Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/95

Այս էջը սրբագրված է

Նկարներում` Տ. Ն. Խրեննիկով Տ. Գ. Խրլոպյան

Գրկ. Կոնստանդին Ծիրանածին, Ե., 1970 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 6, Բյուգանդական աղբյուրներ, 2)։ Հ. Բարթիկյան.


ԽՐԻՍՏԻԱՆՈՎԻՉ Սերգեյ Ալեքսեեիչ [ծն. 27.10(9.11).1908, Պետերբուրգ], սովետական մեխանիկ։ ՍԱՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1930)։ 1957–61-ին եղել է ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի նախագահի տեղակալ, 1957–65-ին՝ ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի տեսական և կիրառական մեխանիկայի ինստ–ի դիրեկտորը։ 1972-ից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստ–ում։ Աշխատանքները վերաբերում են հեղուկի ու գազի մեխանիկայի հարցերին։ Մշակել է ալիքների տարածման և անդրադարձման խնդիրների լուծման մեթոդ, լուծել պլաստիկ միջավայրերում փակ եզրագծի վրա տրված ուժերով լարումները որոշելու հարթ խնդիրը։ Արժանացել է ՄՍՀՄ պետ. մրցանակների (1942, 1946, 1952)։ Պարգևատրվել է Լենինի 6 շքանշանով։


ԽՐԻՍՏԻՉ Ստեվան (1885–1958), սերբ կոմպոզիտոր և դիրիժոր (Հարավսլավիա)։ Սերբական ԳԱ անդամ (1950-ից)։ Երաժշտական ակադեմիայի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից (1937–1950)։ Սովորել է Լայպցիգի կոնսերվատորիայում (1904–08)։ Գրել է երաժշտական դրամա («Մթնշաղ», 1925), բալետ, դաշնամուրի ռապսոդիա, սիմֆոնիկ և վոկալ երկեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկական ներկայացումների համար։


ԽՐԻՍՏՈՎ Բորիս (ծն. 18.5.1914, Պլովդիվ), բուլղարացի երգիչ (բաս)։ Երգել է «Գուսլա» ժող. երգչախմբում, 1942-ին սովորել Իտալիայում։ 1946-ից իտալ. մի շարք թատրոնների (այդ թվում՝ «Լա Մկալա») մեներգիչ է։ 1952-ից ելույթներ է ունենում տարբեր երկրներում։ Գլխավորապես հանդես է գալիս Մ. Պ. Մուսորգսկու և ռուս այլ հեղինակների օպերաներում։


ԽՐԻՍՏՈՎ Դոբրի (14.12.1875, Վառնա 23.1.1941, Սոֆիա), բուլղարացի կոմպոզիտոր, խմբավար, տեսաբան։ Բուլղարիայի ԳԱ անդամ (1929)։ ՄՍվորել է Փարիզի կոնսերվատորիայում, Ա. Դվորժակի մոտ։ Ղեկավարել է երգչախմբեր, դասավանդել պետ. երաժշտական ակադեմիայում (1922–33), հիմք դրել ազգային պրոֆեսիոնալ երգաստեղծմանը։ Ուսումնասիրել է բուլղ. երաժշտական ֆոլկլորը, օգտագործել իր երկերում («Իվայլո», ծրագրային նախերգանք, 1907, խմբերգային բալլադ և սյուիտներ)։ Խ բուլղար առաջին երաժշտական տեսաբանն է. աշխատություններից են՝ «ժողովրդական երաժշտության ռիթմական հիմքերը» (1913), «Բուլղարական ժողովրդական երաժշտության տեխնիկական կառուցվածքը» (1923)։


ԽՐԼՈՊՅԱՆ Գևորգ Տիգրանի (ծն. 18.8. 1927, Հալեպ), հայ սովետական փիլիսոփա։ Փիլ. գիտ. դ–ր (1977), պրոֆեսոր (1977)։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ Տ. Գ. Խրլոպյանի որդին։ 1951-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968–1969-ին՝ Բեյրութի հայկազյան կոլեջի հայագիտական ամբիոնի վարիչ։ 1974-ին հիմնադրել է Բուենոս Այրեսի էլ Սալվադոր համալսարանի հայագիտական դասընթացները։ 1975-ին ղեկավարել է ԱՄՆ–ի Ուեյն համալսարանի սլավոնագիտական ամբիոնի հայագիտական մասը։ 1977-ից՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ։ 1979-ից՝ Կիրովականի մանկավարժական ինստ–ի ռեկտոր։ Ուսումնասիրում է հայ փիլիսոփայության պատմության և կիրառական սոցիոլոգիայի պրոբլեմները։

Երկ. Անանիա Շիրակացու աշխարհայացքը, Ե., 1964։ Ժամանակակից կրոնները, Ե., 1965։ Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն, Ե., 1978։


