Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/157

Այս էջը հաստատված է

օրինակներ են (պարունակում է 1 պրոտոն, 2 նեյտրոն) և -ը (պարունակում է 2 պրոտոն, 1 նեյտրոն), -ը և -ը, –ը և –ը և այլն: Հայելային միջուկներն ունեն նման հատկություններ, որոնք վկայում են միջուկային ուժերի լիցքային սիմետրիայի մասին: Տես նաև Միջուկներ:

Ա. Դանագուլյան

ՀԱՅԵԼԻ, ողորկ մակերևույթով մարմին, որը, անդրադարձնելով լուսային ճառագայթները, ստեղծում է առարկաների (այդ թվում նաև լույսի աղբյուրի) օպտիկական պատկերը: Մետաղե հայելիների (բրոնզից կամ արծաթից) կիրառության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ. թ. ա. III հազարամյակին: Բրոնզի դարում հայելին առավելապես հայտնի է եղել Հին Արևելքի երկրներում, իսկ երկաթի դարում ստացել է ավելի լայն տարածում: Անագի կամ կապարի տակդիրով ապակե հայելիները երևան են եկել հռոմեացիների մոտ մ. թ.ա. I դ.: Միջին դարերի սկզբում դրանք անհետացել են, ապա նորից հայտնվել միայն XIII դարում: XVI դարում ստեղծվել է անագի ամալգամով երեսպատված ապակե հայելի: XVII դարից սկսած պատրաստել են նրբագեղ շրջանակներով երիզված տարբեր տեսակի ու չափի հայելիներ, որոնք հիմնականում օգտագործվել են իբրև զարդարանքի առարկա: Գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում օգտագործվող ժամանակակից հայելիները լինում են հարթ, գոգավոր և ուռուցիկ: Հարթ հայելին օպտիկական միակ համակարգն է, որ տալիս է աբեռացիայից զուրկ կեղծ պատկեր: Գոգավոր և ուռուցիկ հայելիները, որոնց անդրադարձնող մակերևույթը կարող է լինել գնդային, պարաբոլային, գլանային և այլն, օժտված են աբեռացիայի բոլոր տեսակներով, բացի գունայինից: Հայելու մակերևույթի հղկման ճշտությունը կախված է օգտագործման նպատակից, օրինակ, աստղագիտական և սպեկտրային որոշ սարքերում անհարթությունների չափերը չպետք է գերազանցեն լուսային ալիքի երկարության 1/10-ը: Սիմետրիայի առանցք ունեցող մակերևույթով հայելու ստեղծած պատկերի դիրքը և կորության r շառավիղը կապված են առնչությամբ, որտեղ s-ը A առարկայի, իսկ s′–ը՝ A պատկերի հեռավորությունն է հայելու 0 գագաթից: Այս առնչությունը ճիշտ է միայն առանցքամերձ ճառագայթների համար, սակայն որոշ մոտավորությամբ կիրառելի է նաև մյուս դեպքերում: Առարկայի և պատկերի չափերի միջև գոյություն ունի կապը: Եթե առարկան գտնվում է անսահմանությունում (), ապա պատկերն ստացվում է կիզակետային հեռավորության վրա՝ : Օպտիկայում հատուկ նպատակներով օգտագործում են այնպիսի հայելիներ, որոնց անդրադարձման գործակիցն ունի ընտրական հատկություն, այսինքն՝ կախված է ալիքի երկարությունից: Այդ հայելիներն ստացվում են հիմնականում ապակու լավ ողորկած մակերևույթի վրա բազմաշերտ դիէլեկտրիկ ծածկույթ նստեցնելու եղանակով: Շերտերի հաստությունների և բեկման ցուցիչների համապատասխան ընտրության դեպքում տարբեր երկարության ալիքների համար ստացվում են անդրադարձման տարբեր գործակիցներ: Հայելիների և ոսպնյակների զուգակցումից ստացվում է հայելաոսպնյակային համակարգերի լայն խումբ: Այդպիսի համակարգերը կիրառվում են աստղագիտական, լուսանկարչական սարքերում:

Գրկ. Глюк И.,И.,И все это делают зеркала,пер. с англ.,М.,1970

Ժ.Նինոյան

«ՀԱՅԵԼԻ», գեղարվեստական–երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1906–07 թվականին, Թիֆլիսում: Խմբագիրներ՝ Բ. Ճեպեյան, Վ. Պետրոսյան: Քննադատել ու ծաղրել է կենցաղում և հասարակական հարաբերություններում տեղ գտած թերությունները: Ֆելիետոններով, երգիծական պատմվածքներով ու ծաղրանկարներով պայքարել է դաշնակցության և կադետների դեմ, մերկացրել Պետական դումայի գործունեությունը, կրոնի սպասավորների վարքը: Անդրադարձել է ժամանակի քաղաքական իրադարձություններին, լուսաբանել գավառի կյանքը: «Գեղարվեստական էջեր» խորագրի տակ տպագրել է Շ. Կուրղինյանի, Վտարանդիի (Ա. Չարըգյան), Ս. Սաֆարյանի, Վ. Տիրացյանի, Մ. Տեր–Սիմոնյանի և ուրիշների երգիծական գործերը: Աշխատակցել է նկարիչ Պ. Շիշմանյանը: Հրատարակվել է նաև «Հայելի խաբարդա», «Հայելի սատանա», «Հայելի հոպ–հոպ» վերնագրերով: 1906-ին լույս է ընծայել երկու հավելված՝ «Հոպ–հոպ» անվամբ:

