Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/9

Այս էջը սրբագրված է

համար: Ինքնակոչ մելիք Շահնազար Բ–ի այս քայլից մեծապես օգտվեց վաչկատուն թուրք, ջիվանշիր ցեղի մի ճյուղի՝ սարջալըների ցեղապետ Փանահը, որը որոշել էր նստակեցության անցնել և հիմնել մեծ իշխանություն: Նրա նախկին փորձերը՝ ամրանալու Դաշտային Ղարաբաղի Բայաթ վայրում, ապա՝ Արցախի հին Տիգրանակերաի (Թառնագյուտ կամ Թարանակյուրտ) ավերակներում, մատնվել էին անհաջողության՝ հարևան իշխանությունների, հատկապես՝ Գյուլիստանի, Ջրաբերղի ու Խաչենի մելիքների պարբերական հարձակումների պատճառով: Վերջիններս կռահելով Փանահի ծրագրերը՝ ջանում էին թույլ չտալ նրան իրենց սահմաններում բնավորվելու: Սակայն մելիք Շահնազարը շտապեց օգտվել Փանահի ներկայությունից՝ նրան առաջարկելով նստավայր դարձնել իր տիրույթում գտնըվող Շոշ կամ Շոշվա–քար (ներկայիս Շուշի քաղաքը) բերդ–ամրոցը: 1750-ական թթ. Շոշու–բերդ փոխադրվելով՝ Փանահը, մելիք Շահնազարի գործուն աջակցությամբ, հիմնեց առաջին այլակրոն և այլացեղ իշխանությունը Արցախ–Ղարաբաղի տարածքում: Ապա իրեն հռչակելով Ղարաբաղի խան՝ ձեռնամուխ եղավ դրա իրականացմանը, հպատակեցնելու և հարկատու դարձնելու համար հարձակումներ սկսեց Խ. մ–ի վրա, և երբ առաջին փորձերը ձախողվեցին, դիմեց խարդավանքի ու դավերի: Նրա քաղաքականությունը շարունակեց որդին՝ Իբրահիմ խանը, որի չընդմիջվող հարձակումները, կոտորածներն ու ավարառությունները ջլատեցին Խ. մ–ի ուժերը: Ջրաբերդի ու Գյուլիստանի մելիքներն իրենց բազմաթիվ հպատակներով գաղթեցին Գանձակի կողմերն ու Վրաստան՝ հայրենի տիրույթներից հեռու փնտրելով Ղարաբաղի փրկության ճանապարհը, իսկ Դիզակի մելիքի փորձերը՝