Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/79

Այս էջը սրբագրված է

ճար մայրի (Մեծամորի, Դվինի և Գառնիի միջև) և Խոսրովակերտ (Երսախի, Դվինի և Արտաշատի միջև) արգելանոց–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական ղասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմ. ուսուցման վայրեր։ 337-ին Շապուհ II-ի բանակը շրջապատեց Մծբինը, իսկ մի այլ զորամաս Հեր–Զարևանդով խորացավ Հայաստան։ Խ. Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հզ. զորքով Վանա լճի հս–արլ. ափին, Առեստ ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացվեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խ. օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խ. խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկ. բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր կորուստների գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խ. վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիների տոհմական գերեզմանոցում՝ Դարանաղյաց Անի ամրոցում։

Գրկ. Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մովսես Խորենացի. Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 2, մաս 1, Ե., 1957։ Մ. Կատվաչյան

ԽՈՍՐՈՎ Գ (ծն. թ. անհտ.– մոտ 415), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 385–388-ին և 414-ից։ Արշակ Դ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խ–ին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։ Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին (387) միմյանց միջև. պարսկական մասում (ըստ Պրոկոպիոս Կեսարացու՝ մոտ 0,8-ը) իշխեց Խ., հռոմեականում (մոտ 0,2-ը)՝ Արշակ Դ։ Շապուհ Ill-ի մահից (388) հետո Պարսից արքունիքը Խ–ին կանչեց Տիզբոն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խ. բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։

Գրկ. Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904։ Փավստոս Բուգանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 2, մաս 1, Ե., 1957։

ԽՈՍՐՈՎԱԱԱՐ, լեռնագագաթ Վեդի գետի աջ վտակներ խոսրովի և Աղսուի ստորին հոսանքների միջև։ Բարձրությունը 1988 մ է։ Կազմված է հրաբխածին նստվածքային ապարներից։ Լանջերը զառիթափ են՝ խիստ մասնատված։ Գագաթը լերկացած լակոլիթ է։ Տարածված են գիհու նոսրանտառներ և թփուտներ։

Նկարում` Խոսրովի արգելանոցում

ԽՈՍՐՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՆՈՑ, զբաղեցնում է Գեղամա լեռնաշղթայի հարավ–արևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերը, մոտ 27000 հա տարածություն։ Կազմակերպվել է 1958-ին, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով։ Գտնվում է 1600–2300 մ բարձրությունների վրա։ Լեռնաբազուկների ստորին լանջերում տիրապետում է կիսաանապատային (ֆրիգանաների գերակշռությամբ) լանդշաֆտը։ Անտառային բուսածածկույթը կղզիների ձևով տարածված է միջին բարձրություններում և ներկայացված է գիհու նոսր անտառներով ու կաղնուտներով։ Կան նաև լայնատերև իլենի, բռնչենի, արոսենի, կովկասյան ցախակեռաս։ Ավելի բարձր լեռնատափաստանային բուսածածկույթ է։ Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխար) և բեզոարյան այծը։ Հանդիպում են նաև գորշ արջ, վարազ, աղվես, նապաստակ, ընձառյուծ, լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ ևն։ Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը (սև ցին, գառնանգղ, սպիտակագլուխ անգղ, արծիվ, վայրի աղավնի, ճայ ևն)։ Կան սողուններ։ 1954-ից կլիմայավարժեցվում է ուսսուրական բծավոր եղջերուն։ «Խոսրովի անտառ» է կոչվել Խոսրով Բ Կոտակ թագավորի անվամբ (IV դ.)։ Ըստ Խորենացու, նրա գահակալության ժամանակ արգելանոցի տարածքում կատարվել են անտառատնկումներ։ Խ. պ. ա–ում են Գեղարդ (XIII դ.), Ամենափրկիչ (XI –XIII դդ.) վանքերը, Ազատ գետի վրա կառուցված կամուրջը (XIII դ.)։ Գ. Գրիգորյան

ԽՈԱՐՈՎԻԴՈՒԽՏ (ծն. և մահ. թթ. անհտ.), VIII դարի հայ նշանավոր կին երաժիշտ, Գողթնի իշխան Վահան Գողթնեցու քույրը։ Եղբոր նահատակության առթիվ (737) հորինել է մի գովք («Զարմանալի է ինձ»), որ կանոնացրել է եկեղեցին և մուծել Շարակնոցի մեջ։

