Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/13

Այս էջը սրբագրված է

միաժամանակ՝ ԺԿԽ–ի և ԱՊԽ–ի նախագահի տեղակալ, 1934 թ.-ի փետրվարից՝ սովետական վերահսկողության հանձնաժողովի նախագահ, մայիսից՝ ԺԿԽ–ի և ԱՊԽ–ի նախագահի առաջին տեղակալ: Սովետական մեծ հանրագիտարանի առաջին հրատարակության կազմակերպիչներից է, նրա գլխավոր խմբագրության անդամը: Կուսակցության 7-րդ, 8-րդ, 12–17-րդ համագումարների պատգամավոր, ՌԿ(բ)Կ 10-րդ համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ–ի անդամության թեկնածու, 11-րդ, 15–17-րդ համագումարներում՝ անդամ, 1927 թ.-ից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ: Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ:

ԿՈՒՅԲԻՇԵՎ (մինչև 1935 թ.-ը՝ Սամարա), քաղաք Վոլգայի ձախ ափին, ՌՍՖՍՀ Կույբիշևի մարզի կենտրոնը: Տրանսպորտային հանգույց է, գետային նավահանգիստ: 1216 հազ. բնակիչ (1979 թ.): Հիմնադրվել է 1586 թ.-ին՝ որպես ամրոց: 1688 թ.-ից հիշատակվում է որպես քաղաք: 1851 թ.-ից՝ Սամարայի նահանգի վարչական կենտրոնը: 1889 թ.-ի հոկտեմբերից 1893 թ.-ի օգոստոսը այստեղ ապրել է Վ. Ի. Լենինը, կազմակերպել մարքսիստական առաջին խմբակը: 1902 թ.-ին ստեղծվել է ՌՍԴԲԿ կոմիտե, 1905 թ.-ին՝ սովետ: 1917 թ.-ից քաղաքի կուսակցական կազմակերպությունը ղեկավարել է Վ. Կույբիշևը: Սովետական իշխանություն հաստատվել է 1917 թ.-ի հոկտեմբերի 26–27 (նոյեմբերի 8–9)-ին: Ժամանակակից Կույբիշևը նավթավերամշակման, սննդի արդյունաբերության, շինանյութերի արտադրության, մշակութային խոշոր կենտրոն է: Միութենական նշանակություն ունեն հաստոցաշինությունը և գործիքաշինությունը, ավիացիոն, էլեկտրատեխնիկական և առանցքակալների արդյունաբերությունը, 1960 թ.-ին շարք մտավ Վ. Ի. Լենինի անվան մետալուրգիական գործարանը: Էներգետիկ բազան խարսխված է ՋԷԿ–երի, ՀԷԿ–երի և ՊՇԷԿ–ների վրա: 1972 թ.-ին կար 9 բուհ (այդ թվում՝ համալսարան), 123 գրադարան, 5 թանգարան, 4 թատրոն, 50 ակումբ, 68 կինոկայանք, 66 հիվանդանոցային հիմնարկ, 4,8 հազ. բժիշկ, հրատարակվում էր 3 թերթ:

ԿՈՒՅԲԻՇԵՎ (մինչև 1940 թ.-ը՝ Ջարխեջ), գյուղ Հայկական ՍՍՀ Դիլիջան քաղաքի վարչատերիտորիալ կազմում, 8 կմ հյուսիս–արևելք: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտագործությամբ, կերային կուլտուրաների և բանջարեղենի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ,

կուլտուրայի տուն, գրադարան, կինո, մանկապարտեզ, տեղամասային հիվանդանոց: Հիմնադրվել է 1815 թ.-ին: Շրջակայքում կան կոնգլոմերատների և կրաքարերի հանքավայրեր:

ԿՈՒՅԲԻՇԵՎ (մինչև 1939-ը՝ Պոկրովկա), գյուղ Հայկական ՍՍՀ Ստեփանավանի շրջանում, շրջկենտրոնից 7կմ արևմուտք:

Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, փոստի բաժանմունք, բուժկայան: Գյուղը հիմնադրվել է 1830–1840 թթ.-ին:

ԿՈՒՅԲԻՇԵՎԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, տես Վոլգայի հիդրոէլեկտրակայան Վ. Ի. Լենինի անվան:

ԿՈՒՅԲԻՇԵՎԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում: Կազմվել է 1928 թ.-ի մայիսի 14-ին, որպես Միջինվոլգյան մարզ, 1929 թ.-ի հոկտեմբերի 20-ին վերանվանվել է Միջինվոլգյան երկրամաս, 1935 թ.-ի հունվարի 27-ին՝ Կույբիշևի մարզ: Տարածությունը՝ 53,6 հազ.կմ², բնակչությունը՝ 3093 հազ. (1979 թ.): Կույբիշևի մարզն ունի 25 վարչական շրջան, 10 քաղաք, 19 քաղաքատիպ ավան: Կենտրոնը՝ Կույբիշև: Կույբիշևի մարզը պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1958 թ., 1970 թ.):