ԽՐԼՈՊՅԱՆ Տիգրան Գևորգի (20.10.1890, Այնթապ–22.11.1968, Բեյրութ), հասարակական, մշակութային գործիչ, մանկավարժ, խմբագիր։ Կրթությունն ստացել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, ապա՝ Թուրքիայի Կենտրոնական կոլեջում և Աթենքի համալսարանում (1923–27)։ Ուսուցիչ և դիրեկտոր է եղել Այնթապի, Հալեպի, Գըրքխանի, Բեյրութի հայկ. դպրոցներում։ Բեյրութում հիմնադրել է հայկ. ուսուցչանոցը (1948), Հայկազյան կոլեջի հայագիտական ամբիոնը և մատենադարանը (1955, այժմ կրում է Խ–ի անունը)։ Մասնակցել է Սովետական Հայաստանի հետ մշակութային կապի ընկերության, ներգաղթ կոմիտեի աշխատանքներին, եղել է Այնթապի և Հալեպի աշխատավորական երեկոյան և կիրակնօրյա լսարանների, ուսումնասիրաց ընկերության հիմնադիրներից։ Խմբագրել է «Նոր ավետաբեր» (Հալեպ, 1927–34), «Ավետաբեր» (Բեյրութ, 1949–50) պարբերականները։ Հեղինակ է «Բարոյավեպեր» (1931, պատմվածքների ժողովածու), «Ոսկեմատյան» (հ. 1–2, 1950–51) գործերի։ Թղթակցել է «ժողովրդի ձայն», «Զարթոնք», «Եփրատ», «Հայաստանի կոչնակ» թերթերին և «Սովետական մանկավարժ» պարբերականին։

Գրկ. Tep-Mкртчян Л. Х., Apмяне в странах арабского Bocтока на современном этапе, M., 1965.


ԽՐԽԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ XX դ. սկզբին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Խ–ի հայերն ունեին եկեղեցի (Ս. Գևորգ)։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Բոլորը զոհվել են գաղթի ճանապարհին։


ԽՐՃԻԹ–ԸՆԹԵՐՑԱՐԱՆ, գյուղական ակումբային հիմնարկի տեսակ ՍՍՀՄ–ում։ Ստեղծվել է սովետական իշխանության առաջին տարիներին։ Շարժական Խ–ը–ներ են կազմակերպվել մի քանի ազգային հանրապետություններում, շրջաններում, երկրամասերում, մարզերում (կարմիր թեյարաններ, կարմիր վրաններ ևն)։ 1920–1930-ական թթ. Խ–ը–ները գյուղերում քաղ. պրոպագանդայի և կուլտուր–լուսավորական աշխատանքի կենտրոններն էին։ Կարևոր դեր են կատարել գյուղում անգրագիտությունը վերացնելու գործում։ Ակումբների և կուլտուրայի տների ստեղծմամբ խ–ը–ների թիվն կրճատվել է։


ԽՐՈՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ, տես Գործազրկություն։


ԽՐՈՆՈՄԵՏՐԱԺ (ֆրանս. chronometrage, < հուն, χρόυοσ – ժամանակ և μετρέω – չափել), աշխատանքային գործողության կրկնվող տարրերի (մասերի) դիտման ու չափման ուղիով աշխատաժամանակի ծախսն ուսումնասիրելու մեթոդ։ Գլխավոր խնդիրը հիմնական և օժանդակ ժամանակի նորմատիվների մշակման համար ելակետային տվյալների ստացումն է։ Կատարվում է երկու եղանակով (ըստ ընթացիկ ժամանակի ու ընտրանքային ուղիով) և չորս փուլով, ա. դիտման նախապատրաստում, բ. իրականացում, գ. դիտման արդյունքների վերլուծության հիման վրա արված գրանցումների մշակում, դ. եզրակացություն։ Խ. կատարվում է վայրկենաչափով կամ այլ սարքերով։


ԽՐՈՐՏԵՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կառկառի գավառում։ 1909-ին ուներ 45 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է։


ԽՐՏԱՆՈՑ, Խրտանոցի ձոր, հնավայր ՀՍՍՀ Դիլիջան քաղաքի հարավային ծայրամասում, Գոլովինոյին կից։ Անունն ստացել է 1900-ական թթ.՝ այստեղ եղած խառատանոցից (հյուսնոց)։ Առաջին անգամ պեղել է Հնությունների պահպանության կոմիտեի արշավախումբը՝ 1922-ի նոյեմբերին (22 դամբարան), այնուհետև՝ պրոֆ. Ա. Խաչատրյանը Ա. Քալանթարի հետ (1937–38-ին) և հնագետ Հ. Մարտիրոսյանը (1950-ին)։ Հայտնի է երկաթի դարի (մ. թ. ա. VII դ.) մշակույթով։ Անտառապատ ձորում գտնվող շրջանաքարային դամբարաններից գտնվել են բրոնզե, երկաթե և կավե առարկաներ (դաշույններ, նետասլաքներ, նիզակի ծայրապանակներ, մանյակներ, հերակալներ, մատանիներ, ապարանջաններ, կետանախշ գոտիներ, երկրաչափական նախշերով գնդաձև սափորներ, քրեղաններ, կճուճներ, գավաթներ), սարդիոնից, ագատից և շաղախներից պատրաստված ուլունքներ։ Անտառը ծածկել է մեծ թվով դամբարաններ, ենթադրվում է՝ նաև բնակատեղին։

Գրկ. Խաչատրյան Ա., Հայաստանի սեպագրական շրջանի քննական պատմություն, Ե., 1933, էջ 105։ Հ. Մնացականյան,


ԽՐՈՒՆՈՎ Եվգենի Վասիլևիչ [ծն. 1933, գ. Պրուդ (Տուլայի մարզի Վոլովոյի շրջանում)], ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու։ Ինժեներ–գնդապետ, Սովետական Միության հերոս (22.1.1969)։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։