Նկարում` Վ. Մ. Խվոստով
կական հարցի պատմությանը։ Բեռլինի դաշնագիրը (1878) նա դիտում էր որպես կապիտալիստական պետությունների դիվանագիտական խաղ, որը ճակատագրական նշանակություն ունեցավ արևմտահայերի համար՝ նրանց դատապարտելով ֆիզիկական բնաջնջման։
Երկ. История дипломатии, т. 2, 2 изд . , M., 1963; Copoк лет борьбы за мир, M., 1958.
ԽՏԱԿՏԱՎ, վուշե կամ բամբակե խիտ գործվածք՝ թելերի սարժային կամ քաթանային հյուսելաձևով և խայտաբղետագործ կամ դաջովի նախշերով զարդարված երկայնակի լայն զոլերով։ Օգտագործվում է որպես ներքնակի երես, կահույքի ծածկոց, վարագույր։
ԽՏԱՆՅՈՒԹ, կոնցենտրատ, օգտակար հանածոյի հարստացումից ստացվող նյութ, որն արժեքավոր բաղադրիչի պարունակությամբ գերազանցում է սկզբնանյութը։ Տարբերում են առաջնային, խմբային, վերջնական և կոնդիցիոն Խ–եր։ Առաջնայինը հանածո–հումքի հիմնական կամ միջանկյալ վերամաքրումից ստացվող, սակայն դեռևս պատրաստի արտադրանք չհանդիսացող Խ. է։ Խմբային խ. պարունակում է երկու և ավելի արժեքավոր բաղադրիչներ։ Վերջնական Խ. ստացվում է հարստացման ամբողջ ցիկլի վերջում և համարվում հարստացուցիչ ֆաբրիկայի պատրաստի արտադրանք։ Պահանջվող տեխ. պայմաններին (արժեքավոր բաղադրիչի և խառնուրդների պարունակություն, խոնավություն ևն) բավարարող և որպես պատրաստի արտադրանք տրվող Խ. անվանում են կոնդիցիոն։
ԽՏԱՉԱՓ, հեղուկների կամ գազերի խտությունը չափելու սարք։ Տարբերում են կշռային (պիկնոմետր), ստատիկ (արեոմետր) և դինամիկ Խ–եր։ Կշռային խ–ի գործողության սկզբունքը հիմնված է որոշակի ծավալի հեղուկի անմիջական կշռման վրա։ Ստատիկ Խ–ում միջավայրի խտությունը որոշվում է նրա մեջ ընկղմված լողանը դուրս մղող արքիմեդյան ուժով։ Դինամիկ Խ–ի աշխատանքը հիմնված է արտահոսման օրենքի վրա (գազերի խտությունները հակադարձ համեմատական են միևնույն ճնշման և ջերմաստիճանի դեպքում բարակ պատի նեղ անցքերից արտահոսող գազերի արագությունների քառակուսուն)։ Հեղուկների խտությունը չափելու համար կիրառվում են նաև ռադիոիգոտոպային, վիբրացիոն և ուլտրաձայնային Խ–եր։
ԽՏԱՑՄԱՆ ԹՌԻՉՔ, գազի գերձայնային հոսանքին բնորոշ տիրույթ՝ խզման մակերևույթ, որտեղ գազի հոսանքի ճնշումը, խտությունը, ջերմաստիճանը կտրուկ աճում են, իսկ արագությունը նվազում է։ Այդ մակերևույթի հաստությունը, ոչ շատ բարձր ջերմաստիճաններում, գազի մոլեկուլների ազատ վազքի երկարության կարգի է։ Շարժվող խզման մակերևույթը կոչվում է հարվածային ալիք։ Խ. թ. առաջանում է, երբ մարմինը շրջհոսվում է գազի գերձայնային հոսանքով կամ գերձայնային արագությամբ շարժվում է գազում։ Տարբերում են ուղիղ և շեղ Խ. թ.։ Ուղիղ Խ. թ–ից գազի մասնիկների արագության ուղղությունը չի փոխվում, և հոսքի արագությունը միշտ դառնում է մինչձայնային, իսկ շեղ Խ. թ–ից արագության ուղղությունը փոխվում է, և հոսքը կարող է մնալ գերձայնային։
ԽՏԱՑՄԱՆ ԿԵՏ, աոպոլոգիական կարևոր հասկացություն։ Այժմ «Խ. կ.» կամ ավելի վաղ օգտագործվող «կուտակման կետ» տերմինների փոխարեն ընդունված է օգտագործել «սահմանային կետ»։
ԽՏԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ, բարձրություն, որտեղ ադիաբատ կերպով ընդարձակվող օդի մեջ պարունակվող ջրային գոլորշիները սառչելով՝ հասնում են հագեցման վիճակի։ Խ. մ–ից վեր առաջանում են առավել ցածր ամպերը։
ԽՏԱՑՈՒՄ ԳՐՈՒՆՏԻ, գրունտի ամրությունը մեծացնող և ջրաթափանցությունը նվազեցնող արդյունավետ եղանակ։ Խտացումից են կախված կառույցի որակը և երկարակեցությունը։ Լինում է մակերևույթային և խորքային։ Մակերևութայինի դեպքում օգտագործում են տարբեր տիպի ճանապարհագլդոններ, տոփանող մեքենաներ ևն։ Խորքային խտացումն իրականացվում է ուղղաձիգ ջրաքաշ, խողովակների, երկաթբետոնե ցցերի միջոցով կամ այլ եղանակներով։
