Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/97

Այս էջը սրբագրված է

գրի խմբագիրը և ՍՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարը։ Իր գործունեությամբ նշանակալի դեր է խաղացել սովետական երաժշտական արվեստի զարգացման գործում։ Գրել է հոդվածներ, մենագրություններ՝ «Ա. Պ. Բորոդին» (1933), «Սեբաստիան Բախ» (1936), «Երաժշտության և երաժիշտների մասին» (1959), «Արամ Խաչատուրյան» (1962), «Մ. Պ. Մուսորգսկի» (1969)։ Գ. Գյողակյան


ԽՈՒԲՈՎ Եգոր (Գևորգ) Մելքիսեդեկի [1762, Երևան –1833-ից հետո, Ղզլար (այժմ՝ Դաղստանի ԻՍՍՀ–ում)], հայ ազատագրական շարժման գործիչ, մանկավարժ, պատմագիր, բանասեր և բանաստեղծ։ Երևանի Խուբյանների ընտանիքից, որոնք իրենց սերված էին համարում միջնադարի հայ նշանավոր Խաղբակյան–Պռոշյան իշխանական տոհմից։ 1769-ից սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում՝ հորեղբոր՝ կաթողիկոս Սիմեոն Ա. Երևանցու հսկողությամբ։ Ավարտելուց հետո դպրի աստիճանով մինչև 1803-ը պաշտոնավարել է վանքում՝ միաժամանակ զբաղվելով ուսուցչությամբ։ 1780-ական թվականներից մասնակցել է պարսկ. ու թուրք, բռնակալների դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Միջնորդ թարգմանի դեր կատարելով Երևանի ու Նախիջևանի խաների և Կովկասում ռուս. կորպուսի հրամանատարության միջև վարվող բանակցություններում և համոզվելով, որ հայ ժողովրդի ազատագրումը հնարավոր է միայն Ռուսաստանի օգնությամբ՝ դարձել է ռուս. կողմնորոշման ջատագով։ Հայ աշխարհիկ ու հոգևոր գործիչների թվում մասնակցել է Ռուսաստանի և Վրաստանի պետ. ու զինվորական ներկայացուցիչների գաղտնի խորհրդակցություններին, Արևելյան Հայաստանը ազատագրելու ծրագրերի մշակմանը։ Մասնակցել է նաև 1796-ի պարսկ. և 1804-ի Երևանյան արշավանքների ժամանակ ռուս. զորքի համար պարենամթերք հայթայթելուն։ Երկրորդ արշավանքի անհաջողությունից հետո, երբ պարսիկները հաշվեհարդար են կատարել հայերի նկատմամբ և խանի հրամանով այրել նաև Խուբյանների տունն ու թալանել ունեցվածքը, Խ. երկու որդիների հետ գաղտնի հեռացել է Երևանի խանության սահմաններից։ Իր հետ տարել է Ռուսաստանի հովանու տակ անցնելու մասին հայերի խնդրագիրը և 1805-ի դեկտեմբերին Մոզդոկում հանձնել ռուսահայոց թեմի առաջնորդ Եփրեմ արքեպիսկոպոս Զորագեղցուն՝ ներկայացնելու ռուս. կառավարությանը։ Մոզդոկում Խ. աշխատել է հայկ. դպրոցում՝ միաժամանակ վերսկսելով ընդհատված գրական աշխատանքները։ Այստեղ է շարադրել «1778–1809 թթ. Հայաստանի արժանահիշատակ անցքերի նկարագրությունը» աշխատությունը, որում պատկերել է հայ ժողովրդի ծանր վիճակը, Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելու նրա ձգտումները։ Աշխատությունը (հայերեն բնագիրը չի հայտնաբերված) ռուս. թարգմանությամբ 1811-ին հրատարակվել է Պետերբուրգում, որի համար Ալեքսանդր I կայսեր հրամանագրով (հունիս) Խ–ին շնորհվել է ադամանդյա մատանի։ Ավելի ուշ ճանաչվել է նաև տոհմական ծագումը և խ–ին շնորհվել ազնվականի տիտղոս։ 1814-ից դասավանդել է Ղզլարի հայոց դպրոցում, 1828–33-ին՝ Աստրախանի հոգևոր ճեմարանում։ 1833-ին խ. դարձյալ Ղզլարում էր։ Մանկավարժական գործունեության մեջ հետևել է դաստիարակության դեմոկրատական ուղղությանը։ Այդ տարիներին Խ. կազմել է պատմագրական «Գաւազանագիրք…» հավաքածուն (երկու խմբագրությամբ պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում, ձեռ. № 3755, 10139), որն ունի ժամանակագրական բնույթ։ Խ. հաջորդականությամբ շարադրել է հայ ավատական տների տոհմաբանությունը, թվարկել մինչև 1814-ը եղած հայ մատենագիրներին, լուսաբանել օտար նվաճողների դեմ Սյունիքում ու Արցախում հայ ժողովրդի՝ շուրջ 15-ամյա զինված պայքարը, երկի տողամիջերում և առանձին էջերի վրա գրելով փոքրիկ ներբողներ, որոնք այսօր էլ գեղարվեստ. որոշակի արժեք ունեն։ Գրել է նաև «Երգարան…» բանաստեղծությունների ժողովածուն (Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 491), որում տեղ են գտել աշխարհիկ և հոգևոր 44 ողբեր, ներբողներ, բնության և սիրո տաղեր։

Երկ.Описание достпамятных проишествий в Армении от 1778 до 1809 гг., СПБ, 1811. Գրկ. Դիվան Հայոց պատմության, հ. 5, Թ., 1902։ Մելիքսեթ–Բեկ Է., Գևորգ Մելքիսեդեկյան Խուբով, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիա», 1950, № 1–2։ Հ Խաչատրյան


