Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/22

Այս էջը սրբագրված է

երկրներում իրենց ետևից են տանում բանվոր դասակարգի մեծամասնությունը, տիրապետող դիրքեր գրավում արհմիություններում և մյուս մասսայական կազմակերպություններում: Սակայն սոցիալիզմի նպատակների ըմբռնման, դրանց հասնելու իրենց մեթոդներով ու տեմպերով աջ սոցիալ–դեմոկրատները հեռու են գիտական սոցիալիզմից: Նրանք քարոզում են սոցիալիզմի կառուցում՝ բացառապես ռեֆորմների, դասակարգային հակամարտությունների հաշտեցման և բուրժուական դեմոկրատիային հավատարմության ճանապարհով: Կապիտալիզմի զարգացման իմպերիալիստական փուլում է՛լ ավելի են խորանում հակասությունները մոնոպոլիստական վերնախավի և հասարակության մնացած մասի միջև, որը և տանում է համադեմոկրատական պահանջներ առաջադրող ու սոցիալական լայն հիմքեր ունեցող կուսակցությունների ստեղծման: Գաղութային կախումից ազատագրված մի շարք պետություններում հաճախ ստեղծվում են ազգային անկախության նշանաբանով միավորված և ժողովրդական լայն զանգվածներ ներկայացնող հակաիմպերիալիստական կուսակցություններ:

Իր պատմական առաքելությունը՝ կոմունիստական հասարակության կառուցումը հաջող իրականացնելու համար բանվոր դասակարգին անհրաժեշտ էր ինքնուրույն կուսակցություն, որն իր բնույթով, գաղափարներով, կազմակերպչական ձևերով և գործունեության մեթոդներով արմատապես տարբերվում է մնացած բոլոր դասակարգերի կուսակցություններից: Այդպիսի կուսակցության պատմական դերը, խնդիրները և կառուցման սկզբունքները սահմանեցին Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում» (1848 թ.):

Հայ իրականության մեջ կուսակցությունների ծնունդը կապված է 1880–1890-ական թթ. հայ ժողովրդի ագգային–ագատագրական շարժման վերելքի հետ: Այդ շրջանում ստեղծվեցին հայ ազգային քաղաքական կուսակցությունները (արմենականները՝ 1885 թ.-ին, Մարսելում, հնչակյանները՝ 1887 թ.-ին, Ժնևում և դաշնակցությունը՝ 1890 թ.-ին): Ունենալով սոցիալական տարբեր հիմքեր և գործունեության տարբեր մեթոդներ՝ այդ կուսակցությունները տվյալ շրջանում ունեին մեկ ընդհանուր մերձավոր նպատակ՝ ազատագրել Հայաստանը օտարերկրյա լծից և ձեռք բերել քաղաքական անկախություն: 20-րդ դ. սկզբներին Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման հորձանուտի մեջ էր ներքաշվել նաև Անդրկովկասը: Հայ բուրժուազիայի ձևավորմանը զուգընթաց ասպարեզ Էր մտել հայ պրոլետարիատը: Հեղափոխական պայքարում ընթանալով ռուսական պրոլետարիատի հետ կողք–կողքի՝ այն շուտով ստեղծեց իր կուսակցությունը՝ ՍՄԿԿ ջոկատը հանդիսացող Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

Գրականություն՝ Մարքս Կ., Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե.,. 1973: Լենին Վ. Ի., Ռուսական քաղաքական պարտիաների դասակարգման փորձ» Երկ. հ. 11: Նույնի, Քաղաքական պարտիաները Ռուսաստանում, Երկ., հ. 18: Ներսիսյան Մ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ, Ե., 1955: Բարսեղյան Խ., Մարքսիզմի տարածումը Հայաստանում, հ. 2, Ե., 1975 թ.:

ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ Անիի, հայկական ճարտարապետական հուշարձան, 12–13-րդ դարերի վանքային համալիր Անիի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց հարավ–արևմուտք, Ախուրյանի կիրճի լանջին: Համալիրի կազմում եղել են Ս. Հռիփսիմե եկեղեցին և օժանդակ շինություններ: Պահպանվել են վանքից դեպի քաղաք ձգվող երկարավուն թաղակապ սրահի մնացորդները: Եկեղեցին վեցաբսիդ է, արևմուտքից ուղղանկյուն նախասրահով: Աբսիդները արտաքուստ նույնպես բոլորաձև են,

