Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/152

Այս էջը սրբագրված է

գործունեությունը՝ դիրիժոր–մանկավարժ Մ. Մալունցյանի ղեկավարությամբ (1945–1960, այնուհետև որոշ ընդմիջումներով՝ մինչև 1967-ը):1962-ին նվագախումբն արժանացել է վաստակավոր կոլեկտիվի կոչման: 1967–70-ին գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր Ռ. Վարդանյանը, 1970–73-ին՝ Ա. Քաթանյանը, 1974-ից՝ Դ. Խանջյանը: Նվագախմբի ելույթներին մասնակցել են հայ և սովետական նշանավոր մենակատարներ (Մ. Աբրահամյան, Ա. Բաբաջանյան, Գ. Գասպարյան, Հ. Դանիելյան, Պ. Լիսիցյան, Է. Գիլելս, Հ. Նեյգաուզ, Դ. Օյստրախ, արտասահմանից՝ Մ. Օկլեր, Ս. Կոստա), դիրիժորներ (Ա. Մելիք–Փաշաև, Դ. Բուդաղյան, Ա. Շաթիրյան, Ս. Չարեքյան, Յու. Դավթյան, Ն. Ամոսով, Օ. Դիմիտրիադի, արտասահմանից՝ Կ. Ցեկկի, Վ. Ֆեռերո, Մ. Լեռու, Ֆ. Կոնվիչնի, Լ. Շոմոդի, Վ. Սմետաչեկ, Պ. Հանիկայնեն, Պ. Կլեցկի և ուրիշներ): Նվագախմբի հետ հեղինակային համերգներ են տվել Ա. Խաչատրյանը, Ռ. Գլիերը, Դ. Կաբալևսկին, Լ. Կնիպպերը:

