Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/88

Այս էջը սրբագրված է

խ–ի կերպարվեստը համակված էր բնության պտղաբերության ուժերի փառաբանման և տիրակալների աստվածացման գաղափարներով (Թոփրակ–կալա. կավե գունազարդված արձաններ և բարձրաքանդակներ, հանքային ներկերով արված բազմագույն որմնանկարներ)։ Եզակի են մ. թ. ա. V դ. –մ. թ. I դ. արձանների տեսքով խեցեղեն օսուարիումները (լատ. ossuarium – հանգուցյալի ոսկորների զետեղարան)։ Տարածված են եղել թրծակավե արձանիկները՝ պտղաբերության աստվածուհիներ, ձիերի ֆիգուրներ և այլն։ Միջին դարերում խ–ի վարպետները մշակել են վեղարամբեթային յուրօրինակ կառուցվածքներ (հին Ուրգենչի դամբարանները, XII դ.)։ XIV դ. 2-րդ կեսին խ–ի արվեստը վերելք է ապրել։ Մայրաքաղաք Ուրգենչում կառուցվել են ջնարակած խեցեղեն հարդարանքով շինություններ (Սուֆի դինաստիայի դամբարանը, այսպես կոչված Թյուրաբեկ–խանըմը)։

Գրկ. Tолстой С. П., Древный Хорезм М., 1948. Վ. Վարդանյան

ԽՈՐԵԶՄԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԽԺՍՀ), պետություն Միջին Ասիայում 1920–1924-ին։ Կազմակերպվել է երբեմնի Խիվայի խանության տերիտորիայում, հակաֆեոդալական ժոդովրդա–դեմոկրատական հեղափոխության շնորհիվ։ Մայրաքաղաքը՝ Խիվա։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Միջին Ասիայի աշխատավորական զանգվածները 1919-ի նոյեմբերին կոմունիստների ղեկավարությամբ ապստամբություն բարձրացրին։ Կարմիր բանակի զորամասերի օգնությամբ ապստամբները 1920-ի փետրվարին ջախջախեցին Զունաիդ–խանի զորքերին։ Ապրիլի 26-ին Համախիվայական ժող. ներկայացուցիչների սովետների համագումարը (կուրուլթայ) հռչակեց խժՍՀ, որը պրոլետարական դիկտատուրայի պետություն չէր, այլ, Վ. Ի. Լենինի բնորոշմամբ, գյուղացիական–սովետական հանրապետություն։ ԽԺՍՀ ուներ իր պետ. իշխանության բարձրագույն մարմինները, օրենսդրությունն ու դատական սիստեմը, բանակը, պետ. գերբն ու դրոշը։ ԽԺՍՀ ներքին և միջազգային դրության ամրապնդման գործում մեծ դեր խաղացին ՌՍՖՍՀ–ի հետ 1920-ի սեպտ. 13-ի դաշնակցային պայմանագիրն ու ռազմաքաղաքական համաձայնագիրը։ 1920-ին հիմնադրվեց խորեզմի կոմունիստական կուսակցությունը, որը 1922-ին մտավ ՌԿ(բ)Կ մեջ։ Սովետների համախորեգմական IV կուրուլթայը (1923-ի հոկտ. 17–20) խորեզմը հռչակեց սոցիալիստական հանրապետություն և ընդունեց սահմանադրություն։ ԽՍՍՀ բաժանվեց երեք ինքնավար մարզերի՝ Ուզբեկ., Թուրքմեն, և Կիրգիզ–Կարակալպակյան։ Միջին Ասիայի ազգային–պետական բաժանման ընթացքում ԽՍՍՀ ինքնալուծարքի ենթարկվեց, այդ տերիտորիայում առաջացան Ուզբեկ., Թուրքմեն. ՍՍՀ–ները, Կարակալպակյան ԻՄ։

ԽՈՐԵԶՄԻ ՄԱՐԶ, Ուզբեկական ՍՍՀ–ում։ Կազմվել է 1938-ի հունվարի 15-ին։ Գտնվում է հանրապետության հս–արմ–ում, Ամուդարյա գետի ստորին հոսանքի ձախ ափին։ Տարածությունը 4,5 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 744 հզ. (1979)։ Բաժանվում է 9 շրջանի, ունի 3 քաղաք, 2 քտա։ Կենտրոնը՝ Ուրգենչ։ Պարգևատրվել է Լենինի (1963) և Աշխատանքային կարմիր դրոշի (1971) շքանշաններով։