Ե. Հարությունյան

«ՀԱՅԵԼԻ», երգիծական շաբաթական հանդես: Լույս է տեսել 1897– 1904 թվականին, Վառնայում և Ալեքսանդրիայում: Խմբագիր՝ Տ. Փափազյան: Տպագրել է լուրեր Բուլղարիայի, Ռումինիայի, Թուրքիայի և այլ երկրների հայ գաղթավայրերի վերաբերյալ: Կարևորել է դպրոցների դերը, քննադատել եկեղեցական վեճերը: Հանդեսը մտահոգվել է եվրոպական երկրներ մեկնող հայ գաղթականների ճակատագրով, լուսաբանել Վառնայի աղքատախնամ ընկերության գործունեությունը: Տպագրել է ակնարկներ ճարտարապետական հուշարձանների մասին, հանելուկներ, առևտրական հայտարարություններ, բժշկական և կենցաղային խորհուրդներ, ծանոթացրել նոր հրատարակություններին: Անդրադարձել է թատերական կյանքին: Ունեցել է հայատառ թուրքերենով բաժին:

«ՀԱՅԵԼԻ ԿԱԼԿԱԹՅԱՆ», քաղաքական, գրական և առևտրական շաբաթաթերթ: Կալկաթայի «Իմաստախնդիրյան միաբանություն» հրատարակչական ընկերության հրատարակություն: Լույս է տեսել 1820 թվականին, Կալկաթայում: Խմբագիր՝ Հ. Տեր–Հակոբյան: Տպագրել է քաղաքական և տեղական լուրեր, ինչպես նաև պատմվածքներ ու բանաստեղծություններ, մանկավարժական հոդվածներ: «Նավականք» բաժինը տեղեկացրել է ժամանող և մեկնող նավերի չվացուցկի, նավապետների մասին: Նյութերը տպագրվել են գրաբար, մասամբ նաև աշխարհաբար:

ՀԱՅԵԽ, սրբազան համարվող աղբյուր Ուրմիա լճի արևմտյան կողմում, Նախիջևան թափա քաղաքի մոտ գտնվող Նոյեմզար բլրի լանջին: Ըստ հայկական ժողովրդական հավատալիքի, այս աղբյուրի ջուրը խմելուց համրանում է այն մարդը, ով թեկուզ մի անգամ խաբել է իր մորը:

ՀԱՅԵԿ, նավի դիտարանի նմանվող քարաժայռ Վանա լճի հարավ–արևմտյան ափին: Ըստ ավանդության, համաշխարհային ջրհեղեղի ժամանակ կառուցվել է երկու փրկարար նավ: Դրանցից մեկը Նոյի տապանն էր, որ բարձրացող ջրերի հետ հասավ Մեծ Մասիսի կատարը ու կանգ առավ այնտեղ: Մյուս նավին բախտ չվիճակվեց ելնել ջրերի վրա: Դա պատահեց այսպես, նախապես որոշված էր, թե ովքեր պիտի մտնեն այս նավի մեջ և փրկվեն ջրհեղեղից: Հենց որ հորդացած ջրերը սկսել են մոտենալ նավին, մի կին խնդրել է նավապետին նավի մեջ ընդունել նաև իր միամորիկ որդուն: Սակայն նավապետը մերժել է կնոջը: Չարացած կինը հենց այդ գիշեր մի պարան է գործել և գաղտագողի նավը կապել կողքի ժայռից: Այդ պատճառով նավը չի կարողացել պոկվել ժայռից, վեր բարձրանալ ջրերի հետ և Նոյի տապանի պես հասնել Մեծ Մասիսի կատարին: Ավանդությունն ասում է, որ ծեր կինը նավը կապել է այս Հայեկ ժայռին:

ՀԱՅԵՂ, փոքրիկ կղզի Ուրմիա լճում: Զարմանալի զուգադիպությամբ յուրաքանչյուր հարյուր տարին մեկ այս կղզին ծածկվում է ջրով և նորից երևում յոթ տարի հետո: Հնում Հայեղը համարվել է հայ ժողովրդի բախտի կղզին, իբր Հայեղի նման հայերի համար հարյուրից յոթ տարին ծանր է լինում:

ՀԱՅԵՃ, գյուղ Վանա լճի հյուսիսային ափին, Զարիշատ քաղաքից ոչ հեռու, որ ջրի տակ է անցել XVII դարում: Հայեճ գյուղի համարյա բոլոր բնակիչները զբաղվում էին կողովագործությամբ: Նրանց պատրաստած ընտիր կողովները հիմնականում վաճառվում էին Կ. Պոլսի շուկաներում:

ՀԱՅԵՐ, ազգ: Հայկական ՍՍՀ բնակչությունը (ավելի քան 90%, 2 մլն 725 հազար, 1979): Ընդհանուր թիվն աշխարհում՝ շուրջ 6 մլն 200 հազար, որից ՍՍՀՄ–ում՝ 4 մլն 151 հազար: Զանգվածաբար ապրում են Ադրբեջանական ՍՍՀ–ում (475 հազար), Վրացական ՍՍՀ–ում (448 հազար), ՌՍՖՍՀ–ում (365 հազար), ՍՍՀՄ այլ հանրապետություններում: ՍՍՀՄ սահմաններից դուրս շուրջ 2 մլն հայեր սփռված են ավելի