Վաստակավոր կոլեկտիվը ելույթներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Խարկովում և Միության այլ քաղաքներում: Մ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, տես Գրողների միություն ՍՍՀՄ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ, ստեղծվել է 1959-ին, «Հայֆիլմ» ստուդիայի կինոփաստագրության մասնաճյուղի («Հայկինոխրոնիկա») հիման վրա: Թողարկում է առավելապես 10–20 րոպեանոց (կարճամետրաժ) վավերագրական, գիտահանրամատչելի, ուսումնական ֆիլմեր և ակնարկներ, «Սովետական Հայաստան» ամենամսյա կինոպարբերականը, ինչպես և պատվերային ժապավեններ: Առաջին փաստագրական կինոնկարահանումները Հայաստանում կատարվել են դեռևս 1907-ին: 1920-ին օպերատոր Ա. Լեմբերգը ժապավենի վրա է առել Հայաստանում սովետական իշխանության հաստատման մի շարք իրադարձություններ: Հայ սովետական կինոյի առաջին ստեղծագործությունը «Խորհրդային Հայաստան» վավերագրական ֆիլմն է (1924): Մինչպատերազմյան տարիներին նկարահանվել են կարճամետրաժ ժապավեններ՝ նվիրված հայ ժողովրդի նոր կյանքի տիպական փաստերին և դեպքերին: 1941–45-ին նկարահանված շատ կինոնյութեր ամփոփվել են հայկ. վավերարվեստի լավագույն երկերից մեկի՝ «Երկիր հայրենի» ֆիլմում (1945, գեղ. ղեկավար և տեքստի հեղինակ՝ Ա. Դովժենկո, ռեժիսորներ՝ Գ. Բալասանյան, Լ. Իսահակյան, Հ. Զարգարյան): Լավագույն ֆիլմերից են՝ «Երկիր Նաիրի» (1930, ռեժիսոր՝ Հ. Բեկնազարյան), «Խնդության երկիր» (1940, ռեժիսոր՝ Գ. Բալասանյան), «Պոեմ Հայաստանի մասին» (1960, ռեժիսոր՝ Վ. Հայկազյան), «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967, ռեժիսոր՝ Գ. Մելիք–Ավագյան), «Ասք մեծ ճշմարտության մասին» (1970, ռեժիսոր՝ Լ. Իսահակյան և ուրիշներ), «Լույսն Արագածի վրա» (1977, ռեժիսորներ՝ Ա. Վահունի, Ռ. Գևորգյանց): Հայաստանի տնտեսության, շինարարության, գիտության նվաճումներին ու մարդկանց են նվիրված «Հրաշագործ քիմիան», «Լեռնային պարեկ» (երկուսն էլ՝ 1964), «Բյուրականի աստղադիտարանը» (1965), «Բանվորի դիմանկարը», «Դժվար հող» (երկուսն էլ՝ 1966), «Հանդիպում վաղորդյան աստղի հետ» (1967), «Տաթևգէս» (1968), «Մոլեգինները» (1970), «Հրազդան» (1971), «Մենք շինարար ենք», «Ճամփաբաժանին» (երկուսն էլ՝ 1974) և այլ ֆիլմեր: Լայն տեղ է հատկացված Հայաստանի պատմությանը, հեղափոխության և պատերազմի հերոսներին, գրականության և արվեստի գործիչներին: «Վարդգես Սուրենյանց» (1963), «Ստեփան Շահումյան» (1964), «Նելսոն Ստեփանյան» (1965), «Ալեքսանդր Մյասնիկյան», «Սուրեն Սպանդարյան», «Հակոբ Հովնաթանյան» (երեքն էլ՝ 1967), «Ծովակալ Իսակով» (1969), «Թռիչք» (1972) ևն: Տարբեր կինոփառատոներում մրցանակներ են շահել «Յոթ երգ Հայաստանի մասին», «Լեռնային պարեկ» (ռեժիսոր՝ Ա. Փելեշյան), «Թանգարան բաց երկնքի տակ» (1963, հեղինակ–օպերատոր՝ Գ. Ասլանյան), «Բարի լույս» (1967, ռեժիսոր՝ Դ. Կեսայան), «Շնորհակալություն ձեզ» (1971, ռեժիսոր՝ Ջ. Ժամհարյան), «Ներշնչանք» (1972, ռեժիսոր՝ Ռ. Գևորգյանց), «Վարագույրը չի իջնում» (1973), «Կանչ» (1976, երկուսն էլ ռեժիսոր՝ Ա. Վահունի) և այլ ֆիլմեր: Է. Մանուկյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ պետական, կազմակերպվել է 1964-ին (մինչև 1970-ը՝ «Երևան» փողային նվագախումբ): Հիմնադրման օրից գեղ. ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Հ. Մեսիայանը: Նվագախմբի կազմում հանդես են գալիս վաստակաշատ արտիստներ, նաև կոնսերվատորիայի ուսանողներ: Ունի ծավալուն համերգացանկ՝ Բախ, Հենդել, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Վագներ, Գրիգ, Դվորժակ, Չայկովսկի, Գլազունով, Ռախմանինով, Գերշվին, Փալիաշվիլի, Եկմալյան, Սպենդիարյան, Խաչատրյան, Հարությունյան, Բաբաջանյան, Միրզոյան, Բալասանյան: Նվագախմբի հետ ելույթներ են ունեցել նշանավոր մենակատարներ: Համերգներ է տվել Սովետական Միության մի շարք հանրապետություններում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ» (ՀՕԿ), հասարակական կազմակերպություն: Հիմնադրվել է 1921-ի սեպտ. 13–18-ին, Երևանում (օրինականացվել է ՀՍՍՀ ժողկոմխորհի սեպտ. 15-ի դեկրետով): Հիմնադիր ժողովում քննարկվել են ՀՕԿ–ի խնդիրները, նպատակը, կանոնադրական, կազմակերպչական և այլ հարցեր: Ընտրվել է ՀՕԿ–ի նախագահություն՝ 9 հոգուց (Հ. Թումանյան, Ե. Թաղիանոսյան, Ա. Երզնկյան, Դ. Տեր–Աիմոնյան, Ա. Պապովյան, Հ. Մելիքյան, Կ. Տեր–Օհանյան, Գ. Վարդանյան, Լեո): Կենտրոնական վարչության նախագահ ընտրվեց ՀՍՍՀ հողժողկոմ Ա. Երզնկյանը: ՀՕԿ–ի խնդիրն էր օգնել Հայաստանի սովյալ բնակչությանը, օժանդակել երկրի շինարարությանը, սերտ կապ հաստատել գաղութահայ աշխատավորների ու Խորհրդային Հայաստանի միջև, նրանց մասնակից դարձնել սոցիալիստական շինարարությանը: 1922-ի հունվարին ՀՍՍՀ ժողկոմսովետը հաստատեց ՀՕԿ–ի մշակած ստատուտը, որով նվիրատվություններ (դրամ, հագուստ, մթերք) հավաքելու իրավունք էր վերապահվում ինչպես ՀՍՍՀ–ում, նույնպես և սփյուռքում: ՀՕԿ–ի հիմնադիր ժողովից հետո ստեղծվեցին տեղական մասնաճյուղեր ՍՍՀՄ հայաշատ քաղաքներում, 1924–25-ին՝ Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ամերիկայում, Պարսկաստանում, Գերմանիայում, Ալժիրում և այլուր: ՀՕԿ–ի 200 մասնաճյուղերում ընդգրկված էր 10 000 անդամ: ՀՕԿ–ի վարչությունը հատուկ կոչով դիմեց տարբեր երկրներում ապրող հայերին՝ օգնության խնդրանքով: 1923–27-ին ՀՕԿ–ը նպաստեց Ալեքսանդրապոլի մանվածքային ֆաբրիկայի հիմնադրման, Ղափանի պղնձահանքերը վերականգնելու, Երևանի