Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/76

Այս էջը սրբագրված է

1937-ին աշխատել է Սովետական Հայաստանի և Ադրբեջանի բանկային–ֆինանսական մարմիններում։

ԽՈՋԱՅՈՒԹՅՈՒՆ (<պարսկ. խոջա–տեր, իշխող, հարուստ), հայ առևտրա–բուրժուական խավ XVI–XVII դարերում։ Իրանում խոջաներ էին կոչվում հարուստ վաճառականները։ XVI–XVII դդ. հայ Խ–յան ու խոջայական կապիտալի նշանավոր կենտրոններ էին Իրանի հս. շրջանների հայ բնակչություն ունեցող քաղաքները, իսկ Հայաստանում՝ Ջուղան, Վանանդը, Բիստը, Ագուլիսը, Նախիջևանը, Օրդուբադը, Մեղրին ևն։ XVII դ. սկզբին Իրանի շահ Աբբաս I-ի հրամանով Հայաստանից բռնագաղթած հայերը Սպահանի (Իրան) մոտ ստեղծում են Նոր Ջուղա ավանը, որը դառնում է Խ–յան և առհասարակ հայ առևտրական կապիտալի խոշորագույն կենտրոնը։ Նորջուղայեցի վաճառականները հանդես են գալիս որպես իրանա–արեմտաեվրոպական առևտրի միջնորդներ. մասնավորապես նրանց միջոցով է իրականացվում իրանական հում մետաքսի արտահանումը Եվրոպա։ Հայ խոջաները ոչ միայն Եվրոպայի առավել մեծ քաղաքների առևտրի նշանակալից մասի տերն էին, այլև առևտրական խոշոր գործառնություններ էին կատարում նաև ասիական շուկաներում՝ Տոնկինում, Սիամում, Տիբեթում, Քիրմայում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Ճավայում, Ֆիլիպիններում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր։ Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերությունը առևտրական պայմանագրեր էր կնքում օտարերկրյա ընկերությունների, անգամ՝ պետությունների հետ։ 1667-ին և 1673-ին նման պայմանագրեր է կնքել Ռուսաստանի հետ, որոնց համաձայն հայ Խ. ազատ առևտուր անելու իրավունք է ստացել Ռուսաստանի, իսկ նրա վրայով նաև՝ Արևմտյան Եվրոպայի երկրների հետ։ 1688-ին Սուրաթում (Հնդկաստան) պայմանագիր է կնքել նաև Արևելա–հնդկական ընկերության հետ ևն։ Իրանահայ Խ. գործուն մասնակցություն էր ցուցաբերում իրանական կառավարության դիվանագիտական հանձնարարությունները կատարելու, մասնավորապես եվրոպական երկրների հետ համատեղ հակաթուրքական ռազմ. դաշինք կնքելու հարցերում։ Խ–յան դերը մեծ էր նաև ազգային–եկեղեցական ու հոգևոր–մշակութային կյանքում։

Թուրքիայի հայ վաճառականության ոլորտում նույնպես առաջացել էր նման խավ, որն իրանականի ազդեցությամբ ընդունել էր դարձյալ նույն անվանումը։ Թուրքահայ Խ. էլ էր նետվել խոշոր առևտրի ասպարեզ և կապվել համաշխարհային շուկաների հետ։ Արևմտահայ բուրժուազիայի խոջայական հատվածը հայ չելեբիության լուրջ մրցակիցն էր և ձգտում էր ձուլել չելեբիական–վաշխառուական կապիտալը առևտրականի հետ, ստեղծել հասարակական մի ուժ, որն ի վիճակի լիներ հեղաշրջող դեր խաղալու օսմանյան լծի տակ հեծող հայության կյանքում։ Արևմտահայ Խ–յանն անհրաժեշտ էր օսմանյան բռնատիրության պայմաններում անձի ու գույքի անձեռնմխելիություն, ճանապարհների ապահովություն, բռնությունների, կամայականությունների ու կեղեքումների վերացում։ Այս հարցերում Խ–յան շահերն ուղղակի համընկնում էին հայ ժողովրդի դարավոր իղձերի հետ։ Հանձին Խ–յան, հայ բուրժուազիան սկսում է հանդես գալ թուրք. ֆեոդալական կարգերի ու բռնապետության դեմ՝ որոնելով ազգային–ազատագրական պայքարի ուղիներ։ Իր հերթին, չելեբիությունն էլ աշխատում էր դուրս մղել Խ–յանը և հայ հասարակական–քաղաքական կյանքի տնօրինությունը կենտրոնացնել իր ձեռքում։

