Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/82

Այս էջը սրբագրված է

ծղոտը (չորանալուց հետո) դաշտից հավաքում են և կապում ուղղանկյուն հակերի ձևով։ Մամլիչ–հավաքիչների աշխատանքային օրգանները շարժումն ստանում են տրակտորից։ Ունեն խոտը հավաքող, մատուցող, կապող մեխանիզմներ և մամլման խցիկ։ ՍՍՀՄ–ում արտադրվում են ՊՍԲ–1,6Մ խ. մ–ներ (արտադրողականությունը՝ 15 տ/ժ), լեռնային պայմաններում (մինչև 20° լանջերի վրա)՝ ՊՍԲ–1,6Գ խ. մ.։

ԽՈՏԻՆ, Խոտիմ, Հոթին, քաղաք Դնեստրի աջ ափին, Ուկրաինական ՍՍՀ Չերնովցիի մարզում։ Համանուն շրջանի կենտրոնը։ Հիմնադրման ժամանակն անհայտ է։ Ըստ ավանդության, Խ. է կոչվել դակ ցեղապետ Կոտիզոնի (III դ.) անունով։ X–XI դդ. եղել է Կիևյան Ռուսիայի, ապա՝ Գալիցա–Վոլինյան իշխանության կազմում։ XIV–XIX դդ. հաճախ ձեռքից ձեռք է անցել՝ գտնվելով Մոլդովայի, Լեհաստանի, Թուրքիայի կամ Ռուսաստանի տիրապետության տակ։ Բուխարեստի հաշտության պայմանագրով (1812) և Բեռլինի կոնգրեսի (1878) որոշմամբ միացվել է Ռուսաստանին, սակայն 1918-ին անցել է Ռումինիային։ 1940-ից Ուկրաինական ՍՍՀ կազմում է։

Խ. մինչև 1856-ը բերդաքաղաք էր և ռազմա–ստրատեգիական ու առևտրա–արհեստագործական կարևոր կենտրոն։ Խ–ում եղել է նաև հայկ. գաղութ։ Հայերը Խ–ի հնագույն բնակիչներից էին։ Նրանց թիվն ավելի մեծացավ, երբ Մոլդովայի իշխան Ալեքսանդրու Բարեպաշտի հրավերով 1418-ին Լեհաստանից գաղթած 3000 հայ ընտանիքների մի մասը հաստատվեց Խ–ում և շրջակայքում (Վալեա, Արմյանկա ևն)։ Հայերն զբաղվում էին երկրագործությամբ, արհեստագործությամբ ու առևտրով։ 1480-ին Խ–ում կառուցել են եկեղեցի։ Մշակութային և առևտրական սերտ կապեր են պահպանել Լվովի, Կամենեց–Պադոլսկի ու Մոլդովայի մյուս հայկ. գաղութների հետ։ XVII դ. անհաջող փորձ է կատարվել Խ–ի հայերին կաթոլիկացնելու։ Հաճախ կրկնվող–պատերազմների և քաղ. ու տնտ. այլ աննպաստ պայմանների հետևանքով Խ–ի հայերը Մոլդովայի հայկ. գաղութների բնակչության մեծ մասի հետ 1672-ին գաղթեցին Տրանսիլվանիա։ Այնուհետև Խ–ի հայկ. գաղութն սկսեց քայքայվել։ 1808-ին Խ–ում կար ընդամենը 20 տուն հայ, և դեռևս կանգուն էր հայոց Ս. Աստվածածին եկեղեցին։ 1858-ին հայերի թիվը Խ–ում և շրջակայքում 255 էր, 1937-ին արդեն Խ–ում հայ չէր մնացել։

Գրկ. Բժշկյան Մ., ճանապարհորդութիւն ի Լեհաստան, Վնտ., 1830։ Հովհաննես Կամենացի, Պատմութիւն պատերազմին խոթինու, Ե., 1964։ Ս. Քոչանջյան

ԽՈՏՀԱՐ ՄԵՔԵՆԱ, բնական և ցանովի խոտը հնձող մեքենա։ Որոշ դեպքերում հնձելուց հետո խոտը մանրացնում, հավաքում է՝ վիտամինային խոտալյուր կամ սիլոս պատրաստելու համար։ Խ. մ–ները լինում են կցովի, կախովի և ինքնագնաց։ Հիմնական աշխատանքային օրգանը կտրող ապարատն է։ Մեծ աշխատանքային ընդգրկում ունեցող խ. մ–ներն ունեն բարձր արտդրողականություն. օգտագործվում են հարթ և ընդարձակ դաշտերում։ Կան հատուկ խ. մ–ներ, որոնք նախատեսված են լանջերին, այգիների միջտարածություններում, զբոսայգիներում աշխատելու համար։ ՍՍՀՄ–ում արտադրվում են ԿԴՊ–ՀԳ և ԿՍԳ–2,1, ԿՏՊ–6, ԿՊՎ–3 խ. մ–ներ։

ԽՈՏՀԱՐՔ, հողահանդակներ՝ խոտածածկով, որոնք պարբերաբար հնձվում են խոտի, սենաժի, սիլոսի կամ կանաչ կերի համար։ Խ–ները լինում են ցանովի և բնական։ Ցանովի խ–ները ստեղծվում են կերային, դաշտային և այլ ցանքաշրջանառություններում կամ ցանքաշրջանառությունից դուրս՝ բազմամյա ու միամյա խոտաբույսերի ցանքի միջոցով։ 1977-ին ՍՍՀՄ–ում խ–ի ընդհանուր տարածությունը 42,4 մլն հա էր (ՀՍՍՀ–ում՝ 137 հզ. հա)։ ՀՍՍՀ–ում խ–ները տարածված են ենթալպյան, ետանտառային, մարգագետնա–տափաստանային գոտիներում։ Բերքատվությունը՝ 15–25 ց/հա։ ՀՍՍՀ–ում խոտի գերակշռող մասն ստացվում է խ–ից։ Խ–ի բերքատվությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է պարարտացում, ոռոգում, մոլախոտերի ոչնչացում, բազմամյա խոտասերմերի ենթացանք, ինչպես նաև խոտհարքաշրջանառություն։

ԽՈՏՀԱՐՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, բնական ու ցանովի խոտհարքների արդյունավետ օգտագործման համակարգ, որն ընդգրկում է միմյանց հաջորդող ցանքաշրջանառություններ։ Խ. ներառնում է հողամասերում խոտհունձն սկսելու ժամկետների հաջորդափոխություն (ըստ տարիների), խնամքի միջոցառումներ՝ պարարտացում, ոռոգում, խոտասերմերի ենթացանք, խոտաբույսերի հունձ՝ աշնանախոտի արածեցման հետ։ Խ. կիրառելիս միանման խոտհարքը բաժանում են 4–6 մասի, որի խոտածածկը հնձում են ըստ տարիների, գերակշռող բույսի վեգետացիայի տարբեր փուլերում՝ սերմերը հասունանալուց հետո։

ԽՈՏՀՈՒՆՁՆԵՐ (Opiliones կամ Phalan-gida), սարդակերպերի դասի հոդվածոտանի կենդանիների կարգ։ Մարմնի երկարությունը՝ 1–22 մմ, նման են սարդերին։ Ոտքերը երկար են, բարակ, կարճ շոշափուկներով, հեշտությամբ պոկվում են մարմնից (ավտոտոմիա)։ Շնչում են տրաքեաներով։ Հայտնի է 2400 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 72 տեսակ, տարածված ամենուրեք։ Ապրում են անտառային փռոցում, ծառերի կեղևի տակ, հաճախակի լինում են կառույցների և ցանկապատերի վրա։ Գիշատիչ են, գիշերային կյանք են վարում։ ՀՍՍՀ–ում համարյա ուսումնասիրված չեն։

Նկարում` Խոտորջրցի ընտանիք

ԽՈՏՈՐՋՈՒՐ, Խոտոջուր, Խոտայջուր, ինքնավար համայնք XVI–XX դդ. սկզբին, Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառակում։ Գտնվում է Քաջքար լեռան ստորոտին, Ճորոխ գետի ձախ վտակ խոտորջուրի (Մեծ գետի) ավազանում։ Սահմանակից է Մպերին, արմ–ից՝ Համշենին։ Առաջին անգամ խ. հիշատակվում է 1586-ին։ Անունը մեկնվում է երկու ձևով՝ «խոտորջուր»՝ գետի ընթացքը խոտորվելու պատճառով, նաև «խոտ և ջուր»։ Խ–ի համայնքը կազմված էր երկու գյուղախմբից. առաջինը ինը գյուղից էր՝ Ճիճապաղ, Կրման, Կիսակ, Միջին թաղ, Խանդաձոր, Սունենց, Կաղմխուտ, Վահնա, Գեղուտ, երկրորդը՝ Մոխուրկուտն էր (Վերին և Ստորին), Գորքերը, Արեգին։ Խ–ին էր վերաբերում նաև Կարմիրք գյուղը ճորոխի աջ ափին։ Վաղ միջնադարում (III–VIII դդ.) խ–ի տարածքը եղել է Մամիկոնյանների տոհմական սեփականությունը (Տայքի Ասեաց փոր գավառում)։ Հին պատմական հուշարձաններից պահպանվել են Աստվածամոր բերդը (Մոխուրկուտում), Ծրարաջուր բերդը՝ Ճորոխի աջ ափին։ խ–ի բնակչությունը XVII դ. ընդունել է կաթոլիկություն։ Տնտեսության հիմնական ճյուղերն էին երկրագործությունը (հացահատիկի մշակում), անասնապահությունը և արհեստագործությունը։ խ–ի շրջակա գյուղերի բռնությամբ մահմեդականացված հայերը պահպանել էին մայրենի լեզուն կամ խոսում էին «կեսկեսերեն» (խառը՝ հայերեն–թուրքերեն)։ խ–ի յուրաքանչյուր գյուղ ուներ ընտրովի գյուղական ավագ և ընդհանուր ժողով, որն իրագործում էր ինքնավարությունը՝ ավագի գլխավորությամբ։ ժողովն ուներ հատուկ հավաքատեղի («ժողովայտ»)՝ ճիճապաղ գյուղում։ խ. թուրքական իշխանություններին վճարում էր միանվագ տարեկան հարկ, և թուրք պաշտոնյաները չէին միջամտում համայնքի ներքին գործերին։ Խ–ի բոլոր գյուղերը ունեին վարժարաններ, ուր XIX–XX դդ. սկզբին բացի հայերենից ուսուցանում էին նաև ֆրանսերեն, թուրքերեն և ռուսերեն։ Ոմանք իրենց երեխաներին հանձնում էին գիշերօթիկ դպրոցներ և վարժարաններ՝ Կաբինում, Տրապիզոնում, ինչպես նաև Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժարանում։ 1914-ին Կրման գյուղում կարճատև հրատարակվել է «Աղավնի Տայոց» թերթը։ Մակավահողությունը ստիպում էր Խ–ի տղամարդկանց երիտասարդ հասակից դիմել պանդխտության, որը առավել Տեսարան խոտորջրից