Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/89

Այս էջը սրբագրված է

ԽՈՐԵՆ Ա ՄՈՒՐԱԴԲԵԳՅԱՆ (1873, Թիֆլիս - 6.4.1938, Էջմիածին), Ամենայն Հայոց կաթողիկոս։ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ավարտելուց և ուսումը Շվեյցարիայում շարունակելուց հետո Վրասաանի հայկ. դպրոցներում զբաղվել է մանկավարժությամբ։ 1901-ին ձեռնադրվել է վարդապետ, 1903–10-ին եղել Նոր Բայազետի, 1910–23-ին՝ Երևանի թեմի առաջնորդական փոխանորդ։ 1920-ին ձեռնադրվել է եպիսկոպոս և, իբրև Հայրապետական պատվիրակ, մեկնել Հյուսիսային Ամերիկա՝ տեղի թեմական կազմակերպչական խնդիրները կարգավորելու նպատակով։ 1923-ին նշանակվել է կաթողիկոսի տեղապահ և Էջմիածնի տաճարի լուսարարապետ։ Գևորգ և Տփղիսեցու մահից հետո՝ 1930–32-ին ղեկավարել է Հայոց եկեղեցու գործերը։ 1932-ի նոյեմբ. 12-ին ընտրվել և 13-ին օծվել է կաթողիկոս։ Զբաղվել է եկեղեցու սահմանադրական, ծիսական, կազմակերպչական համակողմանի քննության ու բարեկարգման, Մայր տաճարի վերանորոգման, Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռների միջև սերտ հարաբերությունների ստեղծման հարցերով։ Գլխավորել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ։ Զգալի աշխատանք է կատարել սփյուռքահայության ազգային հայրենասիրական ոգին պահպանելու, սփյուռքահայությանը Հայոց եկեղեցու շուրջը համախմբելու և հայրենիքին Սովետական Հայաստանի հետ սերտ կապ պահպանելու ուղղությամբ։ Թադվել է Ս. Գայանե եկեղեցու գավթում։ Փ. Անթաբյան

ԽՈՐԵՆԻԱ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, Փարվանա գետի ձախ ափին, շրջկենտրոնից 8 կմ հեռավորության վրա։ Միավորված է Վաչիանի սովետական տնտեսության հետ։ Զբաղվում են անասնապահությամբ։ Գյուղում գործում է ութամյա դպրոց։ Խ–ի հայերը գաղթել են Էրզրումի վիլայեթից, 1830-ին։

ԽՈՐԵՈԳՐԱՖԻԱ (< հուն. χορεία – պար, կաքավ և… գրաֆիա), 1. պարի գրառումը պայմանական նշաններով (տես Կաքավագրություն)։ 2. Պարեր և պարային (բալետային) ներկայացումներ ստեղծելու արվեստ՝ պարարվեստ։ Այս նշանակությամբ «խ.» տերմինը կիրառվում է XIX դ. կեսից և նույն պատճառով բալետմայստեր տերմինի փոխարեն երբեմն օգտագործում են խորեոգրաֆ։