ԽՈՒԲՍ, Խուպս, Խուփս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղի քաղաքից 12 կմ արևմուտք, լեռան ստորոտին։ Խ. գավառի մարդաշատ գյուղերից էր։ 1909-ին ուներ մոտ 1400 (200 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Խ–ում կային երկու եկեղեցի (Ս. Կարապետ, Ս. Սարգիս) և երկսեռ վարժարան։ Կ. Պոլսի Միացյալ ընկերությունը 1879-ին հիմնել էր վարժարան։ Գյուղից 2 կմ հեռավորության վրա, բլրի գագաթին գտնվում էր Ս. Փրկիչ վանքը, որը ուխտատեղի էր։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է։


ԽՈՒԲՍ, Խոբուզ, Ղոբուզ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդ գավառում, Բաբերդից 12 կմ հարավ։ 1909-ին ուներ 90 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կային եկեղեցի (Ս. Փրկիչ, կառուցվել է 1851-ին), ուխտատեղիներ (Ս. Եղիշե և Ս. Վարվառե)։ Բաբերդի գավառում հռչակված էր Խ–ի վանքը։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։


ԽՈՒԲՍՈՒԳՈՒԼ, Կոսոգոլ, քաղցրահամ լիճ ՄԺՀ հյուսիսում, ՍՍՀՄ սահմանին մոտ։ Տարածությունը 2620 կմ2 է, խորությունը՝ մինչև 238 մ։ Առաջացել է հս–ից հվ. ձգվող երկար ու նեղ տեկտոնական իջվածքում, 1645 մ բարձրության վրա։ Էգիյն Գոլ գետով հոսք ունի դեպի Սելենգա։ Սառցակալում է դեկտեմբերից, սառցազերծվում՝ մայիսին։ Նավարկելի է։


ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ Ալեքսանդր (1780-1863), հայ ազատագրական շարժման գործիչ, բառարանագիր։ 1817-ին եղել է Կովկասի կառավարչապետ գեներալ Ա. Պ. Երմոլովի անձնական քարտուղարը, նրա պատվիրակության կազմում մեկնել Թեհրան՝ բանակցություններ վարելու Ֆաթալի շահի հետ։ 1827-ին Խ. Լազարյանը, Կ. Արղությանը և Խ. մշակել ու ցարական կառավարությանն են ներկայացրել Ռուսաստանի հովանավորության ներքո Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ։ Խ. գրել է «Բառարան ի հայկական լեզուէ ի ռուսաց բարբառ» (հ. 1–2, 1838), որն իր տեսակի մեջ առաջիններից է։ Ընդգրկում է 35000 գլխաբառ և բազմաթիվ ոճեր։ Խ–ի բառարանի համար հիմք է ծառայել Հ. Ավգերյանի հայերեն–ֆրանսերեն բառարանի հայերեն բառացանկը՝ ավելացրած տեխ. բնույթի մի շարք տերմիններ։ Աշխատության սկզբում տրված է ռուսերենի այբուբենը, համառոտ քերականությունը, վերջում՝ հատուկ անունների ցանկ–բառարան։

Գրկ. Պարսամյան Վ., Ա. Ս. Գրիբոյնդովը և հայ–ռուսական հարաբերությունները, Ե., 1947։ Գասպարյան Գ., Հայ բառարանագրության պատմություն, Ե., 1968։


ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ Կոնստանտին Իսահակի [ծն. 26.2(11.3). 1909, Բաքու], հայ սովետական ճարտարապետ։ ՀԱՍՀ վաստ. շինարար (1958)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի շինարարական ֆակուլտետը (1932)։ Խ–ի նախագծերով կառուցվել են Երևանում՝ մետաղական կոնստրուկցիաների գործարանի թերթագլանման արտադրամասը (1953), էլեկտրաապարատների (1953), դաշնամուրի (1965, ճարտ. Մ. Յասմաճյանի և Վ. Ավետիսյանի հետ), Կիրովականում՝ քիմ. մանրաթելի (1957–62, ճարտ. Բ. Հարությունյանի, ինժեներներ Բ. Դանոյանի, Գ. Բալյանի հետ), «Ավտոմատիկա» (1965, ճարտ. Կ. Անանյանի հետ) գործարանները։

Երկ. Архитектура промышленных предприятый Советской Армении, , E., 1976. Լ. Բաբայան


ԽՈՒԴԱԹ, քաղաք Ադրբեջանական ՍՍՀ հյուսիս–արևելքում, ծովամերձ ցածրավայրում։ Երկաթուղային կայարան է։ 8,8 հզ. բն. (1970)։


ԽՈՒԴԱՅԲԵՐԴԻԵՎ Նարմախոնմադի Ջուրաևիչ (ծն. 1928), սովետական կուսակցական, պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ 1949-ին ավարտել է Վ. Վ. Կույբիշևի անվ. ուզբեկական գյուղատնտ. ինստ–ը։ 1962–65-ին՝ Ուզբեկաոանի կոմկուսի ԿԿ–ի քարտուղար, ապա՝ Ուզբեկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստր։ 1971-ից Խ. Ուզբեկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն է։ ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ 1971-ից։ ՍՍՀՄ VI, IX և X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։


ԽՈՒԴԱՆՅԱՆ Արուս Հակոբի (11.1.1897, Թիֆլիս –4.11.1971, Կիրովական), հայ սովետական դերասանուհի։ ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1954)։ Բեմական գործունեությունն սկսել է 1918-ին, Թիֆլիսում՝ Արամ Վրույրի խմբում, 1931-ից՝ Կիրովականի Աբելյանի անվ. թատրոնի դերասանուհի։ Մարմնավորել է երկու հարյուրից ավելի դրամատիկական և կատակերգա–