Հատվածական ուժեղ պայքար էր գնում նաև հոգևորականության շրջանում, մասնավորապես Էջմիածնի և Սսի կաթողիկոսությունների միջև։ Էջմիածինը, հանձին Ամենայն Հայոց Կաթողիկոսության, կանգնած էր Հայոց եկեղեցու ինքնուրույնության, դավանանքի և ազգային ավանդությունների պաշտպանության դիրքերում։ Արևմտահայ իրականության մեջ գործող էջմիածնական հոսանքին գաղափարական ուղղություն էր տալիս Հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին։ Մինչդեռ Սիսը, արևմտահայոց կաթողիկոսության ու Եղիազար Ա Այնթափցու գլխավորությամբ, Արևմուտքի ազդեցության հենարան էր և կրոնա–դավանական որոշ մերձեցման ճանապարհով ձգտում էր ստանալ Հռոմի պապերի ու եվրոպական մի շարք պետությունների աջակցությունը՝ հայ առևտրական բուրժուազիայի ձեռնարկումների և ազգային–ազատագրական շարժման հաջողության համար։ Էջմիածնականները արևմտահայ բուրժուազիայի չելեբիական հատվածի, իսկ սսականները խոջայականի նեցուկն ու զինակիցն էին։ Ներդասակարգային այս պայքարն ուղեկցվում էր հասարակական խոշոր բախումներով ու խռովություններով՝ ներառելով նաև իրանահայ ու թուրքահայ լայն զանգվածներին՝ մեծ աղետներ պատճառելով նրանց։ Պայքարը մեծ մասամբ դադարեց 1680-ական թթ., երբ Էջմիածնականությունը զիջումներ անելով սսականությանը, Հակոբ Ջուղայեցու մահից հետո Հայոց կաթողիկոս ընտրեց Եղիազար Այնթափցուն։ Սակայն հիմնական պայքարն ավարտվեց միայն XVII դ. վերջին՝ չելեբիության հաղթանակով։ Թուրքիայում, ապա և Իրանում ստեղծված քաղ. ու տնտ. աննպաստ պայմանների հետևանքով հայ Խ. ստիպված արտագաղթեց Արևմտյան Եվրոպա, Ռուսաստան ու Հնդկաստան և, աստիճանաբար ընդունելով տվյալ երկրի բուրժուազիայի առանձնահատկությունները, դադարեց խոջայական խավ լինելուց։

Գրկ. Լեո, Խոջայական կապիտալ, Ե., 1934։ Վ. Բայբուրղյան.

ԽՈՋԱՋԱՆՅԱՆ, Չաքիկենց, Չաքիկյան, Գրիգոր Միքայելի (ծն. և մահ. թթ. անհտ.), XVIII դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժման և մշակութային գործիչ, Մադրասի խմբակի ղեկավարներից, հայ տպագրության երախտավոր։ Ծնվել է Նոր Ջուղայում (Իրան), սովորել տեղի հայկ. առևտրական դպրոցում։ Հետագայում ընտանիքով տեղափոխվել է Բասրա (այժմ՝ Իրաքում)։ Վաճառական հոր գործերով անցել է Հնդկաստան, առևտրական խոշոր գործառնություններ կատարել Իրանի, Թուրքիայի և Արևմտյան Եվրոպայի երկրների հետ՝ դառնալով հնդկահայ խոշորագույն խոջաներից։ Ժամանակակիցներից ստացել է «Խ.» պատվանունը, որ հետո փոխարինել է ազգանվանը։ Մասնակցել է հայ հասարակական կյանքի իրադարձություններին, մտերմական կապեր ունեցել ժամանակի ակնառու գործիչներ Սիմեոն և Երեանցու, Շ. Շահամիրյանի, Էմին Հովսեփի, Մ. Բաղրամյանի և այլոց հետ։ Հայաստանի ազատագրման էմինյան ծրագրի (զորախմբեր ստեղծել, զինամթերք հայթայթել ևն) իրագործմանը խոստացել է հատկացնել հարստության կեսը՝ պայմանով, որ ծրագրին հավանություն տա կաթողիկոսը։ Մասնակցել է Էմինին՝ հնդկահայերի տրամադրած 12000 ռուփիի հանգանակությանը, Մադրասի տպարանի հիմնադրմանը (1772), «Նոր տետրակ որ կոչի Յորղորակ», «Տետրակ ոչ կոչի նշաւակ», «Որոգայթ փառաց» քաղաքական–հրապարակախոսական երկերի նախնական մշակմանը։ 1773-ին Շ. Շահամիրյանի հետ նամակ է գրել Սիմեոն Երևանցուն և հորդորել նրան՝ միանալու Հայաստանի ազատագրության իրենց ծրագրին։ Այն գործադրելու համար կաթողիկոսը պետք է միաբանեցներ վրաց թագավոր Հերակլ II-ին Խամսայի մելիքների հետ, դիմեր ռուս. կայսրուհի Եկատերինա II-ի օգնությանը, տեղեկություններ հավաքեր հայերի թվի մասին, հայ երիտասարդության մեջ տարածեր զինավարժություն։ իր հերթին կաթողիկոսը զգուշացրել է նրանց՝ հեռու մնալ այնպիսի գաղափարներից, որոնք կարող են գրգռել Հայաստանում օտար իշխողների վրեժխնդրությունը։ Այնուհետև Խ. միջոցներ է տրամադրել 1771-ին կառուցելու Էջմիածնի տպարանը (միայն շենքի կառուցմանը հատկացվել է 3106 ոսկի դրամ) և 1776-ին՝ թղթի գործարանը (7800 պարսկ. թուման)։ Խ. վարձել և Էջմիածին է ուղարկել ֆրանսիացի թղթագործ վարպետներ Բեյսոնին ու Դեսիորին՝ հոգալով նրանց եռամյա ծախսերը։

Խ–ի մասին հայտնի տեղեկությունները վերաբերում են մինչև 1789–90-ին։ Մահացել և թաղվել է Մադրասում։

Գրկ. Դիվան Հայոց պատմության, գիրք 8, Թ., 1908։ Լեո, Երկ. ժող., հ. 3, գիււք 2, Ե.. 1973։

ԽՈՋ–ՕԶԼԻ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթի Օրդու գավառակում, Օրդուից 32 կմ հարավ։ Գյուղը հիմնադրել են համշենահայերը։ XX դ. սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում գործում էին եկեղեցի և դպրոց։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց զգալի մասը փրկվել և բնակություն է հաստատել Սովետական Միությունում։ Բ. Թոռչաքյան

ԽՈՌԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Ալջևազ գավառում։ 1909-ին ուներ 334 (40 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