մշակված զույգ որմնասյուներով և քանդակազարդ որմնակամարներով: Տանիքը և վեղարը հովանոցաձև են: Կուսանաց վանքի եկեղեցու արտաքուստ բազմանիստ (տասներկու նիստանի) վերսլաց թմբուկը մշակված Է զույգ որմնասյուներով:

ԿՈՒՍԱՆՈՑ, կուսաստան, քրիստոնյա միանձնուհիների կրոնական համայնք: Առաջացել է քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու ժամանակաշրջանում (3–4-րդ դդ.)՝ աշխարհիկ կյանքը մերժելու, ճգնակեցությամբ, տառապանքով և աղոթքներով աստծուն մերձենալու քրիստոնեական նշանաբանով: Առաջին կուսանաոցները հիմնադրվել են Եգիպտոսում, Պաղեստինում, Ասորիքում: Ըստ ավանդական պատմության, Հայաստանում առաջին կուսանոցը հիմնադրել է Բարդուղմեոս առաքյալը: Փավստոս Բուզանդը վկայում է, որ Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի (353–373 թթ.) հրամանով կուսանոցներ կառուցվեցին Հայաստանի համարյա բոլոր գավառներում: Դրանք 374 թ.-ին ավերեց Պապ թագավորը: Միանձնուհիները մտնելով կուսանոց՝ ընդունում էին կանոնադրություն, երդվում հավատարիմ մնալ կուսակրոն կյանքին: Կուսանոց մտնող կանանց տալիս էին նոր անուն, կտրում մազերը (խորհրդանշում էր «աստծո ստրուկ» դառնալը): Սկզբնական շրջանում կուսանոցի ապրուստը հոգում էին միանձնուհիների ընտանիքները, մասամբ՝ պետությունը: Հետագայում նվիրատվությունների հաշվին կուսանոցները դարձան խոշոր կալվածատերեր: Սովորաբար կուսանոցին կից գործում էր հիվանդանոց, ուր միանձնուհիները կատարում էին գթության քույրերի դեր: Մենաստանները հիմնականում համալրում էին ձախորդությունների հանդիպած, դաժան իրականությունից հեռացած կանայք, որոնց փախուստը կյանքից իշխող կարգերի դեմ կրավորական պայքարի արտահայտություն Էր: Եկեղեցին կուսանոցը ծառայեցնում էր կրոնը տարածելու, բարեպաշտություն քարոզելու, հավատացյալներին ջերմեռանդ դարձնելու նպատակին:

Միջին դարերում կուսանոցների քանակը խիստ աճեց համարյա բոլոր քրիստոնեական երկրներում: Կուսանոցը դարձավ եկեղեցու կցորդ: Կուսանոցը հաճախ ծառայեցվում էր քաղաքական նպատակների, բռնի կուսանոց էին նետվում պալատական խարդավանքներում պարտություն կրած բարձրաստիճան կանայք, անգամ՝ թագուհիներ: Կուսանոցներին մեծ հարված հասցրին Ռեֆորմացիան և Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Բողոքականությունն ընդհանրապես արգելեց կուսանոցների գոյությունը: Սովետական Միությունում և մյուս սոցիալիստական երկրներում, կուսանոցների կալվածքների և գույքի ազգայնացումից հետո, կուսանոցներն աստիճանաբար վերանում են: 1972 թ.-ին աշխարհում եղել Է 100 հազ. կաթոլիկական կուսանոց: Տես նաև Մենաստան: Վ. Գրիգորյան

ԿՈՒՍԱՊԱՏ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևմուտք: Միավորված է Հոռաթաղի սովետական տնտեսության հետ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, Ա. Բեկզադյանի տուն–թանգարան, բուժկայան, մանկապարտեզ, կապի բաժանմունք: Կուսապում կա եկեղեցի (Աստվածածին, 1269 թ., վերակառուցված 19-րդ դ.): Գյուղի շրջակայքում են գտնվում Նահատակ, Կոտրած եղծի, Ինն–մաս կամ Անապատ եկեղեցիները (13-րդ դ.), Խաչ–Խոռհատ գյուղատեղին՝