Գրկ. Ալիշան Ղ., Հուշիկք հայրենյաց հայոց, հ. 2, Վնտ., 1870, էջ 96-200։

ԽՈՍՐՈՎԻԿ ԹԱՐԳՄԱՆԻՉ (Խոսրովիկկռետոր, ծն. և մահ. թթ. անհտ.), VIII դարի 1-ին կեսի հայ մատենագիր։ Հովհան Օձնեցի կաթողիկոսի գլխավորությամբ, հայ 7 վարդապետների և 23 եպիսկոպոսների հետ, մասնակցել է Մանազկերտի (Ապահունյաց գավառ) 726-ի եկեղեցական ժողովին։ Խ. Թ–ից պահպանվել է դավանաբանական բնույթի 7 երկ (գլխավորապես՝ թղթեր), որոնցում քննադատվում ու մերժվում են քաղկեդոնականությունը և ասորական քրիստոնեական միաբնակ եկեղեցու երկու ծայրահեղ հերձվածները (սևերյան և հուլիանական)։ Հանդես է եկել որպես հայ եկեղեցու դավանաբանության ու ծեսերի ջատագով։ Նրա թղթերից 5-ը, որոնք մեկ ամբողջություն են կազմում և առնչվում են վերոհիշյալ ժողովին, գրվել են 726–727-ին։

Գրկ. Տաշյան Հ., Խոսրովիկ և Գիրք հերձվածոց, տես նրա «Մատենագրական մանր ուսումնասիրությունք», մաս 1, Վեն., 1895։ Հովսեփյան Դ., խոսրովիկ Թարգմանիչ, Վաղ–պատ, 1899։ Ակինյան Ն., Խոսրովիկ Թարգմանիչ և իր երկասիրություն ները, «ՀԱ», 1904, 1905։ Պ. Խաչատրյան

ԽՈՍՔ, մարդու հաղորդակցական գործունեության տեսակներից, երբ լեզվի միջոցով արտահայտում ու այլ մարդկանց է հաղորդում իր մտքերը (տես Հաղորդակցության միջոցներ)։ Առաջացել է կոլեկտիվում՝ որպես համատեղ աշխատանքային գործունեության կոորդինացիայի միջոց։ Հոսքային միջոցներն այդ պրոցեսում աստիճանաբար կորցրել են իրենց «բնական» տեսքը և դարձել արհեստական ազդանշանների (տես Սեմիոտիկա) համակարգ։ Սովետական հոգեբանները նշում են խ–ի երկու հիմնական ֆունկցիա՝ հաղորդակցման միջոցի և մտածողության ընդհանրացման միջոցի ֆունկցիա։ Առանձնացնում են նաև խ–ի արտահայտության, ներգործության և այլ ֆունկցիաներ։ Խ. հոգեբանական երևույթ է և ընդգրկված է աշխատանքի, ճանաչողության մնեմիկական և գործունեության այլ տեսակներում։ Այդ իմաստով հարաբերակցության մեջ է մտածողության, հիշողության ևն կատեգորիաների հետ։ Այն մարդու բարձրագույն հոգեկան ֆունկցիաներից է։ Խոսքային գործունեության ֆիզիոլոգիական հիմքը մի քանի ֆունկցիոնալ համակարգությունների բարդ կազմավորում է, որոնցից մի քանիսը մասնագիտացված են որպես խոսքային, իսկ մյուսները «սպասարկում» են գործունեության այլ տեսակների։ Այդ կազմավորումներին մասնակցում են ինչպես «ագդակ–հակագդում» տիպի պարզագույն ֆիզիոլոգիական, այնպես էլ առանձնահատուկ մեխանիզմներ, որոնք հիերարխիկ կառուցվածք ունեն և բնորոշ են բացառապես խոսքային գործունեության բարձրագույն ձևերի համար, ինչպիսին է խոսքային արտահայտության ներքին ծրագրավորման մեխանիզմը։ Լեզվաբանությունը Խ. ուսումնասիրում է որպես «լեզու–խոսք» երկու հիմնական կատեգորիաներից մեկը, նրանց միասնության և հակադրության մեջ։ Խ. լեզվի հասարակական գործառությունների՝ մտածողու–