ԽՈՐԽՈՌՈՒՆԻՆԵՐ, Խոռխորունիներ, Խոռխորունիք, նախարարական տոհմ հին Հայաստանում։ Տոհմական «հայրենիքը» (կալվածքը) եղել է Տուրուբերան նահանգի Խորխոռունիք գավառը։ Մովսես խորենացու մոտ պահպանված ավանդական պատմությունը Խ–ի նահապետն ու անվանադիրը համարում է Հայկ Նահապետի Խոռ որդուն։ Ըստ նույն պատմության, Վաղարշակ թագավորը Խ–ին հանձնարարեց Հայոց Արշակունիների թիկնազորության կամ մաղխազության գործակալությունը, որը նրանք վարեցին մինչև Արշակունի արքայատան անկումը (428)։ Հետագայում Խ–ի իշխանները ավանդական իրավունքով շարունակել են կրել «Հայոց մաղխազ» պատվավոր տիտղոսը։ Հայոց զորաբանակին Խ. մասնակցել են 1000 հեծյալով։ Ըստ «Ներսեսի վարք»-ում պահպանված Գահնամակի, Խ. ունեցել են չորս տոհմաճյուղ։ Մովսես Խորենացին Խ–ից հիշատակում է Սուրեն իշխանին, որը 380-ականի վերջին Վահան Առավեղյանի ու Աշխադար Դիմաքսյանի համագործակցությամբ հափշտակեց բյուգանդական մասի Հայոց թագավոր Արշակ Գ–ի գանձերը և անցավ պարսկ. մասի Հայաստանում թագավորող խոսրով Դ–ի տիրապետության ներքո։ Ղազար Փարպեցին վկայում է, որ Արտաշատի 449-ի ժողովում Պարսից Հազկերտ արքայի՝ հայերի դավանափոխության մասին հրովարտակի մերժողական պատասխանին Խ–ից մասնակցում էր Վրիվ մաղխազը։ Նույն պատմիչը տեղեկացնում է, որ Վարդանանց պատերազմում Գադիշո Խորխոռունին կովել է Վասակ Սյունու, Խորեն Խորխոռունին՝ Վարդան Մամիկոնյանի կողմում։ Պարսից դեմ խաղխաղի ճակատամարտում (450) Խորեն խորխոռունին գլխավորել է հայկ. բանակի ձախ, իսկ Ավարայրի ճակատամարտում (451)՝ աջ թևը։ Վերջին ճակատամարտում հերոսաբար նահատակված Խորեն Խորխոռունուն հայ եկեղեցին դասել է սրբերի շարքը։ Սեբեոսը VI դ. վերջին Խ–ից հիշատակում է Ատատ և Թեոդոս, իսկ VII դ. 1-ին կեսին՝ Վահան իշխաններին։ X դ. հիշվում են Խոբխոռունի իշխաններ Սարգիսը և Արտավազդը։

Գրկ. Ոսկյան Հ., Ուսումնասիրություններ հայ նախարարություններու մասին, Վեն., 1955։ Մ. Կատվալյան

ԽՈՐԽՈՌՈՒՆԻՔ, Խոռխոռունիք, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, Վանա լճից արևմուտք։ Հայ մատենագիրները հիշատակում են Խորխոոռւնիների նախարարական տոհմը, իսկ իբրև գավառ Խ. չի հիշատակվում։ Ենթադրում են, որ VII դ. «Աշխարհացոյց»-ում գավառի անունը հետագա խմբագիրներն են ավելացրել՝ իմանալով, որ այն եղել է համանուն տոհմի կալվածքը։ Մոտավորապես համապատասխանում էր հետագայի Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառին։ Մակերևույթը հիմնականում հարթ է, հս–արմ. մասում՝ լեռնոտ։ Տարածքն ընդգրկող Բուլանըխի գավառը XX դ. սկզբին ուներ ավելի քան 68 գյուղ, որոնցից 29-ը՝ հայաբնակ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայերի հետ ապրում էին քրդեր ու չերքեզներ։ Գավառի կենտրոնն էր Կոփ գյուղաքաղաքը, որը 1914-ին ուներ 500 ընտանիք (340-ը՝ հայ)։ Խ–ի հայաբնակ գյուղերն էին՝ Ապրի, Ալիպոճան, Բլուր, Գարազել, Գեաբոլան, Թեղուտ, Թրքաշեն, Լաթար, Խաչլու, Խարաբաշահար, Խոշգյալդի, Կոպակ, Կոպո, Կոփ, Միջիթլու, Միրիպար, Մոլլաքյանդ, Յակրակ, Յատկոն, Շեխեաղութ, Շեխվոտի, Շիրվանշեխ, Ոտնչոր, Պրտոպ, Քեքառլու, առավել բազմամարդ էին Յոնջալուն (250 ընտանիք), Լիզը (200), Համզաշեխը (150)։ Գավառի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը կոտորվել է բռնագաղթի ծանապարհին։