Բնությունը։ Մակերևույթը հարթ է (մոտ 100 մ բարձրությամբ), արմ–ում և հվ–արմ–ում հարում է Կարակումի անապատին։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –5°C է, հուլիսինը՝ 27,3°C, տարեկան տեղումները՝ 50–100 մմք անսառնամանիք շրջանը՝ 240 օր։ խոշոր գետը Ամուդարյան է։ Կան աղի փոթր լճեր, ճահիճներ և աղուտներ։ Տարածության մեծ մասը զբաղեցված է կուլտուրացված ոռոգվող հողերով։ Բնական բուսականությունը պահպանված է Ամուդարյայի ողողատում և ավազուտներում։ Ջրամբարներում կլիմայավարժեցվում են մշկամուկ, ճահճակուղբ։

Բնակչության 92,1%-ը (1970) ուզբեկներ են, բնակվում են նաև ռուսներ, ղազախներ, թաթարներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 165 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 20,2% ։ Քաղաքներն են Ուրգենչը, Իփվան, Դրուժքան։

Տնտեսությունը։ Խ. մ. Ուզբեկստանի բամբակագործական հիմնական շրջաններից է՝ զարգացած անասնապահությամբ , բրնձամշակությամբ, մետաքսագործությամբ և արդյունաբերությամբ։ Թեթև և սննդի արդյունաբերությունը տալիս է համախառն արտադրանքի 80%-ը։ Առավել զարգացած է բամբակազտիչ արդյունաբերությունը։ Ուրգենչում են գտնվում մետաքսաթելի և կարի ֆաբրիկաները, Խիվայում` գորգագործական կոմբինատը։ Սննդի արդյունաբերությունը ներկայացված է ձիթհան, գինեգործական, հրուշակեղենի, կաթնայուղագործական ձեռնարկություններով։ Զարգանում է շինանյութերի արդյունաբերությունը։ Նորոգման գործարան և կահույքի ֆաբրիկա կա Ուրգենչում, կահույքի կոմբինատ՝ Խիվայում։ 1974-ին արտադրվել է 23,2 մլն կվա/ժ էլեկտրաէներգիա։ Էլեկտրաէներգիայի հիմնական մասը Խ. մ. ստանում է Տախիատաշի ՊՇԷԿ–ից (Կարակալպակյան ԻՍՍՀ), գազը՝ Բուխարայից։ Ցանքատարածությունը 165,3 հզ. հա է, որի 67,2%-ն զբաղեցնում է բամբակենին։ 1976-ին ստացվել է 378 հզ. տ բամբակ։ Մշակում են նաև հացահատիկային, կերային և բանջարաբոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Զարգացած են խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Գործում են Պալվան–Գազավատ, Շավատ, Կլիչբայ, Տաշսակինյան և այլ ոռոգիչ ջրանցքներ։ Անասնապահությունը մասնագիտանում է կարակուլային ոչխարաբուծության ուղղությամբ։ 1977-ին կար 94,21 հզ. գլուխ ոչխար, 245 հզ. գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 7,5 հզ. խոզ։ 1976-ին մթերվել է 1802 տ շերամի բոժոժ։ խ. մ–ով է անցնում Չարջոու–Կունգրադ– Մակատ երկաթուղին (մարզի սահմաններում՝ 133 կմ), Բուխարա–Ուրալ գազամուղը։ Ավտոճանապարհների երկարությունը 1692 կմ է (1976)։ Ուրգենչը օդային ուղիներով կապված է Մոսկվայի, Տաշքենդի և այլ քաղաքների հետ։

1975/76 ուս. տարում մարզի 578 հանրակրթական դպրոցներում կար մոտ 196,4 հզ., 16 պրոֆտեխնիկական ուսումնարաններում՝ մոտ 5,5 հզ., 7 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններում՝ մոտ 5,7 հզ. սովորող, մանկավարժական ինստ–ում՝ ավելի քան 2,9 հզ. ուսանող։ 1976-ին խ. մ. ուներ 445 գրադարան, 240 ակումբ, 292 կինոսարք, դրամայի ու երաժշտական կոմեդիայի թատրոն, թանգարան–արգելավայր, մարզային 2 թերթ։ 1977-ին Խ. մ–ում կար 54 հիվանդանոց (6,6 հզ. մահճակալով), 1,5 հզ. բժիշկ, 3 սանատորիա։