Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/91

Այս էջը սրբագրված է

վում են նաև լոլիկ, տաքդեղ, սմբուկ։ Խ–ի մի այլ տեսակ (հովվի Խ.) պատրաստում են ոչխարի կամ գառան՝ իր իսկ մորթու մեջ փաթաթած միսը մոտ 0,5 մ խորությամբ փոսում հողով ծածկելով և վրան կրակ վառելով։ Հայերից բացի խ. պատրաստում են նաև կովկասյան և արլ. այլ ժողովուրդներ։ Լ. Պեարոսյան

ԽՈՐՍԱՆԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառում, Սեբաստիա քաղաքից 12 կմ արևելք։ 1914-ին ուներ 3000 (300 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղում գործում էին երկու եկեղեցի (Ս. Աստվածածին, Ս. Սարգիս) և Արշակունյան անունով վարժարան (100 աշակերտով)։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

ԽՈՐՔԱՅԻՆ ԲԵԿՎԱԾՔ, երկրակեղևի ապարների ամբողջականությունը խախտող նեղ, գծային տարածման զոնա։ Խ. բ., կտրելով երկրակեղևը, թափանցում է Երկրի մանթիա և ձգվում հարյուրավոր ու հազարավոր կմ` ըստ տարածման և մինչև 720 կմ` ըստ խորության։ Լայնությունը հասնում է մի քանի հարյուր մ–ից մինչև մի քանի տասնյակ կմ։ Խ. բ.-ներով երկրակեղևը բաժանվում է խոշոր բեկորների, որոնք տարբերվում են շարժումների և կառուցվածքի բնույթով։ Խ. բ. զարգանում է երկրաբանական ժամանակի երկարատև հատվածների (հարյուր միլիոնավոր, երբեմն ավելի քան 1 մլրդ տարի) ընթացքում՝ հանդիսանալով երկրակեղևի խզումնային խախտումների կարևորագույն տիպ։

ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ (գերմ. Tiefenpsychologie), հասկացություն, որն ընդգրկում է ժամանակակից արտասահմանյան հոգեբանության մի շարք ուղղություններ, որոնք ուսումնասիրում են անհատի ակտիվության «խորքային սկզբունքները»՝ անգիտակցական հակումներն ու միտումները։ Խ. հ. ընդգրկում է Զ. Ֆրեյդի, Կ. Ցունգի, Ա. Ադլերի ուսմունքները, նեոֆրեյդիզմը, «ես»-ի հոգեբանությունը ևն։ Ֆրեյդը առաջատար է համարել սեռական բնազդի հետ կապված Էներգիան (լիբիդո) և ագրեսիայի բնազդը։ Ըստ Ադլերի գլխավորն ինքնահաստատման ձգտումն է («իշխանության կամքը»)։ Կ. Յունգը ընդլայնել է անգիտակցականի ֆունկցիաների և կառուցվածքի մասին պատկերացումը՝ առաջ քաշել ժառանգական բնույթի «կոլեկտիվ անգիտակցականի» գաղափարը։ Խ. հ. սերտ կապի մեջ է հոգեբուժության հետ։ Հոգեկան հիվանդություններն այդ ուղղության ներկայացուցիչները մեկնաբանել են որպես գոյության համամարդկային դժվարությունների ու կոնֆլիկտների դրսևորումներ, որոնք առանձին անհատների մոտ սուր և բացահայտ ձևեր են ընդունել։ Այսպես, Ֆրեյդը նևրոզների, երազների, որոշ սխալների հիմքում տեսնում է անգիտակցական հոգեկան մեխանիզմները։ Նշված երևույթը նա համարել է «փոխզիջողական կազմավորում», որն արտացոլում է անգիտակցական հակումների և գիտակցական «ես»-ի դիրքորոշումների բախումները։ Խ. հ. ուսումնասիրում է նաև արտամղումը, սևեռումները (ֆիքսացիա), սիմվոլացումը, ռեգրեսիան ևն։ Այն իր ազդեցությունն է թողել պսիխոսոմատիկական բժշկության և սոցիոմետրիայի վրա։ Վերջին տասնամյակներում առաջ են եկել խ. հ. նոր ուղղություններ, որոնք միաժամանակ գտնվում են էկզիառենցիալիզմի, ֆենոմենոչոգիայի, նեոթոմիզմի և բիհևիորիզմի ազդեցության տակ։ Նկատվել է նաև խ. հ. փիլիսոփայական անթրոպոլոգիայի հետ միավորելու միտում։ Խ. հ–յան ներկայացուցիչները ստեղծել են անգիտակցական ուժերի ուսումնասիրման հոգեվերլուծության (պսիխոանալիզ) և ազատ զուգորդությունների հստակ մեթոդներ, պրոյեկտիվ տեստեր, պսիխոդրամա և սոցիոդրամա։ Խ. հ. զգալիորեն խորացրել է մարդու մասին պատկերացումները։ Չնայած դրան, հոգեբանական շատ փաստերի մեկնաբանություններ կրում են մեխանիստական կամ իռացիոնալիստական, իսկ սոցիալ–փիլիսոփայական տեսանկյունից՝ հոռետեսական բնույթ։

Գրկ. Какабадзе B. Л., Понятие бecсознательного в глубинной психологии, в cб.։ Проблемы сознания, М., 1966; Munroe R., Schools of psychoanalytic thought, N. Y., 1956. Ա. Նալչաջյան