Գրկ. Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհ ացոյց»-ի, Ե., 1963։ Ա–Դ ո, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե., 1912։ Մ. Դարբինյան

ԽՈՐԽՈՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Օվաճըգ գավառում, պտղաբեր լեռնահովտում։ 1915-ին ուներ 60 տուն հայ և 25 տուն քուրդ բնակիչ (վերջիններս խոսում էին նաև հայերեն)։ Բնակիչները զբաղվում էին հանքամշակությամբ, արհեստներով, մասամբ՝ երկրագործությամբ։ Գյուղի մոտակա հանքաքարից ձուլում էին կապար։ Հայերն ունեին ժայռափոր եկեղեցի (Ս. Գևորգ)։ Գյուղի մոտակայքում կային քարափոր գետնուղիներ, որոնք օգտագործվում էին վտանգի դեպքում։ Խ–ի հայերը տեղահանվել են 1915-ին՝ հայերի ցեղասպանության ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է, սակավաթիվ հայեր ապաստանել են հարևան քրդերի տներում։ 1938-ին տեղահանվել են նաև քրդերը։

ԽՈՐԽՈՐՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ, ուրարտական ամենախոշոր սեպաձև արձանագրությունը Վանի հարավ–արևմտյան կողմում, խորխոր կամ խոռխոռ կոչվող ժայռին։ Բովանդակում է Արգիշաի Ա թագավորի գահակալման տարիների (մ. թ. ա. շուրջ 786–764) ռազմաքաղաքական կարևոր իրադարձությունների հակիրճ պատմությունը։ Վերջանում է Արգիշտի Ա–ի գահակալման 14 կամ 15-րդ տարվա դեպքերի նկարագրությամբ։ Խ. տ–յան յոթ սյունակներից երեքը գտնվում են ժայռի գագաթից իջնող սանդուղքներին, չորսը՝ ժայռի մեջ փորված անձավի մուտքի կողքերին։ Քանի որ առաջին սյունակն իր բովանդակությամբ Խ. տ–յան սկիզբը չէ, ուստի կարծում են, որ սկզբնամասը (հավանորեն Արգիշտի Ա–ի պատկերով հանդերձ) զետեղված է եղել սանդուղքի ձախակողմյան խորշում։ Ուսումնասիրողների կարծիքով խ. տ–յան կրկնօրինակն է Վանի Ս. Սահակ եկեղեցու շինաքարերին անգլ. հնագետ Օ. Հ. Լայարդի հայտնաբերած (1850) Արգիշտի Ա–ի սեպաձև արձանագրությունը։ Խ. տ. 1828-ին ընդօրինակել է ֆրանս. արևելագետ Մ. Շուլցը։ Նրա ընդօրինակությունը վերծանել և հրատարակել են Ա. Ն. Սեյսը (1882), Բելքը (1901), Ն. Վ. Հարությունյանը (1951), Գ. Ա. Մելիքիշվիլին (1960) և ուրիշներ։ Գ. Մելիքիշվիլին կրկնօրինակի համեմատությամբ փորձել է վերականգնել խ. տ–յան ամբողջական կառուցվածքը և տեղեկությունների հաջորդական ժամանակագրությունը։ Նա ենթադրում է, որ խ. տ. ունեցել է նաև Արգիշտի Ա–ի գահակալման մնացած 8 տարվա իրադարձությունների շարադրանքը։

Գրկ. Apyтюнян Н.B., Xopxopcкая летопись Аргишти I, «Эпиграфика Востока», 1953, cб. 7; Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту), M., 1959, c. 66–68; Mеликишвали Г. А., Урартские клиноабразные надписи, М., 1960

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ», տես Սովետական արվեստ»։

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐՈՂ», տես Սովետական գրող»։

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ», տես Սովետական Հայաստան»։