Նա հին Թիֆլիսի ժող. հանդեսների ու ժող. խավերի նկարիչ–տարեգիրն էր (հարսանեկան, խրախճանային և ծիսական դրվագներ, տեսարաններ կինտոների, արհեստավորների, գյուղացիների կյանքից)։ Խ–ի կերպարները խոսուն են, ունեն կենդանի նկարագիր։ Շեշտված ողբերգականությամբ են տոգորված նրա կյանքի վերջին շրջանի՝ հայ գաղթականությանը պատկերող մատիտանկարները («Գաղթականները հացի հերթում»., «Որբանոցի բակում», «Գաղթականների պարը»)։ Շրջապատող կյանքի բազմազան երևույթների բարդ հյուսվածքում Խ. նշմարել ու ընդգծել է առավել էականը, այն, ինչ ցայտուն բնորոշում է պերսոնաժին (լինի հին Թիֆլիսի հարուստ թե կինտո, քելեխ ուտող, թե զուռնաչի, հարսանքավոր, թե Երևանի կամ Էջմիածնի գաղթական) և տեղական ու ազգային այլ առանձնահատկություններ։ Խ–ի մատիտանկարները պահպանվում են Հայաստանի պետական պատկերասրահում, Վենետիկի Ս. Ղազար կղզու թանգարանում, Վրաստանի արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարաններում և այլուր։

Պատկերազարդումը տես 4-րդ հատորում, 545-րդ էջից առաջ՝ ներդիրում, աղյուսակ XXXVI։

Գրկ. Երեմյան Ա., Վանո Խոջաբեգյան, Վնտ., 1955։ Վ. Ղազարյան

Նկարներում` Վ. Գ. Խոջաբեկյան, Լ. Ա. Խոջա–Էյնաթով

ԽՈՋԱԲԵԿՅԱՆ Վլադիմիր Եղիշեի [ծն. 2.3. 1929, գ. Չախրլու (ՀՄՍՀ Վարդենիսի շրջանում)], հայ սովետական տնտեսագետ։ Տնտեսագիտության դ–ր (1976), պրոֆեսոր (1977)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ 1954-ին ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1967-ից ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստ–ի աշխատանքի էկոնոմիկայի բաժնի վարիչն է։ Գիտական հետազոտությունները նվիրված են ՀՍՍՀ բնակչության և աշխատանքային ռեսուրսների վերարտադրության, ներարտադրական ռեզերվների բացահայտման և օգտագործման պրոբլեմներին։ Խ–ի աշխատություններում առաջ քաշված հիմնավորումներն արտացոլվել են ՀՍՍՀ զարգացման հեռանկարային պլաններում ու գիտ. երկարաժամկետ կանխատեսումներում։ ԳԴՀ ԳԱ տնտեսագիտության կենտրոնական ինստ–ի հետ մշակել է աշխատանքային ռեսուրսների զբաղվածության արդյունավետության բարձրացման պրոբլեմները։

Երկ. Ներարտադրական ռեզերվները մեքենաշինության մեջ, Ե., 1962։ Հայկական ՍՍՀ բնակչությունը և աշխատանքային ռեսուրսների վերարտադրության արդի պրոբլեմները, Ե., 1976։ Население союзных республик (coaвтop), M., 1977.

ԽՈՋԱԵՎ Ալիմ [ծն. 24.9(7.10).1910], ուզբեկ սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1959)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1929-ին ընդունվել է Համզայի անվ. թատրոն (Տաշքենդ)։ 1951-ին ավարտել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացները։ Լավագույն դերերից են՝ Ալիշեր Նավոի (Ույգունի և Աուլթանովի «Ալիշեր Նավոի», ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1949), Համլետ, Յագո (Շեքսպիրի «Համլետ» և «Օթելլո»), Յուլդաշ Կամիլով (Սուլթանովի «Հավատով մարդիկ»)։

ԽՈՋԱ–ԷՅՆԱԹՈՎ (Խոջա–էյնաթյան) Լևոն Ալեքսանդրի [10(23).3.1904, Թիֆլիս –7.10.1954, Լենինգրադ], հայ սովետական կոմպոզիտոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1945)։ 1926–27-ին Երևանում Խ.-է–ին կոմպոզիցիայի դասեր է տվել Ա. Սպենդիարյանը; 1932-ին ավարտել է Լենինգրադի կենտրոնական (հետագայում՝ Սուսորգսկու անվ.) երաժշտական տեխնիկումը (դասատու՝ Պ. Բ. Ռյազանով), որպես դիրիժոր և երաժշտական մասի ղեկավար աշխատել է Լենինգրադի դրամատիկական թատրոնում։ Նրա ստեղծագործություններն առանձնանում են ազգային երաժշտության յուրօրինակ երանգավորումով, մեղեդիական, լադային և ռիթմիկ հարստությամբ, պարտիտուրներր հագեցված են հյութեղ և թարմ գույներով։ Գրել է օպերաներ՝ «Շլյուզ» (1931), «Խռովություն» (բեմ.՝ 1938), «Ընտանիք» (բեմ.՝ 1940), «Երեք հանդիպում» (1943), «Նամուս» (բեմ.՝ 1945, Երևանի օպերայի և բալետի թատրոն), օպերետ, ռեքվիեմ Վ. Ի. Լենինի հիշատակին (1934), Պոեմ–կանտատ (1953), նվագախմբային երկեր՝ սիմֆոնիա (1954),