ԽՈՐՔԱՅԻՆ ՌՈՒՄԲ, ռազմածովային նավատորմի զինատեսակ՝ ընկղմված սուզանավերի դեմ կռվելու համար։ Խ. ռ. ուժեղ պայթուցիկ նյութով կամ ատոմային լիցքով արկ է։ Պայթում է հիդրոստատիկ ճնշումից կամ սուզանավի իրանին հարվածելիս։ Նետվում է նավից կամ ինքնաթիռից։

ԽՈՑ, Խողց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Սասունի գավառի Ծովասար գավառակում։ XX դ. սկզբին ուներ 20 տուն խառը (հայ և քուրդ) բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Խ–ում էր Խոցոց կամ Խոծոծ վանքը, ուր գտնվում էր Ս. Թովմայի ուխտավայրը։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

ԽՈՑ, հյուսվածքների ուշ լավացող հատիկավորվող (գրանոլլացիոն) արատ, առաջանում է հյուսվածքների մեռուկացման պատճառով՝ վերականգնման (ռեգեներացիա) պրոցեսների բացակայության կամ թուլության պայմաններում։ Նպաստող գործոններն են նյութափոխանակության խանգարումները, ավիտամինոզները, օրգանիզմի ընդհանուր հյուծվածությունը, ճառագայթային հիվանդությունը ևն։ Ըստ առաջացման պատճառների խ–երը լինում են՝ վնասվածքային՝ առաջանում է հյուսվածքների վնասվածքների, այրվածքների, ճնշման, ցրտահարությունների դեպքում, էլեկտրական՝ հոսանքով ախտահարվելիս, քիմիական՝ վնասակար նյութերի ազդեցությունից, վարակական–սպեցիֆիկ՝ վարակիչ մի շարք հիվանդությունների (տուբերկուլոզ, սիֆիլիս, փափուկ շանկր, սիբիրյան խոց, ակտինոմիկոզ) դեպքում։ Ոչ սպեցիֆիկ Խ. առաջանում է թարախային, նեխման մանրէների ազդեցությունից (օստեոմիելիտ, ինֆեկցված օտար մարմին)։ Արյան շրջանառության խանգարումներից առաջացած խ–երը լինում են էնդարտերիտի, աթերոսկլերոզի, երակների հանգուցավոր լայնացման դեպքում։ Տրոֆիկ խ., առաջանում է խոշոր նյարդերի վնասումից (օրինակ՝ ոտնաթաթի ծակող խոցը նստանյարդի վնասման դեպքում)։ Տրոֆիկ խ–ի տարատեսակներից է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խ. (տես Խոցային հիվանդություն)։ Արյան անոթների պատերի փոփոխության պատճառով առաջացած խ–երը լինում են աթերոսկլերոզի, խցանող էնդարտերիտի, բլաստոմատոզ խ.՝ չարորակ նորագոյացությունների դեպքում, ճառագայթային խ.՝ ճառագայթների տեղական ազդեցությունից։ Ըստ ընթացքի առանձնահատկությունների խ–երը լինում են՝ քայքայող, սողացող, ծակող, թափածակվող։ Առավել վտանգավոր են կենսական կարևոր օրգանները և արյան անոթները վնասող խ–երը։

Բուժումը. պատճառի վերացում, տեղական տաք պրոցեդուրաներ, վարակազերծող դեղամիջոցների և անտիբիոտիկների քսուքներով վիրակապեր։ Որոշ դեպքերում՝ վիրահատություն։

ԽՈՑԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ (ստամոքսի և 12-մատնյա աղիքի պեպտիկ խոց, կլոր խոց, Կրյուվելյեի հիվանդություն), օրգանիզմի ընդհանուր, քրոնիկական հիվանդություն. ընթանում է ստամոքսի և 12-մատնյա աղիքի պատերում խոցերի առաջացմամբ։ Հիվանդանում են առավելապես տղամարդիկ, 20–40 տարեկանում։ Առաջացմանը նպաստում են նյարդային համակարգի գերլարվածությունը, հոգեկան ցնցումները, ինչպես նաև անբավարար սնուցումը, դժվարամարս, սուր, կոշտ սննդի օգտագործումը, համեմունքների, ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը, սնուցման ռիթմի խանգարումները։ Խոցերը (մեկ, հազվադեպ՝ 2–3) առավելապես առաջանում են ստամոքսի փոքր կորության (ստամոքսաուղի), ստամոքսաելքի, 12-մատնյա աղիքի սկզբնական հատվածի՝ կոճղեզի շրջանում։ Ապաքինվում են սպիանալով և հաճախ պատճառ են դառնում ստամոքսի պատի ձևախախտման։ խ հ–յան ամենաբնորոշ և մշտական ախտանշանը վերորովայնային շրջանի ցավերն են («քաղցի» կամ «գիշերային ցավեր», որոնք մեղմանում են սնունդ ընդունելուց հետո։ Սակայն հանդիպում են, այսպես կոչված, «համր» խոցեր, որոնք ոչ մի ախտանշանով չեն արտահայտվում և ախտորոշվում են ծակվելիս ու արյունահոսելիս։ Ցավերը խիստ կապված են ընդունած սննդի բնույթի հետ։ Առաջանում են այրոց, սրտխառնոց, գխտոց, զկռտոց, ենթակրծոսկրային հատվածում ծանրության զգացում։ Ստամոքսահյութի թթվությունը բարձրանում է, սակայն երբեմն լինում է բնականոն կամ իջնում է։ Խ. հ–յան ընթացքը երկարատև է. բնորոշ է սեզոնային պարբերականությունը։ Սրացումները լինում են գարնանը և աշնանը։ «Պարզ» շրջանի ընթացքում խոցի ցավերը և մյուս ախտանշանները լիովին վերանում են, խոցն սպիանում է,