Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/20

Այս էջը սրբագրված է

քաղաքականությունը և նրա բարձրագույն մարմինների դիրեկտիվները: Ընտրվում են կոմունիստների ժողովներում, կոնֆերանսներում, համագումարներում փակ (գաղտնի) քվեարկությամբ, ՍՄԿԿ գործունեությունը ղեկավարում է համագումարի կողմից ընտրված ՍՄԿԿ Կենտկոմը (տես Կենտրոնական կոմիտե ՍՄԿԿ): ՍՄԿԿ տեղական կազմակերպությունները և նրանց կուսակցական կոմիտեները ստեղծվում են ՍՍՀՄ վարչա–տերիտորիալ բաժանմանը համապատասխան: ՍՄԿԿ հանրապետական կազմակերպությունների գործունեությունը ղեկավարում են միութենական հանրապետությունների կոմկուսների Կենտկոմները (տես Կենտրոնական կոմիտե ՀԿԿ), երկրամասերինը՝ երկրկոմները, մարզերինը և ինքնավար հանրապետություններինը՝ մարզկոմները, օկրուգներինը՝ օկրուգկոմները, քաղաքներինը՝ քաղկոմները, շրջաններինը՝ շրջկոմները: Ձեռնարկություններում և հիմնարկներում 300-ից ավելի (որոշ դեպքերում 100-ից ավելի), իսկ կոլտնտեսություններում և սովետական տնտեսություններում 50 կոմունիստ ունեցող սկզբնական կուսակցական կազմակերպությունները ղեկավարում են կուսակցական կոմիտեները (տես ՍՄԿԿ կանոնադրություն, §§ 43, 48, 57): Երկրկոմները, մարզկոմները, օկրուգկոմները, քաղկոմները և շրջկոմները համապատասխանաբար ընտրվում են իրենց կոնֆերանսների կողմից՝ 2–3 տարի ժամկետով: Կոմունիստական շինարարությունը և կուսակցական գործունեության տարբեր բնագավառները ղեկավարելու համար կուսակցական կոմիտեները ընտրում են բյուրոներ և քարտուղարություններ, ստեղծում հատուկ բաժիններ ու սեկտորներ (կուսակցական ապարատ), որոնցում աշխատողները վարձատրվում են կուսակցության բյուջեի հաշվին: Երկրկոմները և մարզկոմները պլենումներ հրավիրում են 4 ամիսը մեկ անգամ, իսկ օկրուգկոմները, քաղկոմները և շրջկոմները՝ 3 ամիսը մեկ անգամ: Արդյունաբերական ձեռնարկությունների, հիմնարկների, գիտական և ուսումնական հաստատությունների կուսակցական կոմիտեները ընտրվում են կոնֆերանսներում և սկզբնական կուսակցական կազմակերպությունների ընդհանուր ժողովներում՝ 2–3 տարի ժամանակով: Ընթացիկ աշխատանքները վարելու համար կուսակցական կոմիտեները ընտրում են քարտուղար և տեղակալներ: Այն կուսակցական կոմիտեները, որոնց կազմակերպության մեջ հաշվվում է հազարից ավելի կոմունիստ, միութենական հանրապետության կոմկուսի ԿԿ–ի թույլտվությամբ կարող են տրվել շրջկոմի իրավունքներ: Կուսակցական կոմիտեներն իրենց գործունեությամբ հաշվետու են համագումարներին, կոնֆերանսներին և ժողովներին:

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, 1. համամիութենական (մինչև 1924 թ.-ը՝ համառուսաստանյան) և հանրապետական կուսակցական մարմին, որը անհրաժեշտության դեպքում հրավիրում է ՍՄԿԿ ԿԿ կամ հանրապետական կազմակերպության ԿԿ, կուսակցության քաղաքականության զանազան հրատապ հարցեր քննարկելու համար: 2. Մարզային, երկրամասային, օկրուգային, քաղաքային և շրջանային կուսակցական կազմակերպությունների բարձրագույն մարմին: Գումարվում է 2–3 տարին մեկ անգամ, համապատասխան կուսակցական կոմիտեի կողմից: Կուսակցական կոնֆերանսը լսում է կոմիտեի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, քննարկում կուսակցական, տնտեսական և կուլտուրական շինարարության հարցեր, համապատասխանաբար ընտրում է մարզային, երկրամասային, օկրուգային, քաղաքային և շրջանային կոմիտեներ, վերստուգիչ հանձնաժողովներ և վերադաս կոնֆերանսի կամ համագումարի պատգամավորներ: Միութենական հանրապետությունների կուսակցական համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցությունների Կենտկոմներն ըստ անհրաժեշտության կարող են հրավիրել հանրապետական կուսակցական կոնֆերանսներ՝ կուսկազմակերպությունների գործունեության կարևորագույն հարցերը քննարկելու համար: հանրապետական կուսակցական կոնֆերանսների անցկացման կարգը սահմանում են հանրապետական կոմկուսների Կենտկոմները:

Գրականություն՝ ՍՄԿԿ կանոնադրություն, §§ 43, 44, 48:

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սովետական Միության կոմունիստական կուսակցության, կուսակցության մասին մարքս–լենինյան ուսմունքի անկապտելի մաս: Կուսակցական շինարարությունը գիտություն է՝ կոմունիստական կուսակցության զարգացման օրինաչափությունների, կառուցման սկզբունքների, կազմակերպման ձևերի ու նրա ներքին կյանքի կանոնների, մասսաների շրջանում տարվող կազմակերպչական, քաղաքական և գաղափարական աշխատանքի, տնտեսական ու կուլտուրական շինարարության, պետության և աշխատավորների հասարակական կազմակերպությունների ղեկավարման ձևերի ու մեթոդների մասին: Կուսակցական շինարարությոունը անխզելի կապի մեջ է ՍՄԿԿ պատմության հետ, նրա հիմքը կազմում է մեր կուսակցության և միջազգային կոմունիստական շարժման անցյալ և ժամանակակից փորձը: Կուսակցական շինարարության ուսումնասիրությունը իրագործվում է մարքս–լենինյան դիալեկտիկական մեթոդի հիման վրա, որը թույլ է տալիս բոլոր երևույթները և իրադարձությունները տեսնել կոնկրետ պատմական իրադրության հետ սերտ կապի, փոփոխման և զարգացման մեջ: ՍՄԿԿ իր պատմական զարգացման բոլոր փուլերում առաջնորդվել է մարքս–լենինյան դիալեկտիկական մեթոդով և իր որոշումները կայացրել է ելնելով տվյալ կոնկրետ պատմական իրադրության առանձնահատկություններից և խնդիրներից: «Սպասենք,– գրում էր Վ. Ի. Լենինը,– փորձի ցուցումներին, որպեսզի որոշենք, թե այդ կանոնը որքան պրակտիկ դուրս եկավ» (Երկ., հ. 8, էջ 568):

Գրականություն՝ Բրեժնև Լ.Ի., Կուսակցական շինարարության ակտուալ պրոբլեմների մասին, Ե., 1973: Партийное строительсыво, M., 1973.

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԱ, տես Պրոպագանդա:

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, 1.կուսակցությանը պատկանելը, նրա խնդիրներին և սկզբունքներին համապատասխանելը: 2.Աշխարհայացքի, փիլիսոփայության, հասարակական գիտությունների, գրականության և արվեստի սոցիալ–գաղափարական ուղղվածությունը, արտահայտում է որոշակի դասակարգերի, սոցիալական խմբերի շահերը և դրսևորվում է գիտական, գեղարվեստական ստեղծագործության սոցիալական միտումներում և ստեղծագործողի դիրքորոշման մեջ (տես Գաղափարախոսություն): Կուսակցականությունը հասարակական գիտությունների, փիլիսոփայության, գրականության և արվեստի դասակարգային բնույթի բարձրագույն արտահայտությունն է: Այն անխզելիորեն կապված է քաղաքական կուսակցությունների գործունեությանը, հատուկ է հասարակական մտքի ողջ պատմությանը: Իշխող դասակարգերի շահերը միշտ էլ արտահայտել են զանազան քաղաքական խմբավորումները, փիլիսոփայական, հասարակական–քաղաքական տարբեր հոսանքները: Գաղափարական պայքարում արտահայտվել են նաև ճնշված դասակարգերի շահերն ու հետաքրքրությունները (օրինակ, ուտոպիական սոցիալիզմը): Բուրժուական հասարակարգում աճում է կուսակցականության դերը դասակարգային պայքարում և հասարակության գաղափարական–քաղաքական կյանքում: Կուսակցականության սկզբունքը դառնում է սոցիալական երևույթների գնահատման և վերլուծման, գիտական ըմբռնումների, քաղաքական ծրագրերի համընդհանուր սկզբունք:

Գիտության և դասակարգային շահերի միահյուսումը հնարավոր դարձավ միայն իրականության կոմունիստական վերափոխման ժամանակաշրջանում: Կոմունիստական կուսակցությունը հետևողականորեն պաշտպանում է կուսակցականության սկզբունքը՝ այդպիսով արտահայտելով իրականության նկատմամբ գործուն վերաբերմունքը: Ի հակադրություն դրան, բուրժուազիան իր շահադիտական նպատակները ներկայացնում է որպես ողջ հասարակության քաղաքական և տնտեսական նպատակներ, քողարկվում անկուսակցականությամբ: Բուրժուական գաղափարախոսներն ու քաղաքագետները հանդես են գալիս ընդդեմ կուսակցականության, ձգտում զանգվածների գիտակցության մեջ ամրապնդել հասարակական կյանքի ապագաղափարականացման և ապաքաղաքականացման գաղափարները: Այդ պատճառով, ինչպես նշում է Վ. Ի. Լենինը, կուսակցականությւնը հանդես է գալիս որպես սոցիալիստական, իսկ անկուսակցականությունը՝ բուրժուական գաղափար (Երկ., հ. 10, էջ 87):

Կուսակցականության սկզբունքը յուրահատուկ է դրսևորվում հասարակական գիտություններում, փիլիսոփայության, գրականության մեջ և արվեստում: Հասարակական գիտություններում կուսակցականության հետևանք է հասարակական երևույթների հետազոտման, որն անհնար է իրականացնել առանց հաշվի առնելու սոցիալական խմբերի ու դասակարգերի շահերը: Ի հակակշիռ մարքսիստական այս հստակ դիրքորոշման, բուրժուական մտածողները պաշտպանում են օբյեկտիվիզմը, այն նույնացնելով գիտականության հետ: Կուսակցականությունը փիլիսոփայությունում և հասարակական գիտություններում կապված է աշխարհի իրական պատկերի ճանաչման, առաջադիմական գաղափարների զարգացման հետ, որոնք, որպես կանոն