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, 1. որոշակի կատեգորիայի մարդկանց իրավունքների սահմանափակում կամ ընդհանրապես իրավունքներից զրկում՝ ըստ նրանց ազգային, ռասայական պատկանելության, սեռի կամ այլ հատկանիշների։ Բուրժ. երկրներում առավել տարածված է ռասայական Խ. (ԱՄՆ–ում՝ նեգրերի, հնդկացիների, Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում՝ ոչ բուրական և ոչ եվրոպական ժողովուրդների նկատմամբ)։ Կապիտալիստական երկրներում կիրառվում են նաև Խ–յան այլ ձևեր, կանանց և երիտասարդների աշխատանքի ցածր վարձատրություն, կրոնական կամ քաղ. հայացքների համար մարդկանց իրավունքների սահմանափակում ևն։ Տես նաև Ապարահեյղ։ 2. Միջազգային հարաբերություններում՝ որևէ պետության ներկայացուցիչների, կազմակերպությունների կամ քաղաքացիների համար պակաս իրավունքների սահմանում այլ պետության ներկայացուցիչների, կազմակերպությունների կամ քաղաքացիների համեմատ։
ԽՏՈՒԹՅՈՒՆ համասեռ նյութի, ֆիզիկական մեծություն (ρ). որոշվում է նյութի m զանգվածի և գրաված V ծավալի հարաբերությամբ՝ ρ= m/v։ Անհամասեռ նյութի Խ. զանգվածի և ծավալի հարաբերության սահմանն է, երբ ծավալը ձգտում է մի կետի, որտեղ որոշվում է Խ.։ Երկու նյութերի Խ–ների հարաբերությունը ֆիզիկական որոշակի պայմաններում կոչվում է հարաբերական Խ.։ Միավորների միջազգային համակարգում Խ. չափվում է կգ/մ3, CGS համակարգում՝ գ/սմ3 միավորով։ Գործնականում ընդունված են նաև գ/լ, տ/մ3 և արաահամակարգային այլ միավորներ։ Գազերի և հեղուկների Խ. չափելու համար օգտագործում են խտաչափեր։
ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆՆԵՐ, հետաքրքրաշարժ բովանդակության խնդիրներ, որոնք սովորաբար առաջադրվում են խնջույքների ու զանազան հավաքույթների ժամանակ։ Խ–ի մեծ մասը կարելի է լուծել մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարումների միջոցով։ Սակայն, իր ժամանակին, մանավանդ երբ հավասարման գաղափարը դեռևս չկար գիտության մեջ, Խ. լուծվել են բանավոր, տրամաբանորեն, կռահելով (հատկապես կատակ–խրախճանականները) կամ թե ենթադրվելիք պատասխանը փորձելու միջոցով։ Խնդիրն առաջադրողին հետաքրքրում էր ոչ թե լուծման եղանակը, այլ պատասխանը։ Հայ մատենագրությունում Խ. կան Անանիա Շիրակացու (VII դ.), Նիկողայոս Արտավազդի (XIV դ.), Կոստանդին Զուղայեցու (XVII դ.), Զաքարիա Սարկավագի (XVII դ.) և այլ հեղինակների աշխատություններում։ Շատ Խ. բերնեբերան, սերընդեսերունդ անցնելով հասել են մեզ՝ կազմելով հայ ժողովրդական բանահյուսության ձևերից մեկը։ Խ. կարևոր դեր են խաղացել ժողովրդի մեջ ճշգրիտ գիտությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու գործում։ Դրանք ունեցել են նաև դաստիարակչական նշանակություն, ժողովրդի մեջ սերմանել են հայրենասիրական զգացմունքներ, ոգևորել, վստահություն ներշնչել սեփական ուժերի հանդեպ։ Խ. կարևոր տեղեկություններ են պարունակում տարբեր դարերում ժողովրղի պատմելու ոճի ու ձևի, օգտագործած չափման միավորների, տնտ. փոխհարաբերությունների, մարդկանց զբաղմունքների, տեղանունների, կենդանական ու բուսական աշխարհի, իրադարձությունների, մաթ. գիտելիքների տարածման աստիճանի մասին։ Ավանդաբար մեզ հասած հնագույն Խ–ից բացի, այժմ էլ ստեղծվում են նոր Խ., որոնց բովանդակությունն արտացոլում է մարդկային գիտելիքների արդի մակարդակը։ Դրանք մեծապես նպաստում են հատկապես դպրոցականների մտահորիզոնի ընդլայնմանն ու մտավոր ունակությունների զարգացմանը։ Առաջ են եկել նաև նոր տեսակի՝ մասնագիտական Խ., որոնք շոշափում են մաթեմատիկայի, ֆիզիկայի և այլ բնագավառների լուրջ, հաճախ առեղծվածային, հարցեր ու պրոբլեմներ։
Գրկ. Քառասուն խրախճանական (կազմ. Բ. Թումանյանը), Ե., 1970։ Բ. Թումանյան
ԽՐԱԽՈՒՍՈՒՄ, մանկավարժական ներգործության միջոց։ Արտահայտում է դաստիարակների (ծնողների, մանկավարժների ևն) դրական գնահատականը՝ նպատակ ունենալով երեխաներին մղել ուսման, աշխատանքի և վարքի բարելավման։ Խ. երեխաներին հավատ է ներշնչում իրենց