Կույբիշևի մարզը գտնվում է Արևելա–Եվրոպական հարթավայրի հարավ–արևելքում, Վոլգայի միջին հոսանքում, որտեղ Վոլգան առաջացնում է Սամարայի աղեղը: Վոլգայով բաժանվում է աջափնյա (փոքր) և ձախափնյա մասերի: Աջափնյա մասում Մերձվոլգյան բարձրությունն է, Սամարայի աղեղի հյուսիսում՝ Ժիգուլները (բարձրությունը՝ մինչև 375մ): Ձախափնյակի հյուսիս–արևմուտքում է Ցածրադիր Զավոլժիեն, հյուսիս–արևելքում՝ Բարձրադիր Զավոլժիեն (300 մ): Հարավում զառիկող ալիքավոր հարթավայր է: Կան նավթ, գազ, այրվող թերթաքարեր, ծծումբ, գիպս, կրաքար, բիտումինուլային դոլոմիտ: Կլիման չոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը –13°C-ից –14°C է, հուլիսինը՝ 20–22°C, տարեկան տեղումները՝ 300–450մմ: Կույբիշևի մարզի հարավում հաճախակի են երաշտներն ու խորշակները: Գլխավոր գետը Վոլգան է: Գերակշռում են սևահողերը, կան նաև պոդզոլացած և շագանակագույն հողեր: Տարածքի 12%-ը անտառածածկ է: Կենդանիներից կան գայլ, աղվես, որմզդեղն, այծյամ, սկյուռ, կրծողներ, թռչուններ, գետերում՝ ձկներ:

Բնակչության 82%-ը (1970 թ.) ռուսներ են, բնակվում են նաև մորդվաներ, չուվաշներ, թաթարներ, ուկրաինացիներ և այլք: Միջին խտությունը 1կմ² վրա 57,7 մարդ է (1979 թ.): Խոշոր քաղաքներն են Կույբիշևը, Տոլյատին, Սիզրանը, Նովոկույբիշևսկը: Կույբիշևի մարզը զարգացած ինդուստրիալ և մեքենայացված գյուղատնտեսության շրջան է: Ընդհանուր միութենական արտադրությունում մարզն աչքի է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, մեքենաշինությամբ ու մետաղամշակմամբ, նավթի հանույթով ու վերամշակմամբ, նավթաքիմիայով: Կույբիշևի մարզը ՍՍՀՄ–ի էներգետիկ կարևոր կենտրոն է: Աշխատում են խոշոր ՋԷԿ–եր, Վոլգայի ՀԷԿ–ը: Տոլյատի քաղաքում ստեղծվել է մարդատար ավտոմոբիլների արտադրության խոշոր համալիր: Կույբիշևի մարզը Վոլգա–Ուրալյան նավթագազաբեր մարզի նավթարդյունահանող շրջաններից է: Գյուղատնտեսությունն ունի հացահատիկա–անասնապահական ուղղություն: Մշակում են ցորեն, գարի, կորեկ, տարեկան, վարսակ, արևածաղիկ և այլն: Անասնապահությունն ունի մսակաթնատու և մսաբրդատու ուղղություն: Երկաթուղիների երկարությունը 1277կմ է (1971 թ.), ջրայինը՝ մոտ 300կմ (Վոլգայով), ավտոճանապարհներինը՝ 2,9 հազ.կմ: Զարգացած է խողովակաշարային տրանսպորտը: Մարզով է անցնում «Դրուժբա» նավթամուղը: Մարզում գործում են 11 բուհ, 8 թանգարան, 5 թատրոն, ֆիլհարմոնիա: Հրատարակվում է մարզային 2 թերթ: Այստեղ է Սերնովոդսկը՝ երկրի հին առողջարաններից մեկը:

Քարտեզը տես 14-րդ էջում:

ԿՈՒՅՍ (լատիներեն Virgo), Կենդանաշրջանի համաստեղություններից: Երկնոլորտի հասարակածով բաժանվում է գրեթե երկու հավասար մասի: Գտնվում է Ագռավ, Թաս, Առյուծ, Վերոնիկայի վարսեր, Եզնարած, Օձ, Կշեռք, Հիդրա համաստեղությունների միջև: Ամենապայծառ աստղը՝ Սպիկան (հայկական անվանումը՝ Հասկ), առաջին աստղային մեծության է: Կույսում է գտնվում աշնանային գիշերահավասարի կետը:

ԿՈՒՅՐ ԱՂԻՔ, հաստ աղիքի սկզբնական հատվածը: Պարկաձև է, երկարությունը՝ 6–8 սմ, տեղադրված աջ զստափոսում: Կույր աղիքից սկսվում է որդանման ելունը (ապենդիքս): Կույր աղիքի շարունակությունը վերել հաստ աղիքն է: Տես նաև Աղիքներ:

ԿՈՒՅՐ ՕՁԵՐ (Typhlopidae), օձերի ընտանիք: Մեծ մասի մարմնի երկարությունը մինչև 40սմ է, միայն աֆրիկական կույր օձինը (T. humbo)՝ մինչև 80սմ: Մարմինը գլանաձև է, հարթ, մանր թեփուկներով պատված: Պոչը կարճ է, հաստ: Աչքերը փոքր են, վահանիկներով ծածկված և երևում են մուգ կետերի ձևով: Ընտանիքն ունի մոտ 170 տեսակ՝ տարածված երկու կիսագնդերի արևադարձային գոտիներում: ՍՍՀՄ–ում հայտնի է մեկ տեսակ՝ Typhlops vermicularis, որը տարածված է Անդրկովկասում, Թուրքմենստանի, Ուզբեկստանի հարավում և Հարավ–Արևմտյան Տաջիկստանում: ՀՍՍՀ–ում հանդիպում է հարավային շրջաններում և Երևանի շրջակայքում: Կույր օձերը ստորգետնյա կյանք են վարում, լինում են հողի վերին շերտերում, քարերի տակ, անտառային փռոցաշերտում: Սնվում են միջատներով, մրջյուններով ու նրանց ձվերով: Մեծ մասը ձվածին են, մնացածը՝ կենդանածին: